Պանդեմիաները միլիոնավոր մարդկանց կյանք է տարել, նաև նոր մտածողության, նոր մշակույթի, գիտության՝ հատկապես բժշկության ու անգամ նոր աշխարհակարգերի պատճառ են հանդիսացել։ Ժանտախտները ոչ միայն ավերում էին, այլև փոխում էին աշխարհը։
Մեծ ժանտախտը
1374 թվականին Եվրոպայում սկսվում է ժանտախտի սարսափելի համաճարակ։ Ըստ ժամանակակից գնահատականների ժանտախտի հետևանքով զոհվել է Եվրոպայի բնակչության կեսը, կան նաև կարծիքներ, որ ընդհուպ մինչև երկու երրորդը։ Այն ժամանակ տարածվել էր տեսակետ, որ Աստված դրանով պատժում է մարդկանց իրենց մեղքերի համար։ Բնական է, որ մարդիկ, փրկվելու համար, շտապում էին եկեղեցուց մեխքերի թողություն ստանալ։ Ինդուլգենցիաների պահանջարկը բնակչության շրջանում աննախադեպ չափսերի էր հասել։ Եկեղեցին մեծ գումարներ սկսեց վաստակել, սակայն մյուս կողմից, ըստ հաշվարկների, զոհվել է հոգևորականների մոտ 40%, որովհետև նրանց վրա մեծ պարտականություններ էին դրված՝ թաղումների կազմակերպումը, հիվանդների մեխքերին թողություն տալը և այլն։ Անձնազոհ հոգևորականների քանակը մեծ էր։
Որտեղի՞ց հայտնվեց ժանտախտը
Համարվում է, որ ժանտախտի օջախը Չինաստանում և Մոնղոլիայում գտնվող Գոբի անապատն էր։ Կլիմայական փոփոխությունների պատճառով կրծողները սկսել էին մարդկանց բնակավայրերի մոտ տեղափոխվել: Մոնղոլներն արջամկներին օգտագործում էին սննդի մեջ և կա կարծիք, որ համաճարակը մոնղոլների միջավայրում է սկսվել։ Իսկ ավելի կոնկրետ, 1346 թվականին, երբ Ոսկե Հորդայի խան Ջանիբեկը չկարողանալով գրավել Ղրիմի Կափա (Ֆեոդոսիա) ամրոցը, հրամայում է քաղաք նետել ժանտախտից մահացած մարդկանց դիակները։ Հետագայում Ջոնովացի վաճառականները հիվանդությունը Կափայից տեղափոխել են Եվրոպա։ Նշենք, որ Կափայում հոծ հայկական համայնք կար։ Ժանտախտի պատճառով նրանք տեղափոխվեցին Ռումինիա, Լեհաստան և այլուր, որտեղ նրանց կառուցած եկեղեցիները մինչ այժմ կանգուն են։
Ժանտախտի դրական հետևանքները
Ցանկացած դժբախտություն իր հետ նաև դրական հետևանքներ է բերում։ Ըստ ժամանակակից հետազոտությունների ժանտախտը ոչ միայն քաղաքակրթության վրա է ազդեցություն ունեցել, այլ փոխել է բնակչության պատկերը։ Հիվանդությանը կարողացել են դիմակայել ամուր իմունիտետ ունեցող մարդիկ, որի հետևանքով ավելացել է կյանքի միջին տևողությունը, հասնելով ընդհուպ մինչև 70-80 տարեկանը, ինչը մինչ այդ Եվրոպայում հազվադեպ երևույթ էր համարվում։ Կանանց մոտ սեռական հասունացման տարիքն է նվազել, ինչի հետևանքով նրանց դարձել են ավելի կարճահասակ և նուրբ ոսկոր, քանզի սեռահասունությունից հետո օրգանիզմի աճը կանգ է առնում։
Հրեաների զանգվածային ջարդերը
Եթե կա համաճարակ, ապա պետք է գտնել մեղավորներին։ Մեղավորներ էին նշանակվել հրեաներն, որոնց մեջ հիվանդների թիվն համեմատաբար ցածր էր։ Շատերն դա բացատրում են նրանով, որ հրեաներն հիգիանայի կանոններն ավելի խիստ էին պահպանում, քանի որ նրանց շրջանում գրագետների թիվն անհամեմատ մեծ էր։ Հրեաներին մեղադրում էին ջրհորները վարակելու մեջ։ Տարբեր քաղաքներում սկսվում են հրեաների զանգվածային ջարդերը։
Ժանտախտի տարիներին միայն Գերմանիայում և Իտալիայում ոչնչացվել է հրեաների մոտ 350 համայնք։ Միայն Ստրասբուրգում խարույկի վրա այրում են 900 հրեաների։ Ավելին, Գերմանիայում ստեղծվում է Ֆլագելանների համայնքը, որոնք մասնագիտանում են հրեաների «որսի» գործում։
Կլիմենտ VI պապը հրեների պաշտպանության համար կոչերով է դիմում և 1348-ին երկու կոնդակներով է հանդես գալիս, որով խոստանում է հեռացնել եկեղեցուց հրեաներին հալածողներին, սակայն դրանք մեծ ազդեցություն չեն ուենում, բայց նաև եկեղեցին պայքար է սկսում Ֆլագելանների աղանդի դեմ։
Կարանծին
Ժանտախտը բժշկության մեջ առաջընթաց է ապահովում, ինչպես նաև վարակի տարածման դեմ արտակարգ միջոցառումների կազմակերպման գործում։ Վենետիկ մտնող նավերին 40 օրով մեկուսացնում էին Լազարետտո կղզոմ (այստեղից է առաջացել լազարետների անվանումը) ։ 40 օրից հետո բժիշկները նավ էին բարձրանում և հիվանդներ որոնում։ Եթե նավում բոլորն առողջ էին, ապա թույլատրվում էր քաղաք մտնել։ Դրանից բացի, կղզում հիվանդների համար հատուկ հիվանդանոց էր պատրաստված։ Վենետիկից է սկսվում կարանծինի (իտալերեն` quarantena – «քառասում օր ու գիշեր») պրակտիկան։
Եկեղեցին
Ժանտախտը մեծ հարված էր եկեղեցու հեղինակությանը։ Չնայած նրան, որ Ռեֆորմացիան դրանից մոտ 200 տարի հետո է սկսվել, սակայն եկեղեցու հանդեպ հավատը հենց այդ ժամանակներում է սկսում սասանվել։ Գրվում են աստվածաբանական գործեր, որոնք, հետագայում, մեծ ազդեցություն են ունենալու Ռեֆորմացիայի հայրերի գաղափարների վրա։
Ժանտախտի ժամանակ հիմնական ծանրությունն ընկնում է աշխարհիկ իշխանությունների վրա։ Նրանք էին վարակի դեմ պայքարի առաջնագծում գտնվում, ինչպես հիմա կորոնավիրուսի ժամանակ ազգային կառավարություններն են հիմնական պայքարում վարակի դեմ, իսկ միջազգային՝ վերազգային կառույցներն անգործության են մատնված։ Ինչպես հիմա, այն ժամանակ ևս աշխարհիկ իշխանություններն արգելում էին մարդկանց հավաքվել մեծ խմբերուվ, այդ թվում նաև եկեղեցիներում։ Փակվում էին պանդոկներն ու հասարակաց տները, իսկ բնակիչներին ստիպում էին տանը նստել ու չլքել քաղաքները, որպեսզի դրանով չխթանեն վարակի տարածմանը։ Քաղաքներ ելումուտ անողներին ստուգում էին, թե արդյո՞ք առողջ են, թե՞ ոչ։
Կաթոլիկ եկեղեցին էր այդ ժամանակների գլոբալիստական՝ վերազգային կառույցը։ Դա մեծ հարված էր այն ժամանակվա գլոբալիստների՝ եկեղեցականների և մեծ խթան ազգային իշխանությունների դերի մեծացման համար։