Կրոնական ինստիտուտները կորցնելով իրենց պատմական դերակատարությունը՝ իշխանության լեգիտիմության հաստատման գործառույթը, ժամանակակից աշխարհում լուրջ խնդրի առջև են հայտնվել, չեն կարողանում գտնել իրենց տեղը հանրային կյանքում։
Եկեղեցին ուներ հզորագույն քաղաքական գործառույթ՝ սրբացնել իշխանության իշխելու իրավունքը։ Դրանից բացի, եկեղեցի ներկայացնում էր իր արժեհամակարգը՝ իր աշխարհայացքը և մարդու տեղն այս աշխարհում, ինչպես նաև ներկայացնում էր իր ճշմարտությունը, որը պետք է միակը լիներ, այլ Ճշմարտությունների համար ճանապարհը փասկ էր։ Փաստորեն պաշտոնական եկեղեցիներն ունեին Ճշմարտության մենաշնորհ և այլ տեսակետների կրողները պատժվում էին։ Երբ սկսվեցին ձևավորվել իրավական պետությունները, եկեղեցիներն փաստորեն զրկվեցին Ճշմարտության մենաշնորհից և իրենց քաղաքական հզորագույն գործառույթից։ Դա վերաճեց պետության և եկեղեցու տարանջատման սկզբունքին։ Եկեղեցիները շատ դժվարությամբ են հաշտվում իրենց նոր կարգավիճակին։ Ճիշտ է, հիմա կա էկումենիստական շարժում և հավաքների ժամանակ ճանաչում են կրոննական կազմակերպությունների սեփական տեսակետն ունենալու իրավունքը և աշխարհայացքը, սակայն յուրաքանչյուրն իր պատմական տարածքում փորձում է պահպանել իր ավանդական մենաշնորհը։
Անկախ այդ ամենից, կրոնների ազդեցությունը հասարակությունների վրա մնում է չափազանց մեծ։ Քաղաքակրթությունները կառուցվում են կրոնական աշխարհայացքների վրա ու բացարձակապես կարևոր չի, թե տվյալ հասարակությունները աշխարհիկ են, թե՞ կրոնականացված։ Օրինակ, Եվրոպայում շատերը աթեիստ են և հրաժարվում են այցելել եկեղեցի ու կրոնական ծիսակատարություններին մասնակցել, սակայն դա չի նշանակում, որ հրաժարվում են այն արժեքներից, որոնց հիմքը քրիստոնեական է։
Այսօրվա Հայաստանում այդ հարցը բավականին սուր է կանգնած։ Եկեղեցին չի կարողանում գտնել իր դերը հանրային կյանքում։ Նախկին իշխանությունների ժամանակ ամեն ինչ պարզ էր,եկեղեցին փորձում էր իշխանության հետ համագործակցելով օրենսդրական փոփոխությունների միջոցով մենաշնորհային դիրքեր ստանալ, իսկ իշխանությունն իր լեգիտիմության պակասը փորձում էր լրացնել եկեղեցու օգնությամբ։ Այսօր այդ համագործակցությունը խաթարվել է։
Շատ կարևոր է նախ գնահատել վիճակը։ Մենք նոր խոսում էինք այն մասին, որ եկեղեցիները կորցրել են իրենց ավանդական ազդեցությունը։ Դա ինչի՞ պետք է հանգեցներ։ Դրա հետևանքը դեգրադացիան է։ Այդ դեգրադացիան բնորոշ է շատ եկեղեցիներին, որոնք չեն կարողանում հարմարվել նոր իրականությանը։ Դա բնորոշ է նաև հայկական եկեղեցուն։ Այդ իրավիճակի հետևանքն այն է, որ կրոնական ինստիտուտները փակվում են ու վերածվում կլանների ճիշտ այնպես, ինչպես իշխող վերնախավն է վերաճում կլանի, երբ փորձում է առանձնանալ հասարակությունից։ Նման դեպքերում կլանների վերածված այդ երկու կառուցները միավորվում են ընդդեմ հասարակության։ Ինչո՞ւ, որովհետև նրանց արժեհամակարգն է փլուզվել։ Անգամ ժողովրդի մեջ այդ արժեհամակարգը կարող է ավելի լավ պահպանված լինել, քան թե տվյալ եկեղեցու սպասավորների շրջանում։
Հայ եկեղեցու ճգնաժամը շատերը պայմանավորում են եկեղեցու ղեկավարությամբ կամ կոնկրետ կաթողիկոսի անձով։ Արդյոք անձերի փոփոխությամբ է հնարավոր փոխել իրավիճակը։ Դա լուծո՞ւմ է։
Եկեք դիտարկենք կադրային հարցը։ Դա շատ նման է իշխանության ճգնաժամի հետ։ Տեսեք, երբ քաղաքական ղեկավարությունը բարոյալքվում է, մարդիկ պահանջում են, որ փոխվի իշխանությունը և պահանջում են, որ քրեաօլիգարխիայի պարագլուխների հեռացումը, որպեսզի իրավիճակը փոխվի, հասարակությունը փոխվի։ Նույն էլ այնտեղ է, դրա համար էլ մարդիկ անձերի հետ են կապում խնդիրը։ Բայց եթե ենթադրենք, որ կաթողիկոսը հեռանում է, ապա առաջանում է հարց, նոր ղեկավարությունը ի՞նչ թեզեր է իր հետ բերելու։
Տեսեք, Հայաստանի նոր իշխանությունն իր հետ բերել է նոր թեզեր, օրինակ,՝ Հայաստանում այլևս ֆեոդալական կարգ չի լինելում, ավազակներ չեն լինելու, օրենքները աշխատելու են և այլն։ Բայց եկեղեցու նոր ղեկավարությունն ինչպիսի՞ թեզեր է իր հետ բերելու։ Այ, բարդությունը հենց այստեղ է։ Երբ նման թեզեր հայտնվեն, որոնք, օրինակ, կասեն, որ մենք չենք ուզում որ եկեղեցին լինի այսպիսին ու այսպիսին, այլ ուզում ենք, որ լինի այլ բան, այդ ժամանակը ավելի խորքային կլինի գործընթացը։ Ի տարբերություն Հայաստանի քաղաքական դիսկուրսի, կրոնական ոլորտում այդ ամենը չկա։ Մարդիկ չեն ասում, որ եկեղեցում ճիշտ արժեքները փոխարինված են կեղծ արժեքներով և որ այս վիճակն անընդունելի է։ Այսինքն չկա արժեքային համակարգ, որից ելնելով ունենաս չափանիշ ու կարողանաս գնահատել իրավիճակը։
Ես շատ եմ խոսել մեր եկեղեցու բարձրաստիճան եկեղեցականների հետ ու իրենք դժգահություններ են հայտնում եկեղեցում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Իրենք հաճախ են ասում, որ եկեղեցին կործանվում է, սակայն երբ հարցնում ես, թե ի՞նչ է եղել, ինչո՞ւ է կործանվում, պատասխան չկա։ Եթե շատ են խորանում, իրենք պատճառն անձերի մեջ են որոնում, ոչ ավելին։ Անձերի հեռանալը կարող է ակտիվացնել քննարկումները, ինչպես դա հիմա տեղի է ունենում հասարակության շրջանում։ Բնական է, որ ստեղծված վիճակը պահպանում են կոնկրետ անձինք։ Նրանք այլ կերպ մտածել ու ապրել չեն կարող։ Սակայն նրանց հեռացումը փոփոխությունների գրավական չի կարող լինել։ Մյուս կողմից, եթե պահանջները լինեն կոնցեպտուալ ու համոզիչ, ապա ոչ մի անձ իր տեղում երկար չի մնա, առանց ենթարկվելու ու ընդունելու այդ պահանջները։ Մի խոսքով, դա շատ բարդ խնդիր է, որը պետք է հրապարակայնորեն քննարկվի։