-Պարոն Ջալոյան, արդեն երկար տարիներ հայագիտության ոլորտում բանավեճեր են ընթանում, որոնք հաճախ դուրս են գալիս գիտական էթիկայի սահմաններից և գիտական բնավեճից վերածվում են վիճաբանությունների: Ձեր կարծիքով ո՞րն է նման դրսևորումների պատճառը:
– Խորհրդային Միությունում գիտությունը կամ արվեստը անկախ չէին, տիրող գաղափարախոսության աղախիններ էին: Պատմաբան Արմեն Այվազյանը մի անգամ հռչակեց, որ «հայագիտությունը զենք է»: Փիլիսոփա Աշոտ Ոսկանյանը պատասխանեց, որ զենք չէ: Դժվար չէ առաջին մոտեցման մեջ տեսնել սովետական ավանդույթը, երկրորդի մեջ գիտության հանդեպ լիբերալ մոտեցումը, որը համարում է, որ գիտությունը կամ արվեստը անկախ և ինքնավար-ինքնուրույն պետք է լինեն:
Ժամանակակից մոտեցումը, որը գտնում ենք Պիեռ Բուրդիեի կամ Միշել Ֆոկոյի մոտ, կարևորում է գիտելիքի «արտադրության» պայմանները: Երբ գիտնականը հոդված է գրում, հաշվի է առնում հաստատության ուժը, որը լեգիտիմացնում է գիտելիքը, որոշում, թե սա գիտությու՞ն է, թե՞ ոչ: Գիտելիքը լեգիտիմացնող հաստատություններն Արևմուտքում են: Հետևապես արևմտյան հայագետների քննադատությունը նպատակ ունի կասկածի տակ դնել նրանց տված գիտելիքի լեգիտիմությունը, «այն վատն է, որովհետև արևմտյան է», լիբերալ և դեմոկրատ արժեքների կրող է: Նման կերպ մտածողների համար լեգիտիմ է ազգային-պահպանողական գաղափարախոսությունը, եթե «գիտնականը» «ազգասեր» է, ուրեմը նրա տեսակետը ճշմարիտ է:
-Պարոն Ջալոյան, եկեք քննարկենք բանավեճի առարկան, որպեսզի ընթերցողի համար պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը գնում: Նախ` ո՞րն է բանավեճի թեման և երկրորդ` ո՞վքեր են բանավիճող կողմերը:
-Կարծեմ արդեն նշել եմ: Մի կողմը ցանկանում է գիտությունը ծառայեցնել գործող հանցագործ ռեժիմի լեգիտիմացմանը. լեգիտիմ է միայն այն գիտելիքը, որ արդարացնում է ազգային-պահպանողական գաղափարախոսությունը, իր տարաբնույթ առասպելներով, մյուս կողմը պնդում է, որ գիտելիքը լեգիտիմացնող միակ հաստատությունները արևմտյան համալսարաններն են:
-Որքան հասկանում եմ մի կողմում արտասահմանյան հայագետներն են` Ջեյմս Ռասել, Ռոնալդ Սյունի, Փիթեր Քաուի, Ռիչարդ Հովհաննիսյան, Նինա Գարսոյան, Հարությունովա -Ֆիդանյան , Կարեն Յուզբաշյան և այլոք, մյուս կողմում հիմնականում հայաստանյան պատմագետներ են: Անհամաձայնության հիմնական թեմաներից մեկը, որքանով հասկանում ենք, հայերի եկվորության կամ բնիկ լինելու խնդիրն է: Խոսքը մասնավորապես վերաբերում է Ուրարտուին: Դա՞ է բուն խնդիրը, թե՞ կան ավելի հիմնարար հարցեր:
-Իհարկե, ավելի հիմնարար պատճառներ կան: Օրինակ, այն որ արևմտյան հետազոտողները քննդատաբար են վերաբերվում հայկական ազգայնականությանը: Ազգայնական գաղափարախոսությունն իր պատմական սխեման ունի. օտար նվաճողները հարձակվել են, իսկ հայերը հերոսաբար պաշտպանվել: Այն, որ այդ նվաճումները հնարավոր են եղել ամոթալի համաձայնությունների արդյունքում, լռության է մատնվում: Էռնես Ռենանը գրել է. «Մոռացությունը, ես նույնիսկ կասեի պատմագիտական մոլորությունը վճռական դեր է կատարում ազգային շինարարության մեջ, և հենց այդ պատճառով պատմական հետազոտությունների զարգացումը հաճախ վտանգ է ներկայացնում ազգայնականության համար»: Ազգայնականությունը ձգտում է մոռացության տալ տհաճ փաստերը և մոգոնել կասկածելի, բայց հերոսական պատումներ:
Այդպիսի պատումներից է հնագույն ծագման մասին «տեսությունները»: Ուկրաինացի պատմաբան Օլեգ Պրիցակը մի անգամ ասել է, որ «մենք բոլորս հակված ենք ծագել շումերներից»: Իհարկե, նաև հին արիներից, հիքսոսներից և այլն: Եվ մենք տեսնում ենք, որ բաշկիրական դասագրքերում գրում են, որ իրենք արիների նախնիներն են, իսկ թուրքմենականներում` որ իրենք շումերների ժառանգներն են: Սա մտավոր համաճարակ է: Կարելի է մասնակցել այդ կոմեդիային, այն զվարճալի է, բայց կարելի է պահպանել գիտական բարեխղճությունը: Հայերի եկվորության կամ բնիկության, արիացի, թե հիքսոս լինելու խնդիրը կարևոր է գաղափարախոսների և քաղաքական ձեռնարկատերերի համար, ովքեր «ուղեղներ լվանալով» փորձում են իրենց կարևորությունը հաստատել: «Եկվորության» խնդիրը միայն առիթ է, առավել ևս, որ այդ տեսակետի ընդդիմադիրները լուրջ գիտական փաստարկներ չունեն:
Կրկնեմ, Ռենանի ժամանակներից ի վեր հայտնի է. ազգայնականությունը և գիտությունն անհամատեղելի են և հարկավոր է ընտրություն կատարել: Կրկնեմ, չկա արևմտյան և «արևելյան» հայագիտությունների խնդիր: Ազգայնականները պատերազմ են հայտարարել գիտությանը:
– Պատմությունը հաճախ շարադրվում կամ վերաշարադրվում է քաղաքական հանգամանքներից ելնելով: Օրինակ Ադրբեջանում և Թուրքիայում կան պատմաբանական դպրոցներ, որոնք հովանավորվում են պետության կողմից և փորձում են հիմնավորել, որ նրանք բնիկ ժողովուրդներ են: Ադրբեջանի դասագրքերում գրված է, որ հայերը եկվոր են այս տարածքում: Հիմա, ո՞րն է խնդիրը, խոսքը գնու՞մ է պատմության քաղաքականացման երևույթի մասին, թե սա այլ խնդիր է: Եթե պատմության քաղաքականացման մասին է խոսքը գնում, ապա ո՞րն է Հայաստանի իշխանությունների քաղաքական պատվերը: Եվ առհասարակ, արդյո՞ք պատմական գիտությունը միայն պատվերներով է զարգանում, թե այնուամենայնիվ ոչ: Մյուս կողմից «հայրենասեր» պատմաբանները մեղադրում են իրենց արտասահմանցի գործընկերներին ինչ-որ ուժերի պատվերը կատարելու մեջ: Կարո՞ղ եք այս հարցերին պատասխանել հնարավորինս առանց անձնավորելու խնդիրը:
-Կամ մենք խոսում ենք գիտության մասին, կամ` գաղափարախոսության: Անգլիացիները, ինչպես գիտենք, բնիկ չեն, դա, իհարկե, Բրիտանիայի պատմության մեջ հայտնի խնդիրներ է առաջացրել:Մեկ այլ օրինակ` Մովսես Խորենացին հայերին եկվոր է սարքում, որպեսզի ապացուցի, որ մենք Հայաստանը նույն կերպ ենք ժառանգել, ինչպես հրեաները` Իսրայելը: Այսինքն, նրա համար բնիկությունն էական փաստարկ չէ, փաստարկ է, որ Աստված այն «նվիրել է» Հայկի սերունդներին: Գաղափարախոսական մոդելն ակնհայտ է: Ի՞նչ գաղափարական պատվեր են կատարում արևմտյան հայագետները: Նրանց ֆինանսավորում է Սփյուռքը և նրանք կատարում են Սփյուռքի պատվերը: Սա ակնհայտ է: Ի՞նչ խնդիրներ ունի սփյուռքը: Սփյուռքն իր հայագիտական ամբիոնների միջոցով ինտեգրված է արևմտյան լիբերալ-դեմոկրատական հասարակություններին: Ինչո՞ւ են դժգոհ հայ ազգայնականները: Որովհետև արևմտյան սփյուռքը աշխատում է իրեն ներկայացնել որպես լիբերալ-դեմքոկրատական գաղափարներ կրող համայնք:
-Ի՞նչ կապ ունի լիբերալիզմը կամ պահպանողականությունը պատմագիտության կամ հայերի բնիկ, թե եկվոր լինելու խնդրի հետ և առհասարակ, ի՞նչ կապ ունի Ուրարտուն այսօրվա պետական հիմնախնդիրների հետ:
-Ժամանակակից պետությունները կազմակերպվում են գիտական մտքի հիման վրա, քաղաքական որոշումներն ընդունվում են գիտական փորձագետների եզրակացությունների վրա: Նրանք կազմակերպվում են մարդկային բանականության, մարդկային մտածողության վրա: Ակնհայտ է, որ Հայաստանում դա այդպես չէ, մեծ նշանակություն ունի պարտադրանքը և բռնությունը:
Հայաստանում ինչ-որ վեճեր են տեղի ունենում, բայց դրանք ԲԱՆավեճեր չեն, բանականությունն այստեղ դեր չունի: Լիբերալիզմը, ընդհակառակը հիմնվում է բանականության վրա, հարգում է բանական փաստարկի ուժը, հասարակական համաձայնությունը կայացնում է բանականության հիման վրա: Եվ հակառակը, բռնությունը և պարտադրանքը հենվում են ռասիստական և ազգայնական առասպելների վրա: