galatv.am (16/06/2016)
ԳԱԼԱ-ի հարցազրույցը քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ:
– Պարոն Դանիելյան, մենք արդեն ծանոթ ենք Կ.Պոլսի պատրիարքի փոխանորդի՝ Էրդողանին ուղղված նամակի բովանդակությանը, ի՞նչ եք կարծում, արքեպիսկոպոս Աթեշյանն ինչո՞ւ է այդպես վարվել:
– Մենք շատ վատ գիտենք մեր իրական պատմությունը, և դրան են նպաստում նաև մեր դպրոցական դասագրքերը: Դպրոցներում հատուկ առարկա կա` «Հայոց եկեղեցու պատմություն», որը եկեղեցու իրական պատմության և կառուցվածքի մասին անգամ տարրական գիտելիքներ չի տալիս, արդյունքում չենք կարողանում հասկանալ նման երևույթների համատեքստը: Մինչև ձեր հարցին պատասխանելը ստիպված եմ ձեր համբերությունը չարաշահել և պատմական էքսկուրսիա կատարել, որպեսզի հասկանալի լինի, թե պատրիարքարանն ինչ կառույց է, ով է ստեղծել և ինչի համար, որից հետո պարզ կլինի, թե առհասարակ որոնք են պատրիարքի կամ նրա փոխանորդի լիազորություններն ու պարտականությունները: Պատրիարքարանը հիմնադրվել է 1461 թվականին Մեհմեդ 2-րդ Ֆաթիհի (Նվաճողի) կողմից, որը հիմնեց կրոնական համայնքներ` հունական, հայկական, հրեական, հետագայում նաև ասորական, որոնց տրվեցին շատ մեծ լիազորություններ` դատական, կրթական, հարկահավաք և այլն: Փաստորեն Օսմանյան կայսրությունը կրոնական համայնքների՝ միլեթների կորպորացիա էր` լայն ներքին ինքնավարություններով:
Հետաքրքիր կերպար էր Մեհմեդ 2-ը, որի մայրը և մայրացուն քրիստոնյաներ էին, և որին հարևան մուսուլման բեյերը մեղադրում էին քրիստոնյաներին արտոնություններ տալու մեջ, իսկ որոշներն անգամ կասկածում էին, որ նա գաղտնի կերպով քրիստոնեություն է դավանում: Եթե քրիստոնյաներին արգելված էր ձի հեծնել, ապա դա չէր վերաբերվում բարձր հոգևորականներին, որովհետև նրանք համարվում էին պետական բարձրաստիճան չինովնիկներ: Հայոց պատրիարքին անվանում էին նաև Հայոց Խալիֆ: Սա կարևոր է հասկանալ` հոգևորականները, այդ թվում նաև հայ հոգևորականները համարվել և մինչև այժմ համարվում են պետծառայողներ, որոնք կատարում են կառավարության հրահանգները, իսկ Թուրքիայի Հայոց եկեղեցին միշտ համարվել և այժմ էլ համարվում է պետական եկեղեցի: Փաստորեն ունի այն կարգավիճակը, ինչը ստանալու համար այսօր Հայաստանում պայքարում է Հայոց եկեղեցին` ունենալ պետական կարգավիճակ, որը մի այլ քննարկման թեմա է:
Պատահական չէր, որ մինչ այդ` 1441թ.-ին, ներկայիս Հայաստանի տարածքի կառավարիչ, օսմանցիների հակառակորդ կարակոյունլու Ջհանշահի աջակցությամբ Հայոց կաթողիկոսությունը Սիսից տեղափոխվեց Էջմիածին: Փաստորեն գնում էր պայքար քրիստոնյա ժողովուրդների հոգևոր կենտրոններն իրենց տարածքներում ունենալու համար, որպեսզի արդյունավետ ենթարկեն իրենց այդ ժողովուրդներին:
Հայոց եկեղեցու և մյուս միլեթների իրավասությունները կանոնակարգվում էին հատուկ օրենսդրությամբ: Հայկական միլեթը կամ «հայ քրիստոնյաները» համարվում էին «հավատարիմ միլեթ» և բազմաթիվ արտոնություններ ունեին, մասնավորապես Երուսաղեմի այսօրվա Հայ պատրիարքարանի կալվածքներն ու տարածքների զգալի մասը սուլթանների նվերներն են:
Այս պատմական էքսկուրսիան կարևոր էր իմանալ, որպեսզի հասկանալի դառնա, որ պատրիարքը Թուրքիայի պետական ծառայող է, ընտրվում է միայն պետության կողմից հաստատվելուց հետո և կատարում է պետության հրահանգները, այդ ամենի հիմքը դրվել է դեռևս 600 տարի առաջ:
Մյուս կողմից պատրիարքները ոչ միայն իրենց ժողովուրդներին էին կառավարելի դարձնում օսմանցիների համար, նաև այլ ժողովուրդների, օրինակ հունական պատրիարքությունը երկար ժամանակ ճնշում էր բալկանյան քրիստոնյաների, այդ թվում նաև Հունաստանի հույների ազգային-ազատագրական շարժումներն իր կողմից նշանակված հոգևորականների միջոցով, և բալկանյան ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումները շատ դեպքերում ուղղված էին հույն հոգևորականների դեմ, որոնք օսմանցիների գործիքներն էին:
Պետք չի կարծել, որ այսօրվա Թուրքիան մեր ընկալումներին համապատասխան աշխարհիկ երկիր է, անգամ Աթաթուրքի ժամանակ այդպիսին չի եղել: Աթաթուրքն է հիմնել կրոնական հարցերը վերահսկող կառույցը` Դիանեթը, որի մասին Թուրքիայի սահմանադրության մեջ կա 100-ից ավելի հոդված և որի ներկայիս բյուջեն մի քանի միլիարդ դոլարի է հասնում, ունի 100,000-ից ավելի աշխատակից և ունի ներկայացուցիչներ անգամ թուրքական դեսպանատներում: Դա հզոր կառույց է, որը գործում է ողջ իսլամական աշխարհում: Այդ կառույցը վերահսկում է նաև երկրի մյուս կրոնական կազմակերպությունների գործունեությունը: Նաև վճարում է աշխատավարձեր հոգևորականներին: Սա իմանալով՝ արդեն կարելի է հասկանալ, թե ինչու է պատրիարքի փոխանորդը նման նամակ «գրել»:
– Պարոն Դանիելյան, արքեպիսկոպոսը նամակը ներկայացրել է Կ.Պոլսում բնակվող հայերի անունից, դրանց մեջ մտնո՞ւմ են Գարո Փայլանը և Հրանտ Դինքի ընտանիքի անդամները:
– Մոտ 13 տարի առաջ, երբ Պատրիարքարան էի այցելել, պատրիարքը շրջապատված էր բազմաթիվ թիկնապահներով, և Հրանտ Դինքն ինձ պատմել էր, որ համայնքն այդ անձանց չի ճանաչում՝ ովքեր են, որտեղից են, և դեռ հարց է՝ պատրիարքի անվտանգությունն են ապահովում, թե պատրիարքին են վերահսկում: Այսինքն այդ մարդն անգամ տեղաշարժի ազատությունից էր զրկված:
Սա ես պատմեցի, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ պայմաններում են գտնվում Պոլսի պատրիարքները: Այլ խոսակցություն է Պոլսի համայնքը, որը ոչ միայն պառակտված է, այլև միմյանց հանդեպ մեծ կասկածանքներով լցված մթնոլորտում է ապրում: Մենք պետք է հասկանանք, որ դա Թուրքիան է: Իսկ այն հարցը, թե ում անունից է խոսում պատրիարքը կամ նրա փոխանորդը, ապա դա նույնպես Թուրքիայում իրավական առումով կանոնակարգված է: Պատրիարքը ներկայացնում է հայ համայնքն ամբողջությամբ, անգամ միջազգայնորեն ընդունված պայմանագրերով: Հիշենք, որ 1878-ին Բեռլինի կոնգրեսի ժամանակ Թուրքիայի հայերի պատվիրակության ղեկավարը Պոլսի պատրիարքն էր` Խրիմյան Հայրիկը, որին մասնակից տերությունները պաշտոնապես ընդունել են որպես հայերի պատվիրակության ղեկավար: Թուրքիան այս հանգամանքը կփորձի խաղարկել: Մնացած բոլորն ընդամենն անձեր են:
– Ի՞նչ տրամաբանությամբ է առաջնորդվում արքեպիսկոպոսը, երբ ասում է՝ Գերմանիայի խորհրդարանն իրավասու չէ կարծիք հայտնել Հայոց ցեղասպանության մասին և ներկայանալ Գերմանիայի ազգի անունից:
– Հարցն այլ է՝ թե ինչու էր Թուրքիայի կառավարությանը պետք փոխանորդի նամակը: Կարելի է ենթադրություն անել, որ Թուրքիայի իշխանությունը պատրաստվում է ինչ-որ դատական պրոցեսներ սկսել: Օրինակ` արդեն Գերմանիայի սահմանադրական դատարան է դիմել թուրք իրավաբանն այն հարցով, որ Գերմանիայի Բունդեսթագն իրավասու չէր նման որոշում կայացնել: Եթե այդ սցենարն է օգտագործվելու, ապա քանի որ ցեղասպանությունը Թուրքիայի տարածքում է կատարվել, իսկ Թուրքիայի հայ ժողովրդին ներկայացնում է պատրիարքը, ապա հաջորդ քայլով հնարավոր է, որ դատարան կներկայացվի «տուժողի» ներկայացուցչի՝ պատրիարքի փոխանորդի նամակը, որը դատապարտում է Բունդեսթագի որոշումը: Բայց չեմ կարծում, որ Գերմանիայի դատարանն ընդունի «միլեթական» աշխարհընկալումից բխող իրավական քայլերը, առավել ևս, որ բոլորն են հասկանում Թուրքիայի իրավիճակը:
– Պարոն Դանիելյան, ինչպե՞ս եք բացատրում Թուրքիայի վերջին քայլերը, օրինակ Սուրբ Սոֆիայի տաճարում Ղուրանի ընթերցման մասին որոշումը կամ Բունդեսթագի թուրքական ծագում ունեցող պատգամավորների արյունը ստուգելու մասին հայտարարությունը:
– Վերը թվարկված երևույթներին կարելի է ավելացնել նաև այս տարի մեծ շուքով նշված Կոստանդնուպոլսի գրավմանը նվիրված արարողությունները, այն դեպքում, երբ այս տարի այդ առումով հոբելյանական տարի չէր, ինչպես նաև այն հայտարարությունը, որ Արևմուտքը թուրքերին չի ներում Պոլսի նվաճումը: Կարծում եմ, որ այդ հայտարարություններն և այդ քայլերն առաջին հերթին ներքին լսարանի համար են արվում և միայն առաջին հայացքից են դրանք անհեթեթություն թվում: Այսօր Էրդողանը լուրջ խնդիրներ ունի և երկրի ներսում բազմաթիվ հակառակորդներ ունի, ինչպես նաև ահագնանում են քրդերի հետ բախումները: Նման հայտարարություններով նա ցանկանում է իր շուրջը համախմբել թուրք հասարակությանը և ներշնչել, որ իրենց նկատմամբ նոր խաչակրաց արշավանք է սկսվում: Նման մի փորձ էլ արեց Ալիևը, երբ իր դեմ հնչող քննադատությունը նա բացատրեց Ադրբեջանի իսլամական երկիր լինելով և նույնպես փորձեց դա բացատրել կրոնական պատճառներով:
Մյուս կողմից Էրդողանը ցանկանում է պառակտել քրդերին: Քրդերի շրջանում նույնպես կան կրոնամոլներ, և մասնավորապես «Իսլամական պետության» շարքերում կան նաև քրդական ջոկատներ: Զարգացնելով իսլամ-քրիստոնեական հակամարտության դիսկուրսը՝ նա ցանկանում է պառակտել նաև քրդերին, այսինքն Թուրքիայի դեմ պայքարող քրդերն Արևմուտքի և, բնականաբար, քրիստոնյաների կամակատարներն են և իսլամի թշնամիները: Կարծում եմ, որ այս դիսկուրսը կշարունակվի: Դա Էրդողանի համար միակ տարբերակն է իշխանությունը պահելու համար:
Հարցազրույցը՝ Զարուհի Նիկողոսյանի