Թուրքիան տարածքային ամբողջականությունը պահում է ուժի միջոցով

  • 22/10/2015
  • Ռուբեն Սաֆրաստյան

  • ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

– Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները գնալով տարածվում են: Թուրքական քաղաքների մի խումբ քուրդ քաղաքապետների Եղեռնի հուշարձան այցելելության փաստի կապակցությամբ կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանը ևս ներքաշվում է այդ գործընթացներին:

– Այստեղ ես դեռևս հիմք չունեմ քաղաքական խաղեր կամ հաշվարկներ տեսնելու: Չեմ կարծում, որ դրանք ինչ-որ լուրջ փուլում են: Ուղղակի իմ կարծիքով, քրդերը, հարգանքի տուրք մատուցելով Եղեռնի զոհերի հիշատակին, փորձում են փոխել մեր և աշխարհի վերաբերմունքն այս խնդրի նկատմամբ: Կարծում եմ, որ սա ավելի շուտ բարոյական քայլ է, քան քաղաքական:

– Էներգակիրների տարանցիկ ուղիները աշխարքաղաքական նշանակություն ունեն: Թուրքիայում արդեն սկսել են պայթեցնել գազատարներ և նավթուղիներ, որոնց պատասխանատվությունը դնում են քրդական կազմակերպությունների վրա: Արդյո՞ք դա ապագայում չի կարող ազդել քաղաքական որոշումների վրա:

– Իհարկե՛, լավ կլիներ, եթե Բաքու- Ջեհյան նավթամուղն անցներ մեր տարածքով, այդպես էլ սկզբում նախատեսված էր: Դա կարող էր մի քանի տասնյակ կամ հարյուր միլիոն դոլարի օգուտ բերեր Հայաստանին: Ուղղակի այն ժամանակ դա չստացվեց, որովհետև Ադրբեջանի այն ժամանակների ղեկավարը` Ալիև հայրը, կտրուկ դեմ էր:
Իսկ պայթունների առումով, եթե թուրքերը հայտարարում են, որ դրանք կատարում են քուրդ զինյալները, դա դեռևս այդքան էլ հաստատված փաստ չէ: Եթե նույնիսկ նրանք են անում, ապա սրացումը փաստացի սկսել են թուրքերը: Նրանք հայտարարեցին, որ 2013 թվականի այսպես կոչված «խաղաղ գործընթացը» քրդերի հետ ավարտված է և սկսեցին հետագայում հարվածներ հասցնել Քրդստանի բանվորական կուսացության դիրքերին: Նրանք էլ ուզած չուզած պատասխան են տալիս: Սա է այն իրողությունը, որն այսօր տեղի է ունենում Թուրքիայում, որը թուրքական իշխանությունների վարած քաղաքականության արդյունքn է:

– Թուրքիայի մեջլիսում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 10% ընտրական շեմի հաղթահարումը դերակատարություն ունեցա՞վ այս հակամարտության զարգացման հարցում:

– Այո՛, իհարկե: Այստեղ պետք է հաշի առնենք այն հանգամանքը, որ երբ 2013թ. Էրդողանն ու իր թիմակիցները նախաձեռնեցին «խաղաղ գործընթաց» քրդերի հետ, նրանք չէին պատկերացնում, որ քրդամետ կուսակցությունը կմտնի խորհրդարան ու կհաղթահարի 10 տոկոսանոց շեմը: Բայց դա տեղի ունեցավ: Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը` հավաքելով ձայների 13 % և ապահովելով 80 պատգամավորական մանդատ 550 հոգանոց մեջլիսում, խառնեց Էրդողանի հաշվարկները. նրա կուսակցությունը առաջին անգամ 2002 թ. իր ձայների թիվը ոչ թե ավելացրեց, այլ` պակասեցրեց: Եվ կարծում եմ, որ Թուրքիայի իշխանությունները սկսեցին վիժեցնել այդ «խաղաղ գործընթացը» ու անցան ուժի կիրառմանը, իսկ պայթյուններն արդյունք էին հենց այդ իրողությանը:

– Կա տեսակետ, որ Թուրքիան իր տարածքային ամբողջականությունը կարող է պահել միայն նոր խալիֆաթ ստեղծելով և խորհրդանշական է, որ «Իսլամական պետության» կազմում կռվում են նաև քրդական ջոկատներ: Այսինքն, միայն իսլամը է կարող միավորել թուրքերին և քրդերին: Ի՞նչ եք կարծում, որքա՞ն է դրա հավանականությունը:

– Չեմ կարծում, որ դա այդպես է և Թուրքիան ունի այդ խնդիրը: Թուրքիան տարածքային ամբողջականությունն առաջին հերթին պահում է հենվելով ուժի վրա և նա ունի այդ անհրաժեշտ ուժը: Թուրքիան չի կարող հավակնել խալիֆայության, քանի որ օսմանյան սուլթանները, որոնց միջնադարում հայտարարեցին խալիֆներ, դա իրականացրեցին բռնի ուժով: Խալիֆ կարող է լինել միայն արաբը, Մուհամեդի տոհմի ներկայացուցիչը: Թուրք սուլթանները դա խլեցին վերջին խալիֆից և փաստորեն մինչև 1922թ. պահում էին այդ խալիֆությունը:

Թուրքիան իսլամական աշխարհում չի կարող լինել առաջնորդ, խալիֆայություն ստեղծող, որովհետև նա արաբների կողմից ընկալվում է որպես օտար տարր, նաև մի ժողովուրդ ու երկիր, որը հարյուրամյակներ իրենց ճնշել է: Այնպես որ Թուրքիան խալիֆայություն ստեղծելու ոչ մի հնարավորություն չունի: Այլ բան է, որ Էրդողանի կառավարությունը համագործակցում է ծայրահեղական իսլամիստական կազմակերպությունների հետ, որոշ չափով սնուցում ու օգնում է նրանց, ինչպես դա տեղի է ունենում օրինակ «Իսլամական պետություն» կազմակերպության հետ կապված: Այլ բան է, որ «Իսլամական պետությունն» է ուզում ստեղծել խալիֆայություն, սա նոր երևույթ է:

– Քրդերը Թուրքիայի ամենամեծ դեմոգրաֆիական աճ ունեցող էթնոսն է և նրանց բնակեցման արեալը գնալով տարածվում է և կա կարծիք, որ որքան նրանց անկախությունը ուշանա, այնքան նրանց բնակեցման տարածքն է մեծանում, ինչն ավելի է բարդացնելու հնարավոր լուծումները:

– Անտարակույս, իմ կարծիքով քրդերը որպես ժողովուրդ պետք է ունենան իրենց անկախ պետականությունը: Թե դա որտեղ կլինի` Թուրքիայո՞ւմ, Իրաքո՞ւմ, Սիրիայո՞ւմ…, մեծ քանակով քրդեր են ապրում նաև Իրանում, դեռ հայտնի չէ: Դա, կարծում եմ կերևա մոտ ապագայում, բայց որ արդեն հասունանում է Քրդական անկախ պետության ստեղծման հնարավորությունները, դա ակնհայտ է: Իսկ եթե ավելի խորը նայենք, քրդական պետականության սաղմը հյուսիսային Քուրդիստանի ինքնավարությունն է, որի շուրջ էլ կարող է տեղի ունենանլ քրդական անկախ պետականության կազմավորման գործընթացը:

Սա էլ հենց Թուրքիայի համար անցանկալի ու զավեշտալի իրողություն է: Որովհետև եթե դա տեղի ունենա, ապա ակնհայտ է, որ դա կտրուկ կակտիվացնի նաև Թուրքիայի քրդերին: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի քրդական հարցին, ապա մենք տեսնում ենք, որ այսօր էլ տեղի է ունենում քրդական շարժման ուժեղացում:

Մի կողմից դա Քրդական բանվորական կուսակցության գործունեությունն է, որը զինված ճանապարհով է փորձում լուծել քրդական հարցերը, մյուս կողմից, տարբեր կազմակերպություններ, կուսակցություններ`հենվելով Քրդիստանի բանվորական կուսակցության տեսլականի վրա, ընտրում են խաղաղ ճանապարհը, ինչպես օրինակ`Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության մուտքը խորհրդարան: Այս երկու գործընթացները Թուրքիայում զուգահեռ են ընթանում: Սա քուրդ ժողովրդի ինքնագիտակցության աճի արդյունքն է, որը սկսեց բավական ուշ, քանի որ կային որոշակի հանգամանքներ, որոնց չեմ անդրադառնա: Սա անխուսափելի է և գործընթացը ընթանալու է այս երկու ճանապարհներից մեկով դեպի Թուրքիայում քրդական ինքնավարության ստեղծումը: Քուրդ բնակչության թիվն այստեղ բավական մեծ է, նրանք ձեռռք են բերել մշակութային ինքնավարության որոշ տարրեր, բայց անխուսափելիորեն գործը գնալու է դեպի տարածքային ինքնավարություն:

– Նախիջևանը կարող է ապագայում հայտնվել հայ-քրդական շրջափակման մեջ: Ինչպե՞ս եք տեսնում այդ տարածքի ապագան:

– Նախ Նախիջևանը հայկական տարածք է, որը Թուրքիայի ճնշման ներքո հանձնվեց Ադրբեջանին և չի կարող հայտնվել հայերի շրջափակման մեջ, քանի որ հայկական տարածք է, Հայաստանի բաղկացուցիչ մասն է: Երկրորդ, Նախիջևանում տեղի է ունենում թուրքական ազդեցության ուժեղացում, քրդական ասելն այդքան էլ ճիշտ չէ: Այստեղ թուլանում է Ադրբեջանական իշխանությունների դիրքերը, ուժեղանում է Թուրքիայինը, որը օբյեկտիվորեն հասկանալի է և՛ տնտեսական, և՛ կրոնական առումներով, քանի որ այստեղ բնակչությունը սունիներ են, դրա համար այստեղ ավելի շատ են կապված Թուրքիայի հետ: Բուն Ադրբեջանում շատ են շիաները: Ընդամենը սա է, և չեմ կարծում որ քրդական գործոնը որևէ լուրջ ազդեցություն կունենա Նախիջևանի վրա:

– Իսկ Թուրքիայի դեստաբիլիզացիան և պետական գաղափարախոսության անորոշությունը արդյոք կարո՞ղ է ազդել Ադրբեջանի վրա, մասնավորապես այն պառակտել շիա և սունի համայնքների:

– Ադրբեջանում իսլամի գործոնը խորհրդային շրջանում ճնշված էր, հիմա կամաց-կամաց սկսում է ակտիվանալ: Եվ դա լուրջ ուսումնասիրության խնդիր է, որով զբաղվում են մասնագետները, քանի որ սա ոչ միայն ներքին խնդիր է, այլ` տարբեր ազդեցությունների: Այստեղ գործում են արաբական կազմակերպություններ, որոնք սնուցվում են Սաուդյան Արաբիայի կողմից, այստեղ Իրանի ազդեցության ներքո գործում են նաև տարբեր կրոնական կազմակերկեպություններ, որոնք ֆինանսավորում են մզկիթների կառուցումը: Գործում է նաև Թուրքիայից ներմուծված գյուլենական շարժումը, որըին այժմ ուժեղ հարվածներ են հասցնում: Եվ չեմ կարծում, որ կարելի է որևէ հստակ եզրակացություն կատարել, բայց սա մի խնդիր է, որ կարող է Ադրբեջանը պայթեցնել ներսից:

 

Արմինե Դավթյան
Հատուկ religions.am կայքի համար