«Աղանդավորները դու’րս գան դասարանից»

  • 25/12/2014
  • Վահան Պողոսյան

  • Ավետարանական «Մեծ Շնորհ» եկեղեցու հովիվ

Ավետարանական «Մեծ Շնորհ» եկեղեցու հովիվ Վահան Պողոսյանը ահազանգում է. Արթիկի հանրակրթական դպրոցներում կրոնական փոքրամասնությունների անդամների երեխաների նկատմամբ հալածանքներ են սկսվել, որն ուղեկցվում է սեգրեգացիայի  դրսևորումներով:

– Մի քանի օր առաջ մեր եկեղեցու ծառայողներից մեկն ինձ ահազանգել է, որ Արթիկի համար 5 դպրոցի «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Բզնունին 6-րդ դասարանի երեխաներից մի քանիսին դասարանի ներկայությամբ անվանել է «աղանդավորներ» և դասարանի երեխաներին տրամադրել նրանց դեմ և կարգադրել նրանց հետ չշփվել: Այդ երեխաների գնահատականները իջեցվում են:

– Իսկ նման դեպքեր մյուս դպրոցներում էլ են տեղի ունենո՞ւմ:

– Այո, օրինակ համար 1 դպրոցի ուսուցչուհի Նազիկ Աբրահամյանն իրեն ավելի կոպիտ կերպով է դրսևորում: Ամեն անգամ 6-րդ դասարան մտնելիս  նա նայում է աշակերտներից մեկի աչքերին և պահանջում, որ «աղանդավորները դուրս գան դասարանից»: Բոլորի ներկայությամբ անվանում է սատանայապաշտ, հակապետական ու հակաազգային: Ավելին, նա հորդորում է աշակերտներին, որ եթե այդ աշակերտը նորից գնա իրենց եկեղեցու ծառայություններին, ապա նրա հետ ընկերություն չանեն:  Ավելին, այդ աշակերտի 2-րդ դասարանցի քրոջը մոտեցել է, ու ասել, որ «միանգամից «սֆաթիցդ» երևում է, որ աղանդավոր ես»:

Երբեմն շատ զավեշտալի դեպքեր են լինում: Ուսուցչուհիներից մեկը երբ երեխաներին հարցրել է, թե ո՞վ գիտի 10 պատվիրանները, միայն մեր եկեղեցու անդամներից մեկի երեխան է ասել, որ գիտի և բոլոր պատվիրանները ասել է: Ուսուցչուհին շատ է զարմացել ու հարցրել է. «որտեղից գիտես, հո՞ դու աղանդավոր չե՞ս»:

– Ե՞րբ են  սկսվել նման դեպքեր արձանագրվել:

– Դա սկսվել է այն ժամանակվանից,  երբ  եկեղեցու սպսավոր Տեր-Սողոմոնը սկսել է շրջել դպրոցներով եկեղեցու շինարարության համար հանգանակություններ հավաքելու:

– Իսկ ի՞նչ եք պատրաստվում անել:

– Եթե այդ դեպքերը շարունակվեն, մենք բողոքելու ենք: Եթե անգամ երեխաները թեկուզ ամենածայրահեղական կրոնական կազմակերպության անդամ էլ լինեն, չի կարելի նրանց  ստորացնել,  այն էլ դասարանցիների ներկայությամբ: Թող գոնե առանձին խոսեն, թող ծնողների հետ զրուցեն: Դա հակամանկավարժական երևույթ է: Նման ուսուցիչները դպրոցում տեղ չպետք է ունենան:

 

religions.am