Խտրականություն հրահրողներին դժվար է անգամ հավատացյալ անվանելը

  • 03/08/2015
  • Արմինե Դավթյան

  • Մանկավարժ, հասարակական գործիչ

– Մամուլում հաճախ են հանդիպում հաղորդագրություններ, որոնք «ահազանգում» են Հայաստանում թափ հավաքող կրոնական կազմակերպությունների մասին: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքով իրական վիճակը:

– Ըստ մարդահամարի տվյալների բնակչության ճնշող մեծամասնությունն իրեն համարում է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հետևորդ: Մի հատված  հարում է քրիստոնեական այլ հարանվանություններին և դենոմինացիաներին` կաթոլիկներ, ուղղափառներ, հոգեգալստականներ, մկրտականներ, Եհովայի վկաներ և այլն: Վերջին 30 տարիներին Հայաստանում ձևավորվել են նոր կրոնական շարժումներ անվանվող մի քանի ուղղությունները ևս, որոնք ավանդական եկեղեցիներից  և բողոքական  դենոմինացիաներից տարբերվում են դավանաբանությամբ, ծիսական, կառուցվածքային առանձնահատկություններով:

Սակայն, այս կամ այն կերպ, հասարակական միջավայրը, ազգային առանձնահատկությունները, որպես անձի և խմբի վրա ազդող կարևոր գործոններ, իրենց ուրույն դրոշմն են թողնում նրանց վրա: Այսպես. Հայաստանի մկրտական և հոգեգալստական համայնքներն որոշակիորեն տարբերվում են եվրոպական կամ ամերիկյան համանման շարժումներից, քանի որ Հայաստանի բնակչության պահպանողականության պատճառով  դժվար է հակադրվելը հանրային կարծիքին, ի տարբերություն ԱՄՆ-ի կամ Եվրոպական երկրների:

ԱՄՆ-ում, Եվրոպայում վաղուց արմատավորվել է իրենց կրոնական ծիսակարգին, կանոնակարգին ու նորմերին, առանց այլոց կարծիքը հաշվի առնելու հետևելու մշակույթը: Դա նպաստում է նորարական դրսևորումներին ի հայտ գալուն: Օրինակ, մուսուլմանները կարող են քաղաքներում առանց հաշվի առնելու անցորդների կարծիքը, աղոթել հենց փողոցի մեջտեղում: Եվ նման շատ օրինակներ: Նույնը կարելի է ասել նոր կրոնական շարժումների մասին, որոնք նույնպես որոշակի տրանսֆորմացիաների են ենթարկվում` այս կամ այն ազգային առանձնահատկությունների ու պետական քաղաքականության ազդեցության ներքո:

– Իսկ ինչպե՞ս է ընթանում հարմարման գործընթացը:

– Այն հասարակական միջավայրում, որտեղ կրոնական խտրականության խնդիրներ չեն ծագում, կրոնական կազմակերպություններն ու շարժումները ձևավորվում են ներքին ռեսուրսների ազատ զարգացման հաշվին` հարկադրված չլինելով պայքարել, հակազդել արտաքին միջավայրին: Դա ստեղծում է ավելի խաղաղ համակեցության միջավայր, քանի որ հիմնականում, հատկապես ժամանակակից քրիստոնեական ուղղությունները, կողմնակից են խաղաղ համակեցությանը: Նույնը  չենք կարող ասել իսլամական որոշ շարժումների մասին, որտեղ այլ կարգի ներհամայնքային հարաբերություններ են:

Խաղաղ ու ստեղծարար համակեցության դրսևորումների օրինակ են միջեկեղեցական, միջհարանվանական համագործակցությունը: Օրինակ`Հոլանդիայում,  Ուկրաինայի, եվրոպական ու ամերիկյան մի շարք երկրներում կազմակերպվող երիտասարդական քրիստոնեական ճամբարները, որոնց քարոզչությունը կրում է խաղաղ, մարդասիրական բնույթ: Բացի այդ, վերջին տասնամյակում ավելի հաճախ են կազմակերպվում կրոնագիտական, պատմագիտական, կրթական` արդեն ավանդույթ դարձած գիտաժողովները, որոնց մասնակցում են նաև տարբեր կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ և գիտնականներ:

Այլ է պատկերը այն երկրներում, որտեղ իշխանությունը փորձում է լրացուցիչ լեգիտիմություն ձեռք բերել մեծամասնության կրոնական կառույցի միջոցով և հաճախ արհեստականորեն միջկրոնական լարվածություն է ստեղծվում: Վառ օրինակներ են ժամանակակից ՌԴ-ն, Վրաստանը, կարող եմ ասել նաև Մոլդովան, Ուկրաինան և Հայաստանը: Թեպետ ժամանակակից Ղազախստանը քրիստոնեական երկիր չէ, սակայն այստեղ ևս կարելի էր նկատել մուսուլմանական ուղղությունների և պետության միջև համագործակցության զարգացման միտումներ: Օրինակ, նախորդ տարի Ղազախստանի ԳԿՆ-ն արգելեց Ալմաթիի Փիլիսոփայության պետական համալսարանում անցկացնել նախապես պլանավորած պրակտիկ գիտաժողովը, որին մասնակցում էին նաև նոր կրոնական շարժումների ներկայացուցիչներ:

Մեկ այլ դեպքում պետական և նրա հովանավորչության տակ գործող հասարակական միավորումները ոչհովանավորվող կրոնական կազմակերպությունների նկատմամբ դրսևորում են թշնամական վերաբերմունք, որի պատճառով այդ կրոնական կազմակերպությունների  համար հասարակական ադապտացիան դառնում է բավականին բարդ, երբեմն զոհերով ընթացող գործընթաց:  Դրա վառ օրինակ է Չինաստանը:

Հայաստանը յուրահատուկ է նրանով, որ այստեղ կրոնական բազմազանության առումով լուրջ մարտահրավերներ չկան և հանրությունը կարելի է համարել բավականին հանդուրժող, եթե իհարկե արհեստականոր անհանդուրժողականություն չքարոզվի: Ազգային և կրոնական պատկանելության նույնականացումը շատերի մոտ ագրեսիվ թշնամական վերաբերմունքի պատճառ է դարձել այլախոհների, այլ կրոնական կազմակերպությունների նկատմամբ:

Ես հաճախ եմ հարց տալիս հատկապես երիտասարդներին, ովքեր իմ կարծիքով ավելի քննադատական մտածողության առողջ կրողներ պետք է լինեն, թե ո՞րն է այս կամ այն կրոնական կազմակերպության վտանգը, բացասական կողմը կամ թերությունը, որը նրանց հիմք է տալիս ագրեսիվ և անհանդուրժողական վերաբերվելու: Գիտե՞ք, թե որն է հիմնական պատասխանը` զինվորական ծառայությունից խուսափելը: Երբ նշում ես, որ նման երևույթ կարելի է հանդիպել միայն Եհովայի վկաների կազմակերպության մոտ, այն էլ արդեն այլընտրանքային ծառայության միջոցով այդ խնդիրներն էլ է լուծված, նրանք չեն կարողանում այլևս ոչ մի այլ հիմնավորում բերել:

Իհարկե, կան որոշ անհատներ, ՀԿ-ներ, որոնք որդեգրել են «աղանդների» դեմ պայքարի քաղաքականություն, սակայն նրանց զինանոցն էլ չունի հիմնավոր ու փաստացի պատճառաբանություն և անընդհատ բախվում է այլ իրականության հետ: Այսպես, կրոնական խտրականության վառ դրսևորում է հայկական շոու բիզնեսի աստղերին «աղանդավորական» կազմակերպության անդամակցության հարցի քննարկումը: Հասկանալի չէ, թե ո՞րն է դրա այն հասարակական վտանգը, որը հիմք կարող է տալ նման թշնամական վերաբերմունքի և բանբասանքների տարածման համար:

Կարծում եմ, որ խտրականության հիմնական հրահրողներին դժվար է անգամ հավատացյալ անվանելը: Ըստ երևույթին այդ մարդիկ ունեն այլ պատճառներ նման կերպ իրենց դրսևորելու համար: Դա վերածվում է ուղղակի աշխատանքի`ըստ երևույթին  գործատուի առկայությամբ:

Կրոնական խտրականության դրսևորումներն առավել անընդունելի չափերի էին հասել հանրակրթական դպրոցներում: Իհարկե, որոշ գործողությունների արդյունքում այսօր դրանց թիվը էականորեն նվազել է, հատկապես ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների պաշտպանության կոմիտեի կողմից  կրոնական բնույթի առարկաների պարտադրելիության վերանայման առաջարկից հետո: Կրթության նախարարությունը որոշ աշխատանքներ է կատարել երեխաների նկատմամբ կրոնական խտրականությունը բացառելու ուղղությամբ, սակայն դա դեռևս բավարար չի:

Խնդիրը նաև լուծում է ստացել շատ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների լռակյաց և լատենտ հավատքի կյանք վարելու շնորհիվ, որի պատճառը նրանք խտրականության հողի վրա կոնֆլիկտների դեմխուսափում են բողոքել: Հաճախ մարդիկ չեն բարձրաձայնում իրենց կրոնական համոզմունքերի մասին` վախենալով կորցնել աշխատանքը: Մենք չենք վստահում դատական համակարգին: Դրա համար, կարծում եմ, որ «Խտրականության դեմ»  օրենքի անհրաժեշտությունը ժամանակի հրամայականն է:

– Քաղաքացիական հասարակության ձևավորմանն ուղղված մի շարք օրենսդրական բարեփոխումների նախագծեր, մինչ օրս կյանքի չեն կոչվել` խնդրահարույց իրավիճակների պատճառով, մասնավորապես` «Խտրականության դեմ» ՀՀ օրենքը: Հնարավո՞ր է արդյոք, որ այդ օրենքը էական ազդեցություն ունենալ կրոնական խտրականության խնդիրների լուծման հարցում:

– Թեև 2013 թ.-ին  տեղի ունեցած Վիլնյուսի գագաթնաժողովի պահանջներին, ի տարբերություն Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի, Հայաստանը չստորագրեց Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, այնուամենայնիվ, երկու տարի անց, Երևանն ու Բրյուսելը պատրաստվում են կնքել նոր համաձայնագիր: Այն պետք է հիմնվի արդեն բանակցված ասոցացման համաձայնագրի վրա՝ միևնույն ժամանակ հաշվի առնելով փոփոխված իրողությունները, մասնավորապես, Հայաստանի ԵԱՏՄ-ի շրջանակներում ընդունած պարտավորությունները:

«Խտրականության դեմ» ՀՀ օրենքի նախագծի վերջին տարբերակը մշակվել է Մարդու իրավունքների պաշտպանի և միջազգային մի շարք կառույցների ու հասարակական կազմակերպությունների փորձագիտական շրջանակների քննարկման արդյունքում, սակայն այդպես էլ չարժանացավ վերջնական հավանության և չներկայացվեց ՀՀ ԱԺ` հաստատման համար: Այսօր, եթե չեմ սխալվում, օրենքի մշակմամբ պետք է զբաղվի Արդարադատության նախարարությունը:

Նշենք, որ ՄԻՊ կայքում տեղադրված օրենքի նախագծի նախնական տարբերակում խտրականությունը բնորոշվում է որպես. «անձի սեռի, ռասսայի, մաշկի գույնի, էթնիկական կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, ամուսնական կամ ընտանեկան կարգավիճակի, առողջական վիճակի, ազգային փոքրամասնությանը պատկանելության, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության, տարիքի» և այլնի նկատմամբ խտրականություն դրսևորելու արգելք, սակայն այնտեղ կան նաև հետևյալ ձևակերպումները՝ «աշխարհայացքի», «քաղաքական կամ այլ հայացքների», «անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների հիմքով որոշումներ, գործողություններ կամ անգործություն, իրավական նորմեր կամ գնահատման չափանիշներ, բացառումներ, սահմանափակումներ կամ նախապատվություն, պայմաններ կամ պրակտիկա, որոնք նպատակաուղղված են անձի և/կամ մի խումբ անձանց իրավունքներն ու ազատությունները սահմանափակելուն, բոլոր անձանց կողմից մյուսների հետ հավասար հիմքերով իրականացման և դրանց ճանաչմանը խոչընդոտելուն»:

Օրենքի նախնական տարբերակում նշված «անկախ սեռական կողմնորոշումից» հասկացությունը փոխարինվեց «անձի իրական կամ ենթադրյալ անդամակցությունը, նույնականացումը սույն օրենքով պաշտպանված որևէ խմբի հետ» տարբերակով: Սա այն խնդրահարույց հատվածն էր, որը պատճառ էր դարձել մի շարք հասարակական և կրոնական ներկայացուցիչների կողմից այնպիսի հայտարարության տարածման, թե իբրև այս օրենքը ծառայելու է միմիայն նույնասեռականների համար:

Նշենք, որ խտրականության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են նաև ՀՀ Սահմանադրությամբ:

Համանման ընդիմության առջև է կանգնել օրենքի ընդունման գործընթացը նաև ԵՄ ասոցացման պայամանգիրը կնքած երկրներում` մասնավորապես Մոլդովայում և Վրաստանում, որտեղ այդ օրենքի` որպես նույնասեռականների մասին օրենքի ընդունման դեմ թեժ պայքար են ծավալել ավանդական եկեղեցիներն ու որոշ պահպանողական կազմակերպություններ: Սակայն պետությունը, եկեղեցին և քաղաքացիական հասարակությունը եկել են որոշակի փոխզիջումների և օրենքն արդեն երկու տարի է գործում է:

– Կարո՞ղ ենք ընդունել, որ այդ երկրների փորձն արդեն իսկ հավաստում է օրենքի անհրաժեշտությունը և կարող է ցրել մտավախությունները` խնդրահարույց կետերի առումով: 

– Իհարկե, մենք կարող ենք ուսումնասիրել նրանց փորձը և օրենքի մշակման փուլում հաշվի առնենք բոլոր այն խնդիրներն ու ձեռքբերումները, որոնք այդ երկրներն ունեցել են:
Հայաստանի համագործակցությունը Եվրոպական Միության հետ մշտապես եղել է ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից: Այդ համագործակցությունը հիմնականում ծառայում է ԵՄ հետ քաղաքական հարաբերությունների և առևտրատնտեսական կապերի խորացմանը, ինչպես նաև, Հայաստանում ժողովրդավարական և իրավական պետության հաստատությունների բարեփոխմանն ու կատարելագործմանը:

«Խտրականության մասին» օրենքը իրավական  փաստաթուղթ է, որը  ներառում է ոչ միայն կրոնական, այլև բոլոր տիպի խտրականության դեպքերը, սկսած տարիքայինից, վերջացրած` մարդու արտաքին տեսքի վերաբերյալ դրսևորումները: Սակայն, օրինակ ինձ շատ դուր եկավ օրենքի ավելի դրական անվանումը, որն ընդունվել էր Մոլդովայում. «Հավասարության մասին օրենք»: Կարծում եմ անգամ անվանման մեջ դրականի շեշտադրումը, իր ազդեցությունն ունեցավ օրենքի ընկալման վրա: Վրաստանում իհարկե նույնը չէր:

Բացի այդ, իմ կարծիքով կարելի է նկատի ունենալ Մոլդովայի կառավարության կողմից ստեղծված առանձին մասնագիտական հանձնախմբի ձևավորման փորձը, որում ներառված էին ոչ միայն իրավագետներ, այլ հոգեբաններ ու սոցաշխատողներ: Ի դեպ, հանձնախմբի ղեկավարը հոգեբան էր: Ըստ իս` նման մասնագիտական կոնսիլիումը ավելի լայն հնարավորություն է ընձեռում դեպքերի վարման համակարգված ու բազմակողմանի վերլուծության համար:

Վրաստանում խտրականության դեպքերի վերլուծության համար առանձին հանձնախումբ չէր ձևավորվել, այդ գործառույթը տրվել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին: Ընդ որում, ուսումնասիրությունները  ցույց տվեցին, որ այստեղ աշխատում են բացառապես իրավագետներ, իսկ դա նեղացնում է դեպքերի վարման օբյեկտիվության գործակիցը:

Նշենք, որ խտրականության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են նաև ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով:

Եթե շեշտադրաման փոփոխություն կատարենք «խտրականության դեմ պայքարի» փոխարեն ընդունենք, որ այն հավասար իրավունքների հաստատման օրենք է, սկսած օրինակ այն դեպքերից, երբ աշխատանքի են վերցվում մինչև 25 տարեկան բարետես աղջիկների, ինչը խտրականություն է 35 տարեկան ոչ բարետես աղջիկների նկատմամբ, ապա էապես կփոխվի դրա անհրաժեշտության ընկալումը, քանի որ չկա մեկը, որը այս կամ այն կերպ չառնչվի խտրականության դրսևորումների հետ:
Օրինակ նույն Մոլդովայում և Վրաստանում երկու տարվա ընթացքում նույնասեռականների իրավունքերի խախտումների հարցերով գործերի դեպքերը թվով ավելի քիչ են, քան օրինակ կրոնական կամ ազգային խտրականության:

– Ո՞վքեր են ձեր կարծիքով խոչընդոտում այդ օրենքի ընդունմանը:

– Օրենքի ուժ ստանալու դեպքում դրա գործողությունը պետք է տարածվի Հայաստանի տարածքում գտնվող բոլոր պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, նրանց պաշտոնատար անձանց և ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա: Ինչը ներառում է՝ հասարակաքաղաքական գործունեություն, պետական ծառայության և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայություն, արդարադատություն, աշխատանքային հարաբերություններ, առողջապահություն, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, հանրային տեղեկատվության և զանգվածային լրատվամիջոցների, իրավապահ մարմիններ և այլ ոլորտներ:

Այսինքն՝ գործատուն պատասխանատվություն է կրելու օրենքի խախտմամբ աշխատավայրում տեղի ունեցող խտրականության ցանկացած դրսևորման համար, ներառյալ նաև մյուս աշխատակիցների, գործատուի, գործակալների կամ հաճախորդների կողմից դրսևորված հետապնդումները, եթե միայն կարող է ապացուցել, որ ձեռնարկել է ողջամիտ, գործնական քայլեր հետապնդումները կանխելու կամ վերացնելու ուղղությամբ:

Չգիտեմ ինչպես կընդունվի օրենքի նոր տարբերակում, նախորդ նախագծում բացառվում էր ոչ միայն ուղղակի խտրականությունը, այլև անուղղակին, որը բնորոշված է որպես՝ «առերևույթ չեզոք/ոչ խտրական օրենքներ, քաղաքականություն, պրակտիկա կամ չափանիշներ, որոնց իրականացման կամ կիրառման դեպքում առաջանում է կամ կարող է առաջանալ որոշակի հատկանիշներով անձի կամ մի խումբ անձանց իրավունքների սահմանափակում կամ արտոնությունների ձեռք բերում:

Հավելեք, որ խտրականության մասին ապացուցման պարտականությունը ընկած է պատասխանողի վրա, որ պարտավոր է «խտրական վերաբերմունքի բացակայությունը»:

religions.am