– Պարոն Սարգսյան, վերջին տասնամյակներում մտքի և հավատամքի ազատության հետ կապված խնդիրը էին առաջանում։ 2018-ին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո կարծես թե որևէ լուրջ խնդիրներ այլևս չկան, սակայն համակարգային, կամ օրենսդրական լուծումներ նոր կառավարությունը չի նախաձեռնում։ Հասկանալի չէ, թե այս , ինչպես նաև բազմաթիվ այլ ոլորտներում ինչ քաղաքականություն է վարում կառավարությունը։
– Նոր կառավարությունը հայտարարել է, որ չի միջամտելու եկեղեցու գործերին, ինչպես նաև եկեղեցին չպետք է միջամտի կառավարության գործերին։ Դա ասվել է անցած տարի հայ եկեղեցու ներսում սկսված խմորումների կապակցությամբ, երբ եկեղեցու մի խումբ հեռևորդներ մի քանի քահանաների առաջնորդությամբ կաթողիկոսի հրաժարականն էին պահանջում։ Եվ եկեղեցու ղեկավարությունը, և կաթողիկոսի դեմ շարժման առաջնորդները դիմում էին կառավարությանն յուրաքանչյուրն իր օգտին միջամտելու համար։
Կառավարությունը չմիջամտեց այդ գործընթացին։ Միևնույն ժամանակ կառավարությունը եկեղեցու հետ իր հարաբերությունները չի սառեցրել, մասնավորապես, կաթողիկոսը և վարչապետը միասին մասնակցում են տարբեր միջացառումներին, վարչապետն այցելում է եկեղեցի և այլն։ Բայց պետք է ընդունենք, որ փոխվել է եկեղեցու կարգավիճակը։ Իշխանության և եկեղեցու սերտաճման գործընթացը դադարեցվել է։
Կտրուկ նվազել է եկեղեցու ազդեցությունը պետական կյանքի վրա, նաև նվազել է ազդեցությունը հասարակության վրա։ Նման պայմաններում եկեղեցին պետք է իր համար նոր դերակատարություն որոնի։ Դա բարդ գործընթաց է, որով անցել են կաթոլիկ և բազմաթիվ բողոքական եկեղեցիները։
– Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները հիմնականում նույն տեսակետն են հայտնում․ ի տարբերություն առաջվա, հիմա իրենց ոչ ոք չի անհանգստացնում։ Մամուլում իրենց դեմ նյութերի քանակը նվազել է, սակայն ինչ կլինի վաղը, երբ իրավիճակը փոխվի, իրենք չգիտեն։ Որևէ երաշխիքներ՝ օրենսդրական կամ այլ տիպի, իրենք չունեն, որպեսզի վստահ լինեն, որ առաջվա իրավիճակը չի կրկնվի։
– Իսկ ինչպե՞ս էր առաջ։ Կար մի թեզ, որ Հայ Առաքելական եկեղեցին ազգային է, իսկ մյուսներն աղանդներ են և օգտագործելով այդ թեզը, մյուսներին ճնշում էին։ ՀԻմա այդ թեզը մոռացվել է։ Ամեն ինչ կախված է նրանից, թե այդ եկեղեցիներն իրենց ինչպես կդրսևորեն, ինչպես են ամրագրելու իրենց ճիշտը։ Հիմա իրենք պետության առջև պետք է այդ հարցը բարձրացնեն՝ պահանջեն երաշխիքներ, որ վաղը նույնը չկրկնվի։ Եթե իրենք հիմա այդ խնդիրները չբարձրացնեն, ապա հայտնի չի, եթե վաղը մեկ այլ կառավարություն կազմավորվի, նույն իրավիճակը կկրկնվի, թե՞ ոչ։
Իրենք կարող են անգամ քրեական գործեր հարուցել հին դեպքերի կապակցությամբ և ճշտեն, թե որքան էր օրինական իրենց հանդեպ իշխանության և հայ եկեղեցու վերաբերմունքը կոնկրետ դեպքերի կապակցությամբ։
– Հայաստանը աշխարհից կտրված երկիր չէ։ Հիմա կրոնական հարցն այլ երանգներ է ստանում։ Օրինակ, Եվրոպան ետկրոնական տարածք է, սակայն բազմաթիվ միգրանտներ չեն ցանկանում աշխարհիկ կյանքով ապրել, ինչը խնդիրներ է առաջացնում։ Որոշ ծայրահեղական կազմակերպություններ իրենց հերթին ցանկանում են վերադառնալ հնին՝ քրիստոնեական ինքնությունը վերակենդանացնել որպես պաշտպանողական գործիք, սակայն կյանքն առաջ է գնացել ու այդ հասարակությունների մեծամասնությունը չի ցանկանում նորից վերածվել կրոնական հասարակության։ Նման զարգացումները կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի վրա։
– Հայաստանում վիճակը ավելի պարզ է։ Մենք չունենք նման էմիգրացիա։ Նաև այլ խնդիր կա, կրոնական համայնքներն ինչ ազդեցություն ունեն հանրության կյանքում։ Հայաստանում կրոնական կազմակերպությունները հիմնականում մարգինալացված վիճակում են և իրենց համայնքներից դուրս որևէ ազդեցություն չունեն, իսկ Հայ Առաքելական եկեղեցին իր լսարանին ներկայանում է որպես ազգային կառույց, երկրորդական տեղ տալով բուն հավատքին։ Նման պայմաններում դժվար է կկանխատեսել, որ մենք նման խնդիրների առաջ կհայտնվենք, համենայն դեպս մոտակա ապագայում։