– Մինչ 2018-ի իշխանափոխությունը Հայաստանում կրոնական ազատությունների խնդիրն ակտուալ էր և քաղաքական դիսկուրսի կարևոր թեմաներից մեկն էր, սակայն հիմա, կարծես թե, այդ խնդիրnն երկրորդական պլանում է հայտնվել։ Ձեր կարծիքով ո՞րն է դրա պատճառը։
Մինչ 2018-ն իշխանությունը սերտաճած էր ոչ միայն խոշոր կապիտալ հետ, այլև՝ եկեղեցու։ Մենք այդ հարցը շատ ենք ուսումնասիրել և գիտենք, որ եկեղեցին իշխանության կողմից օգտագործվում էր երկրում ստեղծված գաղափարական վակուումը լրացնելու համար և բնական էր, որ մյուս կրոնական կազմակերպությունների հանդեպ իշխանության վերաբերմունքը բխում էր իշխանության և Հայ եկեղեցու հետ համագործակցությունից։ Բնական էր, որ պետք էր գիծ քաշվեր Հայ Առաքելական եկեղեցու, որի համար անգամ սահմանադրության մեջ էր որպես հայ ժողովրդի կյանքում պատմականորեն հատուկ դերակատարություն ունեցող կառույցի հատուկ կարգավիճակ տրվել։ Մյուս կրոնական կազմակերպությունների հանդեպ, որոնց նկատմամբ նույնպես հատուկ որակավորումներ էին օգտագործվում՝ «աղանդներ», «ոչ ազգային» և այլն, ու պետական մակարդակում համապատասխան քաղաքականություն էր տարվում։ Անգամ վերակենդանացվել էր միջնադարյան այն թեզը, որ ով Հայ Առաքելական եկեղեցու անդամ չէ, հայ չէ, այլ չգիտես ինչ է։ Եկեղեցականներն էլ պարտադիր կերպով մասնակցում էին պետական միջոցառումներին, անգամ իշխող կուսակցության միջոցառումներին։
2018-ին ի՞նչը փոխվեց։ Փոխվեց այն, որ նոր իշխանությունը կրոնական խնդիրներից իրեն սկսեց հեռու պահել, անգամ ամենաբարձր մակարդում, հրապարակայնորեն, կառավարության ու եկեղեցու սպասավորների միջև առկա վեճերի մասին էր խոսվում։ Վարչապետը կոչ էր անում, որ հոգևոր հայրերն իրենց «ճիշտ» պահեն, հեռու մնան քաղաքականությունից և այլն։ Արդյունքում կրոնական թեման ընդհանրապես քաղաքական ու հանրային կյանքից դուրս մղվեց, կամ ավելի շուտ այդ թեման դուրս մնաց հանրության ուշադրությունից։ Ես չգիտեմ, թե դա լա՞վ էր եկեղեցու և մյուս կազմակերպությունների համար, թե՞ ոչ։ Դա եկեղեցու և մյուս կազմակերպությունների համար նոր միջավայր է ստեղծել և այն, թե ինչպես իրենք կդրսևորվեն այս նոր իրականության մեջ, արդեն այլ խնդիր է, դրան չեմ անդրադառնա։ Կարճ ասած, կրոնական խնդիրն այսօրվա Հայաստանում կորցրել է իր ակտուալությունը։
– Բացառված չէ, որ Հայաստանում նորից իշխանությունը փոխվի և հաջորդ իշխանությունը նորից փորձ հին քաղաքականությանը վերադառնալ։ Գործող իշխանությունն ի՞նչ համակարգային կամ օրենսդրական փոփոխություններ է նախաձեռենում, որ նման բան հնարավոր չլինի ։
– Դժվար է հիմա ասել, թե ինչ օրենսդրական փոփոխություներ է պետք իրականացնել։ Այն ժամանակ պետությունը և իշխանությունը օրենքով չէին սերտաճումը, ամեն ինչ հիմնված էր ստվերային պայմանավորվածությունների վրա։
– Գործող օրենքն ընդունվել է 1991-ին, Սովետական Միության գոյության վերջին տարվա ընթացքում և այն չի արտացոլում ներկայիցս իրավիճակը։ Հայաստանը Եվրախորհրդի առջև պարտավորություն էր վերցրել, որ նոր օրենք ընդունի, սակայն դա չէր հաջողվում անել։ Բոլոր նախագծերի մասին Վենետիկի հանձնաժողովը քննադատական կարծիքներ էր հայտնել։ Հիմա կարծես թե հարմար պահն է, որ նոր օրենք ընդունվի, որովհետև չկան նախկին խոչընդոտները։ Այն տվարորությունը կա, որ ներկայիս իշխանությունն առհասարակ այս հարցում որևէ պատկերացում չունի։
– Ընդհանրապես այդ խնդիրն այսօր անտեսվում է։ Այս պահին որևէ պրոբլեմ չկա և այդ թեման մոռացվել է։ Դրա համար էլ նոր օրենքի անհրաժեշտության մասին չի խոսվում։ Երբ այս խնդրով որևէ լարվածություն առաջանա, այդ ժամանակ էլ նոր օրենքի, նոր կարգավորումների մասին կսկսեն խոսել։ Փաստորեն նախկինում եղած լարվածությունն արհեստականորեն էր ստեղծվում։
– Արևմտյան երկրներում այս հարցում բարդ իրավիճակ է ստեղծվել։ Գնալով շատանում են մուսուլման միգրանտները, որոնք կրոնական առումով ներհասարակական լարվածություն են ստեղծել։ Առաջ են գալիս շարժումներ, որոնք պահանջում են իսլամի հանդեպ սահմանափակումներ մտցնել, ասելով, որ եվրոպական քաղաքակրթությունը վտանգի մեջ է, սակայն ,մյուս կողմից, եթե նման սահմանափակումներ մտցվեն, ապա եվրոպական քաղաքակակրթությունը, ըստ էթության, դրանով հրաժարվում է իր արժեքներից, մասնավորապես կրոնական ազատության սկզբունքից։ Փաստորեն կրոնական խնդիրը դարձել է քաղաքակրթական բախման պատճառ։
– Ժամանակի ընթացքում, հասարակական-քաղաքական հարաբերությունների բոլոր ոլորտներում իրավական փիլիսոփայության արմատացումը
հոգևոր հարցերում վերաբերմունք է փոխել։ Իզուր չէ, որ ոմանք ասում են, որ Եվրոպայում, ի տարբերություն Միացյալ Նահանգների, հեթանոսական մշակույթ է ձևավորվել։ Ետկրոնական ու իսլամական՝ կրոնական քաղաքակրթությունների հակասություն է առաջացել։ Մի սերունդ, որն իր կյանքից դուրս է մղել կրոնական խնդիրն, այն դարձնելով զուտ անձնական հարց, դեմ հանդիման է հայտնվել մի համայնքի հետ, որի համար կրոնը կենսական հարց է։ Սա աննախադեպ իրավիճակ է։ Դժվար է հիմա պատկերացնել, թե ինչ է կարելի անել։ Ավելի շուտ մենք գործ ունենք ազգայնական գաղափարախոսությունների ակտիվացման հետ և, որպես հետևանք, Եվրոպայում աջ ծայրահեղական ուժերի դերի մեծացման հետ։ Այսինքն, իսլամին հակազդում է ոչ թե քրիստոնեությունն, այլ՝ ազգայնականությունը։
– Հայաստանը նունպես ետկրոնական հասարակություն է, սակայն մեզ մոտ դեռևս նման խնդիր չկա։ Արդյո՞ք մեզ մոտ նույնպես, ապագայում, նման իրավիճակներ են կարող ստեղծվել։
– Հայաստանն, իր ռեսուրսների առումով, այնպիսի վիճակում չէ, որ շատ միգրանտներ ցանկանան գալ այստեղ։ Մյուս կողմից էլ եղած միգրատները հիմնականում մուսուլմաններ չեն , Հնդկաստանի քաղաքացիներ են։ Սա այլ իրավիճակ է և դժվար է կանխատեսել, թե մեզ մոտ ինչ զարգացումներ են կարող լինել։