– Հայաստանում անկումային և անհուսության տրամադրություններ են: Նման ժամանակաշրջաններում մարդիկ որպես փրկության օղակ իրենց հայացքներն ուղղում են դեպի հավատքը: Դուք, որպես Ռեմա եկեղեցու հովիվ նման տեսակետը կիսու՞մ եք:
-Կարծում եմ մարդկանց մի խմբի համար այդպես է, սակայն այսօրվա միտումը հայ հասարակության մեջ այն է, որ հավատքն առ Աստված այլևս միակ` Ձեր նշած «փրկության օղակը» չէ: Այսօր աշխարհիկ հասարակությունը նոր ձայներ ունի, ինչպիսին են լավ կրթությունը, բարեկեցիկ և իմաստավորված կյանքի հնարավորությունները երկրում և նրանից դուրս։
– Խորհրդային Միության փլուզումից հետո նախկին հանրապեություններում արագորեն տարածվեցին տարբեր կրոնական դենոմինացիաները: Կան տարբեր կարծիքներ, ոմանք համարում են, որ Արևմուտքի կողմից էր դա կազմակերպված, ոմանք կարծում են, որ հակառակը` խորհրդային ճնշիչ մեքենան էր զսպում մարդկանց բնական պահանջը` դիմել Աստծուն: Սակայն հազվադեպ է հնչում այն տեսակետը, որ Խորհրդային Միության փլուզումը շատերի համար մեծ ստրես էր` քիչ, թե շատ ապահով և կանխատեսելի կյանքից անցում կատարել դեպի քաոսի ու պատերազմների և հավատքին դիմելը շատերի համար, հոգեբանական առումով, որևէ ելք գտնելու ճանապարհ էր: Հիմա Հայաստանում մոտավորապես նույն վիճակն է: Անորոշ ապագա և սոցիալական անապահովություն: Ձեր կարծիքով դա ազդու՞մ է մարդկանց կրոնական զգացմունքների վրա:
– Լիովին համաձայն եմ վերջին երկու տեսակետների հետ, նախ` աթեիստական Խորհրդային պետության անկումից հետո առկա էր բարոյականության և ինքնության դեֆիցիտ, որը շատերը ձգտեցին լրացնել Հայաստանը ողողած խայտաբղետ կրոնական գաղափարախոսություններով, և երկրորդ՝ անորոշությունը և անապահովությունը ստիպեցին մարդկանց պատսպարանք գտնել վերին գերբնական ուժի՝ Աստծո մոտ։ Այս պատճառով 90ակկաներին բոլոր կրոնական կազմակերպությունները, և ոչ միայն ավանդական քրիստոնեականները, ինչպիսին են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Կաթողիկե կամ Ավետարանական ընտանիքի եկեղեցիները, այլև մորմոնները, բահայները, մունականները, Եհովայի Վկաները և այլն, շարունակաբար աճում էին։ Սակայն այսօր պատկերն այլ է․ հայ հասարակությունն իր կեցվածքով ավելի աշխարհիկ է և հիմնականում կրոնի կամ գերբնականի մեջ չի փնտրում իր «փրկությունը»։ Տեսեք, բացառությամբ մի քանի համայնքների, քանակական առումով որևէ լուրջ աճ որևէ եկեղեցում չի նկատվում, ուստի ըստ իս, ներկա իրավիճակը հատուկ կերպով չի մղում դեպի Աստված։
– Ի տարբերություն Հայ Եկեղեցու, Ուղղափառների, և Կաթոլիկների, Ավետարանական եկեղեցիները ինքնավար համայնքների են բաժանված: Հայաստանում կան քանի տասնյակ ավետարանական համայնքներ, որոնք ոչ միայն ինքնավար են, այլև տարբեր դավանաբանություն և կառոցվածք ունեն: Ի՞նչն է այդ եկեղեցիներին միավորում կամ տարանջատում:
– Պետք է նշեմ, որ այս առումով Ավետարանական համայնքների մեջ կա որոշակի տարբերություն, օրինակ՝ Հայաստանյաց Ավետարանական Եկեղեցին և Մկրտական Եկեղեցիների միությունը մոտ երկհարյուրամյա ճանապարհ են անցել, որի ընթացքում ձևավորել են իրենց ուրույն աստվածաբանությունը, ավանդությունները, կառուցվածքը և գործառությունները։ Եթե այցելեք այդ եկեղեցիների մի քանի տեղական համայնքներ, ապա կնկատեք նրանց ակնհայտ նմանությունները։ Պատկերը այլ է մի քանի տասնյակ իրարից անկախ Ավետարանական Հոգեգալստական(Պենտեկոստալ) եկեղեցիներում, որտեղ ինչպես իրավամբ նշեցիք, թե դավանաբանական և թե գործառական իմաստով բազմազանություն կա, երբեմն նույնիսկ իրարամերժ։ Թերևս, առ Աստված ունեցած սիրո հետ միասին մեզ բոլորիս միավորում է նաև «Սուրբ Հոգով լցվելու և օտար լեզուներով աղոթելու» փորձառության հանդեպ հավատքը։ Պատճառները տարբեր են, սակայն պատմական գործոնը երևի թե որոշիչն է: Հոգեգալստական շարժումը Հայաստանում դեռևս երիտասարդ է, ընդամենը 25-30 տարեկան է և դեռ գտնվում է ձևավորման փուլում։ Կարծում եմ, որ առաջիկա 10-20 տարիները որոշիչ կլինեն մեր շարժման համար։
– Հոգեգալստական եկեղեցիներն աշխարհում ամենաարագ տարածվող ուղղություններից է: Օրինակ` Լատինական Ամերիկան արդեն կարելի է կոչել ոչ թե կաթոլիկ, այլ հոգեգալստական աշխարհամաս: Աֆրիկայում, Ասիայում նույնպես հոգեգալստականներն արագ տարածվում են: Շատերը դա պայմանավորում են հոգեգալստական եկեղեցիների երիտասարդ լինելով` ակտիվ միսիոներության պրակտիկա և ճկունություն: Սակայն տարբեր երկրներում կան առանձնահատկություններ, որը բացատրվում է տվյալ երկրի յուրահատկություններով: Ձեր կարծիքով ո՞րն է Հայաստանի առանձնահատկությունը:
– Ընդհանուր առմամբ ճիշտ եք, այո Պենտեկոստալ եկեղեցիներն ակտիվ են իրենց գործունեությամբ ու նպատակամղված են տարածվելու առումով, ինչը Հայաստանում նույնպես հաջողվելու որոշակի պայմաններից է։ Նկատեք նաև, որ այն բոլոր ազգերը, որտեղ Պենտեկոստալ եկեղեցիներն արագ են աճում, կամ չեն ունեցել քրիստոնեական անցյալ, ինչպես Աֆրիկայում, կամ ունեն երիտասարդ քրիստոնեկան մշակույթ, ինչպես Լատինական Ամերիկայում։ Պատկերը այլ է Հայաստանում, որտեղ հայ ազգն արդեն մոտ երկու հազարամյակ ձևավորել է իր պատկերացումները սեփական կրոնական- ազգային ինքնության վերաբերյալ, ուստի դրանից որևէ ձևով տարբեր ցանկացած քրիստոնեական դրսևորում դիտարկվում է որպես խորթ, օտար և այդ ինքությանը սպառնացող։ Այս «խորթ և վտանգավոր» պիտակավորմանը ենթակա են հավասարապես բոլորը, նույնիսկ Կաթողիկե և Ուղղափառ քրիստոնեությունը։ Այս պատճառով, 90-ականերին դիտարկված տարբեր կրոնական ուղղությունների բուռն աճին հաջորդեց նույն կրոնական ուղղությունների նոսրացումը, իսկ ոմանց էլ ուղղակի անհայտացումը։
– Ո՞րն է այդ հետընթացի պատճառը. արտագա՞ղթը, Հայ եկեղեցու արդունունավետ աշխատա՞նքը` տեղական նշանակության «կոնտրռեֆորմացիան», աշխարհիկացման տենդենցը, թե կան այլ պատճառներ:
– Երևի թե Ձեր նշած բոլոր պատճառներն էլ առկա են․ թե սոցիալական անապահովությամբ և անարդարությամբ պայմանավորված արտագաղթը և թե կրոնական և ազգային ինքնությունների մեկության ջատագովությունը, սակայն կուզեի հատուկ ընգծել նաև մեր հասարակության աշխարհիկացման տենդենցը։
Գլոբալիզմի և համաշխարհային մարդկային մեծ հասարակության մասը դառնալու գործընթացի հետ համընթաց հայ հասարակությունը արագորեն աշխարհիկանում է։ Թերևս պահպանելով ազգային ինքնության սիմվոլի մի մասը հանդիսացող Առաքելական եկեղեցու հանդեպ մինիմալ զգայականությունը (պատմական պարտքի և այն պաշտպանելու պատասխանատվության զգացումի պատճառով) հայերի մեծ մասը իրենց համարում են քրիստոնյաներ, սակայն իրականում աշխարհիկ ագնոստիկներ են։
– Ինպես նշեցիք Ավետարանական եկեղեցիները բազմազան են` նաև Հայաստանում և հաճախ անգամ այդ համայնքների անդամներն իրենք չեն կարողանում կողմնորոշվել, թե որոնք են այդ համայնքների տարբերությունները, սակայն ըստ էության բոլոր համայնքներն էլ ունեն իրենց սոցիալական հայեցակարգերը: Ինչպիսի համագործակցություն կա այդ եկեղեցիների միջև, ինչպիսի կորդինացիոն մարմիններ կան, թե այստեղ նույնպես տարերային են հարաբերությունները: (սա սայթի տեքստում մգացված չէ ու չի նկատվում, որ դա Ձեր հարցն է)
– Հանրային տարբեր խնդիրների շուրջ քննարկումների և միասնական արձագանքի անհրաժեշտության պատճառով Հայաստանի Ավետարանական ընտանիքի եկեղեցիները արդեն մի քանի տարի է, ինչ ձևավորել են «Հայաստանի Ավետարանական Եկեղեցիների Համագործակցությունը»։ Այս հարցում իր վճռորոշ ներդրումն է ունեցել Հայաստանյաց Ավետարանական Եկեղեցու նախկին հովիվ՝ Վերապատվելի Ռենե Լևոնյանը։ Երեք տարի առաջ Համագործակցությունը հռչակեց իր «Սոցիալական Հայեցակարգը», որին հետևում են նրանում մասնակից բոլոր եկեղեցիները, սակայն համագործակցությունից դուրս գտնվող մեծ քանակությամբ անկախ ավետարանական եկեղեցիները, ցավոք, գործում են սեփական հայեցակարգերով, կամ ավելի ճիշտ դրանց բացակայությամբ։ Վերջին տարիներին Վեր․ Ռենե Լևոնյանի Հայաստանից հեռանալուց հետո միջհարանվանային հաղորդակցությունը զգալի նվազել է, ինչին նաև ազդել է Վեր․ Սամվել Նավոյանի այս կյանքից վաղաժամ հեռացումը, ով նույնպես մեծ ներդրում ուներ միջհարանվանային և միջեկեղեցական հարաբերությունների կայացման գործում։ Ներկա պահին միջհարանվանային և եկեղեցական հարաբերությունները ցավոք գտնվում են անցանկալի պասիվ վիճակում։
– Երկար տարիներ հանրային քարոզ է ընթանում, որ հայ եկեղեցուց բացի մյուս եկեղեցիներն աղանդներ են, որոնք քայքայում են ազգը, օտար երկրների ազդեցության լրտեսներն են և այլն, ինչի հետևանքով շատ համայնքներ իրենց դրեցին լուսանցքից դուրս և ջանում են, որ չհայտնվեն լրատվական հոսքերում, որպեսզի չթիրախավորվեն: Այժմ իրավիճակը բավականին փոխվել է, սակայն այդ մտահոգությունը մնացել է, ինչի հետևանքով համայնքները հանրային կյանքին չեն մասնակցում և իրենց տեսակետները բարձրաձայն չեն հնչեցնում:
– Ցավոք, ինչպես նշեցիք Ավետարանական ընտանիքի եկեղեցիներն այսօր Հայաստանի Հանրապետությունում մարգինալացվում են և գտնվում եմ այսպես ասած «աչքից հեռու» կարգավիճակում։ Իհարկե, բնավ չեմ հավակնում այս հարցում «մասնագետ» լինելուն, բայց լինելով ավետարանական համայնքի հովիվ, խնդրին առնչվում եմ անմիջական կերպով և ունեմ իմ դիտարկումները։ Կարծում եմ պատճառները մի քանիսն են, սակայն կնշեմ դրանցից ամենա էականները։ Առաջին գործոնը Հայ Առաքելական եկեղեցին է, իր բացառիկության կեցվացքով։ Այս մոտեցումը դրսևորվում է երկու հիմնական կերպով․ նախ՝ ազգային ինքության և եկեղեցական պատկանելության մեկացումով, այլ խոսքերով ասած՝ եթե Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ չես, ուրեմն հայ չես և երկրորդ, բացի իրենից մնացած բոլորին թերի ու սխալ տեսնելով և աղանդավոր պիտակելով։ Զարմանալի չէ, որ այս պատճառով հասարակությունը բացասական վերաբերմունք է ձևավորում իրենց ավետարանական հայրենակիցների հանդեպ, նրանց դիտելով որպես «ոչ նորմալ կամ սովորական» հայերի: Իսկ ինչը սովորական չէ, ուրեմն խորթ է և վտանգավոր։
Հաջորդ գործոնը պետությունն է, որն ըստ սահմանադրության աշխարհիկ պետություն է և երաշխավորում է խղճի և դավանանքի ազատությունը, բայց ակնհայտ կողմնապահություն ունի այդ ազատությունների ապահովման հարցում։ Հարցը այն չէ, որ Հայ Առաքելական եկեղեցին որոշ արտոնություններ ունի պատմական իր դերի պատճառով․ ի դեպ բոլոր Ավետարանական եկեղեցիները նույնպես գնահատում են և շնորհակալ են պատմական այդ դերի համար, նրան կոչում են «Մայր Եկեղեցի» և բնավ չեն հավակնում նրա հետ հավասար իրավունքներ ունենալուն, սակայն կարիք կա, որ պետությունը գնահատելով մեկին, չնսեմացնի մյուսներին, ասենք տվյալ դեպքում՝ Ավետարանական համայնքներին որոնք պակաս ջանքով ու եռանդով չեն գործում մեր ազգի ու հայրենիքի բարգավաճման և հզորացման համար և դա արել են միշտ: Հիշենք Սողոմոն Թեհլերյանին, Տիգրան Անդրէասեանին, Ուիլիամ Սարոյանին, Հրանտ Դինքին և հարյուրավոր այլ ավետարանական հայ հավատացյալներին, ովքեր որբատներ, դպրոցներ ու հիվանդանոցներ կառուցեցին ու ծառայեցին մեր ազգին իր պատմության թե’ դժվար, և թե’ դյուրին օրերին։
Այսօր էլ, մեր հավատացյալներին մենք սովորեցնում ենք լինել ազնիվ, արդար, բարեգութ, բարեխիղճ ու նվիրյալ, սիրել և հավատարիմ լինել մեր ազգին, ընտանիքին և հայրենիքին։ Փոխարենը, ցավոք, հաճախ հանդիպում ենք անվստահության ու վերապահումների։ Մենք, ավետարանականներս, ձգտում ենք լինել լավագույնը Աստծո և մարդկանց համար, դրա համար մենք լավ բժիշկներ ենք, իմաստուն մանկավարժներ ենք, ջանասեր աշխատողներ ենք, անվախ զինորներ ենք, ստեղծագործ արվեստագետներ ենք և ոչնչով չենք արժանացել մեր ազգի մեջ մեզ թերի զգալու կարգավիճակին։ Բերեմ մի օրինակ, բազմաթիվ նման օրինակներից․ տղաս ծառայել է Հայոց բանակում, Ղարաբաղի վտանգավոր հատվածներից մեկում՝ «Եղնիկներ» զորամասում, մասնակցել է ռազմական գործունեություններին ու նույնիսկ պարգևատրվել է, բայց զորակոչման ժամանակ հենց զինկոմիսարիատում անկետայի լրացման ժամանակ հարցերից մեկը, որը իրեն տրվեց հետևյալն էր. «Առաքելական հավատացյա՞լ ես, թե աղանդավո՞ր ես»։
Ինչու՞ պիտի իր հայրենիքը պաշտպանելու գնացող զինորը նվաստացվի և թերացվի իր պետության կողմից։ Պատկերը նույնն է կրթության և այլ ոլորտներում։ Հայ Առաքելական եկեղեցու պատմության դասերին ավետարանական հավատացյալ երեխաները ենթարկվում են ծաղրի, «աղանդավորի» պիտակավորմանը և նույնիսկ վիրավորանքների։ Մենք կարիք ունենք մեր հայրենի պետության կողմից պաշտպանված լինելու ապահովությանը։ Հավատում եմ, ա՛յս խնդիրը պետք է լինի մեր կառավարության օրակարգում և ոչ թե «հոգեորսության դեմ» անհասկանալի ձևակերպումներով ու վտանգավոր հետևանքներով հղի օրենքների մարաթոնը։
Վերջին գործոնը, ըստ իս, զանգվածային լրատվամիջոցներն են։ Անբարեխիղճ և ոչ արհեստավարժ լրագրողները ու նրանց սատարողները, որոնք էժան ճանաչում ձեռք բերելու կամ պատվիրատուների վաճառքի տիրաժը ապահովելու ճիգի մեջ հերթական «սենսացիայի» և «բացահայտման» փնտրտուքում իրենց թիրախն են դարձնում Ավետարանական հավատացյալներին։ Աղավաղելով ճշմարտությունը, կեղծելով փաստերը, հրահրելով հասարակական անհանդուրժողականությունը, ընկնելով բանականությունից զուրկ հակաավետարանական հիստերիայի մեջ, անտեղի փորձում են վարկաբեկել ամբողջ Ավետարանական շարժման դարավոր բարի համբավը, տեղական եկեղեցիներին և նույնիսկ վտանգի տակ են դնում մեր հայրենակիցների կյանքը։ Ավետարանական եկեղեցիների դրական և ազգի բարօրության համար արվող որևէ գործունեություն չի լուսաբանվում ԶԼՄ-ներում, փոխարենը ցանկացած պատեհ կամ անպատեհ առիթ օգտագործվում է ավետարանական հավատացյալներին պախարակելու համար։
– Ավետարանական համայնքում կան արդյոք խնդիրներ, որոնք խոչընդոտում են ձեր անդամներին մասնակցելու ակտիվ հանրային կյանքին և հասարակական-քաղաքական գործընթացներին, որոնք կարևոր են ողջ հասարակության համար: Կա տպավորություն, որ Հայաստանի կրոնական կազմակերպությունները խուսափում են մասնակցել հանրային կյանքին, մտավախություն ունենալով, որ կթիրախավորվեն “ապազգային” և ոչ լիարժեք հայ լինելու համար: բոլորս ենք հիշում եկեղեցու պատասխանատուների հայտարարությունները, որ ով Հայ Առաքելական եկեղեցու անդամ չի, հայ չի:
– Իսկապես, ներկայումս Ավետարանական եկեղեցիները զգույշ են հանրային կյանքում ակտիվ դրսևորումների առումով, որի հիմնական պատճառները, կարծում եմ երկուսն են, նախ․ Ազգային եկեղեցու, պետության և հասարակության ձայնը հանդիսացող ԶԼՄ-ների վերևում նշածս կեցվածքը մի տեսակ «անվստահություն» է առաջացրել ավետարանականների մոտ հասարակության հանդեպ, իսկ երկրորդ պատճառը «խորհրդային» մտածելակերպի ժառանգությունն է, որի առանցքային միտքը կայանում է նրանում, որ եկեղեցին չպետք է խառնվի որևէ աշխարհիկ գործառույթների։ Ներկա պենտեկոստալ հովիվների հիմնական մասը դաստիարակվել են Խորհրդային ժամանակներում և տարբեր չափով կրում են այս մտածելակերպի տարրերը։
Ինչպես արդեն նշել եմ, առաջիկա 5-10 տարիները կլինեն նաև ավետարանական եկեղեցիների առաջնորդության սերնդափոխության տարիները, ուստի այս առումով, հուսով եմ, իրավիճակը որոշակիորեն կփոխվի։
Աստված բոլորիս հետ։