Պետք է հետևել գեներալ Սեյրանի խորհրդին՝ գործել չգրված օրենքների դաշտում և հենց այդտեղ հաղթել իրենց

  • 11/01/2015
  • Արա Հարությունյան

  • Ջորջ Վաշինգտոն Համալսարան, կից /adjunct/ պրոֆեսոր

-1991-ից  ի վեր Հայաստանի հանրային օրակարգը մի թեզի վրա է հիմնված. «իշխանափոխություն»: Այս կամ այն քաղաքական խմբավորումը համարվում է ընդդիմադիր և հետևապես «լավը», եթե ձգտում է իշխանափոխության և հակառակը` «վատը», եթե համագործակցում է իշխանության հետ: Արդյո՞ք Հայաստանի խնդիրների լուծումը պայմանավորված է միայն իշխանափոխությամբ: 

-Հայաստանի` որպես պետության խնդիրները, իհարկե, պայմանավորված են իշխանափոխությամբ: Բայց երկրի, հայրենիք Հայաստանի, կայուն Հայաստանի խնդիրը մարդկանց վերակենդանացումն է նախկին և ընթացող գենոցիդների տրավմաներից,  հետանկախական քաղաքական ու հանրային տգիտության ու երկիրը համակած պրիմիտիվիզմից: Դա արժեքային մեծ տեղաշարժ է, որի ահռելի մաշտաբները գնալով ավելի ակնհայտ  են դառնում`  հուսահատեցնող ու այլևս անդառնալի:

Նույնիսկ մասնագետների մոտ չի նկատվում վիճակի ադեկվատ ընկալում: Հարցը դիտարկվում է լավատես-հոռետես,  հասկացող-չհասկացող, լավ-վատ  տիրույթներում, որը  նորմալ չէ:

Մենք դեպի անդունդ ենք սլանում և պետք է գոնե  իրենց սեփական ապագայի համար տարրական մտահոգություն ունեցողները զգաստանան, ու հաշիվ տան իրենց, որ կատավողը խաղ չէ: Իր ծավալներով այն արդեն մի քանի անգամ ավելին է, քան գենոցիդը. չէ որ ամեն ինչ գնահատելի է իր ժամանակի մեջ:

1915 թվականին մեր գլխով անցածն այդ ժամանակաշրջանի ստանդարտներից այնքան էլ հեռու և արտակարգ   բան չէր: Իսկ այ ներկա օրերի իրականում  բռնի արտագաղթը, կենսական անտանելի պայմաններն ու մարդու հետապնդումը, որպես քաղաքացու, որպես մարդ արարածի՝ հենց յուրային կողմից,  շատ ավելին է,  քան գենոցիդը:

Մենք վերապրում ենք ահռելի մաշտաբային նոր գենոցիդ, որի մեղավորը միայն ու միայն մենք ենք: Իշխանափոխության առաջին քայլը նոր գիտակցության ձեռք բերումը պետք է լինի, այլ ոչ թե Պողոսին- Պետրոսով փոխարինելը: Համակարգային, արժեքային խորը փոփոխություն է պետք, որը երևի առնվազն մեկ հազարամյակով կուտակված հանրային-արժեքային թուլություն պետք է հաղթահարի:

-Համակարգային փոփոխությունների մասին շատ է խոսվում, սակայն ոչ ոք այդպես էլ չի կարողանում հիմնավորել այդ նոր համակարգը, որը պարզ կերպով հասկանալի լինի հանրությանը: Օրինակ` բոլշևիկները ժամանակին իրենց համակարգափոխությունն ընդամենը մեկ կարգախոսով հասկանալի են դարձրել միլիոններին. «Հողը` գյուղացուն, գործարանները` բանվորներին»: Իսկ միգուցե խնդիրն ինստիտուտների մեջ է: «Հանրություն» ասվածն ամորֆ զանգված է: Փոփոխությունները համապատասխան ինստիտուտներն են իրականացնում. պետություն, կուսակցություն, եկեղեցի, բանակ և այլն: Հայաստանում նման ինստիտուտներ կարծես թե բացակայում են, որոնք համակարգափոխության խնդիր իրենց առջև դրած լինեն, իսկ եղածները հենց այդ համակարգից օգտվողներն են:

-Ինստիտուոտները լոկ շենքեր կամ կազմակերպություններ չեն, դրանք որոշակի գաղափարախոսություն ու դրվածքներ  տարածող կառույցներ են, բայց պայմանով, որ լսարանը, թիրախ անհատը պատրաստ է իրոք ընկալել և առաջարկվող նոր սկզբունքներով ապրել:

Ինստիտուտի տարածածը փաստացի մրցակցության մեջ է այդ պահին եղած իշխանական ու հանրային արժեքների հետ: Ինստիտուտի տարածածը տեսական ու խորթ կյանքն է:  Իսկ եղածը ռեալ կյանքն է, իր դաժանությամբ, ոստիկանով, մարդկանց  հետապանդման տասնյակ մեխանզիմներով ու ապարատով: Ինստիտուտը իր գաղափարների կիրառման ոչ մի լծակ չունի: Այն ուղղված է մարդու ինտելեկտին: Իսկ մեր պայմաններում հարցերը ոչ թե ինտելեկտն է լուծում, այլ կենսակերպը: Ես բազմաթիվ վեճեր եմ ունեցել ինստիտուտները ֆետիշացնողների հետ հենց այս առումով: Աճեմօղլուն է  այդ ասպարեզի հայկական պաշտամունքը, ով տարբեր երկրներում առկա ինստիտուտների մեխանիկական  բաղդատմամբ փորձում է եզրակացություններ անել երկրի առկա վիճակի, բարեկեցության ստանդարտների ու  ապագայի մասին:

Օրինակ Սինգապուրը,  զարգացող Ասիական Վագրերի օրինակները իրականում ինստիտուցիոնալիստների սխեմայից դուրս են:  Ոչ թե ինստիուտներն են արդյունքի բերել, այլ կամային տեխնոկրատական մոտեցումներն ու մարդկանց գիտակցումը, որ առաջարկվող տնտեսական-հանրային մոդելներն իրոք աշխատող են, իմաստալից են: Եվ մարդիկ էլ ընդունել են այդ տրամաբանությունը,  ենթարկվել են և իրենք  էլ մասնակցել նոր սկզբունքների հաստատմանը:

Իսկ մեզանում իշխանությունները շատ էլ լավ գիտակցում են, որ հանրությունը պետք է մշտապես պատերազմի վտանգի մեջ պահել: Օրվա ապրուստը, կյանքի վտանգն օրակարգում պահելը  մշտապես գոյատևման ռեժիմ պետք է լինի:  Այդ պայմաններում   ինստիտուտներ չէին կարող կերտվել, վարքի ռացիոնալ որևէ մեթոդաբանություն չէր կարող իմաստավորվել: Եվ դրա մեղքը ոչ թե իշխանություններին է,  այլ հայ ինտելեկտի վերնախավինը, որը երբևէ  չկարողացավ կոնցեպտուալ մտածել և զատել սկզբունքը օրենքից, վիճակը՝ այն գեներացնողներից, շահը՝ պատեհապաշտությունից: Մենք անմիջական ենք ու մակերեսային:

Վերադառնալով հարցին ասեմ, որ այս պայմաններում կարգախոս չէր էլ կարող ստեղծվել՝ որովհետև նախ լիդերների կողմից 20 տարվա խաբեության մեծ փորձը կա: Եվ  բացի այդ, կարգախոսի ետևում իրականում իրացվող գաղափար պետք է լինի և թիմ, որին մարդիկ կհավատան, կվստահեն ու համապատասխանաբար կսատարեն:

Լենինը գործում էր լոզունգների և «բոլշևիկների», այսինքն «մեծամասնություն»-հաղթողների թիմով: Մարդկանց աչքում միշտ էլ «մեծամասնությունը» հաղթելու հետ է ասոցացվում: Իսկ մեզանում ի՞նչ կարգախոս: Հողն արդեն հողատերերինն է, որոնք զինված բանդաներ ունեն,  գործարաններն ավիրված են, հանրային  ազնվությանն ուղղված կոչերն էլ անտեղի են, որովետև հենց մարդկանց աչքի առջև խոստացողն իսկույն և ետ ոտնահարել է այդ խոստումները:

Մեզանում անպատժելիությունն է դառել արժեք: 21-րդ դարում գոնե մի  դատարան մենք պետք է ունենաինք, որին վստահեինք: «Սահմանադրականն» իրականում  հանցագործների ինստիտուտ  է, քանի որ վավերացրել է  պետական ամենամեծ հանցագործությունը`  կեղծված ընտրություները: Իսկ դատարաններն էլ  խամաճիկ են ու  մարդկանց խոշտանգելու ապարատի են վերածվել:

Մյուս տարրը, որն արգելակել է հայկական քաղաքական մտքի զարգացումը, դա լիդերների և կուսակցությունների մեթոդական սահմանափակությունն է ու տեղապտույտը: Այն սահմափակել է անելիքը  միտինգի ու  երթի տիրույթում և մերժում է ցանկացած նոր մոտեցում:  Վերջին տարիներին երիտասարդ քաղաքացիականները մի քայլ առաջ արեցին, ներմուծելով անհնազանդության տարրեր, բայց իրենք էլ արվելիքի հեռանկարի հարցում ոչ ճկուն և խիստ համառ եղան, հաշվի չառնելով, թե ո՞ր դեպքում և ո՞ր մեթոդաբանությամբ ինչ արդյունքի կարող են հասնել: Իմ կարծիքով նրանց անհաշվենկատ համառությունն էլ կողքիններին վանեց միավորվելուց և վարկաբեկվեց այդ մեթոդաբանությունը ևս: Մարդիկ իրենք էլ շատ լավ տեսնում են առաջարկվողի հեռանկարը, համեմատում են այն իրացնողի հնարավորոթյունների հետ և պարզ տեսնում են, որ մեջտեղ հայտնվածը կամ անհաշվենկատ է, կամ  էլ սեփական PR–ի գործին է:

Մի  ասպեկտ էլ կա: Արդեն նկատեցիք, որ ես ինձ ազատ եմ զգում բառապաշարի և գնահատականների մեջ, որովհետև գտնում եմ, որ հենց կեղծ չափավորությունն  ու սակավամիտների կողմից պաշտված սահմանների մեջ մնալու կոչերն են նաև պատճառը, որ հայկական իշխանական-ընդդիմադիր-հանրային կործանարար արժեքային թարախապալարը շարունակում է մեծանալ և խժռել երկիրն ու մարդկանց: Բացախոսությունը ևս «ինստիտուտ» է` քաղաքացիական ամենահզոր ինստիտուտը: Սովետը կործանվեց դիսիդենտների խոսքի հարվածներից, որոնք մարդկանց մեջ թերահավատություն և ի վերջո ատելություն մտցրեցին երկրի հանդեպ: Մեր դեպքում ցանկացած միտք չեզոքացվում է դիմացի մի տհասի կողմից, որը մեջ է ընկնում իր կարծիքով, թե բա չես ամաչում, որ նման բաներ ես ասում. Ո’չ, չե’մ ամաչում, թող ինքն ամաչի, որ ապրումն է որպես քրեականների ստրուկ:

-Սինգապուրում, Կորեայում, Չինաստանում պետական չինովնիկների վերնախավն իրականացրեց  ռեֆորմները, Թուրքիայում` զինվորականությունը, Գերմանիայում  և Ճապոնիայում ամերիկացիները պարտադրեցին ռեֆորմները, Ռուսական հեղափոխության ավանգարդը սկզբնական շրջանում ինտելիգենցիան էր, հետո սոցիալ-հեղափոխականներն այդ առաքելությունն իրենց վրա վերցրեցին, այժմ Ռուսաստանում փոձում են ռեֆորմներ իրականացնել պետական  ավտանգության կառույցների աշխատակիցները, սակայն անարդյունք: Հայաստանում    կրիմինալն է եկել իշխանության, որն իր վրա նման պարտավորություն չի վերցրել, սակայն պետք է ընդունենք, որ այն  Հայաստանի ամենակազմակերպված և կայացած հանրույթն  է : Ունեն ձևակերպված շահեր, իշխանությունը պահելու մեթեդոլոգիա, հստակ արժեհամակարգ, ներխմբային կապերի ամրապնդման ծիսակարգ և արարողություններ, որոնք օրհնում և սրբագործում է եկեղեցին:  «Թիմին» դավաճանել չի կարելի, իսկ դավաճանության համար դատարանում չեն պատասխան տալիս, դատարանը շարքային քաղաքացիների համար է: Նրանց պատիժը «սամասուդն» է,  ունեզրկումը և երկրից վտարումը: Նրանք արդեն կերտում են իրենց արվեստը` երգ-երաժշտությունը, ունեն իրենց սպասարկող մտավորականներ և այլն: Նրանք նաև ինտելեկտուլ առումով են գերազանցում իշխանափոխություն պահանջողներին: Խոսքն այն մասին է, թե անհատները արդյո՞ ք կարող են առաջնորդել որևէ շարժում:  Նման շարժման համար պետք է լինի հակամշակույթ և կազմակերպված կառույցներ: Հենց այդ իմաստով էր խոսքը գնում  ինստիտուտների մասին:

-Ձեր հարցը ես այսպես եմ ընկալել.

1.   ինչո՞վ բացատրել, որ նշված երկրներում  վերնախավը` իշխանությունները գնացին ռեֆորմների, իսկ մեզանում դա չի կատարվում,

2- ինչպե՞ս ստացվեց, որ մեր իշխանամետ վերնախավն արդեն իր մշակութային ենթաշերտն է ստեղծել և տարբեր առումներով առաջ է ընդդդիմադիրից:

Առաջին հարցի պատասխանը: Այլ երկրներում պետական սուվերենության, լիարժեք  անկախության հարցերը շատ ավելի վեր են դասված հանրության արժեքայինում, քան մեզանում է: Եվ դա է եղել պատճառը, որ հանրության միջից սերված առաջնորդներն ունեցել են հայրենանվեր, պետականանվեր գործելու ներքին պահանջը ևս, որը նպաստել է նրանց իրոք ազգանպաստ լիդեր լինելուն: Ինչու՞մն է  օրինակ չինական ու հարավարևելյան ասիական երկրների ժողովուրդների  արժեքայինի սկզբունքային տարբերությունը մեզանից և աշխարհից ընդհանրապես:
Իմ կարծիքով դա հատուկ, բարդ գործիքների կիրառությունն է և դրանով  տեխնոլոգիական  ապրանքի ստեղծմամբ մրցակցելն է միմյանց ու դրսի հետ: Չինական մետաքսը միայն կտոր չէ, այն շատ դժվար ստացվող տեխնոլոգիական  պրոդուկտ է, որը ստեղծելու համար  հզոր միտք էր պետք և նվիրվածություն՝  դեռ միջին դարերում: Հարցրեք միջին հային, թե ի՞նչ բան է մետաքսը: Երիտասարդ սերնդից երկուսից մեկը երևի չիմանա, որ դա թթի շերամից ստացվող արտակարգ նուրբ մանրաթել է: Այ այդ աշխարհայացքը, որ ապրելու համար տեխնոլոգիապես հզոր  պետք է լինել, այդ երկրներում շատերի մոտ է նստած և նրանք պատաստ են նվիրվելու և աշխատելու, եթե մեկը  գոնե մինիմալ պայմաններ ստեղծի այդ աշխատանքի համար: Եվ դա էր նախադրյալը,  որ հիմա վրա էլ իրենք դարձել են աշխարհի հիմնական արտադրողը:

Քչերը գիտեն, որ կուլտուրական հեղափոխության տարիներին հանքամերձ չինական գյուղերում չուգունի ստացման փոքր ցեխեր էին դրվել ու գյուղացիք չուգուն էին ստանում փոքր վառարաններում և վաճառում պետությանը:  Այդ ժողովուրդները հոգեբանորեն պատրաստ են տեխնոլոգիական առեջընթացի և լիդերներն իրենց երկրները տարան տեխնոլոգիական զարգացման ճանապարհով: Քաղաքականն այնտեղ երկրորդային- երրորդային էր և  է’:  Տեխնոկրատիզմը, այսինքն  կյանքում ռացիոնալով, գործիքներով, ընդհանուր ջանքերով, իրար օգնելով ապրելն աշխարհայացք է, որից մենք զուրկ ենք: Նայեք օրինակ ձկնաբուծությամբ ջրի վատնման  մեր վայրենությանը: Ոչ մի երկրում նման անարգանք տեխնոլոգիայի հանդեպ չեք տեսնի: Այդ երկրներում ձկների աճն իրացվում է հերթական ավազաններում` ձկնկիթից դեպի աճող ձուկը հերթականությամբ: Իսկ զարգացած երկրներում  ջուրը ֆիլտրվում է և փակ ցիկլով է ընթանում արտադրություն:

Մի քիչ այլ էր Եվրոպայում: Պատերազմից հետո  մեծ հնարավորություններ ստեղծվեցին վերականգման միջոցով բարեկեցության հասնելու և դա արվեց եվրոպական արդեն եղած քաղաքակարթականի ու արժեքայինի վրա:

Մեր դեպքում առավել կարևոր է  Հայաստան-Վրաստան համեմատական դաշտը: Նշեմ գործոնները, որոնք նպաստեցին Վրաստանի առաջընթացին և մեր վայրընթացին:

ա/  Դա պատերազմի հարցն է: Վրացիք պարտվել էին  ետսովետական պատերազմներում իրենց ինքնավարությունների համար պայքարում (Աբխազիա, Օսետիա),   և հետո էլ Ռուսաստանի հետ կոնֆլիկտներում: Եվ այդ պատճառով  նրանց մոտ չառաջացավ պատերազմում իբր հաղթող՝ հանրության վրա մուննաթներով ու    հոխորտալով մակաբույծ գեներալիտետի  շերտը:

բ/ Վրացիք դեռ 1993 թվականին, երբ մենք դեռ չէինք հաղթել, իսկ իրենք էլ վերջանականապես չէին պարտվել, կարողացան ֆիզիկապես չեզոքացնել իրենց՝ նոր-նոր գլուխ բարձրացնող քրեական տականքին: Մարդիկ ոչ թե հույսը դրել էին ոստիկանության վրա, այլ իրենք հաշվեհարդար տեսան կապը կտրածների հետ: Եվ  այս պատճառով ևս իրենց մոտ մակաբուծողների թիվը մեզանից քիչ է, չնայած սովետի ժամանակներով մեր ազգերը իրարից մեծապես տարբեր չէին:

գ/  Վրացիք ունեն պետականության հիշողությունը: Չունեն գենոցիդի անցյալ, և բացի այդ էլ շատ ավելի փիլիսոփայականորեն են նայում աշխարհին:

Իմ անձնական փորձից ես կասեի, որ  նրանց մոտ նկատելի է համառություն գիտելիքին տիրապետելու գործում: Ինձ հանդիպած բոլոր վրացիները որպես կանոն համառ ու հետևողական էին աշխատանքի մեջ և ընդօրինակող: Անձնապես փայլունների չեմ հանդիպել, բայց այ այս գիծը ընդծված տեսել եմ:

Իսկ ինչ է կատարվում հայերի մոտ`  «պլինտուսից» փոքր ինչ վեր բարձրացածն իրեն համարում է  «կատարյալ» և չի ձգտում էլ ավելին կատարելագործվելու: Եվ այս սանդղակն էլ հանգեցրել է նրան, որ հրապարակում են  տգետները, պոռոտախոսները, ու բացարձակ քրեականները: Որովհետև հանրության մեջ բացակայում է բարձր չափանիշի ձգտումը: Իմ կարծիքով հենց այսպիսի տարբերությունների հաշվին էր, որ  վրացիք ի վերջո իրենց երկրից դուրս հրավիրեցին ռուսներին և կերտեցին անկախ Վրաստան ու զարգանում են:

Իսկ մեր հիմնական լոզունգը «բա քեզ պետքա»-ն է,  թե’ պետականակերտման,  և թե’ մնացած բոլոր ասպարեզներում: Մեզ ոչ անձնական կատարելությունն է պետք է և ոչ էլ  պետականը. «յոլա»-ի ռեժիմի մեջ ենք: Դրա համար մեզանում ռեֆորմները հենց այնպես չեն կարող ստացվել: Եվ չեն կարող դրսից ներդրվել էլ: Որովհետև արժեքայինի մեջ պակասում է առաջ գնալու, բոլորից վեր բարձրանալու, օբյեկտիվորեն արտակարգ լինելու հրամայականը:

Սրանք բոլորը սկզբունքային հարցեր են, սակայն որևէ կերպ չգիտակցված և չբարձրաձայնված: Մենք կատարյալ չենք, մենք արտակարգ չենք, մենք փոքր ժողովորդ ենք, որը պետք է գիտակցի իր ինչ լինելը և ինքնուրույն, առանց գլուխ գովելու  ելքեր որոնի իր տականքի ճիրաններից ազատվելու:
Եվ  դա բունտը չէ,  ճակատային մարտը չէ, մեկ օրվա, կամ մեկ հեղափոխության հարց չէ: Վերափոխման, վերիմաստավորման, ազնիվ ինքնագնահատականի  հարց է, և քաղաքակրթական ու քաղաքագիտական տգիտության վերացման հարց է՝ առաջին հերթին:

Երկրորդ հարցի առիթով,  թե ինչպե՞ս  է, որ  իշխանամետ վերնախավն արդեն իր մշակութային ենթաշերտն է ստեղծել և առաջ անցել, կասեմ  հետևյալը:  Մենք արդեն ավելի քան երկու տասնամյակ ունենք տարանջատված իշխանամետ շերտ և մնացած հանրությունը:  Պետության բոլոր ռեսուրսներն ու մարդկանց լինել-չլինելն էլ է իշխանականի ողորմածության ներքո:  Պարզ է, որ այդ մարդիկ ունենալով լիակատար իշխանություն այլոց վրա, պետք է իրենց կյանքի միջավայր կերտեին ըստ իրենց նախասիրությունների, արժեքայինի ու մտավորի: Եվ ստեղծել են, բա ի՞նչ անեին: Ստեղծել են ստորակարգ ու մշակույթի հետ որևէ կերպ չառընչվող ժամանցի փոքր ինդուստրիա և ատրիբուտիկա՝ իրենց հարճերով, սպասավորներով, թիկնապահներով, երաժիշտներով, դերասաններով  ու պաժերով: Ես դրանում տարօրինակ բան չեմ տեսնում: Մտեք ցանկացած հեռավոր գյուղ, տեղում «լավ» տղերքն էլ կան, «լավ» ճառասաններ էլ, սիրուն աղջիկ ու տղեն էլ: Պրովինցիալիզմի դրսևորում է, ինչն օրինաչափ է:
Իսկ  ընդդիմությունն ու հանրությունն որևէ մասնակցություն չունեն ոչ պետականին և ոչ էլ արժեքայինին՝ որովհետև թույլ են,  մակերեսային և պատեհապաշտ:

-Վերջին տարիներին ռեժիմին դիմադրության մի քանի շարժումներ առաջացան` երիտասարդական  շարժումներ, «անկախ» ազատամարտիկներ և այլն: Երիտասարդ ակտիվիսները վերջում հիմնականում  բաժանվեցին արևմտամետների և ռուսամետների: Վերջինները Հայաստանի անվտանգությունը կապում են Ռուսաստանի հետ, արևմտամետները երկրում փոփոխությունների համար հույսը կապել են Արևմուտքի հետ: Այսինքն նորից վերադարձ է կատարվում հայերի ավանդական քաղաքականությանը` դրսում հովանավորների որոնում ներքաղաքական խնդիրների լուծման համար: Այսինքն երկուսն էլ Հայաստանում փոփոխությունները կապում են արտաքին ուժերի հետ և արդյունքում Հայաստանի ներքաղաքական պայքարը վերածվեց աշխարքաղաքական բախման:
Ըմբոստացած ազատամարտիկները, ըստ գեներալ Սեյրանի հայտնի ելույթի, իրենց իշխանամետ կոլեգաների հետ նույն արժեքային համակարգում են գտնվում` ցուցմունք չտալ իրավապահներին, հարցերը լուծել  ուտելքի սեղանի շուրջը` ոչ հանրային դաշտում և այլն: Ոչ իշխանական ուժերը նույնպես նույն արժեքային դաշտում են գտնվում և ըստ գեներալ Մանվելի նրանք նույնպես իր ընկերներն են: Տարբերությունն այն է, որ ըստ ոչիշխանականների իրենք ավելի էֆեկտիվ կերպով կղեկավարեն:  Ո՞ր դաշտում են կարող գործել Ձեր ասած տեխնոկրատները և ո՞ւմ վրա նրանք կարող են հենվել: Տեխնոկրատները, որքան հասկանում  ենք, անհատներ են և իրենք, որպես այդպիսին չեն կարող իշխանափոխություն իրականացնել:

-Ծանր հարց է այն առումով, որ ցանկացած պատասխանի դեպքում վատամարդ ես դառնալու որևէ կողմի համար: Ես իմ ֆեյսբուքյան էջում արդեն 5-րդ գրառումն ունեմ «վատամարդ եմ դառել» վերտառությամբ:  Դե ինչ, շարունակեմ «վատամարդ» լինելը:
Նախ ասեմ, որ զարմացած եմ գեներալ Սեյրանի «ռազբիռատային» փայլուն  ճկունության վրա: Ըստ իմ իմացածի բանտում չի եղել, բայց գերազանց է տիրապետում տեխնիկային:

Եվ բանն այն է, որ  Սեյրանը և քաղաքականապես և արժեքայինով բացարձակ ճիշտ է: Եթե հանրության մեջ չեն գործում գրված օրենքները, ապա ուժի մեջ են չգրված օրենքները: Մենք չենք կարողացել ստեղծել գրված օրենքներով ինքնակառավարվելու ինստիտուտներ՝   անկախ դատարան, օրինավոր ոստիկանն ու իրավական համակարգ: Բայց հանրություն ենք, որը պետք է իր հարցերը լուծի` և լուծում է: Լուծում է հանրության արժեքայինում  եղած չգրված օրենքներով, որոնք և Սեյրանի ելույթի թեմաներն էին:
Եվ ով կժխտի, որ  Սեյրանը սխալ էր, նա իր վրա պատասխանաստվություն է վերցնում մեր հետագա անկման համար:
Եվ ներկա մեր խնդիրը ոչ թե Սեյրանին սխալ հանելն է, այլ պարզելը, թե ինչո՞ւ  21-դարում, այս ցիվիլ աշխարհում Սեյրանը ճիշտ է: Իրականում հայկական քաղաքական  ամբողջ խոսակցության առանցքը կարելի է հանգեցնել հենց այս խնդրին. ինչո՞ւ է Սեյրանը ճիշտ:
Ճիշտ է,  նախ իմ վերը շարադրած տարբեր մանրամասներից ելնելով, և նաև նրանով, որ ընդդիմությունում  եղածները անկարող եղան  տեսնելու և հասկանալու  անհատ-հանրություն-իշխանություն–պետություն միջավայրում գործող և չգործող սուբյեկտների  տրամաբանությունը:

Հանրությանը թվում է, թե իշխանավորը պարտավոր է ազնիվ լինել,  օրինապահ, գերազանց մարդ լինել: Ու ոչ մի կերպ չեն ընկալում, որ իշխանավորը պետք է լինի  ճկուն, գործունյա, բանիմաց, բանակցող` հաղթողի հոգեբանությամբ ու համառությամբ,  ինչպես բիզնեսմենը, մենեջերը, կառավարիչը: Ընդդիմությանը  թվում է, որ մարդկանց ու  հանրության խնդիրն ազնվորեն քվեարկելն է, միտինգի գալը, կանգնել ու իրենց հրամանին սպասելը, նաև  զոհվել, կամ բանտ նստել, մաքառելով իշխանությունից «մարդկություն» մուրալու ճանապարհին:

Թող ներող լինեն այդ մարդիկ, բայց  դա տկարամտություն է: Որովհետև մարդ արարածի՝  homo sapiens-ի խնդիրը ինքնուրույնությունն է, սուբյեկտայնությունն է, իր շահն ինքնուրույն պաշտպանելն է: Չկա մի զարգացած, արդյունքի հասած ժողովրդավարական պետություն,  որի անդամները հեզ են, իսկ հանրությունն էլ   օրինավոր, ու  իշխանությունն էլ օրինապաշտ ու ազգանվեր: Դա անհնարին բան է:  Հիշենք, որ Արևելյան Վագրերում կարգը, իշխանությունը վերից վար է, որ դրանք տեխնոկրատ «բռնապետություններ» են: Իսկ ժողովրդավարականներում իշխանությունը կազմավորվում է վարից վեր և բոլոր իմպուլսները գալիս են ներքևից: Ժողովրդավարության հիմքը սկզբում բողոքական անհատն է եղել,  և հետագայում այն տարածվել է ողջ հանրության վրա՝ անկախ հավատից: Արևմտյան քաղաքացին ինքը կարգ ու կանոն հաստատող-պարտադրողն է, հանրային արժեքայինի բազիսային միավորը:  Եվ ոստիկանը, իրավական համակարգը նրա ենթական  են, որովհետև եթե հանրության դրած օրենքով չշարժվեցին, ապա կպատժվեն ոչ թե դատարանում, այլ  չգրված օրենքներով՝ հենց անհատ մարդկանց, տուժածից կամ ուղղակի ըմբոստ  կողմից: Ամերիկյան սահմանդրության մեջ կա երկրորդ փոփոխությունը, որը թույլ է տալիս մարդուն զենքով պաշտապանվել իշխանություններից: Սա տարրական դրվածք է,  որը չի գիտակցվում շատ «ժողովրդավարների» կողմից նույնիսկ Արևմուտքում, իսկ Հայաստանում առհասարակ այն մերժված է:

Արևմտյան ժողովրդավարական մոդելով (որը անգլիական-կղզիականի շրջանակներում է) ազգի շահ չկա, կա անձնական շահ: Ամեն մեկի անձնական շահի պաշտպանության արդյունքում կերտվում է սկզբում հանրային շահը ու հետո, դրանից էլ վեր, արդեն ազգայինը:
Ճապոնականում էլ, որը ևս կղզի է, պետականը հենված է հանրայինի վրա, որն էլ հենված է անհատական շահի վրա: Այնտեղ արժանապատվությունը շատ ավելի է բարձրացված, քան անգլիականում է: Անգլիականում կարգազանցին եպատժում են, իսկ ճապոնականում հանրային կարծիքի ուժով պարտադրում են, որ ինքն իրեն ոչնչացնի`խարակիրի անի:

Սեյրանը հենց այս մասին է խոսել, որ հարգելիներս, երկրում օրենք գոյություն չունի, դուք ինչո՞վ եք զբաղված: Հիմար հո չե՞ք, նստե’ք, չգրված օրենքներով, ձեր ռազբիռատով ճիշտ ու սխալը որոշեք ու մի կողմ քաշվեք:

Կարծում եմ, որ այսքանը բավարար էր իմ տեսակետը ներկայացնելու համար:
Հայաստանյան խնդիրները միայն ու միայն արժեքային են: Եվ նույնիսկ հին ու նոր գենոցիդներն են հենց այդ շրջանակի մեջ: Մենք ամենքս, որպես անհատ և հանրությունն չենք կատարում պարտականությունների համապատասխան մասը:  Որպես անհատներ մենք չենք սաստում, տեր կանգնում մեր շրջապատում բեսպրեդելի հասած մեր բարեկամ տականքին, բայց  դա պահանջում ենք  չեղած դատարանից: Որպես հանրություն մենք չենք տեսնում  մեր քաղաքական կառույցների սնակությունը և նրանց դուրս չենք շպրտում քաղաքական ասպարեզից: Մենք  չգիտենք,  որ հացադուլավոր կուսակցությունն իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվել, որ իշխանությունների հետ համագործակցողն իրավունք չունի ընդդիմադիր համարվել և որ դրանց դեմն առնելու  միակ միջոցն արդեն մեկ աստիճան ներքև է՝ նորից անհատական մակարդակում:

Նորմալ երկրներում կուսակցություններն իրենց կշիռն ունեն ըստ հավաքած ձայների: Իսկ մեզանում ըստ փողի ու զինվածության պոտենցիալի: Հետևաբար, ո՞րն է իմաստն այդ դաշտը քաղաքական կոչելու: Ի՞նչ ընդդիմադիր կուսակցություն լինելու մասին է կարելի  խոսել նման պարագայում: Նրանք վարագույր են իշխանությունների համար, որպեսզի «աննկատ» թալանեն երկիրը,  խեղեն, ոչնչացնեն մարդկանց: Սա պարզ աքսիոմատիկա է: Բայց դա նրանից չէ, որ հայկական այս իշխանությունը  սրիկա, հանցագործ ու ավազակ է: Ոչ, ցանկացած երկրում իշխանությունն ինքը  ներքին հակում ունի այդպիսին դառնալու, եթե հանրությունը թույլ է տալիս դա անել անհատների մակարդակում:
Հետևաբար պետք է հետևել Սեյրանի խորհրդին՝ գործել չգրված օրենքների մակարդակում և այնտեղ հաղթել: Իշխանությունը մեզանում օկուպացված է հենց չգրված օրենքների մակարդակով:  Եվ սկսել է պետք հենց այդտեղ, եթե իհարկե մարդն ազնիվ է իր մտքում և նպատակների մեջ:

Իսկ հարցին,  թե ու՞մ վրա կարող են հենվել ներկայումս եղած մի քանի տեխնոկրատները, կարծում եմ որ ոչ մեկի: Հայության մեջ տեխնոկրատությունն ուղղակի  մերժված է: Ես ինքս տեխնոկրատ եմ, և վաղուց  փորձում եմ տեխնոկրատիզմի տարրեր սերմանել իմ շրջապատում՝ արդյունքս զրո է:

 

religions.am