Պետք չէ գերագնահատել կրոնի դերը ժամանակակից քաղաքականության մեջ

  • 04/01/2015
  • Անդրեյ Մելնիկով

  • «Նեզովիսիմայա Գազետայի» «ՆԳ-ռելիգիա» հավելվածի պատասխանատու քարտուղար

– 20-րդ դարը համարվում է աշխարհիկացման դարաշրջան, քանի որ կրոնները էական ազդեցություն չունեին իշխանությունների և քաղաքականության վրա: Լիբերալիզմը, կոմունիզմը, նույնիսկ արաբական երկրների ազատական շարժումները հանդես գալիս էին հասարակական և ազգային դիսկուրսի համատեքստում: 21-րդ դարում գաղափարախոսական վակումի հետևանքով  կրոնը նորից մուտք է գործում քաղաքականություն:  Ինչ  եք կարծում, կրոնը կրկի՞ն վերադառնում է  Մեծ Քաղաքականություն:

– Ես չէի ասի, որ  20-րդ դարում կրոնն ամբողջությամբ հեռացած է եղել մեծ քաղաքականութունից: Եթե դա այդպես լիներ, ապա չէր հիմնադրվի քաղաք-պետություն Վատիկանը, Եվրոպայի տոտալիտար ռեժիմները չէին կնքի կոնկորդատներ Կաթոլիկ եկեղեցու հետ: Նույնիսկ Խորհրդային Ռուսաստանում, որը որդեգրել էր աթեիզմը որպես պետական գաղափարախոսության մաս, կրոնին առընչվող համապատասխանան քաղաքականություն էր վարում: Անգամ փորձ էր արվել ստեղծել «հեղափախական» վերափոխված եկեղեցի:

Իրենց հերթին, ԽՍՀՄ թշնամիները կրոնական ազատության գործոնը, օգտագործում էին բանվոր-գյուղացիական պետության դեմ իրենց պայքարում: Ինչպես հայտնի է, չնայած սեփական զորագնդերի բացակայությանը, Հռոմի պապը «համաշխարհային հակահեղափախական» առաջնորդների շարքում էր: Ավելի ուշ, երբ հակահիտլերական կոալիցիայի ստեղծման անհրաժեշտությունը առաջացավ , այդ բանակցությունների մեջ իրենց դերն ունեցան Ռուսական ուղղափառ եկեղեցին և Անգլիկան եկեղեցին: Նույնիսկ բոլշևիկները, Արևելքում վարելով հակաանգլիական քարոզչություն, դիմում էին Հնդկաստանի և Իրանի «աշխատավոր-մուսուլմաններին»:

Մյուս կողմից պետք չէ գերագնահատել կրոնի դերը ժամանակակից քաղաքականության մեջ: Իհարկե, հետխորհրդային երկրների ղեկավարները զինվել են «ավանդական հոգևոր արժեքների» պահպանման հռետորաբանությամբ, սակայն դրանք օգտագործում են բացառապես իրենց շահերի համար, շրջանցելով ավանդական հոգևոր ավանդույթների այն կողմերը, որոնք չեն գործում ի նպաստ իրենց քաղաքական օրակարգի: Այսպես թե այնպես, կրոնական առաջնորդները մեկուսացված են կարևոր որոշումների կայացումից: Նրանց դերն ավելի շուտ արարողակարգային է, քան քաղաքական: Երբ քաղաքական նպատակահարմարությունը պահանջում է մտնել կոնֆլիկտի մեջ որևէ երկրի հետ, եկեղեցու շահերը ոչ ոք հաշվի չի առնում:

Նույնիսկ այնպիսի հզոր կառույց, ինչպիսին Վատիկանն է, վերջին տարիներին կորցրել է իր կշիռը, համեմատած այն դիրքի, որը նա ունեցել է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Թեկուզ Հռոմի պապը հանդես է գալիս խաղաղասիրական նախաձեռնություններով, ամբողջ աշխարհի առաջ փոխանակելով եղբայրասիրական համբույներ այլադավան կրոնական առաջնորդների հետ, սակայն դրա քաղաքական հետևանքներն աննշան են:

Ինչ-որ չափով իսլամական Արևելքում դիտվում է կրոնական  ծայրահեղականության աճ, որն արտաքնապես հիշեցնում է դեպի միջնադար վերադարձը, սակայն կա կարծիք, որ ժամանակակից ջիհադիզմը նույնպես պոստմոդեռնիզմի երևույթ է և ավելի շուտ ծայրահեղական, քան ավանդական երևույթ է:  Ավանդական իսլամի հետ սալաֆիտները նույնպես ունեն հակամարտություն:

Արևմտյան երկրներում կրոնները գոյություն ունեն այն քաղաքական մշակույթներում, որոնք ձևավորվել են տվյալ փուլում: Դա «կրոնների մեծ սուպերմարկետ է», որտեղ մեծ հեղինակություն է վայելում «հաջողված բրենդը»: Այս կամ այն կրոնի քաղաքական օգտակարոյթունը, լինի այն ավանդական, թե արհեստականորեն սինթեզված, որոշում է նրա հաջողակությունն ու կապիտալիզացումը: Այսառումով  կրոնական կազմակերպությունները ոչնչով չեն տարբերվում մյուս հասարակական ուժերից: Այստեղ կարևոր են ունեցած ռեսուրսները, այլ ոչ գաղափարախոսական բովանդակությունը: Եթե կշիռ է ձեռք բերում օրինակ, կենդանիների իրավունքների պաշտպանության միավորումը, ապա այն կարող է ունենալ ոչ  պակաս ազդեցություն քան հոգևոր կառույցները:

– Ինչ ո ր առումներով նույնը տեղի է ունենում  քրիստոնեության մեջ: Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում, Հնդկաստանում, Չինաստանում և իսլամական երկրներում, նույնիսկ Իրանում, ակտիվ միսսիոներությանը,, հաճախ շատ հաջող կերպով, զբաղվում են բողոքականները (հիմնականում խարիզմատիկական ուղղության): Կարելի է նշե՞լ, որ պոստմոդեռնիզմի դարաշրջանում հենց ցանցային կրոնական շարժումներն են վերածնում կրոնականությունը, մասնավորապես, կրոնը և քաղաքականությունը ձեռք են բերում նոր ցանցային բնույթ:

– Եթե խոսենք վերջին ժամանակների միտումներից, ապա կարծում եմ, որ ավելի շատ ավանդական կրոններն են յուրացնում ժամանակակից ուղղությունների գործիքները, պատճենում են նրանց մեթոդները` հաջող մրցակցության համար: Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել` սկսած իսլամից, որոնք յուրացնում են սոցիալական ցանցերը և ետինդուստրիալ հասարակագի այլ յուրահատուկ հնարավորությունները: Նույնը կատարվում է Ռուսական ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիներում Եվրոպայում : Այստեղ նույնպես բավականին  հաջող կերպով  գործում են խարիզմատիկ խմբերը: Գոյություն ունի հուդդայական Խաբադ Լյուբավիչ ուղղություն, որը դեռ 60-ական թվերին հաջողությամբ համադրում էր կոնսերվատիվ խասիդական գաղափարախոսությունն ու միսիոներության ամենաէքստրավագանտ մեթոդները: Պետք է ասեմ, որ խարիզմատական խմբերի առավելությունները ավանդական կրոնների շրջանակներում այն է, որ ինքնավար պետությունները նրանց մեջ ավելի շուտ իրենց հենարանն են տեսնում, իսկ ցանցային տրանսազգային շարժումները նրանց ընկալում են որպես իրենց ինքնավարության համար վտանգ: Ընդ որում, ցանցային կրոնական շարժումների հնարավորությունները դժվար է վերահսկել` դրանց ճկունության և ձևափոխման հնարավորությունների պատճառով: Ռուսաստանում հայտնի են այնպիսի խմբեր, որոնք հաջողությամբ  կիրառում են հայերնասիրական հռետորաբանություն, դրսևորում են ծայրահեղ օրինապահություն իշխանությունների հանդեպ, միևնույն ժամանակ ծագած լինելով արտասահմանյան կրոնական կառույցներից  (կոնգրեգացիաներից): Բայց ես կնշեի, որ քաղաքական իմաստով, դրանք զիջում են բնիկ  համայնքներին: Ազգային ինքնավարությունը մնում է համաշխարհային քաղաքականության կարևոր գործոնը, հնարավոր է, որ դրա դերը գնալով ավելի է ուժեղանում:

– Մյուս կողմից եկեղեցու և իշխանությունների «սիմֆոնիան» հանգեցնում է դրանց նկատմամբ հասարակության օտարման: Իշխանությունը ձգտում է իր ազդեցությունը (լեգիտիմությունը) հաստատել եկեղեցու միջոցով, իսկ եկեղեցին` իշխանության: Ի՞նչ եք կարծում, հենց այս հանգամանքով չի՞ պայմանավորված ոչ ավանդական կրոնական ուղղությունների հանդեպ հասարակությունների  սոցիալական անվստահությունը,  ինչպես նույն բանը տեղի է ունենում իսլամական երկրներում: Օրինակ, Ռուսական  եկեղեցու սոցիալական հայեցակարգը այդպես էլ մնում է որպես ընդամենը PR քայլ:

– Չեմ կարծում, որ գերակայող կրոնական ինստիտուտի նկատմամբ անվստահությունը ավտոմատ կերպով հանգեցնում է ոչ ավանդական ուղղությունների ազդեցության ուժեղացմանը: Այս հարցում ես առաջին հերթին կարող եմ խոսել  Ռուսաստանի մասին: Կրոնները մեզ մոտ ոչ այդքան հոգևոր ընտրության, որքան որևէ էթնոսի կամ նույնիսկ քաղաքական խմբին պատկանելու պիտակ է: Հետաքրքիր միտումներ կարելի է նկատել վերջին տարիներին: Ռուսաստանում ընդդիմադիր կերպով տրամադրված մտավորականութունը, նույնականացնելով ՌՈւԵ քաղաքական էլիտայի հետ, որպես այլընտրանք ընդունում է Կիևի պատրիարքությունը: Նախկինում մոդայիկ էր հակադրել «մեր պատրիարքին»  «առաջադեմ Հռոմի պոնտիֆիկին»: Ընդ որում, մինչ օրս կաթոլիկասիրությունը արդիական է ստեղծագործական միջավայրում, և նույնիսկ այդ երևույթը ավելի է ուժգնացել պապ Ֆրանցիսկի մեդիահանրաճանաչության հետևանքով: Հնարավոր է, որ համակրանքը նոր ուղղությունների նկատմամբ դրսևորվում է այլ հարթության վրա: Ավելի շուտ դրանք ունեն հոգեբանական պատճառներ: Բողոքական խմբերը շատերի համար միայնակությունից փախուստի ապաստարան են, վայր, որտեղ կարելի է գտնել փոխօգնություն, համագործակցություն: Եկեղեցի, առանց «սառը» ծիսակարգերի: Սակայն, ինչպես արդեն նշել եմ, ավանդական եկեղեցիները սովորել են դիրքավորվել հումանիզմի քողի ներքո, թեպետ ոչ միշտ հաջողությամբ:

– Ի պատասխան արևմտյան արժեքների, Ռուսաստանի իշխանություններն շեշտում են  «իրենց»  «ավանդական ընտանեկան» արժեքները: Կարո՞ղ է արդյոք արժեքների այդ բախումը քրիստոնեկան աշխարհում նոր սխիզմաի պատճառ դառնալ:

– Սխիզման  քրիստոնեական եկեղեցու պառակտում է, որը միջնադարում իրեն համարում էր միասնական, ամբողջական: Այսօր, տարբեր քրիստոնեական եկեղեցիներ ու հոսանքներ գոյակցում են մեծ բազմազանության պայմաններում: Հակասությունները, որոնք հանգեցրել են Եկեղեցու Արևելյան և Արևմտյան մասերի բաժանման, նույն հարթության մեջ չեն ժամանակակից քրիստոնեության մեջ առկա տարբերությունների հետ համեմատած: Դավանաբանական հայեցակարգերը քաղաքակրթությունների մրցակցության հարցում այլևս  հակասությունների հիմք չեն հանդիսանում: Թե արևմտյան և ռուսական արժեքները բոլորովին այլ տարրերի ամբողջություն են, որոնք շատ հեռու են աստվածաբանությունից: Դրանք սոցիալ-մշակութային տարբերություններ են, այլ ոչ թե դավանաբանական: Այսօր բոլորի կողմից է որդեգրվել տարբեր հավատքների ու ավանդույթների համակեցության սկզբունքը: Կրոնները ներկա են սոցիալ և մշակութային տարածության մեջ այլ հասարակական երևույթների հետ համատեղ և հիմնարար քաղաքական դերակատարություն չունեն, եթե անգամ ոմանք այլ կարծիք ունենան: Արևմուտքի և Արևելքի մրցակցությունը ընթանում է քաղաքական, իրավական և տնտեսական համակարգերի տարբեր մոտեցումների, այլ ոչ թե դավանաբանական հակասութունների հիման վրա:

 

religions.am