Եկեղեցին խուճապահար փախչում է հասարակական խնդիրներից

  • 28/03/2022
  • Վարդան Ջալոյան

  • մշակութաբան

(24/09/2018)

Հայաստանում Հայ առաքելական եկեղեցին պաշտպանել է «իշխող նոր խավին»՝ գողերին, ավազակներին և խաբեբաներին, ինչը նոր իրադրությունում այդ հաստատությանը դրել է ծանր վիճակի մեջ:

Պարոն Ջալոյան, Հայ եկեղեցու հանդեպ անվստահությունն ուժգնանում է, սակայն Հայաստանում տեղի ունեցող գործընթացները ստվերել են եկեղեցու խնդիրը։ Ձեր կարծիքով ժամանակակից աշխարհում ո՞րն է եկեղեցու և առհասարակ կրոնական կազմակերպությունների դերը հասարակության և պետության կյանքում։

Նախ և առաջ նշեմ, որ բազմաթիվ երկրներում եկեղեցիների հանդեպ անվստահությունն աճում է։ Լրատվամիջոցները հեղեղված են բազմաթիվ սկանդալների, եկեղեցականների բարոյական վարքի, ֆինանսական չարաշահումների ու մախինացիաների մասին լուրերով։ Սկանդալները ոչ թե պատճառ են, այլ՝ հետևանքը: Սա նշանակում է, որ վերաիմաստավորվում է եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների դերը հասարակությունում: Եկեղեցիների ունեցած ներկայիս սոցիալական կամ մշակութային դերը դժգոհություն է հարուցում, հասարակություններն ավելի բծախնդիր են դառնում, որի պատճառով այդ սկանդալները հանրության ուշադրության կիզակետում են հայտնվում:

Նեոլիբերալիզմի, գլոբալացման, նյութապաշտության և այլ պատճառներով ձևավորվել է մի նոր իրադրություն, որը կարելի է անվանել «նոր անարդարություն»: Խոսքը ոչ միայն տնտեսական կամ սոցիալական անհավասարության մասին է, այլ ժամանակակից հասարությունների կառուցվածքի մասին է, երբ բնակչության մեծ մասը զրկվում է հավասար հնարավորության իրավունքից: Այս պայմաններում եկեղեցիական վերնախավը նախընտրում է համալրել «իշխող նոր խավը», հակադրվելով «նոր անարդարության» զոհերին: Ո՞րն է այդ «իշխող նոր խավը». դրանք անօրինական ճանապարհով հարստացած փարվենյուներն են, ում պայմանականորեն օլիգարխ են անվանում՝ գանձագող պաշտոնյաներ և նախագահներ, մեդիամագնատներ, զանգվածային մշակույթի աստղեր և այլն։ Կարճ ասած գողեր, ավազակներ և խաբեբաներ: Այդ մասին է խոսում, օրինակ, Ֆրանչեսկո պապը, սակայն զգուշորեն և խիստ չափավոր կերպով: Մյուսները կամ լռում են, կամ սիրահետում են «իշխող խավին»:

Հայաստանում Հայ առաքելական եկեղեցին պաշտպանել է «իշխող նոր խավին»՝ գողերին, ավազակներին և խաբեբաներին, ինչը նոր իրադրությունում այդ հաստատությանը դրել է ծանր վիճակի մեջ: Այն կարծես թե դարձել էր Հանրապետական կուսակցության տեղական բաժանմունքներից մեկը: Եկեղեցին խուճապահար փախչում է հասարակական խնդիրներից, փորձելով մնալ ստվերում։ Դա ավելի է խորացնում բացասական վերաբերմունքը։

Հեղափոխությունից հետո ընդդեմ կաթողիկոսի «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժում է սկսվել։ Այնպիսի տպավորություն կա, որ շարժման մասնակիցները ցանկանում էին հեղափոխական մթնոլորը տարածել եկեղեցու վրա, ինչ-որ փոփոխությունների հասնելու համար։ Ձեր կարծիքով ինչո՞ւ այդ շարժումը հաջողություն չարձանագրեց։

Նախ և առաջ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներն ու բազմաթիվ եկեղեցիականներ չեն կիսում եկեղեցու վերնախավի քաղաքականությունը, խոսքն այն քաղաքականության մասին է, որի մասին ասել եմ վերևում: «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մասնակիցները առաջին հերթին փորձում են դա վկայել: Այս առումով այդ շարժումը ցույց տվեց, որ եկեղեցու ներսում և հավատացյալների շրջանում կան ըմբոստ մարդիկ: Խնդրին հասարակական հնչեղություն տալու առումով այն հաջողություն ունեցել է:

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» կարգախոսը, ըստ իս, ավելի շուտ հռետորական է, քան պրագմատիկ: Պատկերացրեք «Նոր Հայաստան, նոր ՀՀԿ» շարժում սկսվի, այն նույնպես հռետորական կլինի: Կամ պատկերացրեք, որ ժամանակին Մարտին Լյութերը պահանջեր, որ Հռոմի պապի հրաժարական տար, ինչին վերջինս համաձայնվեր, այդ դեպքում այսօր աշխարհն ինչպիսի՞ն կլիներ:

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը եկեղեցու առողջացման հիմնական խոչընդոտը կաթողիկոսի անձն է համարում և նրա հեռացումն է պահանջում: Արդյո՞ք անձի փոփոխությունը կարող է իրավիճակի փոփոխության գանգեցնել:

Հայ առաքելական եկեղեցում խնդիրը, իհարկե, մեկ կամ մի քանի անձերի փոփոխությունը չի: Թերի է եկեղեցիական համակարգը, որը քահանային դարձնում է շորթող, ավտորիտար և հոնգեցնում է կամայական կառավարմանը։ Եկեղեցում չկան հանրային ազդեցություն ունեցող ինտելեկտուալ խավը՝ աստվածաբաններ, բանասերներ, պատմաբաններ, արվեստագետներ, փիլիսոփաներ, գրողներ ․․․, դա վկայում է եկեղեցու ինտելեկտուալ վիճակի մասին: Բայց, իհարկե, հիմնական պատճառն եկեղեցիական դասի կոռումպացվածությունն է:

24/09/2018