– «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասագրքերը շատ են քննադատվել։ Քննադատության պատճառները տարբեր են, ոմանք այն քննադատում են մարդու իրավունքների տեսակետից, ոմանք՝ ցածր որակ ունենալու պատճառով։ Հաշվի առնելով այն, որ Դուք պատմաբան եք, եկեք դրանք քննարկենք պատմագիտության տեսանկյունից։ Արդյո՞ք այդ դասագրքերի միջոցով աշակերտները ստանում են բավարար գիտելիքներ եկեղեցու իրական պատմության մասին, հաշվի առնելով այն, որ կրոնը հայ ժողովրդի կյանքում ունեցել է առանցքային նշանակություն, առանց որի հնարավոր չէ հասկանալ մեր պատմությունը, ինչպես նաև համաշխարհային պատմությունն առհասարակ։
– Պետության կայուն զարգացման համար կրթության դերն անգնահատելի է։ Եւ այդ տեսանկյունից «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի, որպես ուսուցանվող գիտակարգի, դասավանդումը հանրակրթական դպրոցում պետք է պատասխանի այն հարցին, թե մենք ինչ գիտելիք ու փորձ ենք ուզում փոխանցել սերունդներին։ Կրոնը, մինչ աշխարհիկ պետությունների ի հայտ գալը, առանցքային նշանակություն է ունեցել բոլոր ժողովուրդների կյանքում։ Միայն դրանով չի կարող բացատրվել այդ առարկայի ներմուծումը դպրոց, առավել ևս, որ Հայաստանի Հանրապետությունը նույնպես աշխարհիկ պետություն է։ Բացի այդ, պետք է նկատել, որ Հայ առաքելական եկեղեցու՝ ժողովրդի կյանքում ունեցած ավանդի հարցում պատմական փաստերը կապ չունեն անցյալի իրադարձությունների շուրջ ձևավորված ժողովրդական այն ընկալումների հետ, որոնք գերիշխող են մեզանում։ Հենց այդ է պատճառը, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ պարբերաբար մեր հանրության մեջ տեղ են գտնում ծավալուն բանավեճեր։ Չէ որ, եթե խնդիր կա երեխաներին անցյալի մեր փորձն ու գիտելիքը փոխանցել, ապա չպետք է փորձենք այդ առարկայի շրջանակում միայն քրիստոնեական մշակութային դրական ժառանգությունը ներկայացնել։ Այլապես հասուն տարիքում, երբ մարդիկ ստանան նաև այն գիտելիքը, թե հայ եկեղեցին ինչ դեր է ունեցել մեր պետականությունների կործանման գործում, կամ կրոնը քաղաքականության հետ որքան սերտ հարաբերության մեջ է եղել անցյալում ու մնում այսօր, եկեղեցին ավելի մեծ տեմպերով կհեղինակազրկվի։ Այդպիսին են մարդկանց ներքին հոգեբանական կողմնորոշիչները հանդեպ սուտն ու կեղծիքը և դրանց հետ ոչինչ անել չի կարելի, բացի այն, որ մշտապես մեզանում փորձ արվի թաքցնել կամ չտեսնելու տալ պատմական բացասական ժառանգությունը։ Իսկ մենք ապրում ենք տեղեկատվության ազատ ու անվերահսկելի սփռման դարաշրջանում, ուստի գիտելիքը պետք է առավելագույնս անկողմնակալ ներկայացվի՝ առանց քաղաքական, կրոնական և այլ շեշտադրումների։
– Քրիստոնեությունը, իսլամը և մյուս կրոնները կարելի է դիտարկել որպես հավատք, որն անձնային տիրույթում է գտնվում, կարելի է նաև դիտարկել որպես քաղաքակրթություն, ինչպես նաև որպես քաղաքական պատմության կարևորագույն բաղադրիչ, առանց որի չի կարելի հասկանալ մեր, ինչպես նաև համաշխարհային պատմությունը։ Այս դասագրքում, ինչպես նաև հումանիտար ոլորտի մյուս դասագրքերում նման տարանջատում չկա։ Բայց, այնուամենայնիվ, Կրթության նախարարությունն այն որակում է որպես պատմության դասագիրք։ Դուք պատմաբան եք, փորձենք հասկանալ, որքանով է այդ դասագիրքը ներկայացնում պատմությունը։ Եկեղեցու և հայ ժողովրդի պատմությունը միմյանցից տարանջատել հնարավոր չէ։ Առավել ևս, պետականության բացակայության պայմաններում եկեղեցին է հայ ժողովրդի քաղաքական պատասխանատվությունը կրել, թեկուզ որպես միլեթի (իսլամական երկրներում այլակրոնների պետության կողմից ճանաչված ու հովանավորվեղ համայնք) համար պատասխանատու կառույց։
– «Հայոց եկեղեցու պատմության» դասագրքերում, անշուշտ, եկեղեցական պատմությանը մեծ տեղ է հատկացված, չնայած առկա է նաև կրոնագիտական, կրոնածիսական, բարոյագիտական և այլ նշանակության տեղեկատվություն։ Բնականաբար, այդ պատմությունը բովանդակային առումով կրկնում է «Հայոց պատմություն» առարկայի թեմատիկան, սակայն բոլորովին այլ շեշտադրությամբ։ Դասագրքերում եկեղեցին ներկայանում է որպես հայ ժողովրդի ու պետության մշտարթուն ուղեկից, իսկ երբեմն որպես նրա կյանքի գլխավոր դերակատար։ Եթե մի կողմ թողնենք մեր սոցիումի ընդհանրական պատմության ու սոցիալական մի ինստիտուտի պատմության կրկնության հարցը, ապա պետք է նկատել, որ դասագրքերի հետ կապված խնդիրները հենց քաղաքական շեշտադրումների մեջ են երևակվում։ Բայց դա ոչ միայն «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի թերությունն է։ Այն առկա է նաև դպրոցում ուսուցանվող հումանիտար մյուս գիտակարգերում։ Մեզանում քաղաքական գիտելիքը շատ թերի վիճակում է, որն էլ քաղաքական ու իրավական գիտակցության պակասից է։ Մի ամբողջ ազգ մի քանի հարյուրամյակ դեգերել է կրոնական գիտակցության կաղապարների մեջ ու հիմա շատ դժվար է փոխել անգամ մասնագետ մարդկանց՝ գիտելիքի մեկնաբանման ու մատուցման շեշտադրումները։ Կրոնը քաղաքական երևույթ է ու ածանցվում է քաղաքական հարաբերություններից։ Հենց այս ճշմարտությունը հասու չի մնում անգամ մասնագետներին։
– Եթե դասագրքերի հարցը մի կողմ թողնենք, այլ քննարկենք պատմության ընկալումները, ապա այստեղ կարծես թե շատ լուրջ խնդիր կա: Հնարավոր չէ հասկանալ հայ ժողովրդի պատմությունն, առանց հասկանալու մեր հարակից պետությունների ու ժողովուրդների պատմությունը: Ծանոթանալով Բյուզանդիայի, Պարսկաստանի, Վրաստանի, ինչպես նաև խաչակիրների, մոնղոլների ու թյուրքերի արշավանքներին՝ հայերի ու Հայաստանի պատմության մասին ավելի խորքային պատկերացում կարելի է կազմել, քան Հայոց պատմության դասագրքերից: Մենք պատմությանը վերաբերվում ենք որպես դեպքերի հաջորդականություն, սակայն քաղաքական պատմությունը դասագրքերում ներկայացված չէ, այսինքն այս կամ երևույթի խորքային պատճառհետևանքային կապը չի ներկայացվում: Դա չիմանալով, այսօրվա զարգացումների մասին նույնպես թյուր պատկերացումներ են ստեղծվում: Մեր անցյալի փորձը չի դառնում դաս ապագայի համար։
– Ես հենց այդ մասին եմ խոսում։ Մեզանում արմատացած է այն համոզմունքը, որ մենք աշխարհի կենտրոնում ենք ու իրադարձությունները մեր հավաքական «ես»-ի շուրջն են ծավալվում։ Ինչպես «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում է ասվում՝ «գլխավորը մենք ենք ու Ամերիկան»։ Սա հին ազգերի հիվանդությունն է, աշխարհը տեսնել սեփական դիտակետից՝ ենթագիտակցությունում ունենալով այն համոզմունքը, թե քեզ հետ քայլած հանրույթների մահը քեզ տալիս է բարձրից տեսնելու առավելություն, որը չունեն երիտասարդ ազգերը։ Սակայն քաղաքական գործընթացներում գիտելիքը քարացած չէ ու աշխարհի առջև բացված հանրություններն են կարողանում մրցակցային առավելություններ ունենալ։ Առանց քաղաքական գիտակցության գոյության ու դրանց շուրջ եղած տրանսֆորմացիաները հասկանալու՝ մեր սոցիալական փորձը կարող է սպառնալիք դառնալ ազգի գոյությանը։ Պատմությունը հասկանալը շատ բարդ գործընթաց է։ Ուստի, պատմագիտությունը բոլորովին կապ չունի անցյալի իրադարձությունները, տարեթվերն ու գործող անձանց վկայակոչելու հետ։ Աշխարհում տեղի ունեցող երևույթները հասկանալը, մարդկանց գիտակցության վրա ազդող գաղափարներին հասու լինելը, մարդկանց շարժառիթներն ու հոգեբանական տրամադրություններն ընկալելը, անցյալի փաստերը որոշակի նյութերի, առարկաների կիրառականությամբ դիտարկելը, հանրային կյանքի կառուցման մարդկային ձգտումները վերհանելը, այս ու նման կարգի մտավոր գործընթացներն են, որ կազմում են պատմագիտության հիմքը։ Այլ կերպ ասած պատմագիտությունը անցյալի դեպքերի պարզ վերհանումը չէ, և ուղղակի կապ ունի այլ գիտակարգերի՝ քաղաքագիտության, հոգեբանության, մշակութաբանության, հնագիտության, իրավագիտության և այլնի հետ։ Մեր սահմանափակությունը կայանում է նրանում, որ մենք տեղյակ չենք աշխարհից ու չենք էլ ուզում տեղյակ լինել՝ համարելով, որ մեր շուրջն ինչ որ կատարավում է, բավարար է աշխարհը բացատրելու համար։ Պատմության դասագրքերում հենց այն տեղեկատվությունը չկա, թե ինչ է իրենից ներկայացրել անցյալի արտաքին աշխարհը, ու աշխարհի հանդեպ ինչ դիրքում ենք մենք գտնվել կոնկրետ պատմական որևէ ժամանակահատվածում։ Մեր աշխարհընկալումը «գլխավորը մենք ենք ու Ամերիկան» բանաձևն է՝ արտահայտված նաև մեր դասական պոեզիայում՝ բարբարոսները շատ կգան ու կանցնեն անհետ, արքայական խոսքը մեր կմնա հավետ։
– Շատերը երևի կզարմանան, որ պատմության ոլորտի բազմաթիվ մասնագետներ, գիտնականներ,հայ և ոչ հայ, Հայաստանում դիսիդենտի կարգավիճակ ունեն։ Բազմաթիվ հայագետների աշխատություններն, ըստ էության, Հայաստանում արգելված են ու չեն թարգմանվում։ Արդյունքում ,մեր պատմագիտությունը վերածվել է ապոլոգետիկայի՝ «աշխարհին» ինչ-որ բան ենք ուզում ապացուցել, պարզ չէ թե ինչ, ու որպես հետևանք հայագիտությունը վերածվել է խիստ դոգմատիկ տեսության, ինչն արտահայտվում է նաև դասագրքերում։
– Այո՛, պատմագիտությունը Հայաստանում ճահճացած վիճակում է գտնվում։ Սակայն, ես մի քիչ համաձայն չեմ այն բանի հետ, որ հայաստանյան պատմագիտական դպրոցի շատ ներկայացուցիչներ, լինելով ապոլոգետներ, չգիտեն, թե ինչ են ուզում ապացուցել։ Մեր պատմագիտական միտքը սևեռված է ազգի վեհացման գաղափարի վրա։ Ու դա վաղուց հատել է գիտականության բոլոր սահմանները։ Մեզանում պատմաբանը ոչ թե սկսում է փաստերի ուսումնասիրությունից, անգամ ոչ էլ հիպոթեզների առաջ քաշումից, այլ՝ արմատացած պնդումներից ու սկսում է դրանց շուրջ փաստեր ու ապացույցներ հավաքել։ Դա աշխարհընկալում է, երբ մարդիկ գտնում են, որ իրենք գերիմաստուն ու ամենագետ անհատականություններ են, իսկ ճշմարտությունն էլ այն է, ինչի շուրջ պատկերացում ունեն իրենք։ Հետո դա փոխադրում են հավաքական «մենքի» վրա ու սկսում ապացուցել, թե որքան լավն ենք մենք՝ հայերս։ Արդյունքում, նսեմանում են իրական արժեքները, ասենք հելլենիզմի քաղաքակրթական տեքստի ինքնատիպ տրանսֆորմացիան Արտաշեսյան Հայաստանում, կամ Հայաստանի, որպես յուրօրինակ քաղաքակրթական խողովակի դերը միթրայականությունից դեպի քրիստոնեություն անցման շրջանում և այլն։ Մարդիկ ձևավորված համոզմունքներ ունեն անցյալի վերաբերյալ ու դա կոտրել հնարավոր չէ։ Այդ համոզմունքները ձևավորվել են նաև դասագրքերի միջոցով։ Բայց թե դասագրքերը, թե մեզանում տարածում գտած համոզմունքները քաղաքական երևույթներ են ու դա է, որ տգետ գիտնականները չեն կարողանում ընկալել։ Ես հիշում եմ մի բանավեճ, երբ ինձ փորձում էին համոզել, որ Վարդանանց ապստամբության ժամանակ ամբողջ ազգը ոտքի էր ելել՝ եղանով ու բահով պաշտպանելու հայրենիքը։ Իմ բոլոր փորձերը՝ ցույց տալ թե ինչ էին իրենից ներկայացնում նախարարական կարգերը, որն էր Հին Հայաստանի պետական կարգը, զենքի իրավունքն ում էր պատկանում, ազատների դասն ովքեր էին, զենքի իրավունքի քաղաքական նշանակությունը որն էր, զենքը պատրաստելու, ձեռք բերելու, կրելու ու գործածելու կիրառականությունը ինչպիսին էր, մշակը, շինականը սոցիալական աստիճանակարգության մեջ ինչ դիրք էին գրավում, այդ ամենը ամենագետ մարդկանց չէր հետաքրքրում։ Անգամ իրենց համար շոկ էր, որ իրենք Ստալինի կողմից ներմուծված քաղաքական տեքստի զոհերն են, երբ Ֆաշիստական Գերմանիայի դեմ պայքարում քաղաքական ղեկավարության պատվերով Դերենիկ Դեմիրճյանի կողմից գրվեց մեր հոյակապ պատմավեպերից մեկը՝ «Վարդանանքը», որտեղ խնդիր դրվեց ամբողջ ազգին տրամադրել հայրենիքի պաշտպանության գործին։ Մենք մինչև հիմա մնում ենք կրոնական գիտակցության ու սովորույթային իրավունքի կապանքներում, որտեղ քաղաքական միտքը տեղ չունի։
– Կարծում եմ, որ խնդիրն ավելի լայն է։ Կա վախ պատմության բացահայտումներից։ Օրինակ, որ եղել են ու կան տարբեր հայեր՝ քաղքեդոնական, հակաքաղքեդոնական, մուսուլման, պավլիկյան, հետո բողոքականներ ու կաթոլիկ։ Միջնադարյան պատմագրության մեջ կան հետաքրքիր բառակապակցություններ՝ «հույն հայեր», «վրացի հայեր», նաև շատերին կարող է զարմացնել, որ սելջուկների որոշ սուլթաններ ունեցել են հայկական ծագում, անգամ սելջուկների մի զգալի հատվածը եղել են ծագունով հայեր և այլն։ Դա կարող է հարվածել «հայի հայեցակարգին»։ Մենք փորձում ենք փախնել այդ փաստերից, որոնք կարող են տակնուվրա անել մեր պատկերացումները։ Կա տպավորություն, որ պատմաբաններն այդ ճշմարտություններից մեզ պահպանում են, նրանք, ըստ էության, պահապան հրեշտակներ են, այլ ոչ թե գիտնականներ։
– Ձեր նշած «հայի հայեցակարգը» հայ առաքելական եկեղեցու մշակած սկզբունքն է, որը խնդիր ունի առավել մեծ թվով հավատացյալներ պահել ազդեցության տակ։ Պատահական չէ, որ մեզանում տարածված է միասնականության ինչ-որ կարծրատիպ, որը քաղաքական կյանքում մտասևեռումի է հանգեցրել։ Սոցիալական ցանցերում մարդիկ բանավիճում են պառակտման ու միավորման շուրջ՝ մի կողմ թողնելով հարցերի բովանդակային մասը։ Ասենք, կուսակցությունների գաղափարախոսությունները գրեթե ոչ մեկին չեն հետաքրքրում, բայց կուսակցական լիդերների պարզ թվաբանական միավորումը կարող է համարվել աշխարհացունց իրողություն։ Բոլոր ժամանակներում հետևորդների թվաքանակի մեծության ու գաղափարական միակարծության ապահովումը եկեղեցու՝ քաղաքական կշիռ ձեռք բերելու հիմնական ճանապարհն է եղել։ «Հայի կոնցեպցիան» հայ առաքելական եկեղեցու մշակած դոկտրինն է՝ իր ազդեցության տակ եղած հոտին քաղաքական արժեք տալու և ժամանակի քաղաքական իշխանությանը առաջարկելու համար։ Հենց դրա շնորհիվ տարբեր ժամանակաշրջաններում առավելապես օտար քաղաքական իշխանությունները նրան պատվիրակել են հոգևոր ու սոցիալ-իրավական գործառույթներ հանրային կյանքում։ Ձեր նշած վախերը գալիս են Մայր Աթոռի՝ օտար քաղաքական իշխանություններին ծառայելու փաստի բացահայտումից։ Չէ՞ որ դրա արդյունքում մարդիկ ոչ միայն չեն բավարարի ինքնավեհացման սեփական պահանջը, այլև կփլուզվի հարյուրամյակների ընթացքում հայության մեծամասնության մոտ բուն դրած աշխարհընկալումը։ Աշխարհիկ պետության մեջ քաղաքացիության ու սահմանադրականության արմատավորումը եկեղեցուն զրկում է կարևոր մի շարք գործառույթներից։ Ու դա թույլ չտալու համար վերջինս միայն մի զենք ունի՝ մարդկանց պահել կրոնական գիտակցության կապանքներում։ Այլադավան կամ անհավատ հայերի խնդիրը ես նշածս հիմնախնդրի մեջ եմ տեսնում։ Այն ոչ մի կերպ չի տեղավորվում Հայ առաքելական եկեղեցու քաղաքական դոկտրինի մեջ և քանի դեռ ազգը քաղաքական գիտակցություն չունի, նա ճշմարտությունը պարզելու է կրոնական լույսի ներքո՝ հայության մի մասին անվանարկելով՝ շուռ տված հայեր։
– Հիմա եկեղեցին չունի ազդեցություն, մենք էլ ետկրոնական հասարություն ենք, սակայն մեր քաղաքական պատմությունը քննարկման առարկա չէ։ Ժամանակին էլ եկեղեցին լուրջ այլընտրանք չի ունեցել ի դեմս զուգահեռ քաղաքական նախագծի։ Երևի թե խնդիրն ավելի խորն է, իսկ մինչ այդ նման անորակ դասագրքերն այլընտրանք դեռ չեն ունենալու։
– Հնարավոր է խնդիրն այլ խորություն էլ ունի։ Պարզապես ես ելնում եմ այն սկզբունքից, որ տևապես կրկնվող մարդկային վարքը որոշակիորեն ձևավորված կայուն համոզմունքերի ու հոգեբանության արգասիքն է։ Օրինակ, բոլոր պատմաբանները գիտեն, որ Հայոց եկեղեցին Պետրոս Գետադարձ կաթողիկոսի գլխավորությամբ 11-րդ դարում ուղղակի հակապետական գործունեություն է ծավալել, որի հետևանքով կորցրել ենք Անիի թագավորությունը։ Ավելին, կաթողիկոսական աթոռը վերականգնելու համար 20 տարի անց զոհաբերվել է նաև Կարսի թագավորությունը։ Հիմա պատմաբանները փորձում են մեղմել Պետրոս Գետադարձի ու եկեղեցու դերակատարությունն այդ դեպքերին։ «Հայոց եկեղեցու պատմության» դասագրքում կաթողիկոսին վերապահված է դեպքերին ակամա մասնակցի դեր։ Ինչո՞ւ է այդպես։ Պատասխանելիս մեկնաբանում են, որ կան վտանգներ ճշմարտությունը լիարժեք նշելու համար։ Համոզմունք կա, որ հայ առաքելական եկեղեցուն ոչ դրական լույսի ներքո ներկայացնելիս խախտվում են ազգի բարոյահոգեբանական հիմքերը։ Ըստ այդմ՝ եկեղեցին ազգի բարոյականության սկզբնաղբյուրն է ու ճշմարտության ատյանը։ Տաբուապատված է նրա արատներին անդրադառնալը։ Ինչպես տեսնում ենք սոցիումի բարոյական սկզբունքներն ուղղակիորեն կապվում են կրոնական արժեբանության հետ։ Եկեղեցու սահմանած բարոյական սկզբունքներից են արտածվում նաև պետական օրենքները։ Այս կայուն մտածողությունը հենց այն է, ինչ ես անվանում եմ կրոնական գիտակցություն։ Հավանաբար, այլ դասագրքեր ունենալու համար նախ պետք է մարդկանց իրավական գիտակցության բերել առ այն, որ օրենքն այն է, ինչ պայմանավորվում են կողմերը, իսկ ճշմարտությունը բոլոր դեպքերում ստի ու կեղծիքի հակոտնյան է և չի կարող արգելքի տակ դրվել։