Կրոնական կազմակերպությունների մասին ՀՀ կառավարության օրենքների նախագծի վերաբերյալ

  • 17/07/2017

ՀՀ Արդարադատության նախարար
պարոն Դ. Հարությունյանին

Հարգելի՛ պարոն Հարությունյան,

Հաշվի առնելով, որ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքում ս.թ. հունիսի 1-ին հանրային քննարկման են ներկայացվել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը, ստորև ներկայացնում ենք տվյալ նախագծերի վերաբերյալ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից վերհանած խնդիրներն ու մշակած առաջարկները.

1. «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (այսուհետ՝ Նախագիծ).

1.1 Խնդիր. Նախագծում տեղ գտած կարգավորումները թույլ են տալիս ենթադրել, որ Նախագիծը չի տարածվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեության վրա, և, որ վերջինս չի հանդիսանում կրոնական կազմակերպություն, ինչը խնդրահարույց է խտրականության արգելքի տեսանկյունից:
Նախագծի «Օրենքի կարգավորման առարկան» վերտառությամբ 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն Նախագիծը կարգավորում է ՀՀ-ում յուրաքանչյուր անձի՝ մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտման, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների ստեղծման և գործունեության հետ կապված հարաբերությունները: Միաժամանակ, միևնույն հոդվածի 2-րդ մասի ուժով. «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունները կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով»: Այս ամենի հետ մեկտեղ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող փոփոխության համաձայն Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունները կարգավորող օրենսդրության դաշտից հանվում է «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը: Այնինչ, գործող Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների կարգավորման սկզբունքները սահմանված են նաև «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Ստացվում է, որ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը այլևս կիրառելի չի լինելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ, այսինքն՝ մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի ոլորտը կարգավորող տվյալ օրինագծերը և այնտեղ տեղ գտած մի շարք կարգավորումներ[1] Օրինակ` մտքի, խղճի և կրոնի ազատության ապահովման երաշխիքները, մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտման սահմանափակման հիմքերը; դաստիարակչական կամ նախակրթական կամ կրթական հաստատություններում կրոնական քարոզչության կամ կրոնական քարոզչության փորձերի արգելքը; կրոնական կազմակերպության գործունեության հաշվետվողականությունը; կրոնական կազմակերպության գործունեության վերահսկողությունը; մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտմանը խոչընդոտելու դեպքում վարչական պատասխանատվության ենթարկելն ու մի շարք այլ նորմեր: չեն տարածվելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա` հանգեցնելով «կրոնական կազմակերպության» և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավական կարգավիճակների տարանջատմանը: Չհերքելով, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գերիշխող դերի ճանաչումն ինքնին չի հակասում միջազգային չափանիշներին, այնուամենայնիվ, գտնում ենք, որ նման օրինագծերով առաջարկվող վերը նշված տարանջատումը խնդրահարույց է կրոնական համայնքների նկատմամբ արդար ու պատշաճ վերաբերմունքի տեսանկյունից ու անհավասար պայմաններ է ստեղծում մի կողմից՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և մյուս կողմից՝ այլ կրոնական համայնքների գործունեության համար: Նշենք, որ տվյալ մտահոգությունը բարձրաձայնվել է նաև Վենետիկյան Հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի Հայաստանին ուղղված 2011թ. հոկտեմբերի 17-ի համատեղ կարծիքում, որտեղ, մասնավորապես, նշվել է, որ նման տարանջատումը անթույլատրելի է, եթե հանգեցնում է նման հատուկ կարգավիճակ չունեցող այլ կրոնական համայնքների նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսևորման:
Առաջարկ. Նախագծի տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով երաշխավորված խտրականության արգելքն առաջարկում ենք Նախագծով կարգավորել նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեության հետ կապված հարաբերությունները՝ նախատեսելով, որ վերջինս նույնպես հանդիսանում է «կրոնական կազմակերպություն»:

1.2 Խնդիր. Նախագծով որպես մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտման սահմանափակման հիմք է նախատեսվում նաև «պետական անվտանգության» պաշտպանությունը, ինչը չի բխում Հայաստանի՝ միջազգային իրավունքով ստանձնած պարտավորություններից: Միաժամանակ, Նախագծով չի ամրագրվում «ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտությունը» որպես տվյալ իրավունքի սահմանափակման չափանիշ:
Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտման սահմանափակման հիմքերը խնդրահարույց են այնքանով, որքանով նշյալ դրույթում, ի թիվս այլոց, որպես տվյալ իրավունքի սահմանափակման հիմք է ամրագրվում «պետական անվտանգություն» եզրույթը: Այնինչ, նշված հիմքով սահմանափակումը չի թույլատրվում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ ՄԻԵԿ) 9-րդ հոդվածի 2-րդ կետով, ինչպես նաև Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 18-րդ հոդվածի 3-րդ կետով: Ավելին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ՝ ՄԻԵԴ) իր նախադեպային որոշումներից մեկում նշել է, որ ՄԻԵԿ-ով չի թույլատրվում ազգային անվտանգության հիմքով կրոնի ազատության սահմանափակումը և այդ հիմքի չներառումը Կոնվենցիայում արտացոլում է կրոնական բազմազանության առաջնային կարևորությունը, որպես Կոնվենցիայի իմաստով ժողովրդավարական հասարակության հենքերից մեկը[2]Տե´ս Nolan and K. v. Russia, թիվ 2512/04, § 73, 2009թ. փետրվարի 12:: Բացի այդ, միևնույն հոդվածի 1-ին մասում անհրաժեշտ է որպես մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտման սահմանափակման չափանիշ ընդգրկել «ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտությունը»՝ համապատասխանեցնելով ՄԻԵԿ-ի 9-րդ հոդվածի 2-րդ կետի ձևակերպմանը[3] «2. Սեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի պաշտպանություն հասարակական անվտանգության, հասարակական կարգի, առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների։»: Նշենք, որ մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտման սահմանափակման հիմքերն օրենսդրության մեջ ամրագրելիս «ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտության» չափանիշի ընդգրկման կարևորությունն ընդգծել է նաև Վենետիկյան հանձնաժողովը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ համատեղ Հայաստանին ուղղված իր կարծիքում[4]CDL-AD(2011)028, Վենետիկյան հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքը «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի և այլ առընթեր իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի վերաբերյալ, § 34::
Առաջարկ. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասում գործածվող «պետական անվտանգություն» եզրույթը փոխարինել «հասարակական անվտանգություն» հասկացությամբ՝ ՄԻԵԿ-ի 9-րդ հոդվածի 2-րդ կետին համահունչ: Միևնույն ժամանակ, նշված դրույթում ավելացնել «ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտությունը», որպես մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտման սահմանափակման չափանիշ:

1.3 Խնդիր. Նախագիծն իրավական հիմք է ստեղծում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համար՝ առանց ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների համաձայնության քարոզչություն իրականացնել հանրակրթական հաստատություններում, ինչը հակասության մեջ է մտնում երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների հետ:
Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի ուժով մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտումը սահմանափակվում է, եթե առանց ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների համաձայնության իրականացվում է կրոնական քարոզչություն կամ կրոնական քարոզչության փորձեր այն դաստիարակչական կամ նախակրթական կամ կրթական հաստատություններում, որտեղ դաստիարակվում կամ ուսումնառում են մինչև 14 տարեկան անչափահաս անձինք: Միաժամանակ, «Հանրակրության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ կրոնական գործունեությունը և քարոզչությունն ուսումնական հաստատություններում արգելվում են, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Իսկ օրենքը, այն է՝ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը և դպրոցներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները: Ստացվում է, որ Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի սահմանափակումները տարածվում են Հայաստանի բոլոր կրոնական կազմակերպությունների վրա և, քանի դեռ հստակ չէ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ կրոնական կազմակերպություն հանդիսանալու կարգավիճակը, չեն կիրառվում Եկեղեցու կողմից հանրակրթության ոլորտում հնարավոր քարոզչական գործունեության պարագայում: Նշված մոտեցումը ոչ միայն մտահոգիչ է երեխայի մտքի, խղճի և կրոնի դավանանքի ազատության պահպանման տեսանկյունից, այլև չի համապատասխանում Հանրային դպրոցներում ԵԱՀԿ-ի Թոլեդոյի ուղեցուցային սկզբունքներին և Հայաստանի մի շարք միջազգային պարտավորություններին (Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր, Երեխայի իրավունքների մասին կոնվենցիա և այլն):
Առաջարկ. խմբագրել Նախագիծը, վերջինիս կարգավորման առարկա դարձնելով նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, որպես կրոնական կազմակերպություն, գործունեությունը, որի վրա հավասարապես կտարածվեն նաև հանրակրթության ոլորտում կրոնական քարոզչության սահմանափակման վերաբերյալ կանոնակարգումները:

1.4 Խնդիր. կրոնական կազմակերպությունների ստեղծման ընթացակարգը կարգավորվում է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, որը հակասության մեջ է մտնում Նախագծի որոշ դրույթների հետ և պարունակում է «հասարակական կազմակերպություն» և «կրոնական կազմակերպություն» իրավական կատեգորիաների նույնացման վտանգ:
Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Կրոնական կազմակերպությունների ստեղծման հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 10-12-րդ հոդվածները: Ելնելով կրոնական կազմակերպության, որպես ինստիտուտ, որի միջոցով անձինք իրացնում են իրենց մտքի, խղճի և կրոնի ազատությունը, առանձնահատկությունները գտնում ենք, հասարակական կազմակերպության կարգավիճակի հետ անգամ մասնակի հավասարեցման օրենսդրական փորձերն նպատակահարմար չեն: Բացի այդ, «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 10-12-րդ հոդվածները բովանդակում են այնպիսի դրույթներ, որոնք կիրառելի չեն կրոնական կազմակերպության նկատմամբ, ինչպես օրինակ՝ «կազմակերպություն կարող է հիմնադրել առնվազն երկու անձ՝ ֆիզիկական անձ և (կամ) իրավաբանական անձ» (այնինչ սույն Նախագծի իմաստով կրոնական կազմակերպությունը միայն ֆիզիկական անձանց միավորում է):
Առաջարկ. Նախագծից հանել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին հղումը և առանձին դրույթով սահմանել դրանց ստեղծման հետ կապված հարաբերությունները:

1.5 Խնդիր. Նախագծի պահանջն առ այն, որ գրանցվելիս կրոնական կազմակերպության կանոնադրության մեջ պետք է ամրագրվեն կրոնական կազմակերպության դավանական պատկանելությունը, հավատքի կամ համոզմունքի նկարագրությունը խնդրահարույց է, քանի որ այն կարող է գրանցման կամայական մերժման հնարավորություն ստեղծել Լիազոր մարմնի համար:
Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ և 15-րդ կետերը համապատասխանաբար նախատեսում են, որ կրոնական կազմակերպության կանոնադրության մեջ պետք է ամրագրվեն կրոնական կազմակերպության դավանական պատկանելությունը, հավատքի կամ համոզմունքի նկարագրությունը: Նախագծի իմաստով ստացվում է, որ, եթե տվյալ կետերը չներառվեն կամ, ըստ Լիազոր մարմնի դիրքորոշման ներառվեն ոչ պատշաճ կամ անընդունելի ձևակերպմամբ, ապա դա կարող է հանգեցնել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի՝ Իրավաբանական անձանց պետական գրանցման մերժման հիմքերը և կարգը սահմանող 36-րդ հոդվածի խախտմանը: Հետևաբար գտնում ենք, որ կրոնական կազմակերպության կանոնադրության մեջ կրոնական դավանական պատկանելության և հավատքի կամ համոզմունքի ներառման վերաբերյալ պահանջը պետք է ունենա այնպիսի ձևակերպում, որը կապահովագրի կրոնական կազմակերպությանը Լիազոր մարմնի կողմից կամայական մերժումից (օրինակ՝ գրանցվելիս կրոնական կազմակերպության համար կարող է սահմանվել միայն վերջինիս դավանական պատկանելության, հավատքի կամ համոզմունքի վերաբերյալ Լիազոր մարմին տեղեկատվության տրամադրումը, որն, անկախ բովանդակությունից չի կարող կրոնական կազմակերպության գրանցման մերժման հիմք հանդիսանալ): Հատկանշական է, որ Վենետիկյան Հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի Հայաստանին ուղղված համատեղ կարծիքում նշվել է, մասնավորապես, որ ոլորտը կարգավորող օրենքը չպիտի պարունակի կրոնական կազմակերպության կանոնադրության մեջ չափազանց մանրամասն տեղեկատվության ներառման պահանջ: Կազմակերպության գրանցման մերժումը՝ պահանջվող ողջ տեղեկատվությունը չտրամադրելու հիմքով չի կարող կիրառվել, որպես գրանցման կամայական մերժման ձև[5]CDL-AD(2011)028, Վենետիկյան հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքը «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի և այլ առընթեր իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի վերաբերյալ, § 66::
Առաջարկ. վերաձևակերպել կրոնական կազմակերպության կանոնադրության մեջ կրոնական դավանական պատկանելության և հավատքի կամ համոզմունքի ներառման վերաբերյալ պահանջը՝ Լիազոր մարմնի կողմից կրոնական կազմակերպության գրանցման կամայական մերժումից խուսափելու նպատակով:

1.6 Խնդիր. Նախագծում առկա հակասությունների արդյունքում կրոնական կազմակերպությունները կարող են զրկվել օտարերկրյա ֆինանսավորման հնարավորությունից:
Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը կրոնական կազմակերպություններին իրավունք է վերապահում դիմել այլ անձանց և կազմակերպություններին կամավոր դրամական և այլ նվիրատվությունների խնդրանքով, ստանալ և տնօրինել դրանք: Միևնույն ժամանակ, Նախագծի 11-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով կրոնական միավորումները չեն կարող ֆինանսավորվել ՀՀ տարածքից դուրս գտնվող իրենց հոգևոր կենտրոնների և կուսակցությունների կողմից և ֆինանսավորել նրանց: Նշված կանոնակարգումները համադրելիս ստացվում է, որ Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն կրոնական կազմակերպություններն իրավասու են ստանալու այլ կազմակերպություններից (ինչը ընդարձակ հասկացություն է և կարող է մեկնաբանվել նաև որպես ՀՀ տարածքից դուրս գտնվող հոգևոր կենտրոններ) դրամական նվիրատվություն, մյուս կողմից Նախագծի 11-րդ հոդվածի 4-րդ մասը նրանց զրկում է նման իրավունքից, քանի որ «կրոնական միավորում» եզրույթը Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իմաստով ներառում է նաև «կրոնական կազմակերպություն» հասկացությունը:
Առաջարկ. վերանայել վերը նշված հակասությունները հիմք ընդունելով նաև Վենետիկյան Հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի Հայաստանին ուղղված համատեղ կարծիքը, որտեղ կրոնական համայնքների օտարերկրյա ֆինանսավորման բացարձակ արգելքը դիտարկվում է անհիմն ու շեշտադրվում է նման արգելքի անհամապատասխանությունը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 9-րդ հոդվածի պահանջներին, այն է՝ «ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտության» բացակայությունը[6]Տե´ս նույն տեղում, § 76::

1.7 Խնդիր. Նախագիծը գործածում է կրոնական կազմակերպության «անդամ» եզրույթը, ինչն ավելի բնորոշ է հասարակական կազմակերպություններին, բացի այդ պարտավորեցնում է կրոնական կազմակերպություններին իրականացնել իրենց անդամների հաշվառում, իսկ Լիազոր մարմնի պահանջով տրամադրել իր գործունեության մասին փաստաթղթեր, ինչը կարող է տարածական մեկնաբանվել և խախտել կազմակերպության հետևորդների դավանանքի գաղտնիության իրավունքը:
Նախագծի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով սահմանվում է, որ կրոնական կազմակերպության հաշվետվությունը ներառում է անդամների, ինչպես նաև կամավորների թիվը (հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ), այդ թվում` նշում կազմակերպության միջոցներից հաշվետու տարվա ընթացքում օգտվելու մասին: Նշենք, որ «անդամության» իրավական կատեգորիան կրոնական կազմակերպությունների պարագայում կիրառելի չէ, հաշվի առնելով կրոնական կազմակերպության, որպես ինստիտուտ, յուրահատկությունը: Տվյալ պարագայում, գտնում ենք առավել օգտագործելի են «հետևորդ» և «ծառայող» հասկացությունները, որտեղ Լիազոր մարմին կարող են տրամադրվել միայն «ծառայողների» վերաբերյալ տվյալները, հաշվի առնելով իրենց գործունեության հրապարակայնությունը: Միևնույն ժամանակ, Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն կրոնական կազմակերպությունները պարտավոր են վարել իրենց անդամների հաշվառումը, իսկ 11-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշվում է, որ կրոնական կազմակերպությունները պարտավոր են սույն օրենքի պահանջների կատարումը ստուգելու համար Լիազոր մարմնի օրինական և պատճառաբանված պահանջով ողջամիտ ժամկետում նրան տրամադրել իր գործունեության մասին փաստաթղթեր: Կարծում ենք, որ անդամների հաշվառման պահանջն անհարկի վարչական ծանրաբերռնվածություն է ստեղծում կրոնական կազմակերպությունների համար ինչպես նաև խնդրահարույց է կրոնական կազմակերպության անդամների դավանանքի գաղտնիության իմաստով: Բացի այդ, 11-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված ողջամիտ ժամկետում կրոնական կազմակերպության մասին փաստաթղթերի տրամադրման պահանջը լայն մեկնաբանման տեղիք է տալիս և չի բացառում նաև Լիազոր մարմնին կրոնական կազմակերպությունների անդամների անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ պահանջելու իրավունք վերապահելը: Այնինչ, Մարդու իրավունքների կոմիտեն Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 17-րդ հոդվածն ու 18-րդ հոդվածի 2-րդ կետը մեկնաբանելիս ընդգծել է, որ ոչ ոք չի կարող պարտադրվել բացահայտել իր կրոնը կամ դավանանքը[7]ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե, 22-րդ ընդհանուր մեկնաբանություն, § 3:: Նշյալ պարտավորությունը կարող է առաջանալ խիստ բացառիկ հանգամանքներում (օրինակ՝ կրոնով կամ համոզմունքով պայմանավորված որոշակի իրավունքներից կամ արտոնություններից օգտվելու պարագայում), որոնց ՄԻԵԴ-ն անդրադարձ է կատարել իր համապատասխան որոշումներում[8]Տե´ս, օրինակ՝ Kosteski v. “the former Yugoslav Republic of Macedonia”, թիվ 55170/00, 2006թ. ապրիլի 13, §39::
Առաջարկ. խմբագրել «կրոնական կազմակերպության անդամ», հասկացությունը, փոխարենը նախատեսելով «հետևորդ» և «ծառայող» կատեգորիաները, ինչպես նաև հանել կազմակերպության անդամների հաշվառման պահանջն ու հստակեցնել 11-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝ սահմանելով կրոնական կազմակերպության գործունեության մասին փաստաթղթերի սպառիչ ցանկ:

2. Խնդիր. մի շարք իրավական ակտեր, որոնք ընդգրկված չեն նախագծերի փաթեթում և վերաբերում են ուժային կառույցների ծառայողներին արգելում են վերջիններիս անդամակցությունը որևէ կրոնական կազմակերպության, ինչը հանդիսանում է անձի մտքի, խղճի ու կրոնի ազատության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում:
«Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի 3-րդ, «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի է), «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետերով արգելվում է վերոգրյալ ոլորտի ծառայողների՝ կրոնական միության կամ կազմակերպության անդամակցությունը, ինչը ոչ իրավաչափորեն սահմանափակում է Սահմանադրության 41-րդ հոդվածով երաշխավորված յուրաքանչյուր անձի մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունքը, և, բացի այդ չի բխում Հայաստանի միջազգային պարտավորություններից: Ավելին, հաշվի առնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ կրոնական կազմակերպություն լինելու հետ կապված ոչ միանշանակ օրենսդրական ձևակերպումները ստացվում է, որ տվյալ արգելքը կարող է չտարածվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդների վրա, ինչը խտրականության ակնհայտ դրսևորում է:
Առաջարկ. Առաջարկվող օրենքների նախագծերի փաթեթում ընդգրկել նաև վերը նշված իրավական ակտերում փոփոխությունների նախագծերը, որտեղ հանված է ոլորտի ծառայողների՝ կրոնական միության կամ կազմակերպության անդամակցության արգելքը:

3. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (այսուհետ՝ Նախագիծ).

3.1 Խնդիր. Նախագծով Լիազոր մարմինն իրավունք ունի պատժամիջոցներ կիրառել կրոնական կազմակերպության նկատմամբ, եթե այն չի գործում իր «կանոնադրության նպատակներին» համապատասխան, ինչը լայն հասկացություն է և կարող է ոչ միատեսակ մեկնաբանվել և ոչ կրոնական կազմակերպության օգտին:
Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության գործող օրենսգրքի 205.3-րդ հոդվածը վերաշարադրել նախատեսելով, որ, եթե կրոնական կազմակերպությունն իրականացնում է կանոնադրության նպատակներին անհամապատասխան գործունեություն ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն իրավասու է տվյալ կրոնական կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառել տարբեր տեսակի պատժամիջոցներ: Գտնում ենք, որ տվյալ նորմը խնդրահարույց է և կարող է հանգեցնել կրոնական կազմակերպության գործունեության անհարկի սահմանափակման, քանի որ «կանոնադրության նպատակներ» եզրույթն ընդհանրական է և կարող է ոչ միատեսակ մեկնաբանվել՝ պարունակելով լիազոր մարմնի կողմից տվյալ հոդվածով սահմանված պատժամիջոցների կամայական և ոչ իրավաչափ ու համաչափ կիրառման վտանգ:
Առաջարկ. հստակեցնել «կանոնադրության նպատակներ» եզրույթի իրավական բովանդակությունը:

 

Հարգանքով՝

Գեվորգ Տեր-Գաբրիելյան
ԵՀՀ գլխավոր տնօրեն

Ստեփան Դանիելյան
«Համագործակցություն Հանուն Ժողովրդավարության”
Կենտրոնի նախագահ

References   [ + ]

1. Օրինակ` մտքի, խղճի և կրոնի ազատության ապահովման երաշխիքները, մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտման սահմանափակման հիմքերը; դաստիարակչական կամ նախակրթական կամ կրթական հաստատություններում կրոնական քարոզչության կամ կրոնական քարոզչության փորձերի արգելքը; կրոնական կազմակերպության գործունեության հաշվետվողականությունը; կրոնական կազմակերպության գործունեության վերահսկողությունը; մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտմանը խոչընդոտելու դեպքում վարչական պատասխանատվության ենթարկելն ու մի շարք այլ նորմեր:
2. Տե´ս Nolan and K. v. Russia, թիվ 2512/04, § 73, 2009թ. փետրվարի 12:
3. «2. Սեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի պաշտպանություն հասարակական անվտանգության, հասարակական կարգի, առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների։»
4. CDL-AD(2011)028, Վենետիկյան հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքը «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի և այլ առընթեր իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի վերաբերյալ, § 34:
5. CDL-AD(2011)028, Վենետիկյան հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքը «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի և այլ առընթեր իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի վերաբերյալ, § 66:
6. Տե´ս նույն տեղում, § 76:
7. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե, 22-րդ ընդհանուր մեկնաբանություն, § 3:
8. Տե´ս, օրինակ՝ Kosteski v. “the former Yugoslav Republic of Macedonia”, թիվ 55170/00, 2006թ. ապրիլի 13, §39: