Շատերը գտնում են, որ բռնություն կիրառելով այլադավանների նկատմամբ նրանք պաշտպանում են Աստծուն

  • 02/01/2022
  • Նիկոլայ Շաբուրով

  • Կրոնագետ և մշակութաբան, ՌՊՀՀ- ի Կրոնների ուսումնագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, գնոստիցիզմի, վաղ քրիստոնեության և ժամանակակից կրոնական իրավիճակի վերաբերյալ մի շարք աշխատությունների հեղինակ:

– Կարելի՞ է արդյոք առանձնացնել հիմնական կրոններ, որոնք այսօր առաջատար են ու ազդեցիկ աշխարհում, թե այդպիսի մոտեցումը այդքան էլ կոռեկտ չի լինի:

– Իհարկե՛ կարելի է առանձնացնել: Առաջին հերթին նման առանձնացումը կատարվում է ըստ քանակական ցուցանիշի, քանի որ քանակը որոշում է ազդեցությունը: Բնականաբար դրանք են` քրիստոնեությունը, իսլամը, հինդուիզմը և բուդդիզմը: Երևի թե այս քառյակը հիմնականն է, որոնց գրականության մեջ ընդունված է անվանել «համաշխարհային կրոններ»: Նկարագրական առումով դրանք այն կրոններն են, որոնք էթնիկական կամ ազգային չեն ու դրանք դավանում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Սովորաբար, որպես այդպսին հաճախ են դիտարկում քրիստոնեությունը, իսլամը և բուդդայականությունը: Սակայն այսօր դա որոշ առումով հնացած մոտեցում է, քանի որ, օրինակ ,հինդուիզմի հետևորդների թիվը աշխարհում այսօր ավելին է, քան բուդդայականության: Հնդիկների համայնքներն այսօր տարածված են ամենուեք և՛ ԱՄՆ-ում, և՛ Եվրոպայում, ու հետևաբար հինդուիզմի հետևորդների թիվը գնալով ավելանում է:

– Իսկ կարո՞ղ ենք ասել, որ այս կամ այն կրոնի առաջատարությունը կամ հետևորդների թվի ավելացումը կախված է որևէ տարածաշրջանում իրենց ավանդական կրոնի հետևորդ բնակչության թվից:

– Բնականաբար դա այդպես է, սակայն կա երևույթի մեկ այլ կողմ ևս: Կախված այս կամ այն կրոնի կողմից քարոզվող վերարտադրողական ձևերի ու գաղափարների առանձնահատկություններից, բնակչության թիվը կարող է աճել տարբեր համաչափությամբ: Մենք ունենք բազմաթիվ այդպիսի օրինակներ: Հայտնի է, որ մուսուլմանների ծնելիությունն ավելի բարձր է քան քրիստոնյաներինը, ըստ քրիստոնեական հարանվանությունների` նույնիսկ կաթոլիկների մոտ ծնելիությունն ավելի բարձր է, քան բողոքականների մոտ: Դրանք ունեն որոշակի պատճառներ և պայմաններ: Այսպես օրինակ, հյուսիսային Աֆրիկայում հիմնականում իսլամն է տարածված, իսկ Սահարայից հարավ մենք տեսնում ենք որոշակի դինամիկա եվրոպական գաղութացման ազդեցության հետևանքով: Այստեղ 19-րդ դարի կեսից մինչև 20-րդ դարի կեսերը լայնորեն տարածում է գտել քրիստոնեությունը, մասնավորապես կաթոլիկությունն ու բողոքականությունը, կարելի է խոսել նաև սահմանափակ քանակության ուղղափառ համայնքի առկայության մասին:

Սակայն կարող ենք նկատել 20-րդ դարի կեսերից մեկ այլ միտում` դա իսլամի տարածումն է և քրիստոնեության դուրս մղումը: Այնպիսի երկրներում, որտեղ բնակչության մեծամասնությունը դավանում էր քրիստոնեություն, այսօր մեծացել է իսլամադավանների թիվը: Այս ոլորտում ամեն ինչ շատ դինամիկ փոփոխական է:

Վերարտադրության հարցերում օրինակ կաթոլիկներն ու ուղղափառները ավելի հաճախ են խիստ դեմ հանդես գալիս հղիության կանխարգելման կամ պաշտպանական որևէ միջոցների կիրառման հարցերում, իսկ բողոքականներն ավելի ազատական են, սա ևս իր ազդեցությունն է ունենում համայնքային քանակական ցուցանիշի վրա:

Այլ հարց է, թե հետևորդները որքանով են հետևում եկեղեցու կարգերին, այստեղից էլ վերարտադրության քանակական տարբերություններն են առաջ գալիս: Մյուս կողմից ծնելությունը կախված է ընդհանուր մշակութային որոշիչներից:

Այսպես օրինակ Իսրայելի պետության տասնամյա գոյության ընթացքում մենք տեսնում ենք էական փոփոխություն: Ի սկզբանե իսրաելացիների մեծամասնությունը աշխարհիկ էին: Սիոնիզմը, ընդհանուր առմամբ աշխարհիկ գաղափարախոսություն է: Կրոնական հատվածը կար, գոյություն է ունեցել միշտ, բայց այն որոշ առումներով մարգինալացված էր: Կրոն դավանողների թիվը այդքան էլ մեծ չէր:Այսօր մենք տեսնում ենք, որ մեծացել է կրոնական հետևորդների թիվը, հիմնականում այն պատճառով, որ գերակշռող կրոնը չի ընդունում հղիության կանխարգելող միջոցներ և դրա հաշվին մեծանում է հետևորդների թիվը:

– Կարո՞ղ ենք ասել, որ կրոնը գոյատևման խնդիր ունեցող պետությունների, ազգերի  համար դարձել է ինքնության պահպանման միջոց, իսկ այն երկրներում, որտեղ կրոնը ձեռք է բերել համընդհանարական բնույթ, այն այդքան էլ կարևոր դեր չի կատարում:

– Ոչ միշտ, բայց հաճախ այդպես է: 19-րդ դարի կեսերից աշխարհիկացման միտում կար համաշխարհային մասշտաբներով: Կրոնը գնալով կորցնում էր իր նշանակությունը, բնակչությունը հեռանում էր հավատքից և կային նույնիսկ հասարակություններ, որոնք ուժեղ աթեիզմի օրինակներ էին, ինչպես օրինակ ԽՍՀՄ-ն էր: Վերջին շրջանում հետազոտողները շատ են խոսում աշխարհիկացման դարաշրջանի ավարտի և հետաշխարհիկության դարաշրջանի սկզբի մասին: Ժամանակակից զարգացման միտումները տեսնելով, կարող ենք ասել, որ նախաաշխարհիկության այսօր հնարավոր չէ վերադառնալ, աշխարհկության որոշ հետևանքներ անդառնալի են: Սակայն մենք տեսնում ենք, որ կրոնն էլ չի ցանկանում հեռանալ մասնավոր կյանք, որը ենթադրվում էր, որ յուրաքանչյուր մարդ կարող է ունենալ իր հավատքը, համոզմունքը, բայց հանրային կյանքում դրա դերը պետք է մինիմալացվեր: Բայց պարզվեց, որ այդպես չէ: Կրոնը գնալով մեծացնում և ուժեղացնում է իր ազդեցությունը հանրային ոլորտի վրա: Բացի այդ աշխարհիկացումը ուներ նաև մշակութային սահմաններ, այն առաջին հերթին ընդգրկեց քրիստոնեական տարածաշրջանները, հատկապես` արևմուտքը: Իհարկե կան նաև աշխարհիկացման իսլամական օջախներ, սակայն այստեղ ևս նկատում ենք հետընթաց շարժում:

Հնդկաստանում նույնպես կարելի էր հանդիպել աշխարհիկացման նախագծերի, որոնք սակայն շատ մակերեսային ընթացք ունեցան, այն գրեթ չանդրադարձավ բուն բնակչության կրոնականության վրա: Այսօր շատ է խոսվում իսլամական էքսպանսիայի մասին, դրա տարածման արագ տեմպերի ու տենդենցների մասին, սակայն նույնը կատարվում է և՛ հինդուիզմի, և՛ քրիստոնեության դեպքերում: Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ երկրի բնակչության մեջ հավատացյալների թիվը գերազանցում է անհավատների թվին, կոնկրետ ինչ չափով, դժվարանում եմ ասել:

– Փաստորեն կրոնականացվածությանը հաջորդում է աշխարհիկացման փուլը, իսկ դրան` նորից կրոնականացման: Ձեզ չի թվում, որ այսօր կրոնը վերածվում է ոչ թե հավատքի և կրոնական հոգևոր կյանքի դրսևորման, այլ աշխարհիկության սկզբունքներով ձևավորված ինչ-որ կրոնական համակարգի, որը կարող է լինել կրոնականության նոր ձև:

– Դուք շատ հետաքրքիր միտք արտահայտեցիք: Գոյություն ունի գլոբալազման գործընթաց, որը անկառավարելի ու անդառնալի գործընթաց է, և այն ենթադրում է ավելի մեծ դինամիկա: Շատերն ունեն որոշ մտավախություն այն կապակցությամբ, որ ամենուր հոսք է այլ կրոնների, մշակույթների, ազգերի ներկայացուցիչների: Բայց դա անխուսափելի է և այն կընթանա անդադար ու խառնվելը բնական ընթացքի արդյունք է: Ես հիշում եմ այս պահին մեր հումանիստներից մեկին, ով զբաղվում էր կրոնագիտությամբ` Սերգեյ Սերգեևիչ Ավերենցեվին մի միտքը, որ դեռ 19-րդ դարի վերջին 20-րդ դարի կեսերին, մարդը գիտեր, որ  եթե նա օրինակ գալիս է Ժնև, նա կհանյտնվի կալվինիստների միջավայրում, եթե եկել է Հռոմ, ապա` կաթոլիկների, Մոսկվա` ուղղափառների: Իսկ հիմա դու գալիս ես Ժենև և աչք են զառնում մուսուլմանական մզկիթներն ու ամենուր ամեն ինչ խառնված է: Եվ ամեն փորձ կառչելու ինչ որ ավանդականի անիմաստ փորձ է: Վերցնենք Լատինական Ամերիկան: Ավանդական մոտեցմամբ այն կաթոլիկ է, եթե չնայենք նախաքրիստոնեական ժամանակաշրջանները: Բայց վերջին 10 ամյակում գնում է լատինական ամերիկայի բողոքականացում: Կաթոլիկությունը առաջին հերթին սկսել է ձուլվել մշակույթի հետ և ավանդապար կապված է եղել իշխանության հետ և կրոնականությունը սկսել է մարել և ռադիկալ բողոքական խմբերը գալիս են կրակոտ քարոզչությամբ ու ակտիվացնում են արդեն մարած կրոնականութունը:

– Այս առումով կա կարծիք, որ իսլամը` որպես երիտասարդ կրոն, ամենաագրեսիվն է, և վտանգ է ներկայացնում հասարակության, մարդկության համար, բայց շատերը մոռանում են, որ նույն կաթոլիկությունը այնպիսի բաներ էր անում, որ աստված մի արասցե կրկնվի նորից: Եվ նաև, ճի՞շտ է, որ կրոնը, խոսենք անորոշ դեմքով, ծագելով զավթում է որոշակի ավար, տարածք և սեփականացնում այն, գնալով թուլանում է, հանգստանում, որը հանգեցնում է պասիվության: Երբ գալիս է նոր, թարմ որևէ ուղղություն, թարմ ակտիվ քարոզչությամբ, այն հեշտությամբ դուրս է մղում արդեն պասիվացած կրոնը և զբաղեցնում իր դիրքերը գտնելով նոր համակիրներ:

– Ասել որ  իսլամը երիտասարդ է, այդքան էլ ճիշտ չէ, իհարկե քրիստոնեության համեմատությամբ այո, բայց ժամանակային առումով իհարկե այն արդեն բավական պատմություն ունի: Ինչ վերաբերում է ագրեսիվությանը, մի թե նույնը չի կարելի ասել նաև մյուս կրոնների պարագայում: Ցանկացած կրոնի պարագայում էլ լինում են անկումներ և վերելքներ: Այս կապակցույամբ օրինակները շատ են Եվրոպայի վերաբերյալ: Բայց ես ուզում եմ մեր հայացքն ուղղենք դեպի Ճապոնիա: Այստեղ բնակչության մեծամասնությունն իրենց համարում են անհավատներ, բայց բոլորը սիրում են պահպանել ինչ-ինչ ծիսակարգեր, այստեղ կան տարբեր կրոնների գործող տաճարներ: Այսինքն, նրանց համար դա մշակույթի մաս է, նրանց կենսակերպի մաս:

– Մեկ այլ օրինակ է Ուկրաինան: Մարդը չի փոխվել, նա մնացել է այն ինչ կա, բայց նրա համար շատ հեշտ է սպանել իր նմանին: Այդպես եղել է, երբ ծագել է իսլամը, քրիստոնեությունը:  Իմ կարծիքով կրոնը ոչ թե մարդու փրկության միջոց է, այլ գործոն, որն ամենակարևորը, էապես ազդում է մարդկային կյանքի վրա:

– Կրոնը գոյություն ունի այնքան, որքան մարդկությունը, նույնքան էլ գոյություն ունեն կռիվները, դաժանությունն ու փոխոչնչացումը: Ի՞նչ պետք է անի կրոնն այս պարագայում, ինչու՞ եք ենթադրում, որ կրոնն ինչ-որ դեր պետք է խաղա պատերազմների կանխարգելման կամ ընդհատման ժամանակ:

– Այսինքն, դուք գտնում եք, որ կրոնը կարող է լինել նաև դաժան:

– Եկեք ես հիմա գնահատականներ չտամ, բայց այո, մենք տեսնում ենք բազմաթիվ կոչեր խաղաղության բազմաթիվ սուրբգրյան տեքստերում, բայց մենք նաև տեսնում ենք սուրբ պատերազմների, հավատքի պատերազմաների  քարոզչություններ ոչ միայն իսլամում: Իհարկե քրիստոնեության մեջ մենք հանդիպում ենք խաղաղասիրական կոչերի, ինչպիսին է «երբ մի այտիդ խփում են, մյուսը դեմ տուր», սա քրիստոնեկան է, մյուս կրոններում նման բան չես հանդիպի: Բայց, երբ նման հարցադրում ես կատարում հավատացյալներին, նրանք մեկնաբանում են, որ դա վերաբերվում է անհատական հակասություններին, իսկ երբ հարցը վերաբերվում է հավատքին, նրանք գտնում են, որ պետք է պաշտպանել այն, պետք է պայքարել դրա համար ամբողջ ուժով: Շատերը գտնում են, որ բռնություն կիրառելով այլադավանների նկատմամբ նրանք պաշտպանում են Աստծուն: Ես չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս կարելի է մտածել, որ Աստված ունի մեր պաշտպանության կարիքը:

Ի՞նչ են անում զինվորական ուժերում զինվորական հոգևորական ծառայողները: Նրանք երբեք կոչ չեն անում գթալ թշնամուն, չսպանել, նրան, այլ ընդհակառակը, նրանք բարձրացնում են մարտական ոգին, ինքնապաշտպանության համար: Վերցնենք երկրորդ համաշխարհային պատերազմը, այդ ժամանակ մենք գիտեինք, թե ո՞վ է պատերազմում և ինչի՞ համար: Իսկ առաջին համաշխարհայինի պատերազմի դեպքում իրար հետ պատերազմում էին քրիստոնյաները, ի՞նչ կարող եք ասել այս դեպքերի համար: Եվ նման շատ պատմական դեպքեր:

 

Աղբյուր`onlinetv.ru
Հարցազրույցը վարում է` Նիկոլայ Պիվնենկոն
Թարգմանությունը` religions.am կայքից

 

06/12/2014