Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքը

Իրանի Ջուլֆա քաղաքը թէեւ ոչ մի հայ բնակիչ չունի, բայց դարերի ընթացքում հէնց այստեղ են կառուցուել եւ մինչ օրս պահպանւում են հայկական 5 եկեղեցիները: Տարիներն իրենց հետքը թողել են այս սրբավայրերի վրայ, բայց Իրանի իշխանութիւնների աջակցութեամբ դրանք վերականգնւում են:

Սուրբ Ստեփանոս վանական համալիրը 1100 տարուայ պատմութիւն ունեցող վանք է, կրում է առաջին քրիստոնեայ նահատակի՝ Ստեփանոս նախավկայի անունը: Հայ շինականները հիմնադրման պահից են հոգացել եկեղեցու պահպանութեան մասին՝ մուտքի վրայ հայերէնի կողքին թողնելով նաեւ պարսկերէն գրութիւն: Մօտ 35 տարի առաջ՝ Իրանի յեղափոխութիւնից յետոյ, եկեղեցին գրեթէ կիսաքանդ էր, սակայն տարիների ընթացքում պետութիւնը նորոգել է այն:

Եկեղեցու հիմնական այցելուները Իրանի բնակիչներն են: Հայ զբօսաշրջիկներին աւելի շատ կարելի է տեսնել ամռան ընթացքում:

«Մինչ վերանորոգումը եկեղեցու այցելուների թիւը տարեկան 200 հազար էր: Հիմա այդ թիւը մի քանի անգամ աւելացել է: Վերջին տարիներին եկեղեցին տարեկան հիւրընկալում է մօտ 3 միլիոն զբօսաշրջիկի»,- ասաց Ջուլֆա քաղաքի զբօսաշրջային վարչութեան պետ Հոսէյնէ Հոբինին։

Սուրբ Ստեփանոսը 2008 թ. գրանցուել է ԻՒ.Ն.Ե.Ս.Կ.Օ.-ի համաշխարհային ժառանգութեան ցանկում՝ «Հայկական եկեղեցի` Իրանում» անուան տակ: «Սուրբ Ստեփանոսն այս տարածաշրջանի պատմամշակութային արժէքներից է եւ զբօսաշրջային կարեւոր նշանակութիւն ունի»,- ասաց Հոբինին։

Վանական համալիրի ցուցասրահում փակցուած են Իրանում պահպանուած հայկական եկեղեցիների լուսանկարները: Չնայած այս տարածքում հայ ընտանիքներ չկան, բայց եկեղեցում յաճախ է պատարագ մատուցւում: Զօրաւոր սրբավայրում աղօթքը երբեք չի դադարել: Վանք տանող ճանապարհին, Արաքսի ափի մօտ Սուրբ Հովուի եկեղեցին է, որը հետաքրքիր պատմութիւն ունի: Այն կառուցել են հայ հովիւները, որոնք օրուայ աշխատանքից յետոյ չէին հասցնում հասնել Սուրբ Ստեփանոս, եւ որոշում են ճանապարհին հիմնել փոքրիկ աղօթատեղի: Հիմա եկեղեցին նորոգւում է, այդ նպատակով պետութիւնը 40 հազար դոլար է յատկացրել: Շուրջ հինգ դար գոյութիւն ունեցող Սուրբ Հովուի եկեղեցու վերականգման աշխատանքերը կ’աւարտուեն 20 օրից եւ քրիոտօնեկան խորհրդանիշ համարուող խաչը կտեղակայուի գմբէթին:

 

Աղբյուր

norjugha.ir

ru.advisor.travel