Քրիստոնեությունը Իրանում

Իրանը այսօր աշխարհի ամենամեծ թվով շիական ուղղության հետևորդներ ունեցող երկիրն է: Քրիստոնյաներն այստեղ ոտք են դրել մինչև 2-րդ դարը: Չնայած, գոյություն ունի ավանդապատում, որ քրիստոնեությունն այստեղ մուտք է գործել Թովմաս առաքյալի միջոցով: Սկզբնական շրջանում քրիստոնյաներին վերաբերում էին որպես Հռոմի գործակալներ, սակայն արդեն 3-րդ դարի սկզբում Իրանի կառավարողները սկսեցին ապաստան տալ Հռոմեական կայսրությունում հալածվող քրիստոնյաներին, որպեսզի դաշնակիցներ ձեռք բերեն ընդդեմ կայսրության: Բացի այդ, այստեղ էին այցելում նաև քրիստոնյա միսսիոներներ:

Երբ քրիստոնեությունը դարձավ Հռոմեական կայսրության պետական կրոն, Սասանյանները` ովքե գահակալում էին այստեղ դեռ 226 թվականից, սկսեցին հովանավորել և աջակցել նեստորականներին ու միաբաններին:

637 թ.ին Քադիսիա, իսկ 642 թ.ին` Նեհավենդ քաղաքների մոտ տեղի ունեցած ճակատամարտերում պարսկական բանակի ծանր պարտությունը արաբական բանակին ճակատագրական եղավ Սասանյանների համար։ Մինչև 651 թ.ին արաբները գրավեցին ողջ Իրանը, և Սասանյան պետությունը կործանվեց ու սկիզբ դրվեց Իրանի իսլամացմանը։

Արաբական խալիֆայության շրջանում Իրանի բնակչության գերակշռող մասն ընդունեց իսլամի շիա դավանանքը։

1979թ. Իրանի իսլամական հեղափոխության արդյունքում հիմնադրվեց աստվածապետական (թեոկրատական) պետություն։ Մուսուլմանական աշխարհում այդպիսին է միայն Սաուդյան Արաբիայի թագավորությունը, որտեղ բնակչությունը դավանում է սուննի իսլամ։

Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության 19-րդ հոդվածում  նշվում է, որ «իրանցիներն, անկախ իրենց ազգային, ցեղային, պատկանելությունից, օրենքի առաջ հավասար են, և մաշկի գույնը, ծագումը կամ լեզուն և այդօրինակ այլ հատկանիշները չեն կարող արտոնություն համարվել»:

Իրանի խորհրդարանի 290 պատգամավորական մանդատներից 5-ը, ըստ երկրի սահմանադրության, պաշտոնապես ճանաչված «կրոնական փոքրամասնություններին» են հատկացված: Դրանք են` 2 հայ (մեկը ներկայացնում է Թեհրանն ու հյուսիսային իրանահայությանը, մյուսը` հարավային իրանահայությանը), 1 զրադաշտական, 1 հրեական, 1 ասորական («նեստորական» և «քաղդեացի»` կաթոլիկ համատեղությամբ):

Ինչպես նկատելի է, նշյալ խմբերին տրվող «կրոնական փոքրամասնություն» անվանումը լիովին համատեղելի է նրանց «ազգային» բնորոշման հետ: Դուրս լինելով մահմեդական ումմայից (լայն իմաստով` հասարակությունից)` այս խումբը, փաստորեն, շարիաթի վրա հիմնված սահմանադրության համաձայն` դիտարկվում է որպես «կրոնական փոքրամասնություն»: Մահմեդականություն դավանող մեծամասնությունը` ումման, բնորոշելի է որպես հիմնականում իրանական ծագմամբ ազգերի զուտ ֆորմալ մի դաշինք` պանիրանականության ատաղձով և շիայականության միավորիչ գործոնով:

Հիմնական մեծ քրիստոնեական էթնիկ միավորը այստեղ հայերն են, երկրորդ` խոշոր ասորիներն են, որոնք ներկայանում են երկու խմբով` նեստորական և քաղդեական (կաթոլիկ):

Քաղդեացիների և նեստորականների միջև հարաբերությունները հարթ չեն, որոնք երբեմն վերաճում են արյունահեղ բախումների: Սակայն Իրանում պետական յուրօրինակ վարչարարության պայմաններում այս երկու խմբերը հարկադրված են ձեռք ձեռքի տված ներկայանալ մեկ միասնական համայնքի շրջանակում: Այս հանգամանքը, ինչ խոսք, ասորական ազգային միասնությանն ուղղված անուղղակի խթան է դիտվում: Ասորական համայնքի առջև նույնպես ծառացած է արտագաղթի խնդիրը:

Ներկայում Իրանի խորհրդարանի ասորի պատգամավոր Յոնաթան Բիթ-Գոլյան ընտրվել է համաշխարհային ասորական համագումարի գլխավոր քարտուղար: Պետությունը ասորական սփյուռքի հետ համատեղ աջակցում է նրանց սրբատեղիների վերականգնմանը:

«Կրոնական փոքրամասնություններին» տրվող արտոնությունները
– Տարեկան 17 500 մլն ռիալ ընհանուր բյուջեի (որը մոտ 1մլն 750 հազար ԱՄՆ դոլարից քիչ ավելի է) հատկացում:

– Տարբեր պարբերականների հրատարակման թույլտվություն:

– Դպրոցներ հիմնելու թույլտվություն և նրանցում մայրենի լեզվի անարգել դասավանդում:

Հայոց լեզվով ուսուցման արգելքը (որը տևեց մոտ տասը տարի, միահամուռ ըմբոստացման շնորհիվ վերացվեց 90-ականների սկզբին) նույնպես իրողություն է: Այժմ Իրանում առկա է մոտ 50 հայկական դպրոց:

– Դպրոցների տնօրենների նշանակում «կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներից և նրանց աշխատանքի ընդունում որպես ուսուցիչ:

Ինչպես հաստատում են վկայությունների վրա հիմնված փաստերը, հեղափոխությունից հետո հետևողականորեն կիրառված «փաքսազի» («մաքրագործման») համապետական քաղաքականության հետևանքով դպրոցի տնօրենների պաշտոններից համատարած հեռացվեցին տվյալ համայնքի ներկայացուցիչները: Իրենց պաշտոններում մնացին միայն քիչ թվով, այն էլ բնագիտական առարկաների մասնագետները:

– Կրոնական ծիսակատարությունների անարգել իրականացում:

– Քաղաքացիական ազատություններ:

– «Կրոնական փոքրամասնությունների» ժառանգության խնդրի լուծում, որն ստորագրել է 200 պատգամավոր: Խորհրդարանը նաև հաստատեց կանանց ժառանգության մասնաբաժնի իրավունքը` ըստ համապատասխան համայնքների կրոնական օրենքների:

– «Կրոնական փոքրամասնությունների» սրբատեղիների վերականգնում և վերանորոգում պետական բյուջեից հատկացված գումարներով և համայնքների ներկայացուցիչ ճարտարապետ և շինարար-մասնագետների մասնակցությամբ:

Սբ. Թադեոսի եկեղեցական համալիրի վերականգնման-վերանորոգման ծրագիր` որպես համաքրիստոնեական առաջին սրբատեղի և համամարդկային պատմամշակութային արժեք, ներառված է Մշակութային ժառանգության համաշխարհային կազամակերպության կողմից պահպանվող կառույցների շարքում: Նշենք, որ Իրանում առկա է մոտ 200 եկեղեցական համալիր:

– Արտոնված է ունենալ սեփական կրոնական կառույց:

Հայոց պարագայում դա Թեմական խորհուրդն է:

– «Կրոնական փոքրամասնությունների» անդամների` մահմեդականների արյան գնի` «դիյեի» հավասարությունը:

Եվ, վերջապես, արտոնությունների ցանկում ներառված են երկրից դուրս մեկնելու հարցում անձնագրային դյուրացումները:

«Կրոնական փոքրամասնությունների» հիմնախնդիրները իր հոգածության առարկան դարձնելով, իրանական պետությունը միևնույն ժամանակ փորձում է կանոնակարգումների միջոցով հնարավորինս վերահսկելի և կանխատեսելի դարձնել տարադավան էթնիկ միավորներին` որպես արտերկրի ուժերի կողմից հնարավոր միջամտության լծակների: Մյուս կողմից` Իրանում կարծում են, որ իսլամն այստեղ միշտ եղել է և կլինի պետության, գոնե ներկա սահմաններում, միասնականության ամենավճռորոշ գործոններից մեկը:

Չնայած Սահմանադրական արտոնություններին, այնուամենայնիվ 2010 թվականի կեսերից ձերբակալել են ավելի քան 300 քրիստոնյաների: Այս մասին նշված է Իրանում մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ահմադ Շահիդի զեկույցում: Զեկույցում նաև նշված է, որ Իրանում գտնվող քրիստոնեական եկեղեցիները ստիպված են գործել վախի մթնոլորտում, իսկ քրիստոնեություն ընդունած մուսուլմանները ենթարկվում են հալածանքների: Ահմադ Շահիդն ու Իրանի քրիստոնյաների խնդիրներով զբաղվող այլ անկախ փորձագետներ Թեհրանին կոչ են արել մեղմացնել ներկայիս վախի մթնոլորտը, որում գտնվում են բազմաթիվ եկեղեցիներ:

International Compaign for Himan Rights in Iran իրավապաշտպան կազմակերպությանը հայտնի է դարձել 2013 թվականի դեկտեմբերի 31-ին Թեհրանից ոչ հեռու Քարաջ շրջանի Ֆարդիս գյուղում, 4 քրիստոնյա է ձերբակալվել և բանտ ուղարկվել: Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ Մաջիդ Շեյդայեն, Մուստաֆա Նադրին, Սառա Ռահիմինեժադը և Ջորջ Իսայանը ծեծի են ենթարկվել: Անվտանգության ուժերը վերջիններիս տներում խուզարկություն են իրականացրել և առգրավել նրանց երկրպագության համար հավաքվածներին պատկանող իրերը՝ նոթբուքեր, համակարգիչներ, տեսաձայնասկավառակներ, ընտանեկան ալբոմներ, արբանյակային սարքեր և այլ իրեր: Ձերբակալվածների ընտանիքները մինչ օրս տեղեկություն չունեն իրենց հարազատների մասին, ովքեր գտնվում են Էդվինի բանտում:

«Open doors» միջազգային բարեգործական քրիստոնեական կազմակերպության կողմից ներկայացված հետազոտություններում նշվում է, որ 2012թ. Իրանը 5-րդ տեղն է զբաղեցնում այն երկրների շարքում, որոնք ավելի հաճախ են խախտում քրիստոնյաների իրավունքները:

«Քրիստոնյաների համաշխարհային համերաշխություն» կազմակերպությունը հաղորդում է, որ քրիստոնյաների վիճակը Իրանում վատանում է և նրանք ձգտում են լքել երկիրը:

Թեհրանի քաղաքապետ Մորտեզա Թոմադոն 2011թ. իր հայտարարության մեջ նշում է. «քրիստոնյաների նկատմամբ վերջի հարվածն անխուսափելի է» և ավետարանական եկեղեցիներն անվանում է «սուտ, անոմալ և կոռուպացված աղանդներ»:

Աղբյուր
wikipedia.org
livejournal.com
truechristianity.info