Անձի հոգևոր-բարոյական դաստիարակության և զարգացման հայեցակարգի ստեղծման ՌԴ-ի փորձի ուսումնասիրության նյութերից

  • 30/07/2014

Վերջին շրջանում Հայաստանում պարբերաբար քննարկվում է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանրակրթության ոլորտում պարտադիր և ոչ պարտադիր դարձնելու հարցը: Մենք որոշեցինք ուսումնասիրել ՌԴ փորձը, որը տարիներ առաջ ներդրել էր «Ուղղափառ եկեղեցու պատմություն» առարկան և բախվել նույն գիտական ու հասարակական ընդվզումներին, ինչն այսօր կատարվում է Հայաստանում, սակայն մի էական տարբերությամբ. ՌԴ-ում գիտական ինստիտուտն ավելի ակտիվ է այս հարցում և ավելի իրազեկ քաղաքացիական դիրքորոշումներում: Հայաստանում այս հիմնախնդրի հիմնական կազմակերպիչը հանդիսանում է ՀԱԵ((tert.am)): Գիտությունը չի ցուցաբերում պետական առաջադեմ, ազատական ու անկախ ինստիտուտի դիրքորոշումներ և փորձում է հաճոյանալ եկեղեցուն:

Չենք արձանագրել դասագրքի բովանդակության, հայեցակարգի և ծրագրի լուրջ ուսումնասիրություններ պետական գիտական ինստիտուտների կողմից, որոնք փաստերով կներկայացվեին հանրությանը: ՌԴ-ում այս ծրագրերի հետ կապված նախաձեռնվել են բազմաթիվ գիտական թեզերի, համաժողովների, սեմինարների կազմակերպման փաստեր, որը չի կարելի ասել Հայաստանի մասին: Պասիվ է հատկապես Հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտամանկավարժական ներուժը, որն ըստ էության, պետպատվերի շրջանակներում պետք է լիներ մանկավարժական և հոգեբանական հիմնախնդիրների հիմնական գիտական հայեցակարգերի մշակողը: Հատկանշական է, որ հոգևոր բարոյական արժեհամակարգի ձևավորման հայեցկարգով զբաղվում են հիմնականում պատմաբաններ, հոգևորականներ և բանասերներ: Խմբերում ներառված չեն մանկավարժներ և հոգեբաններ, որը ևս էական տարբերությունն է ՌԴ-ի աշխատախմբի համեմատությամբ:
Դաշնային պետական կրթական չափորոշիչների (ԴՊԿՉ) (ФГОС) մեթոդաբանական հիմքերի մշակման նախագիծը իրականացվել է ՌԿԱ-ի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կողմից:

Հարցազրույց ԴՊԿՉ-ում Ռուսաստանի քաղաքացու հոգևոր-բարոյական դաստիարակության և զարգացման հայեցակարգի հեղինակներից մեկի` ՌԿԱ-ի կրթության փիլիսոփայության և տեսական մանկավարժության գծով թղթակից-անդամ, «Պրոսվեշենյա» հրատարակչության գլխավոր տնօրեն, Ալեքսանդր Կոնդակովի հետ է («Պրոսվեշենյա» տեղեկատվական հանրամատչելի տեղեկագիր, 2009թ., №25):

– Կպարզաբանեք, թե ի՞նչ է ներկայացնում այդ փաստաթուղթը:

– Առաջարկվող հայեցակարգն, ըստ էության, ներկայացնում է հանրակրության չափորոշիչների փիլիսոփայական և մեթոդաբանական հիմքերը: Դրա ծնվելու փաստն իսկ նշանակում է, որ կրթության առանցքային նպատակը և յուրաքանչյուր կրթական հաստատության գործունեության արդյունքը ՌԴ քաղաքացու անձի ձևավորումն է:

Հայեցակարգույմ ձևակերպված են մի շարք սկզբունքներ, որոնց համաձայն պետք է աշխատի ռուսական դպրոցը, այդ թվում` բազային ազգային արժեքների համակարգը: Ազգային դաստիարակության իդեալը, որը ձևակերպված է այստեղ, արմատներով գալիս է Ռուսաստանի հազարամյա պատմությունից: Անցյալից կտրվելը բնորոշ էր խորհրդային ժամանակներին և «ազատ 90-ականներին» և մեզ համար կողմնորոշիչ չէ: Սույն Հայեցակարգը, ինչպես ուսումնական, այնպես էլ արտաուսումնական ծրագրերի կազմակերպման յուրատիպ «տեխնիկական» առաջադրանք է: Երբ մենք խոսում ենք աշխարհաճանաչողական այնպիսի դասընթացների մասին ինչպիսիք են` պատմությունը, աշխարհագրությունը, մայրենի լեզուն, ապա դասընթացի մշակողի և ուսուցչի առջև դնում ենք հարց` ի՞նչ չափով են նրանք իրականացնում հայեցակարգի իրականացումը: Անու՞մ են արդյոք ամեն բան, աճող սերնդի բազային ազգային արժեքների ձևավորման համար: Մեծ հաշվով հայեցակարգի հիմնական դրույթները կարող են իրականացվել նույնիսկ քիմիայի, մաթեմատիկայի դասերին: Երեխաները պետք է պատկերացում ունենան կյանքի և այնպիսի հանճարեղ ռուս գործիչների գործունեության մասին, ինչպիսիք են` Մենդելեևը, Լոբաչևսկին և այլք: Ռուսական գիտությամբ հպարտանալը բնորոշ է մեր հասարակությանը 18-րդ դարից: Դրանով պետք է հպարտանան և այն պետք է իմանան նաև ժամանակակից դպրոցականները:

– Կլինի՞արդյոք հոգևոր-բարոյական դաստիարակության դպրոցական առանձին առարկա:

– Ռուսաստանի ավանդական կրոնների հիմունքների և աշխարհիկ էթիկայի ծրագրի անհրաժեշտության մասին արտահայտվել են կրոնական հարանվանությունների ներկայացուցիչները` ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ: 4-րդ դասարանի երկրորդ կիսամյակում և` 5-րդի առաջինում կմտնի «Ռուսաստանի ժողովուրդների հոգևոր մշակույթ» անվանմամբ առարկան: Դրա շրջանակներում աշակերտները կկարողանան ընտրել ցանկացած դասընթաց` կամ աշխարհիկ էթիկա, կամ ավանդական կրոնների պատմություն, կամ կոնկրետ կրոնական մշակույթին նվիրված չորս դասընթացներից մեկը`ուղղափառ, իսլամական, բուդդիստական, հուդդայական:

Այս դասընթացների ներմուծումը պահանջում է լրջագույն ուսումնասիրություն և գիտական հիմնավորում, առաջին հերթին, երեխաների տարիքային առանձնահատկությունների հիման վրա:

– Կրոնական մշակույթի և աշխարհիկ էթիկայի դասընթացը արդյուք չի՞ սպառում հոգևոր-բարոյական դաստիարակության և զարգացման հիմնահարցը:

– Այն միայն Ռուսաստանի քաղաքացու հոգևոր-բարոյական դաստիարակության հայեցակարգի մի մասն է: Այստեղ խոսքը հավասարաչափ գնում է և´ կրոնական մշակույթի, և´ աշխարհիկ էթիկայի մասին, քանի որ Ռուսաստանի Սահմանադրական դրույթներից մեկը խղճի և դավանանքի ազատութունն է: Բազային ազգային արժեքների համակարգի ձևավորումը իրականացվում է Ռուսաստանի պատմության հիմքի վրա, որը բնականաբար կապված է դրա տարածքում տարբեր կրոնների զարգացման և համակեցության հետ: Իհարկե, իր առանձնահատուկ տեղն ունի ուղղափառությունը: Մինչև Պետրոս 1-ինի բարեփախումները դաստիարակչական իդեալ էր Քրիստոս, և երկար ժամանակ պետությունը նույնպես նույնականացվում էր Ռուս ուղղափառ եկեղեցու հետ: Սակայն չպետք է հերքենք նաև, որ մեծ դեր են խաղացել նաև այլ ավանդական կրոնները:

Այնուամենայնիվ ժամանակակից ռուսական դպրոցում հոգևոր-բարոյական դաստիարակությունը կրոնական չէ և չի կարող ընդհանրապես լինել այդպիսին: Նրանք, ովքեր նույնականացնում է այդ հասկացությունները խորապես սխալվում է:

– Հնարավո՞ր է արդյոք որոշել հոգևոր-բարոյական արժեքները` կողմնորոշվելով գործող օրենսդրությամբ:

– Այո´, կարելի է: Դրա համար անհրաժեշտ է կարդալ Սահմանադրության ներածությունը, ինչպես նաև ընտանիքի, պետական լեզվի, կրոնի մասին օրենքները: Այդժամ պարզ կդառնա, որ Հայեցակարգը մեծ հաշվով, բացահայտում է օրենքների բովանդակությունը և ստեղծում մեխանիզմներ դրանց իրականցման համար:

– Ի՞նչ պետք է արվի, որպեսզի հոգևոր-բարոյական դաստիարակությունը և Ռուսաստանի քաղաքացու անձի զարգացումը իրականացվի դպրոցում: Ինչպե՞ս դրա համար պատրաստել ուսուցիչներ:

– Ուսուցիչը պետք է լինի քաղաքացիական դաստիարակության դրական օրինակ: Եթե նա չի ընդունում Ռուսաստանի ազգային արժեհամակարգը, իմ կարծիքով նա իրավունք չունի մտնելու դասարան: Ուսուցչի կողմից Հայեցակարգի իրականցման հիմնախնդիրն այսօր առանցքային, բարդ, բայց ամենաէականն է: Համապատասխան պատրաստվածությունը պետք է ապահովեն մանկավարժական բուհերն ու որակավորման դասընթացները, կողմնորոշիչները կտրվեն ուսումնական և դաստիարակչական օրինակելի ծրագրերում:

Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել բարձրագույն մանկավարժական կրթության չափանիշներիր վրա: Այսօր դրանք ենթադրում են առարկայական իմացություն և մենք շրջանավարտներից պահանջում ենք քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության և այլնի իմացություն: Բայց մենք չենք պահանջում, որ ապագա մանկավարժները ճանաչեն իրենց պատմությունը, տիրապետեն ընտանիքների հետ աշխատանքի հմտությունների, փոխգործակցեն հասարակական կազմակերպությունների, հարանվանությունների հետ: Բարձրագույն մանակվարժական կրթության համակարգը պետք է դառնա հանրակրթական չափորոշիչների իրացման ռեսուրս, իսկ դա նշանակում է, որ ուսուցիչների պատրաստման չափորոշիչներում պետք է ամբողջությամբ հաշվի առնվեն Հայեցակարգի դրույթները: Ենթադրում եմ, որ սա մոտ ապագայի հարց է:

– Հայեցակարգում նշված է դպրոցի և սոցիալականացման մյուս ինստիտուտների գործընկերային հարաբերութունների մասին, այդ թվում, նաև կրոնական: Ձեր կարծիքով, հարաբերությունների ինչպիսի՞ ձևաչափ է հնարավոր կրոնական կազմակերպությունների հետ:

– Մենք ստեղծել ենք չափորոշիչ, որպես հասարակական պայմանագիր, որպես համաձայնագրային նորմ, և մնացած բոլոր չափորոշիչները բաց են եղել հասարակական քննարկման համար, որոնց մասնակցում էին նաև հարանվանությունների ներկայացուցիչներ: Չպետք է հարանվանությունների գործունեությանը վերաբերվել որպես աղանդավորական ծիսական և այլ գործունեության: Դրանք իրականացնում են լուրջ սոցիալական ու հասարակության համար օգտակար աշխատանքներ: Այդ թվում, նրանց ներկայացուցիչները կհամագործակցեն կրթական հաստատությունների հետ, ես չեմ տեսնում դրանում ոչ մի վատ բան: Կարևոր է, որ այդ համագործակցությունը նպաստի նպատակների իրականացմանը, որոնք հասարակությունն ու պետությունը դնում են հանրակրթական համակարգի առջև: Հենց այդպիսի համագործակցությունն էլ հանդիսանում է անքակտելի մասը քաղաքացիական հասարակության, որի մասին այդքան գրվում է, բայց ոչ միշտ են հստակ պատկերացնում, թե դա ինչ է:

– Ինչպե՞ս է ծնվել Հայեցակարգի գաղափարը, ինչպե՞ս է այն մշակվել:

– Երբ մենք խոսում ենք այս կամ այն ծրագրի իրականացման մասի, ապա պետք է հասկանանք, թե ի՞նչ արդյունքի ենք ձգտում հասնել: Հենց սկզբից մենք հայտարարում էինք, որ չափորոշիչների հիմքում դրված է բաց քաղաքացիական հասարակության կառուցման գաղափարը և քաղաքացիական հասարակության հիմնարարա արժեքները: Սկզբում մենք ձևակերպեցինք այն պահանջները, որոնք պետք է համապատասխանի Ռուսաստանի շրջանավարտը: Այսպես չափորոշիչների նախագծում ծնվեց «շրջանավարտի դիմանկարը»:

Այնուհետ, երկրի նախագահի ելույթում նշվեցին Ռուսաստանի արժեքները: Այդ պահին պարզ դարձավ, որ անհրաժեշտ է փաստաթուղթ, որը կարտացոլի այդ արժեքները և թույլ կտա ձևակերպել հանրակրության և կոնկրետ կրթական հաստատության հիմնական պահանջները: Այսպես ծնվեց հոգևոր-բարոյական դաստիարակության և զարգացման Հայեցակարգը:

Փաստաթղթի ստեղծման համար միավորվեցին երեք գիտնականներ: Ես շնորհակալ եմ ՌԿԱ ակադեմիկ Վալերի Տիշակովին, որի օգնությամբ մենք կարողացանք իրականացնել չափորոշիչների փիլիսոփայական հիմնավորումը, հիմնավորել մեծ ռուսական մշակույթի շրջանակներում բազմամշակութայնության, այսինքն, բոլոր ազգերի և էթնոսների հավասարության հայեցակարգը` որպես ռուսական դպրոցի գործունեության հիմք:

Ես շնորհակալ եմ նաև ՌԿԱ թղթակից անդամ Ալեքսանդր Դանիլյուկին, որն առաջին հերթին զբաղվում էր աճող սերնդի հոգևոր-բարոյական զարգացման ապահովման հոգեբանամանկավարժական կողմի ապահովմամբ:

Գրեթե կես տարվա ընթացքում մեզ հաջողվեց պատրաստել հայեցակարգը և քննարկել այն հասարակական և այլ կազմակերպություններում, ստանալ առանձին կրոնական կազմակերպությունների աջակցությունը: Քննարկումները շարունակվում են, և բոլորը կարևորում են դրանում հանդուրժողականությունն ու բարյացակամությունը տարբեր սոցիալական խմբերի նկատմամբ և ժամանակակից դպրոցների աշխատանքի համար:

 
Նյութը պատրաստեց` Արմինե Դավթյանը