Բոլոր ճանապարհները տանում են Հռոմ

  • 02/04/2011
  • Վլադիմիր Բաղդասարյան

Օրերս Lragir.am-ում տպագրվել էր Սևանի Ավետարանի հավատքի քրիստոնյաների եկեղեցու հովիվ Վլադիմիր Բաղդասարյանի նամակ, որտեղ նա գրում էր, որ «Շանթ» հեռուստաընկերության լրագրողները ներխուժել են իրենք տարածք և առանց թույլտվության նկարահանումներ կատարել, որից հետո Սևանի դատախազությունը գործ է հարուցել իրենց նկատմամբ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար: Ներկայացնում ենք պարոն Բաղդասարյանի հետ հարցազրույց:

– Պատվելի, երկու խոսքով կներկայացնե՞ք ձեր ղեկավարած եկեղեցին:

– Մեր եկեղեցին Հայաստանի Ավետարանի հավատքի քրիստոնյաների Եկեղեցու Սևանի տեղական միավորն է: Այն ունի մոտ 40 տարվա պատմություն և ավելի քան 1000 հետևորդ: Եկեղեցին գործում է Սևան քաղաքում և նրա շրջակա բնակավայրերում:

– Նշեցիք, որ 40 տարի է, ինչ եկեղեցին գործում է: Եթե հանենք սովետական ժամանակաշրջանը, կարո՞ղ ենք գնահատել անկախության շրջանում եկեղեցու վիճակը:

– Ընդհանրապես քաղաքի ղեկավարության հետ խնդիրներ չեն եղել, և ունեցել ենք նորմալ հարաբերություններ: Ընդ որում` այդ հարաբերությունները պահպանվել են բոլոր քաղաքապետերի պաշտոնավարման օրոք: Ժամանակին խնդիրներ առաջացրել են Հայ առաքելական եկեղեցու ծառայողների կողմից` հիմնականում փնովանքներ և մեղադրանքներ, բայց հիմնականում ձգտել ենք ունենալ խաղաղ հարաբերություններ թե՛կրոնական առումով, թե՛ քաղաքական:

– Հայ առաքելական եկեղեցու սպասավորների հետ ինչպիսի՞ հարաբերություններ ունեք:

– Ես միշտ ձգտել եմ, որ հարաբերությունները ոչ թշնամական լինեն, այցելել եմ բոլոր քահանաներին (բոլորին ճանաչում եմ) և փորձել եմ վերացնել լարվածությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչո՞ւ եղբայրը եղբորը մահվան մատնի: Սակայն չեմ կարող ասել, որ նման վերաբերմունքը փոխադարձ է եղել:

– Ինչպե՞ս կբացատրեք վերջին շրջանի իրադարձությունները, որոնք դուք ներկայացրել եք նամակում

– Ենթադրում եմ, որ պղտոր ջրում ձուկ բռնելու սկզբունքով յուրաքանչյուրը ցանկանում է իր նպատակին հասնել: Օրինակ` կարծեմ «02» հաղորդման ժամանակ էր, որ հայտարարեցին` Սևանում կրկնակի սպանություն կատարողը Եհովայի վկա էր, որից հետո խոսեց վանքի քահանան և հայտարարեց, որ եթե չեք ուզում նման բաներ տեղի ունենան, եկեք մեզ մոտ: Սա ինքնին ինչ-որ բան ասում է: Դրանից հետո հանդիպեցի մեկ այլ քահանայի, ով նույնպես հանդիպել էր այդ լրագրողներին, և նա ասաց, որ լրագրողները նույնիսկ իր նյութն են մոնտաժ արել` կտրելով այն հատվածը, որտեղ նա նշում է. «Համոզված չեմ` այդ մարդը Եհովայի վկա է, թե ոչ, որովհետև չեմ ճանաչում»: Խոսելով նշված դեպքի մասին` քահանան ասաց, որ իրեն զանգեցին և ասացին. «Վեր կացեք ու լրագրողներին ընդունեք և տարեք սպանության վայրը: Այնուհետև իրենք հարցրել են ձեր մասին, ես էլ իրենց բերել եմ այստեղ»: Սա էր նրա մեկնաբանությունը:

– Փաստորեն այդ հոգևորակա՞նն էր լրագրողներին բերել ձեր մոտ:

– Այո, երկու քահանա: Տեղ հասցնելուց հետո նրանք կանգնել են դրսում, իսկ լրագրողները ներս են մտել:

– Իսկ դեպքից հետո նրանք որևէ կերպ միջամտե՞լ են կամ սաստե՞լ են լրագրողներին:

– Ես վստահ չեմ, որ նման բան ասել են, որովհետև դեպքից հետո նրանք լրագրողներին հարցազրույց են տվել: Հաղորդման ժամանակ պետք է նկատելի լինի, որ նրանք կանգնած էին եկեղեցու կիսակառույց շինության կողքին և զավեշտալի է, որ մեր մասին ասում էին` Նրանք հավաքվում են նախկին կինոթատրոնի շենքում, և իրենք կանգնած են կիսակառույց եկեղեցու ֆոնի վրա` չցանկանալով ասել, որ այդ եկեղեցին կանգնած է Սևանում վերջին տարիներին կառուցված և իրենց կողմից հիմնովին քանդված կինոթատրոնի տեղում:

– Իսկ ո՞րն էր հենց այդտեղ կառուցելու իմաստը: Կողքին ազատ տարածքնե՞ր չկային:

– Չեն կարող ասել, բայց որպես փաստ` կառուցելու համար պիտանի ազատ վայրերը բավականին շատ են:
Եթե քաղաքի պատմությանն անդրադառնանք, ապա մոտ 200 մետր հեռու եղել է եկեղեցի, որը կոմունիստների ժամանակ կիսաքանդ է եղել և հիմա կիսավերակ վիճակում է: Եթե նրանք ցանկանային պատմական արդարությունը վերականգնել, ապա կարող էին հենց այդ եկեղեցին վերակառուցել: Երևի պատճառն այն է, որ դա կենտրոնական տեղում է (ընդ որում, իրենք բացի այդ տեղից` վերցրել են նաև մշակույթի պալատը): Թեկուզ և դա լավ է. ներեցեք արտահայտությանս համար, բայց ավելի լավ է եկեղեցի կառուցվի, քան կազինո:

– Կարո՞ղ եք կարճ ներկայացրել ձեր հետ պատահած դեպքը: Ենթադրում ենք` ոչ բոլորն են կարդացել մամուլում տեղ գտած ձեր նամակը:

– Բոլորիս հայտնի կրկնակի սպանությունից հետո լրագրողներ եկան Սևան` հիմնականում մեզ պախարակելու նպատակով: Իրենց հայտարարած նպատակը` հեռուստանյութն ամբողջական դարձնելն էր, սակայն իրական նպատակն այլ էր: Եկել էին շփոթեցնող, մարդու արժանապատվությունը վիրավորող սադրիչ հարցեր տալու, առանց թույլտվության ներս էին մտել, և երբ ես իրենց առաջարկեցի դադարեցնել նկարահանումը և դուրս գալ, աղմուկ բարձրացրեցին: Իրենց ասելով` իմ խնդրանքից հետո չեն նկարահանել, բայց որքան նկատելի էր` մինչև վերջ էլ նկարում էին:

– Ըստ իրենց` ձեր կողմից ֆիզիկական միջամտություն է եղել:

– Իհարկե, նման բան ասում են: Սակայն ամբողջական տեսագրությունը պետք է ապացուցի` դա եղե՞լ է, թե՞` ոչ: Ես իրենց պարզապես ասել եմ, որ այստեղ մասնավոր սեփականություն է, որտեղ գտնվելու իրավունք չունեք և պետք է դուրս գաք:

– Հետո կանչեցին հարցաքննությա՞ն:

– Ինձ առաջին անգամ կանչեցին հարցաքննության` ասելով, որ մարզային դատախազությունը գործ է հարուցել այդ առումով և հարցեր տվեցին, որոնց ես պատասխանեցի: Ես նշեցի, որ նրանք, ապօրինի կերպով առանց վկայականներ ցույց տալու ներխուժել են մասնավոր սեփականություն հանդիսացող տարածք և առանց թույլտվության նկարահանումներ կատարել, իսկ ես նրանց պարզապես խնդրել եմ դուրս գալ և ավելացրեցի, որ ասվածն իրազեկման համար բավարար համարելով` հրաժարվում եմ մյուս հարցերին պատասխանելուց: Երկրորդ անգամ կանչեցին` հայտնելով, որ հետաքննություն է նշանակվել և պետք է վկաներին հավաքել, քանի որ այդ մարդիկ բողոքներ են ներկայացրել, որ դուք խոչընդոտել եք լրագրողական օրինական գործունեության իրականացմանը, իսկ այնուհետև` ծեծել եք: Նրանք նշեցին, որ ապացույցներ կան` հանձին տեսագրության, սակայն հրաժարվեցին այն ցուցադրելուց` ասելով, որ` ոչ, մենք ձեզ ենք հարցաքննելու: Հարցաքննվեցին նաև երկու քահանաները, որոնք հաստատեցին, որ լրագրողներն իրենց խիստ լկտի են պահել, իսկ մի աղջկա հասցեին էլ գռեհիկ և նվաստացուցիչ արտահայտություն արեցին: Դա «Շանթ» հեռուստաընկերության լրագրող Արծվի Սուքիասյանն էր: Նա նաև հրաժարվեց ներկայանալ` պատճառաբանելով, որ ինքը լրագրող է, և իրեն ամբողջ աշխարհը ճանաչում է:

– Իսկ քրեական գործ ՔՕ ո՞ր հոդվածով է հարուցված:

– 164 հոդվածով` «Լրագրողի օրինական գործունեությանը խոչընդոտում»:

– Ինչպիսի՞ն էր քննիչների վերաբերմունքը ձեր նկատմամբ:

– Քննիչը մի երիտասարդ էր` Արամ Մարտիրոսյան: Սկզբում նրա վերաբերմունքը շատ քաղաքավարի էր, բայց վերջին անգամ վերաբերմունքն արդեն այլ էր: Բոլոր տեղերից, որտեղից հետաքրքրվում ենք, պատասխանում են, որ սա պատվիրված գործ է` ուղղված կոնկրետ ձեր դեմ:

– Իսկ ձեր կարծիքով ո՞վ է պատվիրել:

– Միջնադարում արտահայտություն կար` Բոլոր ճանապարհները տանում են դեպի Հռոմ:

– Վերջին շրջանում ԶԼՄ-ներում և մասնավորապես, հեռուստատեսությամբ, հաճախ են հանդիպում այլ կրոնական կազմակերպությունների հանդեպ ոչ միանշանակ գնահատական պարունակող նյութեր: Դա որևէ ազդեցություն թողնո՞ւմ է ձեր նկատմամբ վերաբերմունքի վրա:

– Բնականաբար: Ապատեղեկատվությունը մարդկանց շրջանում առաջ է բերում մի կողմից լարվածություն և ապակողմնորոշում, իսկ որոշ դեպքերում` ընդգծված թշնամանք:

 

Հարցազրույցը վարեց Արթուր Ավթանդիլյանը

religions.am