Պետությունն ու եկեղեցին չեն սերտաճում, ցավոք սերտաճում են ստվերն ու եկեղեցին

  • 23/06/2015
  • Վարդան Ջալոյան

  • մշակութաբան

– Վերջին շրջանում մեծ թափ է ստանում եկեղեցաշինությունը , որի հովանավորները հիմնականում խոշոր գործարարներ են և ստվերային  տնտեսական գործունեությամբ հայտնի պետական պաշտոնյաները: Ո՞րն է այդ աննախադեպ եկեղեցաշինության նպատակը:

– Նախ և առաջ հիշենք մեր  պատմությունը և փորձենք հասկանալ, թե որո՞նք են եղել նման գործունեության դրդապատճառները նախորդ դարերում: Գուցե պատմական ակունքներին գնալը մեզ օգնի հասկանալ ներկան: Կարծում եմ, որ այսօրվա համակարգը շատ նման է Պարսկաստանի հայ համայնքի  խոջայական համակարգին, կամ Օսմանյան կայսերության ամիրաների համակարգին: Հիշե՛նք, որ առևտրային կապիտալը և եկեղեցին 17-18-րդ դարերում սերտաճած էին: Այն ժամանակ եկեղեցին ստանում էր մեծածավալ բարեգործական դրամական նվիրատվություններ: Գոյություն ուներ հատուկ մասնահիտություն` վեքիլներ[1]Վեքիլ-արաբերեն` լիազոր, տեղակալ, տվյալ դեպքում` ֆինանսական լիազոր:, այսինքն հոգևորականների վստահված անձիք, ովքեր պետք է այդ գումարները շրջանառության մեջ դնեն և ստանան շահույթ: Եկեղեցին միաժամանակ առևտրային գործունեություն էր իրականացնում:

Երկրորդ, եկեղեցին իրականացնում էր մուրհակների շրջանառություն, օրինակ` գումարը հանձնվում էր էջմիածնի կամ  Իզմիրի եկեղեցուն, որը չգիտես ինչու ենթարկվում էր Էջմիածնին, այլ ոչ թե Պոլսո պատրիարքարանին , որից հետո ներկայացնել մուրհակը գումարը կարելի էր ստանալ ասենք Աստրախանի եկեղեցում:  Այսինքն արժեթղթեր էր վաճառում: Բացի այդ, եկեղեցին Պարսկաստանի և Օսմանյան կայսրության կողմից ստանում էր վակֆ`[2]Վակֆ (արաբ․ բառացի՝ կանգ առնել, դադար առնել, անշարժանալ), իսլամադավան երկրներում, սկսած արաբական տիրապետության ժամանակաշրջանից, պետության, ֆեոդալների և ունևոր հավատացյալների կողմից մզկիթներին, եկեղեցիներին (իսլամահպատակ քրիստոնեական երկրներում), բարեգործական կամ ուսանողական հաստատություններին որպես հավիտյանս անօտարելի, ապահարկ սեփականություն` նվիրաբերված հողային տիրույթներ ու այլ եկամտաբեր սեփականություն։ այսինքն անձեռնմխելի տարածքներ, որը նաև կատարում էր ապրանքային պահեստի գործառույթ և հանդիսանում էր ամենաապահով վայրերից մեկը:

Եվ երրորդն, իհարկե, գաղափարախոսական դերն էր: Եկեղեցի կառուցող անձը կարծես թե դառնում էր անձեռնմխելի անձ հասարակության համար: Եթե նայենք, թե եկեղեցին այսօր ի՞նչ դեր է կատարաում, ապա կտեսնենք, որ այն  բացահայտ կերպով ո՛չ մուրհակների շրջանառության, ո՛չ վեքիլույթան հետ կապ չունի, հետևաբար մնում է դրա գաղափարախոսական նշանակությունը:

Ինչպես նշեցինք, միջին դարերում եկեղեցի կառուցողը` ամիրան կամ խոջան  հասարակության համար դառնում էր անձեռնմխելի անձ և այդ անձեռնմխելիությունն ապահովում էր եկեղեցին: Այսօր այդ գործառույթը պահպանվել և փոքր ինչ տրանսֆորմացիաների է ենթարկվել: Խնդիրն այն է, որ այսօր ոչ մի կապիտալ Հայաստանում չի կարող լեգիտիմ համարվել: Դրանք իրենց ծագումով կա՛մ ստվերային են, կա՛մ քրեական: Որպեսզի դուք կարողանաք լեգիտիմացնել ձեր բիզնես գործունեությունը և հիմնավորեք, թե ինչ միջոցներով եք կառուցել այս կամ այն գործարարական հիմնարկը, նախ պետք է եկեղեցի կառուցեք, որից հետո  կարող եք անգամ պոռնկատուն կառուցել, ձեր գործունեությունն այս դեպքում դառնում է «լեգիտիմ»:

Քանի որ այսօր բիզնեսի լեգիտիմությունը ապահովելու համար այլ գործիքներ չկան, որպեսզի հասարակության և իշխանությունների առջև այդ գործողություններն արդարացվեն, ապա այս ձևը կարծես թե փորձում են վերակենդանացնել: Հիշե՛ք վերջին դեպքերը` կապված Գագիկ Ծառուկյանի հետ, երբ Սերժ Սարգսյանը  նրան հարց է տալիս, թե ի՞նչ գումարներով է նա բարեգործություն անում: Այսինքն ստացվում է, որ նույնիսկ բարեգործություն անելն այս երկրում լեգիտիմ չէ, դրանից առաջ անհրաժեշտ է երևի եկեղեցի կառուցել: Երբ Ծառուկյանը եկեղեցիներ է կառուցում, Սարգսյանը րի հարցնում, թե ի՞նչ գումարներով է նա դա անում:

– Բայց  եկեղեցին, այնուամենայնիվ,  սկզբնական փուլում չընդունեց Գագիկ Ծառուկյանի եկեղեցին:

– Խնդիրը նրանում է, որ Սերժ Սարգսյանը նրան  չհանդիմանեց եկեղեցիներ կառուցելու համար, բայց հանդիմանեց բարեգործության համար: Սա նշանակում է, որ բացի եկեղեցաշինությունից, ոչ մի գործունեություն լեգիտիմ չի համարվում, նույնիսկ` բարեգործությունը: Օրինակ`, դուք չեք կարող ժամանակակից արվեստի թանգարան բացել, դա կլինի ոչ լեգիտիմ նախաձեռնություն:

– Ստացվում է, որ եկեղեցաշինությունը հովանավորում, արդարացնում է ոչ լեգիտիմ կապիտալը:

– Դե՛ իրհարկե, սակայն հասարակությանն ավելի դուր է գալիս, երբ օլիգարխիան բարեգործությամբ է զբաղվում, այլ ոչ եկեղեցաշինությամբ: Այլ բան է իշխանության մոտեցումը:

– Հայտնի է, որ եկեղեցին շատ լուրջ ֆինանսական գործունեությամբ է զբաղվում, հանդիսանում է խոշորագույն հարկատուներից մեկը, խոշոր եկեղեցական աստիճանավորները հայտնի են իրենց ֆինանսա-տնտեսական գործունեությամբ, մասնավորապես հիշենք  հայտնի օշֆորային դեպքը:

– Դա վեքելության տիպիկ օրինակ է: Չէ որ եկեղեցին ստանում է նվիրատվություններ և այսօր էլ կա անհրաժեշտություն այդ գումարները դնել շրջանառության մեջ: Հարկավոր է վեքիլության ինստիտուտ ձևավորել, պետք է լինեն գործարարներ և մենեջերներ, ովքեր այդ դերը կստանձնեն:

– Կարևոր է նաև, թե նվիրատվություններն ու գումարները որտեղ են ներդրվում` եկեղեցաշինությա՞ն, թե՞ սոցիալական ծրագրերի մեջ: Եթե այս տեսանկյունից դիտենք, ապա եկեղեցին գերակայությունը տալիս է եկեղեցաշինությանը:

– Կարող եմ Մխիթարյան միաբանության օրինակ բերել, որն իր գումարները ներդրեց շինարարության մեջ, այդ շինարարությունը պատկանում էր մաֆիոզներին և դրանք պարզապես ոչնչացվեցին և Մխիթարյան միաբանությունը հայտնվեց շատ ծանր վիճակի մեջ: Աշխարհի բոլոր ավանդական եկեղեցիներն ունեն իրենց ֆինանսական գործունեության ոճը և նման դեպքեր հաճախ են պատահում: Հետևաբար, մենք կարող ենք ասել, որ եկեղեցական գումարների որոշակի ապահովագրություն պետք է լինի, այն պետք է տնօրինեն մարդիկ, ովքեր կապված են եկեղեցու հետ: Իսկ ի՞նչն է հանդիսանում կապվածության ցուցանիշը` կարելի է ասել, որ այսօր շատերի համար դա վեքիլի հովանավորությամբ կառուցած եկեղեցիների քանակն ու որակն է:

– Նախկինում  եկեղեցին էր իշխանության լեգիտիմություն շներհւոմ: Արդյո՞ք այսօր Հայաստանում եկեղեցին նման դերակատարություն ունի:

– Նախկին ասելով նկատի ունե՞ք օրինակ այն, որ եկեղեցին հայտարարում էր ցարիզմի իշխանությունը Աստծուց, կամ երբ քարոզում էր հնազանդությո՞ւն: Պետք է ասեմ, որ ոչ բոլոր եկեղեցիներն են հնազանդություն քարոզում: Հնազանդության քարոզը հատուկ է միայն ավանդական թևին: Այս առումով եկեղեցին երբեք չի լեգիտիմացրել իշխանությունը: Բայց, ելնելով քրիստոնեության որոշակի դրույթների մեկնաբանությունից, քարոզվում էր, որ անկախ նրանից, թե ով է իշխանության գլուխը, պետք է հնազանդ լինել իշխանությանը: Սա տարբերվում է կաթոլիկական մոտեցումից, որտեղ խոսվում է, որ թագավորը սուրբ է և օրինակ, ֆրանսիայի թագավորներից շատերը, կարծում էին, թե իրենք կարող են նույնիսկ ձեռնադրությամբ հիվանդություններ բուժել: Բայց սովորոբար,սկզբնական քրիստոնեության մեջ իշխանություններին մեծ կարևորություն չի տրվում:

– Վերջերս ՌԴ նախագահը հայտարարեց, որ ուղղափառությունն ավելի մոտ է իսլամին, քան կաթոլիկությունը: Ի՞նչ կասեք դրա մասին:

– Ուղղափառությունը և կաթոլիկությունը քաղկեդոնական քրիստոնեության երկու ճյուղերն են, ընդունում են առաջին յոթ տիեզերաշողովները և այլն: Նրանց միջև հարաբերությունները սկսեց առաջանալ, երբ 800 թ. Գրիգորի պապը Կառլոս Մեծին հռչակեց կայսր: Այսինքն ուղղափառության և Կաթոլիկ եկեղեցու վեճը աշխարհքաղաքական էր: Մյուս կողմից իսլամը ավելի խիստ  մոնոթեիստական ուսմունք է և ի տարբերություն քրիստոնեությանը` իր երեք դեմքերով, երկու բնությամբ և այլն: Պուտինը նկատի ունի, հավանաբար, ոչ թե աստվածաբանական, այլ աշխարհքաղաքական կողմը, այսօր Ռուսաստանը դաշնակիցներ է փնտրում Արևմուտքին հակադրվելու համար:

– Եթե պատմական վերլուծություն ենք կատարում, ստացվում է, որ եկեղեցու և պետությանը սերտաճմանը զուգընթաց տեղի է ունենում հասարակական-մշակութային արժեհամակարգային տրանսֆորմացիաներ: Որքանո՞վ է այսօր եկեղեցու արժեհամակարգը նպաստում հասարակական արժեհամակարգի ձևավորմանը. ընտանիքի, կրթության, մշակույթի, հայրենիքի նկատմամբ արժեքային վերաբերմունք, մշակույթի ձևավորում:

– Նախ և առաջ պետությունն ու եկեղեցին չեն սերտաճում, ցավոք սերտաճում են ստվերն ու եկեղեցին: Մյուս կողմից եկե՛ք քննարկենք եկեղեցու մշակութային գործառությունը: Միջնադարում մենք տեսնում ենք, որ աստվածաբանությունը հանդիսանում էր ռացիոնալությունը, մարդկային բանականությունը պաշտպանող հաստատություն` ընդդեմ սնահավատությանն ու տգիտությանը: Ինչպես հայկական, այնպես էլ արևմտյան ախոլաստիկայի հիմքը Արիստոտելի փիլիսոփայությունն էր: Տեսեք, թե որքան է մեր միջնադարում մեկնաբանվել Արիստոտելի տրամաբանական գործերը: Արիստոտելի բնագիտությունը չնայած փորձարարական չէ, բայց ռացիոնալ է:

Կարող ենք ասել որ միջնադարում գոյություն ուներ որոշակի ներդաշնակություն գիտության և աստվածաբանության միջև: Քրիստոնեության համար կարևոր է, որ գիտությունը գտնվի որոշակի մակարդակի վրա, որովհետև, եթե գիտությունը հետընթաց ապրեց, ապա արժեհամակարգը ևս հետընթաց կապրի: Այսօր մենք տեսնում ենք, որ Հայաստանում գիտության և եկեղեցական աշխարհայացքի միևջև կոնֆլիկտ գոյություն ունի, իսկ սա նշանակում է, որ եկեղեցին նպաստում է ոչ թե բանականության ու ռացիոնալության զարգացմանը, այլ ընդհակառակը` դեմ է գնում դրան:

Այստեղից էլ բխում է երկրորդը`այն ինչ մենք կոչում ենք բարոյականություն: Կցանկանայի հիշեցնել, որ այն , որ եկեղեցին իրեն վերապահում է վերահսկողական գործառույթներ, պատմական մեծ սխալ է: Դեռ Պետրոս առաքյալն էր ասում, որ եթե բարոյականությունը կենդանի է, ապա մեռած է մարդը, քանի որ, երբ բարոյականությունը կենդանի է, կենդանի է նաև մեղքը: Այսինքն, երբ գոյություն ունի բարոյականություն (առաքյալն օգտագործում է «օրենք» եզրը), մարդն է ենթարկվում դրան, այս տեսակետից մարդը թաղված է մեղքերի մեջ: Իսկ երբ մարդը կենդանի է, նա ազատ է օրենքից, որովհետև Հիսուս Քրիստոս նրան տվել է մեղքերի թողություն ու նա ազատ է մեղքից: Սա Դոստոևսկու Մեծ Ինկվիզիտորի երկընտանքն է:

Այսօր, երբ խոսքը գնում է եկեղեցու «ոստիկանական»  գործառույթների մասին, ապա սա գալիս էամբողջատիրական ժամանակներից, երբ եկեղեցին պետականացվեց: Հետևաբար, այն պետք է կատարարեր պետական չինովնիկի գործառույթներև եկեղեցականները ստանում էին պետական աշխատավարձ: Հետևաբար եկեղեցին պետք է գործեր բացարձակ միապետության օգտին, իսկ նման համակարգերում բարքերի ազատությունը մեծ վտանգ էր համարվում: Եկեղեցու բարոյականության քարոզչությունը արմատներով կապվում է բացարձակապատության այս իդեալին: Բայց հենց մարդը դառնում է պետական չինովնիկ, ըստ Պողոս առաքյալի, այլևս երկնքի արքայության քաղաքացի չէ: Սա միանշանակ է:

– Ռուսաստանում  հանրակրթություն են մտցվում դասագրքեր, որոնց նպատակն է քարոզել ընտանեկան և այլ արժեքներ` եկեղեցու արժեքներին համապատասխան: Ի՞նչ եք կարծում, սա հասարակական արժեքների կրոնականացման առումով իր մեջ վտանգ չի՞ պարունակում:

– Նման դեպքերում եկեղեցին գիտկակցաբար, թե անգիտակցաբար դառնում է պետական չինովնիկ, երկրորդ, նա զրկվում է իր հոգևորի հիմնական էությունից, հետևաբար, այն, որ նա պետք է հանդես գա մյուս հոգևոր գործունեությունների հետ միասին` գիտության, արվեստի, գրականության, երաժշտության հե, որոնք համարժեք հոգևոր ոլորտներ են, կտրվում է դրանցից: Ես ամենից շատ մտավախություն ունեմ, որ եկեղեցին զբաղվելով չինովնիկական գործունեությամբ, ինքն իրեն կզրկի հոգևոր հաստատություն լինելու կարգավիճակից:

– Որո՞նք են «հոգևորի» և «կրոնականի» սահմանները:

– Կրոնը, գիտությունը և արվեստը հոգևորի տարբեր ճյուղերն են:

– Մեր հասարակությունը կրոնակա՞ն է, թե` հոգևո՞ր:

– Եթե մեր հասարակությունը գիտությանն ու արվեստին նույնքան ուշադրության արժանացներ, որքան կրոնին, ես կասեի, որ մեր հասարակությունը ձգտում է դառնալ հոգևոր, իսկ քանի որ դա այդպես չէ, ես կասեի, որ եկեղեցին հասարակության մեջ չի դիտվում որպես հոգևոր հաստատություն:

– Ինչի՞  կարող  է հանգեցնել հասարակության կրոնականացվածությունը:

– Մենք կարող ենք ասել, հասարակությունը առողջ է, եթե նրա հոգևոր ոլորտները` արվեստը, գիտությունը և կրոնը գտնվում են ներդաշնակ զարգացման բարձր մարկարդակների վրա: Օրինակ`. Ֆրանսիայում գիտությունն ու արվեստը հասարկական աշխարհայացքում գտնվում են շատ բարձր մակարդակների վրա: Այնտեղ գիտությունը, արվեստը գրեթե հասարակական պաշտամունքի են հասցված: Բայց դա չի խանգարում, որ այնտեղ կրոնի հոգևոր մակարդակը ևս գտնվի բարձրունքի վրա: Պարզագույն օրինակ դիտարկենք, երբ որևէ հասարական հնչեղության երևույթի համար պետք է լինում ոտքի կանգնել, Ֆրանսիայում միլիոնավոր մարդիկ են դուրս գալիս, իսկ Ռուսաստանում` հարյուրավորներ: Այստեղից կարելի է հասկանալ հասարակության անտարբերության աստիճանը և գուցե՛, նաև դրա պատճառները:

 

Արմինե Դավթյան

Հատուկ religions.am կայքի համար

References   [ + ]

1. Վեքիլ-արաբերեն` լիազոր, տեղակալ, տվյալ դեպքում` ֆինանսական լիազոր:
2. Վակֆ (արաբ․ բառացի՝ կանգ առնել, դադար առնել, անշարժանալ), իսլամադավան երկրներում, սկսած արաբական տիրապետության ժամանակաշրջանից, պետության, ֆեոդալների և ունևոր հավատացյալների կողմից մզկիթներին, եկեղեցիներին (իսլամահպատակ քրիստոնեական երկրներում), բարեգործական կամ ուսանողական հաստատություններին որպես հավիտյանս անօտարելի, ապահարկ սեփականություն` նվիրաբերված հողային տիրույթներ ու այլ եկամտաբեր սեփականություն։