Սուրբ Ստեփանոս վանքը (նաև՝ Մաղարդավանք) 9-րդ դարի հայկական կրոնական համալիր Իրանի հյուսիսում, 15 կմ դեպի հարավ-արևմուտք հեռավորության վրա Ջուղա քաղաքից, Արաքս գետի աջ ափին բարձրացող Մաղարդա լեռան լանջին, հայկական Դարաշամբ բնակավայրից (այժմ՝ լքված) մոտ 1 կմ արևելք։
Հետագա դարերում մի քանի անգամ վերանորոգվել է։ 2008 թ. այն գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության համաշխարհային ժառանգության մեջ Սուրբ Թադևոսի վանք և Ծոր Ծոր վանքերի հետ միասին, Հայկական եկեղեցիները Իրանում» անվան տակ։
Կիսաշրջանաձև բուրգերով ուժեղացված պարիսպներով շրջապատված ուղղանկյուն համալիրի շենքերը խմբավորված են երկու բակերում, որոնցից հյուսիսում են գտնվում Սբ. Ստեփանոս եկեղեցին՝ հարավից կից երկհարկ եռաստիճան զանգակատնով, և Սբ. Պողոս-Պետրոս միանավ թաղածածկ եկեղեցին։ Դեղնա-կարմրավուն ֆելզիտային տուֆի մաքուր տաշված քարերով կառուցված Սբ. Ստեփանոս եկեղեցին ներքուստ խաչաձև է, եռախորան, արևմտյան ուղղանկյուն թևով, արտաքուստ՝ ուղղանկյուն։ Պատերը ներսից աղյուսապատ են և սվաղված։ Խորանները յոթանիստ են, անկյունային սենյակները՝ երկհարկ։ Վերնահարկ ունի նաև արևմտյան խաչաթևը։ Զարդարված է XVII դ. և 1826 թ.-ի որմնանկարներով։ Կամարաշարով ու պատկերաքանդակներով հարդարված 16-նիստանի թմբուկով գմբեթը պսակվում է հովանոցաձև վեղարով։ Ուշ միջնադարի հայ ճարտարապետության մեջ Սբ. Ստեփանոս եկեղեցին առանձնանում է իր գեղեցիկ հարդարանքով։ Այստեղ ճակատների հետ ներդաշնակ ամբողջություն են կազմում ավետարանական թեմաներով բազմաթիվ պատկերաքանդակները և զարդաքանդակները (որոնցով հագեցած են բոլոր պատերը և գմբեթը), իսկ ներսի հետ՝ զարդանկարները և որմնանկարները։ Գմբեթի թմբուկի նիստերին 12 առաքյալների լուսապսակով դիմաքանդակներն են, իսկ աշխարհի չորս կողմերին նայող նիստերին՝ «Քրիստոսը գահի վրա», ներքևում՝ չորս ավետարանիչների խորհրդանիշներով (արևմ.), ինչպես նաև Աստվածածնի (հս.), Հովհաննես Մկրտչի (արլ.) և Գրիգոր Լուսավորչի (հվ.) պատկերաքանդակներն են։
Լուսանկարները՝