Բուխարեստի Ս. Հրեշտակապետաց Եկեղեցին 100 Տարեկան Է

Բուխարեստի Ս. Հրեշտակապետաց եկեղեցին Ռումինիայի մայրաքաղաքի զարդերից է: Եկեղեցին կառուցել է Հովվյան ընտանիքից Հարություն Հովվյանը: Եկեղեցին անվանվեց Միքայել և Գաբրիել հրեշտակապետերի անունով: Նաև անձնական ենթադրությունը այն է, որ եկեղեցին նվիրվեց արտոնություն տվող՝ Միհայիլ կամ–Միքայել–Ռաքովից իշխանին առ ի հաճություն կամ ի երախտագիտություն իշխանին, և այն կոչեցին հանուն Ս. Հրեշտակապետաց` Գաբրիելի և Միքայելի: Եկեղեցու նախնական վիճակը փայտաշեն էր, և դժբախտաբար եկեղեցին 1781 թ. հրկիզվեց: Նույն Հովվյան գերդաստանի թոռները վերակառուցեցին վերոնշյալ եկեղեցին մի քանի տարի, բայց այս անգամ քարաշեն: Համիդյան ջարդերից հետո 1895-1896 թթ. Բուխարեստի հայությունը շատանում է և որոշվում է եկեղեցին հիմնովին վերաշինել:

Բարեպաշտ մի հայուհի՝ Տուտուքա Պըյքըլը, 1897 թ. 20.000 լեյ ոսկի գումար է հատկացնում այս նպատակի համար, վերջինս 1905 թ եկեղեցու ընդարձակման համար տրամադրում է նաև 31.000 լեյ ոսկի գումար: Այս գումարը սակայն անբավարար էր խոշոր եկեղեցի կառուցելու համար:

Եկեղեցու կառուցման համար հարկավոր էր 150.000 լեյ ոսկի գումար: Եկեղեցու կառուցման աշխատանքները սկսելու համար ժողովուրդը նույնպես մասնակցում է այս ծրագրին և գումար տրամադրում, սակայն դա էլ բավարար չի լինում եկեղեցու աշխատանքները սկսելու համար: Եկեղեցական խորհուրդը որոշում է աճուրդով վաճառքի հանել եկեղեցապատկան կալվածքներից՝ եկեղեցուն կից Արմենասկա (հայկական) փողոցի վրա գտնվող երկու շենքեր` 20.000 լեյ ոսկի դրամ, որոնք հետո վերստին, իբրև նվեր պետք է վերադարձվեր համայնքին:

Այդ ժամանակ հայ համայնքի երևելիներից և Բուխարեստի վճռաբեկ ատյանի խորհրդական Գրիգոր Պըյքըլիի ջանքերով, ով նաև մեծ գումար տրամադրեց եկեղեցու կառուցման համար, իր օժանդակությամբ և եկեղեցական խորհուրդի որոշումով, 1910 թ. մարտի 3-ին մասնավոր ճարտարապետ է գնում Մայր Աթոռ Ս. Էջմիածին՝ ուսումնասիրելու Մայր Տաճարը, որի նման կառուցվում է Բուխարեստի Ս. Հրեշտակապետաց Հայոց եկեղեցին:

Ճարտարապետը երեք ամիս մնում է Էջմիածնում: Եկեղեցու հիմնարկեքը կատարվում է 1911 թ., եկեղեցու կառուցման համար հավաքվում է անհրաժեշտ 113,342.50 լեյ ոսկի գումար, և եկեղեցու շինությունը ավարտվում է 1914 թ.: Եկեղեցական խորհուրդը որոշում է, որ եկեղեցու օծումը պետք է կատարվի 1915 թ. սեպտեմբեր 8-ին, ձեռամբ` Տ. Ղևոնդ արք. Դուրյանի՝ ով այդ ժամանակ Բուլղարահայերի հոգևոր առաջնորդն էր: Եկեղեցին այսօր գտնվում է բարվոք վիճակում և զարդարում է Ռումինիայի մայրաքաղաքի սիրտը: Եկեղեցին կառուցվել է strada Armenasca (թրգմ` հայկական փողոց) և Strada Carol I(թրգմ` Կարոլ Ա. փողոց) փողոցները հատող վայրում: Այն գտնվում է Բուխարեստի կենտրոնում և իր հովանու տակ են Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդարանը և Ռումինիայի Հայոց Միությունը: Նոյեմբերի 8-ին Ռումինիայի Հայոց Թեմը մեծ շուքով նշելու եկեղեցու օծման 100-ամյակը:

Տ. Հեթում քահանա Թարվերդյան | Ռումինիայի Հայոց Թեմի Թեմական Քարտուղար