Դադիվանքը (Խութավանքը) պատմական Արցախի վանական համալիրներից է։ Այն գտնվում է Ղարաբաղի և Մռավի լեռնաշղթաների միջև գտնվող մի գեղեցիկ հովտում։
Թադեոս առաքյալի 70 աշակերտներից մեկը՝ Դադին, սպանվել է Արցախի Վերին Խաչեն (Ծար) գավառում։ Դադիի նահատակության վայրում՝ ներկայիս Լեռնային Ղարաբաղի Թարթառ (Տրտու) գետի ձախ ափին, 1-ին դարում հիմնադրվել է Դադիվանքը։ Այն կոչվել է նաև Խութավանք, որովհետև կառուցված է եղել խութի՝ բլրակի վրա։
Դադիվանքն ունի կրոնական և աշխարհիկ մոտիվներով նուրբ խորաքանդակներ, վիմագրեր, բացառիկ ուշագրավ որմնանկարներ։
7-րդ դարոմ արաբական արշավանքների ժամանակ վանքը կողոպտվել է, իսկ 12-րդ դարում թուրք-սելջուկների կողմից բոլորովին ավերվել։
Այս պատմական հուշարձանը 13-րդ դարում կյանքի է կոչել Վախթանգյանների իշխանական տան Վախթանգ իշխանի կինը՝ Արզուխաթունը։ 1214 թ-ին Թարթառ գետի ձախ ափին, Հայոց արևելյան կողմի թագուհու կամքով, հայրենիքի համար զոհված իր երկու որդիների՝ Հասան և Գրիգոր իշխանների և ամուսնու հիշատակին, խաչաձև հիմքի վրա կառուցել է Դադիվանքի չորս եկեղեցիներից գլխավորը՝ Կաթողիկեն։ Կառույցին համահունչ է երկհարկանի զանգակատունը, որի արևմտյան մասում անաղարտ պահպանվել են երկու բարձրարվեստ խաչքարեր։
Լուսանկարները՝ religions.am