Էրմենչիչ վանքը (սերբերեն՝ Манастир Јерменчић, Manastir Jermenčić — Հայկական վանք) Սերբական ուղղափառ եկեղեցու Տիմոկիի թեմին պատկանող եկեղեցի է։ Ըստ ավանդույթի վանքը հայերն են հիմնել։
XIV դարի վերջին, Կոսովայի սերբա-օսմանական հայտնի ճակատամարտից առաջ օսմանցիների կազմում գտնվող մի քանի հազարանոց հայկական գունդը, իմանալով, որ պետք է կռվեն իրենց հավատակիցների դեմ, լքում են օսմանցիների ճամբարը և միանում սերբերին։
Ճակատամարտից հետո հայ զինվորները մնում են Սերբիայում և Օզրեն սարի մոտ բնակավայր են հիմնում՝ Էրմենչիչը։ 1392-ին բնակավայրի մոտ կառուցվում է Էրմենիչիչի վանքը, որտեղ, ըստ ավանդույթի, ծառայել է մոտ 400 վանական։ Ըստ մեկ այլ վարկածի, վանքը հիմնադրել են Թուրքիայից փախած հայ միաբանները։
1796-ին թուրքերը վառում են եկեղեցին, իսկ վանականները լքում են մենաստանը։ 1806-ին այն վերականգնվում է և վերածվում զինվորական հոսպիտալի, սակայն 1815-ին այն նորից է ավերվում և 1892-ին նորից վերականգնվում։ 1926-ին վանքը փլուզվում է և 20-րդ դարի 80-ականներին վերականգնվում է և գործում է մինչ մեր օրերը։