Մակարավանքը` 13-րդ դ. հայկական վանական համալիր

Մակարավանքը 13-րդ դ. հայկական վանական համալիր է, որը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզում, Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին։ Միակ պատմական հիշատակությունը այս վանքի մասին հանդիպում ենք Կիրակոս Գանձակեցու մոտ։ Նա ասում Է, որ Հաթերքի իշխան Վախթանգի կինը` Արզու Խաթունը իր դստեր հետ վարագույր Է գործել նաև Մակարավանքի համար։ Մակարավանքի մասին պահպանվել է մի ավանդություն, որ վանքը կառուցել են Մակար անունով վարպետն ու իր միակ որդին։

Մակարավանքը բաղկացած է հին եկեղեցուց, գլխավոր եկեղեցուց, զավթից, Աստվածածին եկեղեցուց, նշխարատնից, մատուռից, աղբյուրից, պարիսպներից, գերեզմանոցից, բնակելի և օժանդակ շինություններից։ Գլխավոր եկեղեցին գմբեթավոր դահլիճների տիպի միջին չափերի շինություն է, արտաքինից երկարավուն, ներսից խաչաձև հատակագծով, 4 անկյուններում տեղադրված կրկնահարկ խորաններով քառանկյուն։ Հարավային պատի լուսամուտի տակ աչքի է ընկնում մագիլներում ցուլ բռնած արծվի բարձրաքանդակը։ Եկեղեցու հարավային պատի լուսամուտի տակ` ճանկերում հորթ բռնած արծվի բարձրաքանդակ է, որն ուշագրավ է կատարման մեծ վարպետությամբ։ Մակարավանքի ձկան քանդակներն իրենց պլաստիկայով և կատարման ռեալիստական ոճով զուգահեռներ չունեն միջնադարյան հայ արվեստում։ Աստղերից մեկի վրա կերտված է գործիքները ձեռքին եկեղեցու ճարտարապետի դիմաքանդակը և նրա անունը` «Երիտասարդ։ Գավիթը (1224 թ.) Հյուսիսյին կողմից կից է գլխավոր եկեղեցուն։ Երկու եկեղեցիները դռներով հաղորդակցվում են գավթի հետ։ Աստվածածին եկեղեցին 1198 թ. կառուցել է Մակարավանքի առաջին վանահայր Հովհաննես Ա-ն՝ իր ծնողների և եղբայրների հիշատակին։ Լուսամուտների պսակներն ու խորշերի հովհարաձև մշակված կիսակոնաձև գագաթներն ընդգրկող գոտու վրա կան թռչունների, առյուծների, վարդյակների, արծվի և վիշապի մենամարտ պատկերող հարթաքանդակներ։ Եկեղեցուն հյուսիսից կից է փոքրիկ, կիսավեր, թաղածածկ մատուռ։ Փոքրիկ կիսավեր մատուռը գտնվում է Աստվածածին եկեղեցուց հյուսիս, թաղածածկ, փոքր, բազմերանգ քարերով շարված շինություն է:

Նյութերը կայքին հատկացրել է`
Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ասիստենտ, պատմաբան- արվեստաբան
Լուսինե Իգիթյանը