Միմար Սինան (1489թ. ապրիլի 15, Աղրնաս գյուղում` հայկական անվանումը` Մաժաժ, Կեսարիայի գավառ – 1588թ. հունիսի 8, Կ. Պոլիս), Օսմանյան կայսրությունում գործած հայազգի ճարտարապետ ։ Օսմանյան արքունիքի գլխավոր ճարտարապետը՝ 1539 թվականից։ Պատանի հասակում սովորել է Կ. Պոլսի Աջեմի օղլանների (քրիստոնյաների) դպրոցում (1502)։ 1503-ին ընդունվել է զինվորական դպրոց, հետագայում ծառայել ենիչերների զորամասում (ըստ Wikipedia):
Հռչակավոր օսմանյան ճարտարապետ Միմար Սինանը թողել է հսկայական ժառանգություն, որը նշանակություն ունի ոչ միայն մուսուլմանական, այլև համաշխարհային մշակույթի համար:
Ստամբուլ այցելող բազմահազար զբոսաշրջիկները դժվարությամբ են հավատում, որ քաղաքի բազմաթիվ մզկիթներ կառուցվել են հենց միայն Սինան ճարտարապետի կողմից:
Նրա ճարտարապետական գործունեությունը ձգվել է 50 տարի՝ 1538-1588թթ. ընդհուպ մինչև մահը՝ 99 տարեկան հասակում:
Նա ձևավորել է մահմեդական կրոնական շինությունների դասական ձևեր, որոնք դարձան երկրի այցեքարտը: Բայց Սինանը միայն մզկիթներ ու դամբարանններ չէ, որ կառուցել է: Նրա ճարտարապետության կարկառուն նմուշները սփռված են նախկին Օսմանյան կայսրության տարածքով մեկ՝ Բալկաններից մինչև Երուսաղեմ՝ մինչ օրս համարվելով երբեմնի հզորությունը ներկայացնող հուշարձաններ և չափորոշիչն այն բանի, որ ցանկացած մեկը, ով կայսրությունը համարում էր իր հայրենիքը՝ ծառայում էր նրա շահին՝ բարձրացնելով նրա փառքը:
Ընդհանուր առմամբ Սինանը կառուցել է 360 տարբեր օբյեկտներ, որոնցից 84 ջումա-մզկիթ, 51 փոքր մզկիթ, 57 մեդրեսե, 7 դպրոց՝ Ղուրան ասմունքողների համար, 22 դամբարան, աղքատների համար 17 ճաշարան, 3 հիվանդանոց, 7 ջրատարներ և կամարներ, 48 քարավան-սարայներ, 35 պալատ, 8 պահեստային շինություն և 48 բաղնիք: Բազմաթիվ պատմաբաններ կարծում են, որ այս ցուցակը ամբողջական չէ: Իհարկե, նա ունեցել է բազմաթիվ օգնականներ և շինարարության տարբեր ոլորտների մասնագետներ, ովքեր կյանքի էին կոչում նրա վիթխարի նախագծերը, այդ պատճառով էլ ենթադրվում է, որ բացի անձամբ նրա ձեռքով կառուցված ճարտարապետական կառույցներից, Սինանը նաև բազմաթիվ նախագծերի հեղինակ է ու շատ շինություններ է գծագրել, որոնք հետո կառուցել են այլ վարպետներ:
Ծնվելուց նրան մկրտել են Իոսիֆ անունով, և նա ապրում էր պարզ կյանքով ինչպես բոլոր գյուղական երեխաները մինչ այն ժամանակ, երբ դեվշիրմեի (արյան հարկ) համաձայն օսմանյան չինովնիկները ենիչերի ծառայելու համար եկան գյուղ՝ երեխաներ հավաքագրելու: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Սինանն ինքակամ է ցանկություն հայտնել ծառայելու օսմանյան բանակում և նույնիսկ իր տարիքը մեծացրել է, որպեսզի նրան վերցնեն զինված ուժերում ծառայելու համար:
Այս միջոցով հավաքագրված երիտասարդությանը բերում էին Ստամբուլ, որտեղ մահմեդականության ընդունումից հետո բաշխում էին տարբեր պալատական դպրոցներում՝ ըստ համապատասխան ունակությունների:
Ըստ ստացած կրթության և հմտությունների՝ ներառյալ պարտադիր պալատական ծառայությունը, նրանք բաշխվում էին կամ անմիջապես սուլթանի պալատում, կամ դաշտային զորքերում ծառայելու համար: Որոշվել էր, որ Սինանը ծառայելու է սուլթանի անձնական գվարդիայում. անձնապես նրան ենթարկվող հատուկ մի կորպուս, որոնք կռվի դաշտում միշտ դիրքավորվում էին զորքի առջևում և հայտնի էին իրենց քաջությամբ ու անզուսպ համարձակությամբ:
Սակայն ենիչերինները ոչ միայն ընտրյալ հետևակներ էին: Նրանք զինվորական ինժեներների հմտություններ ունեին և նրանց ներուժը հաճախ օգտագործվում էր օսմանյան զորքերի առաջխաղացման ճանապարհին գտնվող պաշարված քաղաքների հարձակման ժամանակ: Զինվորական գործողությունների ինժեներական նապատրաստմամբ զբաղվող շինարարների կորպուսում Սինանը դարձավ զինվորական ինժեներ:
Նա չափազանց լավատեղյակ էր ինժեներական գործին և ծառայողական «սանդուղքով» արագ առաջանում էր: 1538թ. Սուլեյման Կանունի սուլթանը նրան նշանակեց գլխավոր ճարտարապետ, և դա դարձավ նոր կարիերայի սկիզբը:
Որպես ճարտարապետ Սինանի արտադրողականություննապշեցնում է. 360 շինություն 50 տարվա ընթացքում: Հազիվ թե Արևմուտքում գտնվի մի ճարտարապետ, որն ի վիճակի կլիներ ստեղծել այդքան աշխատանք: Եվ յուրաքանչյուր հաջորդ կառույց որպես ճարտարապետական գլուխգործոց ոչ միան չէր զիջում նախորդին, այլև գերազանցում էր կատարման վարպետությամբ և յուրօրինակ ճարտարապետական լուծումներով:
Ճարտարապետական առումով առաջին օսմանյան մզկիթները շատ պարզ կառույցներ էին. քարե ուղղանկյուն պատեր ու կիսագնդաձև գմբեթներ որպես տանիք: Սինանը սկսեց նախագծել բազմագմբեթային շինություններ, իսկ հետո փառահեղ բարձր կառույցներ ՝մեկ հսկա գմբեթով, ինչպիսին է օրինակ Էդիրնեում գտնվող Սելմիյե մզկիթը:
Կամ վարպետի մեկ այլ գլուխգործոցը՝ Ստամբուլի Շեյխզադե մզկիթը: Սինանը դրան լուրջ չէր վերաբերվում՝ համարելով այն «աշակերտական» աշխատանք: Մզկիթի մեկ կենտրոնական գմբեթն ու պատերի երկայնքով դասավորված զանգվածեղ սյուներին հենված չորս ենթագմբեթները բաց տարածության զգացողություն են տալիս:
Սինանը փորձարար էր և հետագայում չկրկնեց շինության ներքին պահող կառուցվածքային էլեմենտները արտաքին սյուներով ծածկելու փորձը:
Շեյխզադեի մզկիթը դարձավ առաջին շինությունը, որը վերածվեց համակայսրական խորհրդանիշի, իսկ երկրորդ այդպիսինը դարձավ Սուլեյմանի մզկիթը: Սինանն այն սկսեց կառուցել 1550թ. և բուն կառույցն ավարտեց 1558թ , իսկ մզկիթին կից համալիրի մնացած մասերը կառուցվեցին ավելի ուշ:
Մզկիթի արտաքին տեսքը անմոռանալի տպավորություն է թողնում: Բուն շինությունը ծածկված է հսկայական գմբեթով, որը պահվում է կիսագմբեթներով և կամարներով: Սինանը մզկիթի պահող սյուների մի մասը կառուցեց ներսում, մի մասը ՝ դրսում և ամրացրեց անցումներով: Ներքին տարածությունը լի է լույսով, որ հորդում է գունավոր ապակե լուսամուտներից:
Մզկիթը մինչ այժմ գործում է, սակայն բաց է զբոսաշրջիկների համար՝ բացառությամբ աղոթքի ժամերի: Մզկիթի հարամերձ այգում գտնվում են սուլթան Սուլեյմանի և նրա կնոջ՝ Հյուրեմի շիրիմները և կա գերեզմանոց, որտեղ թաղված են անվանի մարդիկ: Մզկիթի մյուս կողմում կա մեկ այլ շիրիմ ևս, սակայն դրա վրա ոչ մի արձանագրություն չկա այն մասին, թե ով է այնտեղ թաղված: Պատմաբանները, սակայն ենթադրում են, որ այնտեղ թաղված է հենց Սինանը:
Սինանի կողմից կառուցված կայսրական նշանակության երրորդ մզկիթը Էդիրնեում գտնվող Սելմիյե մզկիթն է: Նա այդ ժամանակ արդեն 80 տարեկան էր, և այն կարելի է դիտարկել որպես մեծ ճարտարապետի յուրօրինակ հաշվետու աշխատանք: Մզկիթի հիմքերի համար օգտագործվել են տոննաներով քար, իսկ երբ երկու տարի հետո դրանք նստեցին, սկսվեց պատերի ու գմբեթի կառուցումը:
Եթե մզկիթին նայենք քաղաքային հրապարակից՝ այն վեր է խոյանում կանաչ պուրակների վրա և դիտվում է կայսրորեն փառահեղ: Ներքին տարածությունն ապշեցնում է ազատությամբ. պատերն ու գմբեթը տարածությունը բոլորովին չեն «զգում»: Լույսը հորդում է գմբեթից ներքև գտնվող բազմաթիվ պատուհաններից: Մզկիթի կողքերից վեր են խոյանում օսմանյան դասական ոճի չորս մինարեթներ:
Ներքին ինտերիերի համար լայնորեն օգտագործվել է քար, մարմար, փայտ, կղմինդր:
Սելմիյեիի մզկիթն ու հարակից համալիրը՝ մեդրեսե, բաղնիք, դամբարան, աղքատների համար կացարանը, 2011թ. ընդգրկվել են Յունեսկոյի կողմից պահպանվող համաշխարհային ժառանգությունում:
Երեք կայսերական մզկիթները Միմար Սինանի ճարտարապետական գործուենության կվինտէսենցիան են, ով իր գլուխգործոցները թողեց ոչ միայն թուրքերին, այլև ամբողջ աշխարհին: