Ռումինահայ Համայնքի Ձեռագրերը

Ռումանահայ համայնքը եկեղեցիներից և վանքերից բացի հարուստ է նաև ձեռագրերով։

Ժամանակին, ձեռագրերով են հարուստ եղել Յաշի Ս․Աստվածածին, Ռոմանի Ս․Աստվածածին, Բոթոշանի Ս․Աստվածածին, Սուչավայի Ս. Խաչ և Ս. Սիմեոն, ինչպես նաև զույգ վանքերի՝ Ս. Հաճկատարի և Զամկայի եկեղեցիները և վանքերը։ Նշենք, որ համայնքի ձեռագրերի մի մասը անհետացել են 1551թ:

Ձեռագրերը, որոնք ժամանակին գտնվում էին գաղութի զանազան համայնքների մեջ, երբ հիմնվեց Տուտյան Մշակույթի Տունը՝ Բուխարեստի մեջ, ի մի հավաքվեցին, մասնավորապես Հ․ Սիրունիի ջանքերով, և ամփոփվեցին Մշակույթի Տան մեջ. ձեռագրերի թիվը հասել էր մինչև 150-ի:

1954 թ․ Ռումինիայի Հայոց Թեմական Խորհուրդը, ռումին-սովետ բարեկամության միջոցով, նկատի ունենալով, որ այս ձեռագիրները (թվով 42) լավագույն կերպով կարող են օգտագործվել Հայաստանի մեջ, որոշվեց պատմական արժեք ունեցող և հայկական արվեստը բնորոշող մագաղաթյա կամ թուղթի վրա եղող գրչագրությունները ուղարկել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան:

Ուղարկված ձեռագրերի մեծամասնությունը Ճաշոց, Ավետարան, Մաշտոց, Հայսմավուրք, Շարականներ, Քարոզգիրք, Խորհրդատետր էր: Բայց կային նաև Բժշկարան, հայերեն լեզվի քերականություն, գիտելյաց գանձարան և մի քանի հայաշատ քաղաքների մասին վիճակագրություններ, որոնք իրենց հնությամբ հետաքրքրական են հետազոտողի համար:

Ձեռագրերը՝ բոլորագիր, նոտրագիր և ոմանք շեղագիր էին, երկսյուն, բազմաթիվ լուսազարդ գլխագիրներով և գլուխների սկիզբները թռչնագիր տառերով և գույնզգույն մելանով, մասնավորաբար կարմրագույն: Ոմանք, մանավանդ Ավետարանները, ունեին գունավոր ճոխ ու գեղեցիկ նկարներ:

Մատենադարան ուղարկված ձեռագրերի մեջ կային 1265 թ․ Ավետարան, գրված Կիլիկիայի Մաշկևոր վանքի մեջ։ Ճաշոց 1313-1331 թթ․, գրված Երուսաղեմի մեջ: Ուրիշ Ճաշոց, գրված 1459-1460 թթ․, Ակերմանի մեջ, ձեռամբ՝ Նիկողայոս եպիսկոպոսի: Դարձյալ Ճաշոց, գրված 1667 թ․ Կ. Պոլսում: 1660 թ․ գրված Տոնացույց, տեղը անհայտ: 1605 թ․ Լվովում գրված (Լեմպերկ) Քարոզգիրք: 1633-1655 թթ․ Կաֆայի մեջ գրված Հայսմավուրք և այլն:
Վերոնշյալ ձեռագրերը ժամանակին հասել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան:

Տ․Հեթում քահանա Թարվերդյան, Ախթալայի Ս․Աստվածածին Վանքի Վանահայր