Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը

Օգոստոսի 17-ին. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում էր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը, որը հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

St.MaryAAC13

St.MaryAAC14

Մարդաշատ էին գրեթե բոլոր եկեղեցիները, ինչպես նաև հեթանոսական Գառնու տաճարը, որտեղ իրականացվում էին պատարագներ, խաղողօրհնեքի, մատաղի ու զոհաբերությունների ծեսեր:
St.MaryAAC15

St.MaryAAC16

St.MaryAAC17

St.MaryAAC18 St.MaryAAC19 St.MaryAAC20 St.MaryAAC21

Տոնն ունի երկակի իմաստ. առաջինը բխում է հեթանոսական ակունքներից, երկրորդը` քրիստոնեական:

Համարվում է, որ այն հայկական ամենահին հեթանոսական ծագումնաբանական տոներից է, որը հավանաբար այնքան սիրված ու ընդունված է եղել ժողովրդի կողմից, որ անգամ քրիստոնեության ընդունումից հետո, շարունակել է մնալ ազգային տոներից ամենազանգվածայինը:

St.MaryAAC22

St.MaryAA23

qahana.am կայքում այսպես է բացատրվում տոնի նշանակությունը.

«Կցկտուր են Աստվածամոր մասին տեղեկություններն Աստվածաշունչ մատյանում, իսկ նրա կյանքի մյուս մանրամասները, ինչպես նաեւ վերափոխման պատմությունը պահպանվել եւ մեզ են փոխանցվել Եկեղեցու Սրբազան Ավանդության շնորհիվ:

Ավանդության համաձայն` Սբ. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում, Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով հաճախ այցելել է իր սիրասուն Որդու գերեզմանն ու անդադար աղոթել: Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել Տիրամոր` երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը: Աստվածածինն էլ այս բարի լուրը հայտնել է իր ազգականներին ու մյուս բոլոր քրիստոնյաներին` պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Սբ.Կույսը նաեւ պատվիրել է Հովհաննես առաքյալին, որ վերջինս Սբ. Պատարագ մատուցի, որպեսզի ինքը վերջին անգամ Սբ. Հաղորդություն ընդունի: Հաղորդվելուց հետո Աստվածամայրը գնացել է Վերնատուն: Մինչ առաքյալները լաց էին լինում, Հովհաննեսը վերցրել է մի տախտակ ու տվել Աստվածածնին եւ խնդրել, որպեսզի նա իր պատկերը դրոշմի դրա վրա: Տիրամայրը վերցրել է տախտակը, խաչակնքել եւ երեսին դրել, այնուհետեւ թրջել արցունքներով եւ Աստծուց խնդրել, որ այդ տախտակի միջոցով մարդիկ բժշկվեն իրենց ախտերից եւ զանազան հիվանդություններից: Երբ առաքյալները շրջապատել են Տիրամոր մահիճը, աննկարագրելի մի լույս է երեւացել: Սենյակի վերեւում հայտնվել է Քրիստոս` հրեշտակների զորքերով: Տեսնելով իր Որդուն` Աստվածամայրն ավանդել է հոգին:

Ս. Կույսի երկրային կյանքի վախճանը Եկեղեցին ննջում եւ ոչ թե մահ բառով է որակում` հասկանալի դարձնելու նրա երկինք փոխադրված լինելը: Սբ. Բարթուղիմեոս առաքյալը, որ բացակայում էր հուղարկավորությանը, վերադառնալով Երուսաղեմ, ցանկանում է վերջին անգամ տեսնել Աստվածամորը: Առաքյալները նրա խնդրանքով բացում են գերեզմանը, սակայն այնտեղ չի լինում Սբ. Կույսի մարմինը: Այդ նշանակում էր, որ Հիսուս իր խոստման համաձայն երկինք էր փոխադրել իր Մորը: Առաքյալներն էլ փայտի վրա դրոշմած պատկերը տալիս են Բարթուղիմեոսին` որպես մխիթարություն: Ըստ Սբ. Մովսես Խորենացու` Հայաստանի առաջին լուսավորիչն այն բերում է Հայաստան եւ զետեղում Անձեւացյաց գավառի Դարբնոց կոչված վայրում, ուր հետագայում ի պատիվ Աստվածամոր եկեղեցի եւ կուսանոց է հիմնադրվում:

Աստվածածնի Վերափոխման տոնի օրը, Սբ. Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք: Օրհնվում է նաեւ տարվա ողջ բերքն ու բարիքը: Հայ Եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք եւ երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ` շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը: Իսկ հայ կնոջ համար Սբ. Կույսն առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է»:

Տոնի հեթանոսական իմաստավորմանը կարելի է ծանոթանալ ժամանակակից հեթանոսների

 

«Ուխտագրքից». «Արարատում աստվածավայել էին ապրում Արիները: Նրանք չգիտեին, թե ինչ է հիվանդությունը, ինչ է հյուծող ծերությունը: Նրանք առողջ էին ու երջանիկ: Եվ երկար էին ապրում: Ամեն մեկը զգում էր իր բնական դերը կյանքում և այն կատարում էր մեծ նվիրումով: Եվ երբ կատարում ավարտում էր իր բնական դերը, ապա պարզապես գիշերը քնում էր ու առավոտյան չէր զարթնում: Ահա Արիներն այդպես էին դիմավորում մահը, երկար և առողջ ապրելուց հետո:

Արիները հերկում էին հողը, ցանում, խնամում և ապա վայելում արարատյան բարիքը: Արարատում բոլորը ապրում էին լավ և ավելի լավ: Չկար աղքատ, չկար հարուստ, քանզի Արիները արարում էին, իսկ արարողը չի կարող լինել ոչ՜ աղքատ և ո՜չ հարուստ: Եվ ծաղկում էր Արարատը: Եվ բազմազան բարիքների բուրմունքն էր տարածվում աշխարհով մեկ, գրգռելով շատ-շատերի ախորժակը: Եվ Անապատի բնակիչները շատ էին ցանկանում ճաշակել Արարատի այդ աստվածային բարիքը:

Hetanos8

 

Hetanos9

Hetanos10

Եվ Արիները իրենց աճեցրած բարիքից հաճույքով բաժին էին հատկացնում նաև Անապատի Չարիներին: Այդ պատճառով Արիներն ավելի շատ էին աշխատում, որ ավելի շատ բարիք ստեղծեն: Եվ առավել փարթամանում և ճոխանում էր Արարատի բնությունը: Արիները անտրտունջ աշխատում էին և գոհ էին իրենց աշխատանքից: ոհ էին նաև Չարիները: Նրանք օրհնում էին Արարատի բարիքը և այն մշակողներին՝ Արիներին:

Դժգոհ էր միայն Չարի Վիշապը: Նա անդադար ոռնում էր չարությունից ու անելությունից: Վերջապես նա դիմեց խորամանկ Յահվահին.

-Ո՛վ, Մեծդ Յահվա՜հ, Արարատի Արիները աշխարհը սնում են իրենց բարիքներով և զորանում են: Իսկ Չարիները օրհնում են նրանց: Ասա՜, ինչպե՞ս չորացնեմ Արարատը:

Եվ Յահվահը ասաց.

– Ո՛վ, Չարի Վիշա՜պ, բարիքներով բեռնավորված քարավաններ թող գնան ոչ pե Արարատից Անապատ, այլ՝ Անապատից Արարատ:

Եվ Վիշապի հովանավորությամբ, բարիքներով բեռնավորված քարավաններ Անապատից շարժվեցին դեպի Արարատ: Եվ Արարատում նրանք իրենց բարիքը փոխանակում էին Արարատյան բարիքի հետ մեկի դեմ տասը տալով: Եվ առատորեն Արարատ էին ներմուծվում Անապատի ծիրանն ու նուշը, խաղողն ու դեղձը, տանձն ու խնձորը, այն ամենը, ինչ աճում էր նաև Արարատում, բայց ներմուծված բարիքը շատ ավելի առատ էր և շատ ավելի էժան:

Եվ Արիները սկսեցին խորհել, թե արժե՞, արդյոք, այդքան քրտինք ու եռանդ թափել հողը մշակելու և բարիք աճեցնելու համար, երբ Անապատից ներմուծվող բարիքը նույն տեսակի բարիքն է, բայց շատ ավելի առատ:

Եվ ծուլացան Արիները և ընչաքաղցությունը արմատ գցեց շատ շատերի մեջ: Եվ հարստանալու մոլուցքը տիրենց նրանց: Եվ այլևս ոչ թե բարիքը բարիքի հետ էին փոխանակում, այլ գնում և վաճառում էին Անապատի բարիքը ոսկով, արծաթով, թանկարժեք քարերով:

Ագարակներ քանդվեցին, շուկաներ սարքվեցին, ուր առատորեն վաճառվում էին ներմուծված բարիքները: Արիները մաճը փոխեցին կշեռքով: Եվ բարիք ստեղծող Արին այլևս միայն օտար բարիքն էր չափում ու կշռում:

Ամայանում էր Արարատի հողը, պակասում էր Արարատյան բարիքը: Իսկ Արիները գոհ էին՝ առանց աշխատելու առատորեն սնվում էին Անապատի բարիքից և օրհնում էին Չարիներին:

Բայց հանկարծ տարբեր հիվանդություններ առաջացան Արիների մեջ, որ արագորեն տարածվում և հյուծում էին նրանց: Արիները չէին հասկանում, թե որտեղից և ինչպես այդ հիվանդությունները եկան ու կպան իրենց: ԵՎ այդ հիվանդություններից ոչ մի փրկություն չկար:

Տագնապահար Արիները դիմեցին իմաստուն Քուրմերին, պարզելու համար այդ օտարոտի և վտանգավոր հիվանդությունների պատճառը և դրանցից ազատվելու միջոցը: Բոլոր Քուրմերը հավաքվեցին Արարատի Գերագույն Քուրմի մոտ: Ժողով արեցին, խելք խելքի տվին և ապա որոշեցին դիմել Արարատի կեցուցիչ Մայր Անահիտին: Մեծ խարույկ վառեցին, զոհ մատուցեցին, և Արարատի երագույն Քուրմն իր ձեռքերը երկինք պարզած, կանչեց.

– Ո՛վ, Մայր Անահի՜տ, դո՜ւ, որ մայրն ես բոլոր Աստվածների և Աստվածամարդերի, փրկիր քո զավակներին այս բազմաթիվ անծանոթ հիվանդություններից, որ հյուծում են մեզ:

Եվ Մայր Անահիտը հայտնվեց նրանց առաջ և ասաց.

-Հայր Արայի կամքով, ես երկրային աստված Արիին ծնել եմ հենց Արարատում՝ Աստվածների օրրանում: Եվ Արարատն է Աստվածավայր, և Արարատի բարիքն է Աստվածների սնունդ: Դուք, որ Աստվածամարդիկ եք, միայն աստվածային սնունդով պիտի սնվեք: Եվ Արարատի բարիքն է միակ սնունդը աստվածների համար: Գիտցեք, որ Անապատի բարիքը միայն տեսակապես է նույնանում Արարատի բարիքին, այնինչ, որակապես այն խիստ տարբեր է: Արարատի բարիքները ծնունդ են առնում Արարատի հողից, Արարատի ամենակենարար արևն է ջերմացնում նրանց և երկնքից իջած ամենամաքուր ջրով են սնվում նրանք: Իսկ Անապատի բարիքը սնվում է Արարատից արտաթորված ջրով: Եվ Անապատի բարիքը ճահճահամ ունի իր մեջ ու հղի է աստվածներին ոչ հատուկ հիվանդություններով: Աստվածները աստվածային սնունդով պիտի սնվեն:

Ասաց Մայր Անահիտը և անհետացավ:

Եվ Արիները Արարատից դուրս վռնդեցին դրսից եկած բոլոր քարավանները, հրաժարվեցին Անապատից եկած առատ բարիքից: Արիները այլևս սնվում էին միայն արարատյան բարիքով: Նվազ էր արարատյան բարիքը, բայց աստվածային սնունդ էր: Եվ շուտով Արիների միջից վերացան այդ հյուծող հիվանդությունները: Առողջացան Արիները: Քանդեցին շուկաները և ագարակներ սարքեցին: Հերկեցին Արարատի հողը, ցանեցին, խնամեցին: Եվ Արարատի հողը առատ բերք տվեց նրանց:

Երջանիկ էին Արիները, ցնծում էին: Երգն ու պարը ուղեկցում էին բերքահավաքին: Մեծ խարույկներ էին վառում, շուրջպար էին բռնում ու փառերգեր էին նվիրում Մայր Անահիտին:

Մայր Անահիտն էլ իջավ Արարատ, միանալու այդ բերքահավաքի երջանիկ տոնախմբությանը: Նա վերցրեց խաղողի ողկույզը, օրհնեց այն, ապա ճզմեց և խաղողի հյութով օծեց բոլոր բարիքներն ու ասաց.

– Սիրելի զավակնե՜րս, ահա ես օրհնեցի այս անուշահամ խաղողը և նրա հյութով օծեցի բոլոր բարիքները: Վայելեք դրանք և այս խաղողից պատրաստված սուրբ ըմպելիքով՝ գինիով, միշտ օծեք ձեր աստվածային սնունդը:

Եվ այնուհետև Արիները ամեն բերքահավաքին խաղողի առաջին բերքը նվիրում են Մայր Անահիտին: Եվ Մայր Անահիտը օրհնում է խաղողը և այդ խաղողի հյութով օծում է Արարատյան բարիքը»:

Hetanos11

Լուսանկարները՝  religions.am