VI-րդ դարի եկեղեցի Երևանում

Հերթական քաղքեդոնական եկեղեցին դատապարտված է կործանման

591թ. դարավերջին պետականությունից զրկված Հայաստանը բաժանված էր Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև: Բյուզանդիան ցանկանում էր քաղեդոնականություն (երկբնություն) տարածելով իր տիրապետությունն ամրապնդել Հայաստանում: Այդ նպատակով Մորիկ կայսեր հրամանով ստեղծվել էր Ավանի կաթողիկոսությունը` ի հակակշիռ Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող Դվինի հայոց հայրապետական աթոռի: Ուստի այս տաճարում կաթողիկոս է ձեռնադրվել բյուզանդամետ Հովհան Բագարանցին (591-601թթ.): 602թ. պարսից Խոսրով Երկրորդ Փարվեզ շահը գրավել է Ավանը և վերացրել կաթողիկոսությունը: 609թ. պարսիկների կողմից գերեվարված Հովհան կաթողիկոսը վախճանվեց։ Նրա աճյունը տեղափոխվեց Ավան` ամփոփվելով տաճարի տարածքում կառուցված դամբարանում։

Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև մղված երկարատև արյունալի այս պատերազմը այնքան էր թուլացրել Պարսկաստանը, որ այն չկարողացավ դիմադրել արաբներին: Հայազգի Մորիկ և Հերակլես կայսրերը կարողացան փրկել Բյուզանդիան, սակայն Պարսկաստանը այլևս դատապարտված էր:Ավանի քաղքեդոնական կաթողիկոսյան ավերումը պարսիկների կողմից Հայաստանի պատմության գուցե ամենաճակատագրական պահերից մեկն էր: Պարսիկները, իսկ այնուհետև արաբներն ու մոնղոլները հովանավորում էին հայկական ոչ քաղքեդոնական եկեղեցուն, որն հրաժարվել էր ինքնուրույն թագավորություն ունենալու իրավունքից, իսկ հայ քաղքեդոնականները, Բագրատուների մի ճյուղի գլխավորությամբ, ենթարկվեցին վրացական Մցխեթի կաթողիկոսությանը և ժամանակի ընթացքում դարձան վրացիներ: Եթե Ավանի կաթողիկոսությունը չավերվեր, գուցե հայկական պետականության ճակատագիրը այլ լիներ:

Ըստ Ճարտարապետներ Թ. Թորամանյանի և Կ. Ղաֆադարյանի ուսումնասիրությունների` տաճարը կառուցվել է 6-րդ դարում։ Համալիրը բաղկացած է Կաթողիկե (Ծիրանավոր) եկեղեցուց, Ավանի Տաճարից և կաթողիկոսական պալատից։ Շրջակայքում պահպանվել են կոթողներ (5-6-րդ դարեր) ու արձանագիր խաչքարեր (13-17-րդ դարեր) և միջնադարյան գերեզմանոցի հետքեր։ Ավելի ուշ` 1938-68թթ ընթացքում ամրակայման, մասնակի վերականգնման և բարեկարգման աշխատանքներ են կատարվել։ Հայտնաբերվել է Ամենայն հայոց Եզր կաթողիկոսի ծածկագիր արձանագրությունը (7-րդ դարի 30-ական թթ), որն Ավանում պահպանված գաղտնագրման առաջին օրինակն է։ Համալիրի հիմնական կառույցը հայ միջնադարյան ճարտարապետության մեջ առաջին քառախորան, անկյունային խորշերով եկեղեցին է։ Կիսավեր է, պահպանվել են 2-2,5 մ բարձրությամբ պատերը։ Մուտքերը երկուսն են` արևմտյան շքամուտք և հարավային, որով եկեղեցին կապվել է կաթողիկոսական պալատի հետ։ Արևմտյան մուտքի վերևում` ներսից, իբրև բարավոր ագուցված է մի խոշոր վիշապաքար (մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներ)։ Արտաքինից ուղղանկյուն, ներսից խաչաձև հորինվածքով եկեղեցին նաև արտաքին անկյունավոր խորշեր ունի։ Ամենայն հավանականությամբ, դա հետագայում է արվել` կառույցը թեթևացնելու և գեղեցկություն հաղորդելու նպատակով։ Տաճարի չորս անկյուններում կառուցվել են նաև ավանդատներ, որոնց շնորհիվ կառույցի ներքնամասի հորինվածքը խաչաձև է դառնում։ Տաճարը միայն մեկ խոշոր գմբեթ է ունեցել։ Այն մասամբ ավերվել է 1679թ. մեծ երկրաշարժից։ Տաճարը մեզ է հասել խիստ վնասված վիճակով։ Պահպանվել են արտաքին պատերի հատվածները, գմբեթի կամարներն ու չնչին մասը։ Պահպանված հատվածը մեծ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ հենց այս տաճարի ճարտարապետական հորինվածքն է նախատիպ հանդիսացել վաղ միջնադարյան Հայաստանի մի շարք հոյակապ կառույցների համար:

Այժմ համալիրը մատնված է անտերության և ոչնչացման:

2015

religions.am