VII դարի Աստվածածին եկեղեցին Պեմզաշենում

«Պեմզաշեն» անունը ամենայն հավանականությամբ ծագել է «պեմզա» քարատեսակից, որի հանքերը գտնվում են այստեղ: Բնակավայրը հիմնվել է 1915թ. Եղեռնից փրկված Մուշից և Բասենից գաղթած հայերի կողմից:

Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի կենտրոնական մասում գտնվում է վաղ միջնադարյան եզակի եկեղեցական համալիր, որը բաղկացած է միմյանց կից կառուցված քրիստոնեական հուշարձաններից: 1970թ. պեղումների ժամանակ համալիրի հյուսիսային մասում բացվել են V դարի խոշոր միանավ բազիլիկ եկեղեցու բավական հաստ պատերի ստորին շարքերը: Համալիրի հարավային մասում գտնվում է փոքր միանավ թաղածածկ եկեղեցին, որը թվագրվում է VI դարին: Երկու բազիլիկների միջև կանգուն է կարմրավուն խոշոր սրբատաշ տուֆից կառուցված խաչաձև գմբեթավոր եկեղեցին (VI դ.):

Եկեղեցին իր ճարտարապետական հորինվածքով առանձնանում է նմանատիպ գմբեթավոր խաչաձև եկեղեցիներից: Արտաքինից այն ուղղանկյունաձև է, այլ ոչ թե խաչաձև: Եկեղեցու միջին նիստի վրա կարելի է տեսնել շրջանի մեջ ներգծված հավասարաթև խաչը: Դահլիճը բաժանված է չորս գրեթե հավասար մասերի երեկ զույգ որմնասյուներով: Թմբուկով գմբեթը` եկեղեցու ևս մի տարբերակիչ առանձնահատկությունն է: Եկեղեցու հարավ-արևելյան և հյուսիս-արևելյան անկյուններում կան ուղղանկյուն, եռահարկ, թաղածածկ թաքստոցներ: Եկեղեցու միակ մուտքը արևմտյան կողմից է: Մուտքի ճակատամասում քանդակված է Աստվածամայրը՝ մանուկ Քրիստոսը գրկին: Աստվածամոր գլխավերևում հրեշտակներ են պատկերված։ Պեմզաշենի եկեղեցական համալիրը հայ վաղ միջնադարյան ճարտարապետական արվեստի բացառիկ նմուշներից է:

Այսօր եկեղեցին գտնվում է ավերակային վիճակում, սակայն ինչ որ կերպ այստեղ հարմարաեցրել են եվրոպատուհան և գնացուցակով ցուցատախտակ տեղադրել, որից կարելի է ենթադրել, որ եկեղեցին գտնվում է Շիրակի թեմի «խնամքի» տակ:

Լուսանկարները՝  religions.am  2015