Սուրբ Կոնստանտինի (իտալ. Mausoleo di Costantina) կամ Սուրբ Կոնստանցիայի դամբարանը (իտալ. Mausoleo di Santa Costanza) գտնվում է Հռոմի արևելյան ծայրամասում: Այն կառուցված է IV դարում և այստեղ է գտնվում Կոնստանտին Հզորի դստեր` Կոնստանտինայի գերեզմանը: Դամբարանը հայտնի է IV դարի խճանկարներով:
Կոնստանտին Հզորը պատմության մեջ հայտնի է որպես քրիստոնյաների հովանավոր, հռոմեացի առաջին կայսրերից, ով ընդունել է մկրտություն: Այն մասին, որ նա հրամայել է սպանել սեփական որդուն և բաղնիքում խեղդել կնոջը, սովորաբար նախընտրում են լռել:
Հետաքրքրական են Ֆաուստայի հետ ամուսնությունից ունեցած նրա երեխաների անունները. դստերը` Կոնստանցիա, որդիները` Կոնստանտին II, Կոնստանցի II, Կոնստանտ I:
Դուստրը` Կոնստանցիան, ժամանակակիցների նկարագրերում, աչքի չի ընկնում համեստությամբ և առաքինությամբ: Պատմաբան Ամմիան Մարցելլին նրան անվանել է «Շրջազգեստով Մեգերա»` հայտարարելով, որ նա ոչ պակաս արնախում չէր, քան նրա նախկին ամուսինը` Գալլը: Եկեղեցական միապետները, շրջանցելով պատմաբանի այդ դիտարկումները, հետագայում նրան սրբադասել են:
Կոնստանցիայի մասին պատմական որոշ աղբյուրներում նշվում է, որ, թեպետ արևմտյան եկեղեցու կողմից սրբադասվել է, իր բնույթով հեռու էր հռոմեական բարձրաշխարհիկ և սուրբ կանացից, որոնց անունները մինչ օրս կապված են նրանց կողմից հիմնադրված գետնադամբարանների հետ: Ամենայն հավանականությամբ, նա այն կանացից էր, ովքեր իրենց կրքերով ու արատներով հետագայում «դրամատիկական գույներով» զարդարել են Բյուզանդիայի արքունական կենցաղը:
1254թ., երբ Կոնստանցիան սրբադասվեց, դամբարանը վերածվեց եկեղեցու և անվանակոչվեց նրա անունով:
Ցուցասրահներից մեկում ցուցադրված է եղել Կոնստանցիայի ծիրանաքարից սարկոֆագը (պորֆիրից): Սակայն, XVIII դ. վերջում այն տեղափոխել են Վատիկանի ցուցասրահ, իսկ դամբարանում տեղադրել դրա գիպսե պատճենանմուշը: