Ֆրանցիսկոս պապի ամեն մի նոր շրջաբերական իրադարձություն է ոչ միայն կաթոլիկների, այլև ողջ աշխարհի համար: Fratelli tutti (Բոլոր եղբայրները)(1) Հռոմի Ֆրանցիսկոս պապի երրորդ շրջաբերականն է, վերնագրված «Եղբայրության և սոցիալական ընկերության մասին», որտեղ նա եղբայրությունն ու սոցիալական ընկերությունն համարում է որպես առավել կատարյալ, արդար ու խաղաղ աշխարհ ստեղծելու ճանապարհ(2): Այն ստորագրվեց 2020թ. հոկտեմբերի 3-ին։
Շրջաբերականի գաղափարը հղացվել է 2019թ. փետրվարի 4-ին, Աբու Դաբիում Ալ-Ազհարի Ահմադ Ալ-Թայիբի գլխավոր իմամ հետ «Մարդկային եղբայրության փաստաթուղթ» ստորագրելու ժամանակ: Փաստաթղթի վրա աշխատելու ընթացքում բռնկվեց COVID-19-ի համաճարակը և աշխարհը չցուցաբերեց աղետը կանխելու համար անհրաժեշտ համերաշխություն:
Շրջաբերականի անվանումը հղվում է եղբայրության/քույրության ավետարանական իդեալին, հիմնված Ֆրանցիսկոս Ասիզացու խրատներից մեկի վրա։ Հիշենք նաև, որ Ասիզացին դեմ էր սեփականությանը և համարում էր, որ մարդիկ պետք է օգտագործեն բարիքներն, այլ ոչ թե դրանց տիրապետեն:
Ֆրանցիսկոս պապի շրջաբերականերն ունեն ազդեցիկ աստվածաբանական և փիլիսոփայական հենք: Այն ներառում է ոչ միայն հայրաբանությունը կամ միջնադարյան ժառանգությունն, այլև արդի քրիստոնեական աստվածաբանությունն և փիլիսոփայությունը: Մասնավորապես, այս շրջաբերականում կարևոր տեղ են զբաղեցնում ժամանակակից հայտնի փիլիսոփա Պոլ Ռիկյորի սոցիալական գաղափարները: Պապն երկու անգամ հղում է կատարում է նրա տեքստերին, ինչպես նաև նրա ուսուցիչ Գաբրիել Մարսելին:
Շրջաբերականի ընդհանուր գաղափարը կարելի է ընդհանրացնել որպես եղբայրության և համագործակցության սկզբունքների վրա միջազգային հանրությունը վերակառուցելու կոչ: Շրջաբերականի առաջին գլխի ութերորդ պարբերությունում ասվում է. «Իմ ցանկությունն է, որ մեր ժամանակաշրջանում, ընդունելով յուրաքանչյուր մարդու արժանապատվությունը, կարողանանք նպաստել եղբայրության տիեզերական ձգտման վերածննդին: Եղբայրություն բոլոր տղամարդկանց և կանանց միջև: […] Եկեք երազենք, ուրեմն, որպես մեկ մարդկային ընտանիք, որպես նույն մարմինը կիսող ճանապարհորդներ, որպես մեր ընդհանուր տունը հանդիսացող նույն մոլորակի երեխաներ, յուրաքանչյուրս բերելով մեր յուրաքանչյուրի համոզմունքների հարստությունը: Մեզանից յուրաքանչյուրն իր ձայնով, եղբայրներ և քույրեր, բոլորս միասին»:
Չնայած Ֆրանցիսկոս պապը բացահայտորեն չի օգտագործում ֆրանսիական հեղափոխության հայտնի «ազատություն, հավասարություն եղբայրություն» կոչը, բայց հստակորեն արտահայտում է այն տեսակետը, որ ազատությունը և հավասարությունը դառնում են ձևական, եթե չեն հիմնվում եղբայրության սկզբունքի վրա:
Ըստ պապ Ֆրանցիսկոսի, մարդկային եղբայրության և համերաշխության առաջին թշնամին պատերազմներն են, որոնց դեմ պապը սկզբունքային պայքար է մղում: Այդ իմաստով շրջաբերականում առանձնահատուկ ուշադրություն է դարձված պատերազմի խնդրին, որն, ըստ պապի, քաղաքականության և մարդկության պարտությունն է, խայտառակ զիջում չար ուժերին: Ընդգծվում է, որ ներկայումս, ի տարբերություն անցյալի, «արդար պատերազմի» մասին խոսք լինել չի կարող և պետք է վճռականորեն ասել «ո՛չ պատերազմին»: Հիշենք իր վերջին դիմումներից մեկը. «Ես բարձր գնահատեցի խաղաղության էական համաձայնության հանգելու Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդասիրական նկատառումներով համաձայնեցված հրադադարը։ Չնայած ապացուցվեց, որ զինադադարը չափազանց փխրուն է, ես դարձյալ կոչ եմ անում դիմել հրադադարին: Իմ ցավակցությունն եմ հայտնում մարդկային կորուստների, տառապանքների, ինչպես նաև տների և աղոթատեղիների կործանման համար: Ես աղոթում եմ և հրավիրում եմ աղոթել զոհերի ու բոլոր նրանց համար, ում կյանքը վտանգի մեջ է»:(3)
Ռասիզմն և խտրական վերաբերմունքը միգրանտների հանդեպ քրիստոնեական եղբայրության թշնամին է: Ֆրացիսկոս պապը գրում է. «Եթե յուրաքանչյուրն ունի անքակտելի արժանապատվություն, եթե բոլոր մարդիկ իմ եղբայրներն ու քույրերն են, և եթե աշխարհն իսկապես պատկանում է բոլորին, ապա նշանակություն չունի, թե իմ հարևանը ծնվել է իմ երկրում, թե՝ այլուր»:
Շրջաբերականի կարևոր մասերը նվիրված են կրոնական երկխոսությանը: Կարո՞ղ է քրիստոնեական եղբայրության իդեալը տարածվել այլ կրոնների վրա: Մեղավո՞ր է կրոնը ահաբեկչության այս նոր ալիքի համար, թե՞ պատճառը գլոբալ անհավասարությունն և անարդարությունն է:
Պապ Ֆրացիսկոսն իր բոլոր շրջաբերականներում հետևողականորեն նշում է կապիտալիզմի և քրիստոնեական արժեքների միջև առկա բացահայտ և անբացահայտ հակասությունները: Հարկավոր է նշել, որ կարևոր են ոչ միայն սպառողական արժեքների և քրիստոնեական արժեքների միջև անհամատեղելիությունը: Ֆրանցիսկոս պապը մի քայլ առաջ է գնում և քննադատում միջազգային քաղաքականությունն, որը դեռևս հիմնված է միլիտարիզմի, շովինիզմի, իմպերիալիզմի վրա:
Շրջաբերականից մենք առանձնացրեցինք մի քանի առանցքային խնդիրներ: Այն պարզապես Կաթոլիկ եկեղեցու ներքին փաստաթուղթ չէ, այն կարևոր է բոլորի համար, նշանակում է նաև Հայաստանում ապրող քրիստոնեաների և ոչ-քրիստոնեաների համար: Այն մատնանշում է քրիստոնեության արժեքային խնդիրների մասին, լինենք հավատացյալներ, թե՝ թերահավատներ: Միայն մեր գործերն են այդ հարցերի պատասխանը:
(1) Շրջաբերականի անվանումը բողոք առաջացրեց Կաթոլիկ կանանց միությունում, որոշ կաթոլիկ հրապարակախոսների մոտ, որպես խտրական, դիմող միայն արական սեռին: Բայց իտալերենում, դիտված կոնտեքստում, ակնհայտ է, որ այն ուղղված է ողջ մարդկությանը:
(2) Շրջաբերականի համառոտ բովանդակությունը այստեղ՝ http://armenianchurchco.com/12881.html
(3) Հղումը՝http://armenianchurchco.com/12898.html