Առևտրականների հավատքը՝ Ջուղայի վաճառականների ֆենոմենի պատճառը

  • 30/01/2020
  • Վարդան Ջալոյան

  • մշակութաբան

Երբ խոսում ենք առևտրականների հավատքի, կրոնական նախընտրությունների մասին, առաջին հերթին հիշում ենք հրեաների մասին:
Սկսած բաբելոնյան գերության տարիներից նրանց հաջողվել է ստեղծել առևտրային հզոր ցանցեր, որոնք կարևոր դեր են կատարել համաշխարհային պատմության մեջ: Բայց հրեաները չեն առևտրային ցանցերի գաղափարի հեղինակ: Հրեաներին նախորդել են աքադական, ասուրական (արամեական) կամ փյունիկյան առևտրային ցանցերը:
Աշխարհի շատ երկրներում, սովորական է, երբ մարդը, մտադրվելով ինչ-որ բան գնել, գումար վերցնել, պատվիրել ոսկեղեն կամ կոշիկ վերանորոգել, ասում է. պետք է դիմել հրեային (չինացուն, լիբանանցուն, հային, հնդիկին և այլն): Այս դեպքում էթնիկ կամ կրոնական համայնքի ներկայացուցչի անունը օգտագործվում է որպես հովանիշ «առևտրական», «չարչի» բառերի համար, իսկ նախնական իմաստը մոռացվում է:

Օրինակ`, Կ. Մարքսn «Հրեական հարցի մասին» իր վաղ շրջանի հոդվածում հրեաներին համարում է ոչ թե էթնո-կրոնական համայնք, այլ մարդկային վարքի մի տեսակ, որպես առևտրական ոգու մարմնացում: Այս դիրքորոշումն իր ծայրահեղ արտահայտությունը գտավ Վերներ Զոմբարտի մոտ: Նա համարում էր, որ ժամանակակից կապիտալիզմը, ըստ էության, ոչ այլ ինչ է, քան հրեական ոգու արտահայտություն, և, որ միայն հրեաների ցրվելու շնորհիվ է, որ աշխարհի հյուսիսային երկրներում ձևավորվեց ժամանակակից կապիտալիզմն ու ժամանակակից մշակույթ:

Հետագայում, Կ. Մարքսը փոխեց իր մոտեցումը: Նա նշեց, որ ավանդական ագրարային հասարակություններում անհրաժեշտաբար առաջանում են հատուկ «առևտրային ժողովուրդների» պահանջը, և որպես օրինակ բերեց հին աշխարհի փյունիկացիներին ու կարթագենցիներին, ինչպես նաև միջնադարի հրեաներին ու լոմբարդացիներին:
Հայտնի սոցիոլոգ Գ. Զիմմելը «Օտարը» (1908թ․) աշխատության մեջ գրում է, որ աշխարհի պատմության ողջ ընթացքում առևտրականը միշտ օտարն է, իսկ օտարը գրեթե միշտ առևտրական է: Հետևաբար, ագրարային հասարակություններում նա օտար է ոչ թե որպես անհատ, այլ որպես ազգային, կրոնական կամ կաստայական խմբի մասնիկ:

Բայց, հատկապես հեղինակավոր է համարվում Մաքս Վեբերի մոտեցումը: Ըստ նրա խտրականականության ենթարկվող, անլիարժեք, ցածր կարգավիճակ ունեցող փոքրամասնությանը դրդում են իրենց տեղը գտնել հատկապես ձեռներեցության ոլորտում: Մաքս Վեբերը գրում է, որ «ենթակա» խումբ հանդիսացող ազգային և կրոնական փոքրամասնությունների կարգավիճակը սովորաբար պայմանավորված է նրանով, որ նրանք կամովին կամ ստիպողաբար հրաժարվում են քաղաքական դերակատարությունից ու քաղաքական գործունեությունից, արդյունքում մասնագիտանալով ձեռնարկատիրության ոլորտում: Այս կերպ նրանց առավել շնորհալի ներկայացուցիչները ձգտում են բավարարել իրենց հավակնությունները, որոնք կիրառություն չեն գտնում պետական ծառայության մեջ: Որպես օրինակ կարելի է բերել հրեաներին, բայց նաև վաղ միջնադարում նեստորականներին, կամ հայերին՝ ուշ միջնադարում, և այլն:
Առևտուրն ագրարային հասարակություններին հատուկ չէ, և այստեղից՝ այդ խավի բացակայությունը հասարակական կառուցվածքում: Գյուղացիները սովորաբար աճեցնում են համանման կուլտուրաներ և արդյունքում փոխանակման պահանջը ի չիք է դեռնում: Փոխանակման իմաստը կա տարբեր էկոլոգիական միջավայրերում աճող գյուղատնտեսական կուլտուրանի համար: Օրինակ՝ հողագործական արդյունքը փոխանակվում է անասնապահական արդյունքի հետ, ինչպես դա տեղի ուներ հայերի և քրդերի միջև: Այդպես ձևավորվում են տոնավաճառները, որոնք ավելի շուտ փոխանակման կետերի են վարաճում:

Առևտրի թեմային վերաբերող հատվածները հնարավոր է փնտրել կրոնական մգրքերում: Կարելի է զոհաբերել եզը կամ գառը, որ աստված անձրև, հաջողություն, երջանկություն տա: Սա առևտրի նախնական, սակրալ ձտարբերակ է:
Ինչո՞ւ առևտուրը ագրարային հասարակություններում բացասական վերաբերմունքի է արժանանում: Գյուղական համայնքում, եթե հարուստ ես, պետք է օգնես ազգականներիդ, ընկերներիդ, համայնքի կարիքավոր անդամներին, որոնք հազիվ թե կարողանան վերադարձնել ստացածը: Այդպես զգալի կարողություն չես կուտակի, նաև չես կարող գյուղում էժան գնել և թանկ վաճառել քաղաքում: Սա կոչվում է արդարացի գնի սկզբունք, երբ ապրանքը վաճառվում է ոչ թե փոխանակային արժեքով, այլ սպառողական: Առևտրականը վաճառում է փոխանակային արժեքով, իսկ համայնքը դրան կարող է վատ վերաբերվել, համարելով, որ իրենց շահագործում են: Այստեղից՝ առևտրականի դիլեման. կամ՝ կորցնել հարգանքը համայնքում, կամ՝ շահութ ունենալ:

Գյուղացիական համայնքում առևտրի խնդրի բնորոշ լուծումը գյուղացիների և առևտրականների սոցիալական և կրոնական տարբերակումը կամ էթնիկ տարանջատումն է: Առաջանում են երկու առանձին բարոյական սկզբունքներ ունեցող համայնքներ՝ ընդգծելով համագործակցության կարևորությունը սեփական ենթախմբի ներսում, բայց ոչ նրա սահմաններից դուրս, այսինքն՝ սոցիալական լայն համատեքստում: Տարբերակման բնորոշ ձևերը կրոնական և էթնիկական տարբերակումն են:

Շատ գիտնականներ նշում են, որ առևտրականները հակված են հարել որևէ աղանդի կամ նույնիսկ ստեղծել նոր կրոն: Օրինակ, Հնդկաստանում Չեթիյար վաշխառուները ստեղծեցին հինդուիզմի առանձնահատուկ ասկետական ուղղություն և ինքնամեկուսացել են մյուս հինդուիստներից: Նրանք իրենց բոլոր գործարքները կատարում են տաճարներում՝ իրենց աստծո հայացքի ներքո, որը նաև գործարքների վկան է, ինչպես նաև՝ երաշխավորը: Նրանք ունեն ընդհանուր գանձարան, որը պատկանում է իրենց աստծոն, իսկ համայնքն այն ընդամենը կառավարում է:

Էթնիկ, կամ ըստ կրոնական պատկանելության առանձնացած առևտրային փոքրամասնությունների տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ պարտադիր չէ, որ նրանք ունենա ցածր սոցիալական կարգավիճակ, քանի որ նրանց տրվում են հատուկ տնտեսական արտոնություններ, և իրենք հաճախ շատ ավելի հարուստ ու հաջողակ են, քան բնակչության մեծամասնությունը: Նրանց համեմատական ​​բարեկեցությունն առաջացնում է մեծամասնության նախանձը, նրանց դարձնելով խտրականության և նախապաշարմունքների զոհեր:

Արտաքին ճնշումը, որը սպառնում է էթնիկական պատկանելության վրա հիմնված առևտրի մենաշնորհին, հանգեցնում է նրանց առևտրային սփյուռքի ստեղծմանը` առանձնահատուկ մշակույթով և սոցիալական կառուցվածքով: Այսպիսով, առևտրական սփյուռքը բաղկացած է սոցիալապես փոխկապակցված, բայց տարածականորեն բաժանված ցանցային համայնքներից: Սփյուռքը ձգտում է ստեղծել իր ինքնությունը`այնպես, որ օտարները չկարողանան ներթափանցել իրենց շարքերը: Այս մեխանիզմի շնորհիվ առևտրականները, մշակութային առումով, տարբերվում են իրենց էթնիկապես հարազատ մյուս խմբից: Կարելի է հիշել hհայ զոկերին (ագուլեսեցիներին), որոնց խոսվածքը անհասկանալի էր մյուս հայերեն, և որոնք ինքնամփոփ խումբ էր:
Ժամանակակից պատմաբան Սեպուհ Ասլանյանը գրում է, որ նորջուղայեցիները «ափյուռք էին սփյուռքի մեջ»: Նրանք մնացած հայերից առանձնանում էին իրենց ընդհանուր պատմությամբ՝ Հին Ջուղայից զանգվածային վտարման մասին պատումներով, իրենց եզակի բարբառով (մյուս հայերը այդ խոսվածքը չունեին և դժվարությամբ էին այն հասկանում), իրենց սեփական օրացույցով, և, ի թիվս այլ բաների, Նոր Ջուղայի առևտրական գաղութում ապրելու ուրույն փորձով:

Թշնամական միջավայրում, քաղաքական անկայունության պայմաններում, առևտրային սփյուռքը ձևավորում է համերաշխության և փոխվստահության հատուկ մեխանիզմներ, ստեղծում է հաղորդակցական ցանցեր, որոնք ապահովում է գների, ապրանքների առկայության, մատակարարման ժամկետների, գործնական կապերի մասին չընդհատվող տեղակատվական հոսք:
Այդպիսի վստահություն ստեղծելու կարևորագույն գործիքը կրոնն է, ինչպես նշել են դեռևս Է. Դյուրկհամը, Մ. Վեբերը և մյուսները: Առևտրային սփյուռքի համար կրոնը՝ կրոնական ինստիտուտները, ներխմբային վստահություն ստեղծելու կարևոր միջոց է:

Բայց հրեաների նկատմամբ քրիստոնեական աշխարհի հետաքրքրությունը ևս հասկանալի է. Հիսուս Քրիստոսը հրեա էր, որպես մարդ, նրան խաչել են հրեաները, հրեաներին կարելի է վաշխառությամբ զբաղվել ոչ հրեաների հետ, ասենք՝ իսլամների և քրիստոնեաների: