Եկեղեցի-պետություն հարաբերությունները կոնստրուկտիվ դաշտ դեռևս չեն բերվել

  • 29/11/2019

Մինչև 2018 թվականը, երբ հանրության ճնշմամբ տեղի ունեցավ իշխանափոխություն, կրոնական ազատությունների խնդիրը Հայաստանում համարվում էր արդիական, սակայն այսօր այդ խնդիրը կարծես թե կորցրել է իր հրատապությունը։ Ինչո՞ւ է այդպես ստացվել։

2018-ին տեղի ունեացածն իշխանության եկած նոր քաղաքական կազմավորումը համարում է «հեղափոխություն», սակայն կան կարծիքներ, որ դա, այնուամենայնիվ, ընդամենը իշխանափոխություն է եղել։ Առաջին տեսակետի կրողներն ասում են, որ երկրում դեմոկրատական փոփոխություններ են տեղի ունեցել, երկրորդ տեսակետը հայտնողները պնդում են, որ չնայած քաղաքական փոփոխությանն, այնուամենայնիվ, համակարգային ու օրենսդրական լուրջ փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Փորձենք այդ տեսակետները քննարկել կրոնական ազատությունների ոլորտում տեղի ունեցած զարգացումների կոնտեքստում։

Մոտ 15 տարի Հայաստանին չէր հաջողվում ընդունել Կրոնական կազմակերպությունների մասին նոր օրենք։ Գործող օրենքն ընդունվել է դեռևս Սովետական Միության ժամանակ՝ 1991-ին, որից հետո Հայաստանը դարձել է Եվրոպական Խորհրդի անդամ (2003-ին), միացել է մի շարք կոնվենցիաներին, ստանձնել է բազմաթիվ միջազգային պարտավորություններ։ Այդ պարտավորությունների մեջ է մտնում նաև Կրոնական կազմակերպությունների մասին նոր օրենքի ընդունումը։
Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետներն այդ տարիների ընթացքում պատրաստված չորս օրենսդրական նախագծերի մասին տվել են բավականին քննադատական կարծիքներ և արել բազմաթիվ առաջարկություն, սակայն որոնք նպատակին չեն հասել։ Այդպես էլ նոր օրենք չի ընդունվել։

Այսօր, չնայած «թավշյա հեղափոխությանը», այդպես էլ սկզբունքային օրենսդրական փոփոխությունների նախագծեր չեն պատրաստվում, իսկ հիշյալ օրենքի մասին անգամ խոսակցություններն են դադարել։

Այնուամենայնիվ, այս ոլորտում վիճակը փոխվել է, եթե դիտարկենք կառավարության քաղաքականությունը։ Արդարության համար պետք է նշել, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին, ի տարբերություն նախորդ իշխանությունների ժամանակաշրջանի, համարյա թե անհայտացել է լրատվամիջոցների նորությունների ժապավենից, նույն կարելի է ասել նաև մյուս կրոնական կազմակերպությունների մասին։ Չկան նաև հաղորդումներ խղճի ազատության խախտման դեպքերի մասին։ Կրոնական խնդիրների առումով Հայաստանում կարծես թե կյանքը կանգ է առել։

Եթե առաջ իշխող կուսակցոթյան և պետության կողմից կազմակերպված բոլոր նշանակալի միջոցառումներին եկեղեցու ներկայացուցիչներն ամենապատվավոր դիրքերում էին ներկայացված լինում, իսկ կաթողիկոսը միշտ ՀՀ նախագահի կողքին էր գտնվում, առանձնանալով մյուս պետական պաշտոնյաններից, տպավորություն ստեղծելով, որ Հայաստանի թիվ 2 պաշտոնյան կաթողիկոսն է։ Իսկ Հայաստանի քաղաքական պաշտոններ զբաղեցնող բարձր ղեկավարները հայտարարում էին, որ Հայ եկեղեցին «պետական» եկեղեցի է (2015-ին ընդունված նոր սահմանադրության մեջ երկիմաստ է ձևակերպված եկեղեցու և պետության անջատ լինելու մասին դրույթը), ապա այժմ իրավիճակը փոխվել է և ներկայիս ղեկավարները հրապարակայնորեն հայտարարում են, որ եկեղեցին բաժանված է պետությունից։ Վարչապետը ցուցադրական կերպով իր և եկեղեցու միջև տարածություն է պահում, ավելին, երբեմն, հրապարակային ձևով, կոնֆլիկտի է գնում եկեղեցու հետ։ Ավելին, Կրթության նախարարը փորձում է դպրոցական առարկաների ցանկից հանել «Հայոց եկեղեցու պատմույուն» առարկան, ինչը շատ ցավոտ կերպով է ընդունվում եկեղեցու կողմից։ Սակայն համակարգային՝ օրենսդրական փոփոխությունները բացակայում են։ Չնայած այս հարցում կառավարության վարած քաղաքականությանը, սկզբունքային փոփոխություններ այդպես էլ չեն արվել։

Արդյո՞ք բոլոր խնդիրները լուծվել են, թե ընդամենը քաղաքական կոնյուկտուրայի փոփոխության պատճառով ընդամենը ժամանակավորապես դադարել են խղճի ազատության խախտումները դեպքերը և հետագայում, քաղաքական իրավիճակ փոփոխության դեպքում, մենք կարող ենք վերադառնալ հին իրավիճակին։ Այսինքն համակարգային փոփոխություններ, որոնք ամրացված լինեն օրենսդրական փոփոխություններով, մենք դեռևս չունենք։ Կառավարությունը չի վարում նաև այնպիսի քաղաքականություն, որն այդ ոլորտում կփոխի հանրային գիտակցությունը։ Դեռևս չեն ստեղծվել ծանրակշիռ երաշխիքներ եկեղեցի-պետություն հարաբերությունները կանստրուկտիվ դաշտ բերելու համար։