Խղճի ազատության վիճակը ներկայիս Հայաստանում

  • 20/05/2019
  • Ստեփան Դանիելյան

2018-ին հանրային ակցիաների շնորհիվ Հայաստանում իշխանությունը փոխվեց։ Նոր կառավարության հանրային դիսկուրսի հիմքն է «հպարտ քաղաքացիների» իրավուների պաշտպանությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, նախկին իշխանությունների կողմից կատարված անօրինակությունների բացահայտումը և «ժողովրդից գողացված» փողերը ետ բերելը։ Գործող կառավարությունը պապուլիստական կոչերով է հանդես գալիս, զանգվածային միջոցառումներ է կազմակերպում, սակայն կառավարության գործողությունների օրակարգը դեռևս անհասկանալի է։

Բազմաթիվ իրավապաշտպաններ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ հայտվել են խորհրդարանում, ինչպես նաև կառավարությունում զբաղեցրել են կարևոր դիրքեր։ Այս առումով պետք էր ենթադրել, որ այդ մարդիկ ունեն բոլոր հնարավորությունները իրագործելու այն բոլոր գաղափարները, որոնց համար տարիներ ի վեր պայքարել են, սակայն որևէ կորդինալ փոփոխություններ, կամ փոփոխությունների հայեցակարգեր դեռևս չկան։ Հիմնական պատճառները, կարելի է ենթադրել, երկուսն են:

1․ նոր քաղաքական թիմը, որը հապճեպ կերպով է կազմավորվել, քաղաքական ուղենիշներ և ծրագիր դեռ չունի և ամեն ինչ ինքնաբուխ կեչպով է իրականացվում,
2․ հասարակության մեջ դեռևս առկա են պահպանողական պատկերացումներ, մասնավորապես կրոնական ազատությունների հանդեպ, ինչը շահագործում է քաղաքական ընդդիմությունը նոր իշխանություններին հարվածելու համար։

Արդյունքում, մարդու իրավունքների խնդրով օրենսդրական նախաձեռնությունները դանդաղում են, իսկ կառավարությունը չափազանց զգուշավոր է այդ հարցերում։

Մյուս կողմից մեծամասնության եկեղեցին՝ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին, նույնպես ունի որոշակի խնդիրներ, եկեղեցին նախկին իշխանությունների հետ սերտորեն համագործակցել է, ինչում հանրության մի մասը նրան մեղադրում է։

Եթե անկախության առաջին տարիներին եկեղեցին ընկալվում էր որպես ազգային բացառիկ կառույց, ապա հետագայում նրա հանդեպ հանրային վերաբերմունքը սկսվեց փոխվել, ինչն արտահայտվում է ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում եկեղեցուն ուղղված ուժգնացող քննադատությամբ, որը երբեմն վերաճում էր պարզապես անթույլատրելի վիրավորանքների:

Նման սուր քննադատության պատճառները տարբեր են: Մեր կարծիքով, որը հիմնված է վերջին տարիներին ԶԼՄ-ներում կրոնին առնչվող ԶԼՄ-ների պարբերական մշտադիտարկման արդյունքների վերլուծության վրա, առաջին պատճառը երկրում հաստատված անարդարության մթնոլորտն էր: Նման իրավիճակում հանրությունն ակնկալում էր, որ եկեղեցին կորդեգրի արդարության պաշտպանի դիրքորոշում, ինչը, սակայն, տեղի չեր ունենում: Ընդհակառակը, եկեղեցու վերնախավն աստիճանաբար սերտաճում էր իշխող վերնախավի հետ՝ երբեմն իշխանությանը մատուցելով ծառայություններ, որոնք հանրության ներսում ընկալվում են իբրեւ իրենց դեմ ուղղված գործողություններ: Արդյունքում իշխանության հանդեպ եղած բացասական վերաբերմունքը սկսում էր տարածվել եկեղեցու վրա:

Հանրության բացասական գնահատանքին էին արժանանում հատկապես բարձրաստիճան հոգեւորականների վարած կյանքն ու պահվածքը, որն առանձնապես չէր տարբերվում վստահություն չվայելող իշխանության կարկառուն դեմքերի պահելակերպից: Մյուս պատճառները պետք է փնտրել միաբանների հանրային ելույթներում հնչող անհանդուրժողական տեսակետներում, որոնք կարելի է համարել եկեղեցու հրապարակային քաղաքականության դրսեւորում: Այդ տեսակետները հիմնված են ավանդական կարծրատիպերի վրա եւ հակասում են ՀՀ սահմանադրությանը, օրենսդրությանը եւ իրենց բնույթով ագրեսիվ ու անհանդուրժող են:

Դեռեւս 2000-ական թվականներից եկեղեցին փորձում էր ձեւակերպել իր սոցիալական հայեցակարգը: Այդ նպատակով նույնիսկ համապատասխան գրասենյակ է հիմնվել, սակայն հասարակությանը հասանելի որեւէ արդյունք առայժմ չկա: Միեւնույն ժամանակ՝ իրենց հրապարակային ելույթներում եկեղեցու սպասավորները շարունակում են հանդես գալիս երբեմն ծայրահեղ անհանդուրժողականության կոչերով: Հանրակրթական դպրոցներ, զինված ուժեր եւ այլ ոլորտներ եկեղեցու մուտքը, որի ընթացքում հաճախ թույլ են տրվում կոպիտ օրինախախտումներ, նույնպես բացասաբար է ընկալվում հանրության մի զգալի հատվածի կողմից: Ավելին, սահմանադրական եւ օրենսդրական փոփոխությունների շնորհիվ այդ փաստաթղթերում ի հայտ են եկել տարընթերցումների տեղիք տվող մի շարք ձեւակերպումներ, որոնք կասկածի տակ են դնում Հայաստանի աշխարհիկ երկիր լինելը:

Այժմ Հայաստանում տիրող իրավիճակը անհասկանալի է և կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները չեն կարողանում հստակ մատնանշել, թե իրականում ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել։ Մի կողմից ատելության կոչերը կրոնական կազմակերպությունների հանդեպ անհամեմատ նվազել են, մյուս կողմից որևէ համակարգային փոփոխություններ, որոնք կերաշխավորեին նրանց իրավունեների պաշտպանությունը, թեկուզ գործող կառավարության փոփոխությունից հետո, դեռս չկան և ավելին, չեն են նախանշվում։