Կրոնի ուսուցում, թե՞ կրոնի մասին ուսուցում

  • 01/06/2019
  • Վարդան Ջալոյան

  • մշակութաբան

19-րդ դարի լուսավորական և լիբերալ մտածողության համար Հայ Առաքելական եկեղեցու դերը հանրության կյանքում խնդրահարույց է եղել: 20-րդ դարի սկզբին հայ ամենազդեցիկ ուժը՝ ազգայնական կուսակցություն Հայ հեղափոխական դաշնակցությունը, կարծես թե այդ խնդիրը լուծեց. Եկեղեցին այլևս խոչընդոտ չէր քաղաքական ուժերի կայացման համար:

Այդպես է նաև ներկայումս: Չնայած գործող իշխանությունը սկզբունքորեն հեռու է մնում կրոնն իր քաղաքական նպատակների համար շահագործելուց, ինչպես դա անում էր մինչև վերջերս Հանրապետական կուսակցությունը, բայց կրոնի ուսուցման խնդիրը դրանից պակաս կարևոր չի դառնում: Ի՞նչ է դա. պատմության մասին սովորական դասընթաց, թե՞ ներառնում է գաղափարական բաղկացուցիչ:

Կրոնի ուսուցումը միշտ էլ խնդրահարույց է եղել: Որքանո՞վ է այն նպաստում ազատ քաղաքացու ձևավորմանը. Ի՞նչ հարաբերության մեջ են աշխարհիկ պետության քաղաքացու դաստիարակությունը և կրոնական կրթությունը: Հայաստանում մարդկանց զգալի մասըն ունի հավատքի զգացում և այն ազատորեն արտահայտելու ու գործնական կյանքում կիրառելու իրավունք: Որպես բացասական օրինակ` կարելի է բերել Խորհրդային Միությունում աթեիստական դաստիարակությունը: Ըստ աթեիստական դաստիարակության հարացույցի, մարդը բնականորեն հակված է սնահավատության, և գիտական աշխարհայացքի դաստիարակությունը պետական նշանակության խնդիր է:  Իսկ աշխարհիկ պետությունում կրոնի ուսուցումը գուցե՞ մասնավոր խնդիր է: Կան երկրներ, որտեղ այդպես է: Հայաստանում, գոնե հիմա, այդպես լինել չի կարող: Կրոնը հայերի համար դարեր շարունակ կարևոր է եղել և դրա գիտակցումը չի կարող չազդել քաղաքացու ձևավորման ընթացքի վրա:

Իրականում ազգային պետություններում ավանդական կրոնը քաղաքացիների ինքնության մի մասն է, որի միջոցով նրանց մեծամասնությունը հաղորդակցվում է ազգային քաղաքացիության հետ: Այսպիսով` կրոնական կրթությունը չի հակասում ազատ քաղաքացու ձևավորմանը, խնդրականն այդ կրթության բովանդակության և ձևի մեջ է:

Ինչպես դպրոցական կրթությունը, կրոնի բնագավառում ևս, կրթության առանձնահատկություններն անհնար է հասկանալ միայն տեղական համատեքստում, քանի որ միջազգային միտումների և իրադարձությունների տեղական համատեքստը շաղկապում են համաշխարհային կոնտեքստի հետ: Դա սոսկ միգրացիոն հսկայական հոսքեր առաջացնող պրոցեսի հետևանք չէ, այլ նաև` կրոնի համաշխարհայնացում, երբ կրոնական տարբեր ուսմունքներ տեղեկատվական հոսքերի հարաճուն զարգացմանը զուգընթաց ստանում են միջազգային տարածում: Անշուշտ, գլոբալացման պայմաններում պետք է ուսուցանել գիտելիք տարբեր կրոնների մասին, հաշվի առնելով, որ կրոնները ազգայինից դառնում են անդրազգային: Հայկական ինքնաճանաչողությունը բերեց երկու կարևոր փաստի կարևորմանը: Առաջինը, որ հայերի մի զգալի մասը, հիմնականում Թուրքիայում ապրող, մուսուլման է։ Երկրորդը. Հայերի մի մասի կաթոլիկ լինելու փաստը ընդունվում էր, բայց անտեսված էր հունադավան և վրացադավան հայերի մշակույթը: Ինչպե՞ս ընկալել այս բազմազանությունը: Այդ մասին պիտի պատմի կրոնի ուսուցումը:

Կրոնի ուսուցումը, կարծում եմ, պետք է ներառնի գենդերային պատմությունը ևս: Ասենք, սեքսուալ ազատության դրսևորումները պավլիկյան և թոնդրակյան շարժման մեջ, կամ՝  հակառակը: Բազմակնության օրինականացումը Հայ առաքելական եկեղեցու կողմից որոշակի պատմական փուլերում:

Եվրոպական շատ պետությունների դպրոցական համակարգերում կրոնի մասին կրթությունը ներկա է տարբեր ձևերով, սակայն անհնար է խոսել այս հարցի հանդեպ մեկ ընդհանուր` եվրոպական մոտեցման մասին: Կրոնական կրթության կազմակերպումը և բովանդակությունը կամ կրոնի մասին գիտելիքների ուսուցումը երկրից երկիր զգալիորեն տարբերվում են:

Հայաստանի Հանրակրթական հաստատություններում կրոնի հանդեպ եղած հետաքրքրությունը բացառիկ երևույթ չէ և համահունչ է եվրոպական միտումներին, որը կապված է հետաշխարհիկ իրավիճակի հետ: Այնուամենայնիվ, թե ինչ ձևով, մեթոդաբանական ինչ հիմքով ու մոտեցումներով պետք է կազմակերպվի կրոնի մասին դպրոցական կրթությունը` մնում է խնդրական ոչ միայն Հայաստանում, այլև Եվրոպական միության երկրներում:

Եվրամիության երկրներում մանկավարժական տեսության և պրակտիկայի մեջ օգտագործվում է «կրոնական կրթություն» (religious education) եզրը: Բայց այն ընդարձակ եզր է, և փորձագետները գերադասում են որոշակիացնել նրա բովանդակությունը, ասենք` «կոնֆեսիոնալ  կրոնական կրթություն», «արտակոնֆեսիոնալ կրոնական կրթություն», «ներառական կրոնական կրթություն» և այլն: Հայաստանում դասավանդում են «եկեղեցու պատմությունը», բայց փաստորեն գործ ունենք «կոնֆեսիոնալ կրոնական կրթություն» հասկացությանը բնորոշ օրինակի հետ:

Խնդին այն է, որ «եկեղեցու պատմություն» և «ազգային պատմություն» ասելով` Հայաստանում հասկանում են առասպելաբանական (միֆոլոգիական) պատումներ (նարատիվներ), որոնք այլընտրանքային են դիտվում արևմտյան ռացիոնալ և համընդգրկուն պատումների հանդեպ:

Եվրոպական երկրներում դպրոցում կրոնի դասավանդման մոդելներն ու մոտեցումները տարբերվում են.

ա) առկա կրոնական բազմազանության նկատմամբ վերաբերմունքով՝ բացառիկություն (ինչպես Հայաստանում), ներգրավվածություն, բազմակարծություն,

բ) եկեղեցական-պետական հարաբերությունների բնույթով և կրթական ոլորտում կրոնական կազմակերպությունների դերով` դավանանքային (ինչպես Հայաստանում) և ոչ դավանանքային կրթություն,

գ) «կրոնական կրթություն» հասկացությամբ («կրոնի մեջ սովորելը»- learning into religion (ինչպես Հայաստանում), «կրոնի մասին սովորելը»- learning about religion, «կրոնի միջոցով սովորելը»- learning through religion, «կրոնի մասին ուսուցումը» և «կրոնի դասավանդումը»` «մեկնաբանական մոտեցման» շրջանակներում),

դ) քրիստոնեության որոշակի ուղղության տարածման պատմական հատկանիշների հետ կապված աշխարհագրական-դավանանքային սկզբունքով (քրիստոնեական գլխավոր ուղղությունների կողմից Հայ եկեղեցու դավանաբանության մերժված լինելը),

ե) կրթության կազմակերպման մեթոդով` անջատողական և ինտեգրացիոն կրոնական կրթություն (Հայաստանում, փաստորեն Հայ Առաքելական եկեղեցու դավանաբանության պարտադրումը բոլոր կրոնական, նույնիսկ ավանդական կրոնական խմբերին):

Այսպիսով` համեմատելով հայաստանյան փորձը եվրոպականի հետ, տեսնում ենք, որ Հայաստանում ընդունված է կրոնի բնագավառում դասավանդման մոդելներից ամենածայրահեղը: Հիմնական վտանգն այն է, որ ընտրված մոդելը հղի է մարդու իրավունքների խախտման մեծ հավանականությամբ, ինչը բազմիցս նշվել է, երկրորդ՝ այս մոդելը խախտում է դավանանքի ազատության, և երրորդ` կրթության իրավունքի սկզբունքները:

Ժամանակակից աստվածաբանությունը հիմնականում մերժում է այն կարծիքը, թե կրոնը զգացմունք է: Մատնանշվում է, որ հավատը Աստծո շնորհն է և այն հնարավոր չէ սովորեցնել, դա հակասում է աստվածային հայտնության գաղափարին: Հենց կրոնական պատճառներով հավատը չի կարելի սովորեցնել, ոչ էլ կարելի է սովորել հավատացյալ լինելը: Կրոնական մանկավարժության տեսաբանների կարծիքով` հավատի ուսուցման անհնարինության գաղափարը չի հակասում կրոնի «սովորելիության» գաղափարին, որին կարելի է տիրապետել սոցիալականացման գործընթացում՝ ընտանիքում և եկեղեցական համայնքում` ներառյալ կրոնական ավանդույթներն ու ընկալումները փոխանցելու միջոցով: Այս փաստարկների շնորհիվ ամրագրվեց ոչ թե հավատի, այլ կրոնի մանկավարժությունը:

Կրոնը, համապատասխանաբար, դառնում է կրթության բովանդակությունը, մանկավարժության թեման և ընկալվում որպես փոխանցված գիտելիքի, ձևերի, վերաբերմունքի, կրոնական վարքագծի նմուշներ, մշակութային տարրեր:

Հավատի և կրոնական մանկավարժության այս տարբերակումը հատկապես կարևոր է Հայաստանում, որտեղ հավատը և կրոնի մանկավարժությունը նույնացվում են:

Կրոնի մասին գիտելիքն անհրաժեշտ է քաղաքացիական գիտակցության ձևավորման համար: Քաղաքացին պետք է հասկանա կրոնական բազմազանությունը, իր մեջ ձևավորի կրոնական հանդուրժողականության գաղափարը: Որպես հայ ազգի ներկայացուցիչ, պետք է պատկերացում ունենա իր ազգի կրոնական բազմազանության մասին, այն ընկալելով որպես հարստություն։