Հայկական ուշացած նիհիլիզմը

  • 09/03/2023
  • Ստեփան Դանիելյան

«Նիհիլիզմ» բառն առաջացել է լատիներեն nihil՝ ոչինչ բառից։ Փիլիսոփայական բառարաններում նիհիլիզմը բացատրվում է որպես մերժման աշխարհայացք։ Նիհիլիզմ աշխարհայացքը հատկապես տարածված է եղել 19-րդ դարում և 20-րդ դարասկզբին, ու հատկապես ծաղկում է ապրել Ռուսաստանում։ Նիհիլիստները կասկածի տակ էին դնում ընդունված բարոյական նորմերը, համամարդկային իդեալները, եղած պետական կարգը, կրոնը, հայրենասիրությունը և այլն։

1.    Համատարած մերժումը առաջ է բերում որոշակի տրամաբանական հետևանքներ

Դա մերժման աշխարհայացք է՝ քանդել հին աշխարհը, սակայն տեղը՝ ինչ պետք է կառուցվի, իրենց խնդիրների մեջ չէր մտնում։ Հայերենով նիհիլիզմը կարելի է բնութագրել շատ կարճ ու խոսուն կարգախոսով՝ «սաղ սութա»։ Կարճ ասած, նիհիլիզմը մերժում է այն ամենը, ինչը հնարավոր է մերժել։ Ռուսական նիհիլիզմը ծնեց ռուսական հեղափոխությունը։ Սկզբնական շրջանում այն մտավոր շրջանակների սեփականությունն էր ու ապրելակերպի նորմը, հետագայում դարձավ «խելագարված» ամբոխների սեփականությունը. չկա Աստված, չկան բարոյական նորմեր, կյանքը չունի որևէ հիմնավորված իմաստ:

«Ռուսական նիհիլիզմը ոչ թե սովորական անհավատություն է, այլ չհավատալու քամի է, մերժման հավատք է»։

Սեմյոն Ֆրան

Ռուսական նիհիլիզմը ծնեց ռուսական հեղափոխությունը։ Առաջին նիհիլիստները ռուսական մտավորականներն էին, որոնք հիասթափվել էին իրենց երկրից, տենչում էին ազատության և չէին ընդունում տիրող կարգերը, որոնց հիմքում տեսնում էին սուտը, կոռուպցիան և երեսպաշտությունը։

Տուրգենևի «Հայրեր և որդիներ» վեպը նկարագրում էր այդ երևույթը։ Դա «Հին Ռուսաստանի» ու «Նոր Ռուսաստանի» («Հին Հայաստան» ու «Նոր Հայաստան») դեստրուկտիվ, ինքնաոչնցացնող պայքարն էր։

Նիհիլիզմը տարածվեց երիտասարդության մեջ ու քաղաքական դիրքորոշում ստացավ՝ ի դեմս նարոդնիկների շարժման։ Նիհիլիզմի դեմ պայքարում էր Դոստոևսկին։ Դոստոևսկին նկարագրում էր այդ ժամանակաշրջանի նիհիլիզմի քայքայող էությունը: Նա իր ստեղծագործություններով պայքարում էր այդ երևույթի դեմ: Դոստոևսկին փորձում էր բարձր իդեալներով հակադրվել նիհիլիստներին։ Այն ժամանակվա նիհիլիստները չստեղծեցին համաշխարհային բարձր մշակույթի ստեղծագործություններ, սակայն նրանց հակադրվող Դոստոևսկին մտավ գրականության պատմության մեջ։

«Երտասարդներն ուրախացել են․ առաջ իրենք ընդամենը հիմարներ էին, իսկ հիմա՝ նիհիլիսներ»:

Իվան Տուրգենև

Համատարած մերժումը առաջ է բերում որոշակի տրամաբանական հետևանքներ, օրինակ՝ «անիմաստ» կյանքում հաճույքների հետապնդում։ Պատահական չէր, որ այդ ժամանակաշրջանի ռուս գրողների, բանաստեղծների, նկարիչների և առհասարակ արվեստի գործիչների մեջ տարածված էր ազատ սիրո գաղափարը՝ բոլորը բոլորին «սիրում» էին, անգամ ստեղծվում էին սիրո խմբակներ՝ ապրում էին երեքով, չորսով և այլն։

Նիհիլիզմը ստանում է նաև ագրեսիվ դրսևորումներ, օրինակ՝ նիհիլիստ հեղափոխականները՝ նարոդնիկները, որոնք տոգորված էին ժողովրդի հանդեպ ինքնազոհ սիրով ու գնում էին հետամնաց գյուղերը գիտելիք տարածելու, սկսեցին տեռորիստական շարժում։ Նիհիլիզմը ագրեսիայի աղբյուր է։

Նիցշեն նիհիլիզմի պատճառը համարում էր քրիստոնեական Աստծո «ոչ այս աշխարհից լինելու» գաղափարի տապալումը, իսկ Շպենգլերը համարում էր, որ դա եվրոպական քաղաքակրթության անկման սկիզբն է։

Սակայն դա ռուսական և արևմտյան քաղաքակրթությունների անցած ուղին է, մեզ հետաքրքրում է առնվազն մեկ դար ուշացած հայկական նիհիլիզմը, որն, ի տարբերություն իր ավագ եղբայրների՝ արվեստի ու մշակութային գործեր չի երկնում, սակայն արտահայտվում է սոցցանցերում ու մամուլում դրսևորվող հիստերիաներով, հայհոյանքներով և ամենին ու ամեն ինչի մերժումով։

2018-ի շարժման խորհրդանիշը, որը միավորեց հազարավոր մարդկանց և հանգեցրեց իշխանության փոփոխության, մերժումն էր։ Սկզբնական փուլում մերժում էին Սերժ Սարգսյանին, սակայն հաջորդ փուլում մերժումը դարձավ աշխարհայացք։ Մերժվում են ինստիտուտներ ու մարդիկ, մերժվում են «հին» արժեքները, այսինքն այն ամենը, ինչը հնարավոր է մերժել։ Երբ մերժումը վերածվում է աշխարհայացքի, որի վրա կառուցվում է պետական քաղաքականություն, այն դառնում է նիհիլիզմ։

Նիցշեն նիհիլիզմի պատճառները բացատրում էր Աստծո և եղած բարոյական նորմերի հանդեպ հավատի կորստով, իսկ 19-րդ դարի ռուս սոցիալ-դեմոկրատ Պիսարևը երիտասարդության գործողությունների ծրագիրը հետևյալ կերպ էր պատկերացնում․ «Ինչը հնարավոր է փշրել, պետք է փշրվի, ինչը կկարողանա դիմադրել, պետք է պահպանել, ինչը ջարդուփշուր կլինի՝ աղբ է։ Բոլոր դեպքերում հարվածիր աջ և ձախ կողմերը, դրանից վնաս չկա ու չի էլ կարող լինել»։

2.    Գաղջի հեղափոխությունը

Հայկական նիհիլիզմը դատարկ տեղը չի առաջացել, դրա համար հիմնավոր պատճառներ են եղել, որն ամենալավը ձևակերպել է Սերժ Սարգսյանը՝ «գաղջ մթնոլորտ»։ Հայաստանում մթնոլորտը իրոք գաղջ էր՝ արժեքների կորոզիա, քաղաքական կյանքի կլոունադա, սոցիալական լիֆտերի բացակայություն, որի շնորհիվ ամբիցիոզ և ընդունակ մարդիկ կարողանային վեր բարձրանալ, իսկ անարժանները՝ իջնել (լեգալ ինստիտուտներից դուրս՝ ավերիչ էներգիայի կուտակում), համատարած անսկզբունքայնություն, կոռուպցիա, երկակի ստանդարտներ։ Սակայն ամենաբացասականն այն էր, որ այդ ամենը ներկայացվում էր որպես «նժդեհականություն», որի կողքին միշտ կանգնած էին հայ հոգևորականները։

Խորհրդարանի՝ որպես ամենախորհրդանշական պատգամավորներ, Շմայսն ու գեներալ Մանվելն էին ընկալվում՝ խորհրդարանում ծվարած մի շարք կրիմինալ հեղինակությունների հետ, ինչը ցույց էր տալիս, որ քաղաքական կյանքում կարևոր դերակատարություն ստանձնելու համար կրթությունը, գիտելիքը, բարոյական նորմերը երկրորդական են։ Այս ցուցակը կարելի է երկար թվարկել, դա արժզրկում էր ամեն ինչ, բայց ամենաավերիչն այն էր, որ դա սկսվեց գիտակցվել որպես հայ ազգին բնորոշ ապրելակերպ, ինչի հետևանքով մերժումն ավելի խորքային դրսևորումներ ստացավ։

Ստեղծված ճահիճը լեգալ ճանապարհներով «չորացնելու» բոլոր միջոցները սպառված էին։ Նման պայմաններում կոնստրուկտիվ և կրեատիվ ընդդիմություն չէր կարող ձևավորվել, և առաջին պլան պետք է գային մերժողները և որոնց «մերժումը» գնալով ավելի հասկանալի էր դառնում լայն հանրության համար: Պարզ է, որ գլխավոր մերժողն էլ պետք է դառնար օրվա հերոսը:

Նման պատճառներ կային 19-րդ դարի Եվրոպայում և Ռուսաստանում։ «Մերժումը» դատարկ տեղը չի առաջանում, սակայն եվրոպական և ռուսական նիհիլիզմը չկարողանալով գալ իշխանության՝ իր էներգիան ուղղեց դեպի մշակույթ և ինտելեկտուալ միջավայր։ Այդ քաղաքակրթություններում մերժողները մարգինալացվեցին ինտելիգենցիայի միջավայրում, իսկ նիհիլիստների բացած հնարավորություններից օգտվեցին պոստմոդեռնիստական ուտուպիստները, որոնք ունեին տնտեսական ու սոցիալական երազանքներ:

Հայկական նիհիլիզմը մշակույթի և ինտելեկտուալ կյանքի վրա ազդեցություն չունեցավ, սակայն ծնեց քաղաքացիական ակտիվիզմ, քաղաքացիական հասարակության սաղմեր ու քաղաքական դաշտի արհեստական կոնստրուկցիան փշրելով դարձավ իշխանություն՝ արդյունքում ավերելով քաղաքացիական դաշտի սաղմերը:

Նիհիլիզմը տարբեր դրսևորումներ է ունենում, օրինակ՝ իրավական նիհիլիզմ, բարոյական նիհիլիզմ, գիտելիքի հանդեպ նիհիլիզմ… Այստեղ ընդամենը նշում եմ նիհիլիզմի այն դրսևորումները, որոնք առավել ցայտուն կերպով են նկատվում այսօրվա «հեղափոխական» Հայաստանում։

Դատարանների շրջափակումը, այն էլ՝ գործող իշխանության կողմից, իրավական նիհիլիզմի գագաթնակետն էր, որը կարելի է երևակայել։ Դատավորների, Սահմանադրական դատարանի, իրավական նորմերի ու ավանդույթների մերժումը այն է, ինչի մասին չէին կարող անգամ երազել 19-րդ ու 20-րդ դարի նիհիլիստները։ Դա հաղթանական նիհիլիզմի խրախճանքն է։

Գիտելիքի հանդեպ սկսված նիհիլիզմը նույնպես աներևակայելի չափերի է հասել։

3.    Հայկական դեկադանս

Նիհիլիզմը տարբեր դարաշրջաններում կարող է տարբեր դրսևորումներ ունենալ։ 20-րդ դարի նիհիլիստները հիպիներն ու պանկերն էին։ Նրանք ապստամբում էին ոչ միայն իշխող կարգերի, այլև հանրային հարաբերությունների, «կեղծ արժեքների», կապիտալիզմի ու փողի պաշտամունքի դեմ։ Սակայն հիպիներն ու պանկերը իշխանության չէին ձգտում, նրանք ընդամենը ցանկանում էին իրենց կյանքով ապրել՝ մեկուսանալով հասարակությունից։ Նրանք ստեղծեցին մերժման մշակույթ, որն արտահայտվեց երաժշտության, գրականության, նկարչության, ֆիլմերի միջոցով։ Դա եղած իրականության մերժումն էր։

«Մերժողները», որպես կանոն, երկու խմբերից են բաղկացած լինում։ Առաջին խումբը բացկացած է լինում ինտելեկտուալներից, որոնք գիտակցում, վերլուծում են իրականությունը և փորձում են մերժումը արժևորել։ Մյուս խումբը կյանքից «մերժվածներն» են, մերժվածները մերժում են այն հասարակությունը, որովհետև չեն կորողացել կամ չեն ցանկացել սոցիալականացվել, այսինքն՝ ինտեգրվել իրականությանը։

Ցանկացած ապստամբություն, անհնազանդություն, հեղափոխություն, անգամ երիտասարդական շարժում իր մեջ մերժելու տարրեր ունի, դա հնի մերժումն է, սակայն խնդիրն այն է, որ միայն մերժելը բավական չէ առաջընթաց ապահովելու համար։ Եթե մերժելը ինքնանպատակ չէ, այն պետք է իր մեջ նաև ինչ-որ առաջարկ պարունակի։ Ամերիկյան, ֆրանսիական, ռուսական, իրանական հեղափոխությունները բացի մերժելուց ունեին նաև «առաջարկ»՝ անկախ նրանից, թե ով ինչպես է այդ «առաջարկին» վերաբերվում։ Բայց, օրինակ, ուկրաինական հեղափոխությունները նույնպես հիմնված էին մերժման գաղափարի վրա, սակայն «առաջարկ» մինչ այժմ չեն ձևակերպել՝ դեպի Եվրոպա «գնալը» առաջարկ չէ, այլ փախուստ է իրենց իրականությունից, իրենց մշակույթից, դա ավելի շուտ ինքնամերժում է։

Հայկական «մերժումը»՝ իշխանափոխությունը, որին մոտ 30 տարի ձգտում էր հասարակությունը, իրականացավ, սակայն պարզվեց, որ այդ մերժումը ընդամենը իրականությունից փախուստ էր, դա ինքնամերժում էր՝ առանց ապագայի նախագծի, որովհետև մերժման դեպքում պետք է զարգացման ճանապարհի մասին պատկերացում ունենալ։

Պատահական չէր, որ մերժողները արցախյան պատերազմը ստորադասում են իրենց «հեղափոխությանը», արհամարհում են սովետական անցյալը (իր դրական ու բացասական կողմերով), որովհետև դա Հայաստանի ողջ պատմության մերժումն է, և եթե Ավարայրի ճակատամարտը հանրության գիտակցության համար ակտուալ լիներ, դա էլ կմերժեին։ Մերժումը չի կարող սահմաններ ճանաչել։

Պատահական չէր, որ 19-րդ դարի երկրորդ կեսին եվրոպական նիհիլիզմը զուգորդվեց արվեստի մեջ առաջացած նոր երևույթով՝ դեկադանսով։ Դեկադանսը ֆրանսերեն բառացի նշանակում էր ավերում, անկում։ Դա նախին արվեստի ու մշակույթի ժխտումն էր, դա Հին Ֆրանսիայի, Հին Անգլիայի, Հին Ռուսաստանի մերժումն է, իր բոլոր դրսևորումներով՝ «կեղծ բարոյականությամբ», «կեղծ էսթետիզմով», «կեղծ արժեքներով»։ Սակայն այդ երկրներում դեկադանսը սահմանափակվեց մշակութային դրսևորումով ու դեկադանսական քաղաքականություն չստեղծեց։ Հայաստանում դեկադանսը մտավ քաղաքականություն։ Քաղաքացու օրը «քաղաքացիական խորովածի» վերածելը դեկադանսի ամենագռեհիկ դրսևորումներից մեկն էր։ Հայ գրականության ու պատմության դասերի սահմանափակումը նույնպես այդ «անպետք», «Հին Հայաստանից» ժառանգված առարկաների ժխտում է, բայց քանի-որ այդ մերժումը ապագայի նախագիծ չի առաջարկում, մերժումը վերածվում է ինքնամերժումի, որովհետև այլընտրանք չի առաջարկվում։

Հայկական դեկանդասը, մտնելով քաղաքականություն, շրջանցել է մշակույթն ու գիտությունը։ Արդյունքում, դեկադանսը զուգորդվում է դիլետանտիզմով, որն իտալերեն dilettante բառից է առաջացել, որը նշանակում է զվարճանք։ Այսինքն մասնագիտական կարողությունները նույնպես ժխտվում են, ցանկացած աշխատանք, պետական ու քաղաքական պաշտոն կարելի է զբաղեցնել առանց մասնագիտական կարողությունների ու փորձի։

Պատմության պարույրի ցանկացած նոր փուլում առաջանում է պահանջ վերաիմաստավորել անցյալը և իմաստավորել ներկան։ Դա բնական գործընթաց է, սակայն «հայկական մերժումը» չի զուգորդվում անցյալի ու ներկայի վերաիմաստավորմամբ, մշակութային նոր մոտեցումներով ու նոր բովանդակություն չի ծնվում, հեռուստատեսություններում համապատասխան քննարկումներ չեն ընթանում։ Դեկադանսը մտել է քաղաքականություն՝ շրջանցելով մշակույթը։

Հոկտեմբեր, 2019թ.