«Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ոդիսականը՝ դասավանդե՞լ դպրոցներում, թե՞ոչ

  • 14/07/2020

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը դպրոցներից հանելու կառավարության մտադրությունը հանրային լայն արձագանք է գտել։ Առարկայի դասավանդումն առաջին իսկ օրերից հանրության մի մասն առանց ոգևորության է ընդունել, իսկ հետագայում, երբ Հայ եկեղեցու հոգևորականները մուտք գործեցին դպրոց և սկսեցին կրոնական ծիսակատարությունների էլեմենտներ գործածել, դա որոշ մարդկանց մոտ բողոք առաջացրեց։ Բողոքները հանրության շրջանում լայն արձագանք չեն առաջացրել, սակայն, այնուամենայնիվ, դրանց թիվը սակավ չէր։

Կրոնական որոշ խմբերի ներկայցուցիչներ դժգոհում էին, որ իրենց երեխաներին, իրենց կամքին հակառակ, ստիպում են աղոթել, ինչպես, մասնավորապես, Եհովայի Վկաները, որոնց քանակը Հայաստանում մոտ քսան հազար է, սակայն աղոթքներից դժգոհում էին նաև մարդիկ, որոնք աթեիստ, կամ ագնոստիկներ են, նաև նրանք, որոնք իրենց համարում են Հայ եկեղեցու հետևորդներ, սակայն դեմ են, որ իրենց երեխաներին պարտադրվի աղոթել։ Նրանք համարում են, որ կրոնական ծիսակատարության մասնակցությունը պետք է կամավոր հիմունքներով լինի, ծնողների համաձայնությամբ։

Եղել են դեպքեր, որ որոշ ուսուցիչներ երեխաներին հավատաքննության են ենթարկել, իսկ ընկերները ծաղրել են «աղանդավոր» լինելու համար։ Դասագրքերում բացասական կերպով են ներկայացվում բողոքական եկեղեցիները, որոնք հետևորդների քանակը հարյուրից երկու հարյուր հազար է։ Կրոնական համայնքների անդամների քանակը Հայաստանում ճշգրտված չէ, չնայած նրան, որ ամեն տարի կրոնական համայնքների ղեկավարները իրենց անդամների թիվը ներկայացնում էին կառավարությանը կից կրոնական խնդիրներով զբաղվող հատուկ վարչություն։

Հանուն արդարության պետք է նշել, որ ոչ բոլոր ծնողներն են բացասական ընդունում առարկայի դասավանդումը։ Հանրության մի զգալի հատված համարում է, որ այդ առարկան պետք է դասավանդվի և առանց Հայ եկեղեցու պատմության դժվար է պատկերացնել հայերի պատմությունը, իսկ ինչ վերաբերվում է աղոթքներին ու կրոնական ծիսակատարություններին, ապա դրա մեջ ոչ մի բացասական բան չեն տեսնում։

Սա ընդհանուր պատկերն է, հիմա անդրադառնանք առարկայի դասավանդման խնդրին առընչվող հանրային դիսկուրսին։

Ակնհայտորեն խնդիրը քաղաքականացվել է, և գուցե նաև իրոք դա հենց քաղաքական հարց է, քանզի դժվար է պատկերացնել ավելի կարևոր քաղաքական խնդիր, քան կրթությունն է և դպրոցական դասագրքերի բովանդակությունը։

Առարկայի կողմնակիցները պնդում են, որ գործող կառավարությունը «հակաազգային» է և եկեղեցու նման «ազգային» ինստիտուտի դեմ իրագործվող քայլերն ուղղված է հայերի ազգային ինքնության դեմ։ Կառավարության կողմնակիցներն ասում են, որ իրենք դեմ չեն եկեղեցուն, դեմ չեն, որ դպրոցում դասավանդվի եկեղեցու պատմությունը, քանզի Հայ ժողովրդի պատմության առարկան միաժամանակ նաև եկեղեցու պատմություն է, ինչպես նաև այլ առարկաների բովանդակության մեջ նույնպես ներառելու են եկեղեցու մասին տեղեկատվություն։ Այս առումով եկեղեցու մասին հատուկ առարկան աննպատակահարմար է։

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դարձել է քաղաքական խնդիր, ջրբաժան «ազգայնականների» ու «հակազգայինների» միջև և օգտագործվում է ներքաղաքական պայքարում։ Նման պայմաններում առարկայի մասին օբյեկտիվ դատողությունները դարձել են համարյա անհնարին՝ կամ դեմ ես այս կառավարությանը և ուրեմը կողմ ես առարկայի դասավանդմանը, կամ կողմ ես կառավարությանը ու դեմ՝ առարկային։ Այս վիճակը խիստ նեղացնում ու քաղաքականացնում է դիրքորոշումները։

Փորձենք հնարավորինս օբյեկտիվ կերպով մոտենալ խնդրին, առանց քաղաքական դիրքավորումների։

  • Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին հայ ժողովրդի պատմության ընթացքում իրոք որոշիչ դեր է խաղացել։ Առհասարակ, մինչև 19-րդ դարը հայերի հիմնական քաղաքական ինստիտուտն եկեղեցինէ եղել և դա խիստ հայկական երևույթ չէ և բնորոշ է եղել ոչ միայն ողջ աշխահին մինչ նորագույն պատմության սկսվելը, այլև հատկապես Մերձավոր Արևելքին, որտեղ ազգությունը որոշվում էր (շատ դեպքերում նաև մինչ մեր օրերն է դա այդպես) կրոնով՝ էթնոսները բաժանվում էին կրոնական համայնքների և , բնականաբար, Հայ ժողովրդի պատմությունն առանձնացնել եկեղեցուց չի ստացվի։
    Կարևոր է իմանալ ոչ միայն հայ եկեղեցու պատմությունը, աստվածաբանության գլխավոր դրույթները, ինչպես նաև ունենալ հարակից երկրների կրոնների մասին թեկուզ բազային գիտելիքներ, հաշվի առնելով այն, որ մեր հարևան երկրներում՝ Իրանում և Թուրքիայում կրոնն ինչ կենտրանական դեր է կատարում քաղաքական ու հասարակական կյանքում։
  • Առհասարակ անհնարին է պատկերացում կազմել համաշխարհային քաղաքականության ու քաղաքակրթության մասին,առանց իմանալու կրոնների ունեցած դերի մասին։
  • Կրոնի մասին գիտելիքներն անհրաժեշտ են փիլիսոփայության, մշակույթի,արվեստի, գրականության մասին պատկերացում կազմելու համար։

Այս առումով միանշանակ է, որ կրոնների մասին գիտելիքները դպրոցում պարտադիր է դասավանդել, սակայն դա պետք է արվի բավականին գրագետ և նուրբ եղանակով, առանց առարկան կրոնականացնելու։ Իսկ եթե կան ծնողներ, որոնք ցանկանում են, որ իրենց երեխաները ստանան նաև կրոնական դաստիարակչություն, ապա դա պետք է կազմակերպվեն ֆակուլտատիվ եղանակով, կամ էլ դպրոցից դուրս։

Սա խնդրի մասին ընդհանուր թեզեր են, սակայն կա նաև մեկ այլ կարևոր հարց, որի մասին հանրային քննարկումներում չի խոսվում՝ դասագրքերի բովանդակության ու որակի մասին։ Դասագրքերի բովանդակության որակը խիստ ցածր է, ոչ օբյեկտիվ և պատմական անաչառության առումով չափազանց միակողմանի և ոչ հաճախ ոչ հավաստի՝ անգամ առասպելականացված։ Կարելի է պնդել, որ անգամ, եթե նման առարկան երբևէ նորից դասավանդվի դպրոցում, ապա պետք է ամբողջովին վերափոխվի։ Այդ դասագրքերի հիմնական խնդիրն ոչ այնքան այն է, որ դպրոցում որպես առանձին առարկա է դասավանդվում, այլ դրանց որակն ու բովանդակությունն է։