Հեղափոխությունը և կրոնական ազատությունների խնդիրը

  • 15/12/2018

Իշխանափոխությունից հետո Հայաստանում սկսվել է անորոշության մի շրջան, որտեղ ավելի շատ հարցականներ կան, քան պատասխաններ։ Այդ հարցականները շատ են նաև քաղաքացիական հասարակության ապագային վերաբերող հարցերում։ Իրավապաշտպանները, կրոնական կազմակերպությունների շատ անդամները մասնակցեցին զանգվածային ցույցերին և ունեն սպասելիքներ նոր կառավարությունից։ Նոր վարչապետը ցույցերի և քարոզարշավի ընթացքում շատ խոստումներ է տվել, նաև այդ խոստումների մի մասից արդեն սկսել է հրաժարվել։ Այս հոդվածում մեզ հետաքրքրում է կրոնական ազատությունների իրավիճակը, արդյո՞ք մենք ականատես կլինենք տասնամյակներով կուտակված խնդիրների լուծմանը, թե նախկին կառավարությունների անորոշ ու լղոզված քաղականությունը կշարունակվի։

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետ, ինչպես նաև դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, կրոնական թեման բազմիցս է շահարկվել։ Նախկինում իշխող ՀՀԿ կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավի հիմնական մեխերից մեկը «ազգային ավանդական արժեքների» պահպանության վրա էր կառուցել, որի կենտրոնական գաղափարը Հայ Առաքելական եկեղեցին «աղանդների» վտանգից պաշտպանելն էր։ Հասկանալի է, որ այլ գաղափարական հենք ՀՀԿ-ն չէր կարող գտնել, քանի-որ բոլոր հարցերում տապալվել էր։ Նրանք նոր կառավարությանը մեղադրում էին «աղանդավորականներին» պաշտպանելու մեջ։ Դա բովանդակային առումով կրոնական հողի վրա թշնամության քարոզչություն էր։ Մյուս կողմից նոր վարչապետը նույնպես ներքաշվել է այդ հռետորաբանության մեջ և նման մեղանդրանքներից պաշտպանվելու համար օգտագործում է «աղանդավորական» եզրը․ «Ես ուզում եմ այստեղից բարձրաձայնել մեր հավատարմությունը Քրիստոնեությանը եւ մեր ինքնության էությանը, մեր հավատարմությունը Հայ Առաքելական եկեղեցու արժեքներին: Ես ինքս Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ եմ, բայց բարձրաձայնում եմ նաեւ մեր կաթոլիկ, ավետարանական եղբայրներին: Պետք է հավատարիմ լինենք մեր Քրիստոնեական արմատներին, պետք է մերժենք տոտալիտար աղանդները, որոնք մարդուն զրկում են ազատությունից եւ ինքնիշխանությունից»։ Սա ակնհայտ կերպով հակասում է եկեղեցու և պետության միմյանցից անջատ լինելու սկզբունքին։ Կառավարության գործը չէ այս կամ այն կազմակերպության որակումներ տալը։ Հասկանալի է, որ այդ կեցվածքը ընտրություններին ընդառաջ ՀՀԿ-ական հակաքարոզչության պատասխանն էր, սակայն մյուս կողմից վարչապետը, մեկ այլ առիթով, հակառակ մոտեցումն է ցուցադրել։

Մայիս ամսից Հայ Առաքելական եկեղեցու ներսում «Նոր Հայաստան, նոր Կաթողիկոս» կարգախոսով շարժում էր սկսվել, որի նպատակն էր կոռուպցիայի և «աղանդավորականների» դեմ անարդյունավետ պայքար տանելու մեղադրանքով կաթողիկոսին պաշտոնանկ անելը։ Երկու կողմերի մեջ եղել են ընդհարումներ, սակայն իրավապահ մարմինները և առհասարակ կառավարությունն այդ կոնֆլիկտում որևէ կողմին չի աջակցել։ Վարչապետ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարել էր, որ եկեղեցին պետությունից անջատ է և ինքը չի միջամտելու կոնֆլիկտին, ինչն Հայաստանի համար աննախադեպ մոտեցում է եղել։
Այս երկու օրինակները ցույց են տալիս, որ նոր կառավարությունն այս խնդրում հստակ քաղաքականություն դեռևս չի որդեգրել։