«Ճանաչված կրոնները» և կրոն դավանողների քանակական պատկերը Չինաստանում

  • 20/12/2020
  • Աննա Ադամյան

  • Չինաստանի Նանծինի համալսարանiիփիլիսոփայության ֆակուլտետի ասպիրանտ

Չինաստանի կառավարությունը տարբերակում է դնում ճանաչված կրոնների և չճանաչված կրոնների միջև, որոնք համատասխանաբար տարբեր կերպ են գնահատվում պետության կողմից: ՉԺՀ կառավարության կողմից պաշտոնապես ճանաչված կրոնները հինգն են՝ դաոսականություն, բուդդիզմ, իսլամ, կաթոլիկություն և բողոքականություն: «Ճանաչված կրոններն» իրենց ներկայացուցչություններն ունեն կառավարության առընթեր գործող կրոնական տեսչություններում՝ տարբեր միավորված կազմակերպությունների և ասոցացիաների միջոցով:

Ներկայումս Չինաստանում գործում են հետևյալ կրոնական ասոցացիաները՝ Չինաստանի բուդդայական՝ հիմնադրված 1953 թ.ին, դաոսական (1957), իսլամական (1953), Չինաստանի կաթոլիկների «մեկ ասոցացիա և մեկ կոնֆերանս» (中国天主教一会一团, 1957), Չինաստանի Եռամիասնություն բողոքական եկեղեցի (中国基督教两会, 1954) և Չինաստանի քրիստոնեական ասոցացիաները (1980) (1): Ըստ տարբեր հետազոտողների հնչեցված կարծիքների տվյալ ասոցիացիները ստեղծվել են Չինաստանի կառավարության կողմից՝ կառավարելու և հետևելու համար կրոնական համայնքների գործունեությունը՝ բացառելու համար որևէ հակասոցիալիստական, հակակառավարական գործունեություն, բավականին նման այն «տեղական և կենտրոնական գործակալություններին, որոնք ստեղծվել էին կայսերական Չինաստանի կողմից՝ բուդդայականների և դաոսականների վերահսկողության համար»(2):

Պետք է արձանագրենք, որ Չինաստանում չկա քրիստոնեությունը որպես մեկ միասնական կրոնական համակարգ, այն Չինաստանում ներկայացված է իր երկու ճյուղերով՝ կաթոլիկությամբ և բողոքականությամբ:

Ըստ պաշտոնական-պետական տվյալների՝ Չինաստանում հավատացյալ(3) բնակչության թիվը ընդհանուր առմամբ հասնում է 100 միլիոնի ( որը կազմում է բնակչության 10%-ը), որից 6 մլն կաթոլիկներ են, 38 մլն բողոքականներ, 20 մլն մուսուլմաններ, բուդդայականների և դաոսականների քանակը չի նշվում, չի նշվում նաև ժողովրդական հավատալիքների հետևորդների քանակը(4):

Բացի պաշտոնական մակարդակի հրապարակումներից՝ պարզելու համար, թե որքան մարդ է Չինաստանում դավանում որևէ կրոն, տարբեր հետազոտական հաստատություններ իրականացրել են հետազոտություններ, օրինակ 2007 թվականին Արևելյան Չինական մանկավարժական համալսարանի (华东师范大学) կատարած հետազատության համաձայն Չինաստանում հավատացյալների թիվն անցնում է 100 միլիոնը, այն կազմում է բնակչության մոտավոր 31.4 %-ը, տարիքային շեմը՝ 16 տարեկանից բարձր (5):

Մեկ այլ «Չինական հոգևոր կյանք» հարցախույզի (CSLS, 2010) ուսումնասիրության համաձայն Չինաստանում իրական աթեիստների թիվը կազմում է միայն 15%, իսկ բնակչության 85%–ը որևէ կրոնական ուղղության հետևորդ է և կամ իրականացնում է որևէ կրոնական գործողություն (խունկ-մոմ վառել, եկեղեցի-տաճար այցելություն, աղոթք) (6):

2010 թ. Չինաստանի Սոցիալական գիտությունների ակադեմիայի (中国社会科学院, Chinese Academy of Social Sciences, CASS)կողմից հրատարակվել է «Կրոնների կապույտ գիրք» (Zongjiao lanpi shu 宗教蓝皮书) աշխատությունը, որն ավելի համապարփակ և ընդհանուր է ներկայացնում Չինաստանի կրոնական պատկերը (տես աղյուսակ 1):
Աղյուսակ 1.

Ըստ դրա՝Չինաստանի հավատացյալ բնակչության թիվն անցնում է 267 մլն-ը. բուդդայականության հետևորդները կազմում են մեծամասնություն՝ 205 միլիոն, կաթոլիկներ՝ 6 մլն, որոշ աղբյուրներում՝ մինչև 12 մլն, մուսուլմաններ՝ 23 մլն, բողոքականներ՝ 23.05 մլն, որոշ աղբյուներում մինչև 40 մլն, դաոսականներ՝ 12 միլիոն (7):

Այնուամենայնիվ կրոնագետների և հետազոտողների կարծիքով տարբեր հարցախույզների տվյալները չեն կարող լիովին արտահայտել իրականությունը, քանի որ ելնելով որոշակի մտահոգություններից, չինացիները ոչ միշտ են բացահայտ ներկայացնում իրենց կրոնական պատկանելիությունը, հատկապես քրիստոնյա լինելու պարագայում (8): Չպետք է նաև զանց առնել այն հանգամանքը, որ Չինաստանի բնակչության ոչ քիչ հատված, հատկապես գյուղական բնակավայրերում, պահպանել և շարունակում է կիրառել տարբեր ոգիների, ուժերի, նախնիների պաշտամունքի նկատմամբ հավատքը և ծեսերը: Իսկ շատ հարցախույզներ չեն անդրադառնում ժողովրդական հավատալիքների հարցին:

«Կապույտ գրքի» մեջ մեկ հոդված վերաբերում է ժողովրդական հավատալիքներին (մին ծիեն սին յան 民间信, Folk Religions), սակայն որևէ կերպ ներկայացված չէ թվային հարաբերակցությունը: Այս հարցի պատասխանը տալիս է «Չինական հոգևոր կյանք» (CSLS ) հարցախույզը, ըստ որի մոտավոր 141 միլիոն մարդ հավատում է հարստության աստծո գոյությանը (ցայ շըն 财神), 119 միլիոն մարդ ունի հարստության աստծու պատկերը իրենց տանը կամ աշխատավայրում, 362 միլիոնը՝ վերջին մեկ տարվա ընթացքում մասնակցել է որևէ ոգեկան գործողությունների (դեմքի գուշակություն, բախտագուշակություն և այլն), 215 միլիոնը հավատում է նախնիների ոգիների գոյությանը, իսկ 754 միլիոնը իրականացրել է որոշակի նախնիների պաշտամունքի տարրեր(9): Ընդ որում հարցվածները հանդիսացել են նաև ճանաչված հինգ կրոններից որևէ մեկի հետևորդ:

Ամփոփելով պարզ է դառնում, որ պաշտոնական տվյալներով Չինաստանում կա ավելի քան 100 մլն հավատացյալ, ոչ պաշտոնական, ըստ տարբեր հարցախույզների՝ հավատացյալ բնակչության թիվը հասնում է 300 միլիոնի, իսկ որոշ տվյալների համաձայն՝ Չինաստանի բնակչության 80 տոկոսից ավելին հավատում է որևէ կրոնի: Պաշտոնական և ոչ պաշտոնական տվյալների համադրումից պարզ դարձավ, որ բուդդայական կրոնի հետևորդները կազմում են ՉԺՀ բնակչության բացարձակ մեծամասնություն, որին հաջորդում են քրիստոնյաները, ապա մուսուլմանները, նոր միայն վերջում դաոսիզմի հետևորդները:

Չինացիները լինելով աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկը, ունենալով հարուստ պատմություն և մշակույթ, ամենավաղ շրջաններից սկսած ունեցել են կրոնական տարբեր հավատալիքներ: Սկսած վիշապների, նախնիների պաշտամունքից մինչև դաոսականություն, կոնֆուցիոսականություն, իսլամ, քրիստոնեություն, պատմության տարբեր փուլերում նախապատվությունը տրվել է որևէ առանձին կրոնական ուղղության, սակայն և հնարավոր չի եղել արմատախիլ անել այլ կրոնների դավանանքը: Նույնիսկ սոցիալիստական կարգերի հաստատումից և երկրում աթեիզմ հռչակելուց հետո չինական հասարակության մեջ հնարավոր չեղավ վերացնել ոչ միայն «ճանաչված» կրոնական ուղղությունների նկատմամբ հավատքը, այլև նախնիների, ոգիների և այլ ժողովրդական հավատալիքների նկատմամբ հավատքը:

21-րդ դարում ևս Չինաստանում կրոնական իրավիճակն իրենից ներկայացնում է խայտաբղետ մի պատկեր, որտեղ կրոնները գործում են համաչափությամբ՝ Չինաստանի կառավարության գծած ուղղով: Չինաստանի կառավարությունը սոցիալիստական կարգերի չինական ոգուն համապատասխան վարում է «կրոնների չինականացում», որի համաձայն կրոնները ոչ թե պետք է անջատողական քաղաքականություն վարեն, այլ ծառայեն պետության և ազգի միասնությանը ու ամրապնդմանը: Իսկ դրան հասնելու համար մշակվել և գործածության մեջ են դրվել տարբեր համաձայնագրեր և օրենքներ, որոնցով ապահովվում է ՉԺՀ քաղաքացիների և օտարերկրյա քաղաքացիների խղճի և կրոնական ազատության իրավունքը:

Չինաստանի կառավարությունը ճանաչել և թույլատրելի է համարել հինգ կրոնների (բուդդայականություն, բողոքականություն, կաթոլիկություն, իսլամ, դաոսականություն) դավանանքը, որը սակայն չի ենթադրում այլ հավատալիքների ոչնչացում, որոնք սակայն իր հերթին ընդունելի չեն ՉԺՀ կառավարության համար: Ուստիև, հայ իրականության մեջ այն համոզումը կամ անտեղյակությունը, թե չինացիները աթեիստներ են և չեն դավանում որևէ կրոն, չի արտացոլում իրականությունը և դասվում է Չինաստանին վերագրվող հերթական «միֆերի» շարքը:

 

(1) Wenzel-Teuber K., “People’s Republic of China: Religions and Churches Statistical Overview 2011”, Religions & Christianity in Today’s China, Vol. II, 2012, No. 3, pp. 29-54, p. 33.
(2) Yang, C.K., Religion in Chinese Society: A Study of Contemporary Social Functions of Religion and Some of Their Historical Factors, Berkeley and Los Angeles, University of California Press, 1967, pp. 180–217, p. 393–4.
(3) Այստեղ և հոդվածի մյուս տեղերում «հավատացյալ» ասելով նկատի ունենք ՉԺՀ-ում ընդունված հինգ կրոնների հետևորդներին:
(4) Նշվում է միայն 40 հազար դաոսական և 222 հազար բուդդայական վանականների կամ տաճարներում ծառայություն իրականացողների մասին, http://russian.news.cn/2018-05/25/c_137206040.htm
(5) Հարցմանը մասնակցել են 4500 մարդ, որոնց հաշվով էլ կազմվել է վերջնական ամփոփիչ արդյունքները, տե´ս Sun Yiwei (孙轶玮) 当代中国人宗教信仰调查 (Investigation into the Religious Belief of Today’s Chinese) [in: Liaowang dongfang zhoukan 瞭望东方周刊, 2007, Feb. 8., pp. 28-33], https://view.news.qq.com/a/20121216/000004.htm
(6) CSLS [Chinese Spiritual Life Survey]: Fenggang Yang with Anning Hu – Fan Jiang – R.J. Leamaster – Jun Lu – Zhenyu Tang (Center on Religion and Chinese Society, Purdue University), “Quantifying Religions in China,” 5 page manuscript of a presentation at the Seventh Annual Conference for the Social Scientific Study of Religion in China, Beijing, July 26–27, 2010.
(7) 中国宗教报告(2015)/ 邱永辉主编. —北京:社会科学文献出版社, 2016,/ANNUAL REPORT ON RELIGIONS IN CHINA (2015), ed. Qiu Yonghui, Social Sciences Academic press, Beijing, 2016.
(8) Gao Shining (高师宁) “The Self-Identity of Chinese Christians” (English/Chinese), in: Chinese Cross Currents, 2011, No. 3, pp. 126-130, pp. 126 and 130.
(9) CSLS [Chinese Spiritual Life Survey]: Fenggang Yang with Anning Hu – Fan Jiang – R.J. Leamaster – Jun Lu – Zhenyu Tang.

 

 

Օգտագործած գրականություն
1. CSLS [Chinese Spiritual Life Survey]: Fenggang Yang with Anning Hu – Fan Jiang – R.J. Leamaster – Jun Lu – Zhenyu Tang (Center on Religion and Chinese Society, Purdue University), “Quantifying Religions in China,” 5 page manuscript of a presentation at the Seventh Annual Conference for the Social Scientific Study of Religion in China, Beijing, July 26–27, 2010.
2. Gao Shining (高师宁) “The Self-Identity of Chinese Christians” (English/Chinese), in: Chinese Cross Currents, 2011, No. 3, pp. 126-130.
3. Sun Yiwei (孙轶玮) 当代中国人宗教信仰调查 (Investigation into the Religious Belief of Today’s Chinese) [in: Liaowang dongfang zhoukan 瞭望东方周刊, 2007, Feb. 8., pp. 28-33], https://view.news.qq.com/a/20121216/000004.htm
4. Wenzel-Teuber K., “People’s Republic of China: Religions and Churches Statistical Overview 2011”, Religions & Christianity in Today’s China, Vol. II, 2012, No. 3, p. 29-54.
5. Yang, C.K., Religion in Chinese Society: A Study of Contemporary Social Functions of Religion and Some of Their Historical Factors, Berkeley and Los Angeles, University of California Press, 1967, pp. 180–217.
6. Yao XinZhong & Zhao YanXia, Chinese Religion, A Contextual Approach, Continuum International Publishing Group, London; New York, 2010, 226 p.
7. 中国宗教报告(2015)/ 邱永辉主编. —北京:社会科学文献出版社, 2016, /ANNUAL REPORT ON RELIGIONS IN CHINA (2015), ed. Qiu Yonghui, Social Sciences Academic press, Beijing, 2016, 327 p.
8. «Չինաստանում կրոնական ազատության ապահովման քաղաքականություն և պրակտիկա» փաստաթղթի տեքստը՝ https://www.fmprc.gov.cn/rus/ziliao/zt/zfbps/t25320.shtml
9. «Չինաստանի հակաաղանդավորական ասոցացիա»-յի վեբկայք՝ http://www.chinafxj.cn/
10. Конституция Китайской Народной Республики, https://legalns.com/download/books/cons/china.pdf
11. http://russian.news.cn/2018-05/25/c_137206040.htm
12. https://www.vaticannews.va/en/vatican-city/news/2020-10/holy-see-china-provisional-agreement-renew-appointment-bishops.html
13. https://www.theguardian.com/world/2018/sep/22/vatican-pope-francis-agreement-with-china-nominating-bishops:
14. https://www.fmprc.gov.cn/rus/ziliao/zt/zfbps/t25320.shtml