Մեխլու վարդապետի ժամանակը. Մաս II

  • 05/08/2020
  • Վարդան Ջալոյան

  • մշակութաբան

Ընդիմություն եկեղեցու ներսում`անապատական շարժումը

17-րդ դարում Հայ Եկեղեցին ներքաշվեց աշխույժացող տնտեսական և առևտրային գործունեության մեջ: Գայթակղությունը մեծ էր, որպեսզի եկեղեցիական վերնախավի մի զգալի մասը չներքաշվի հարստության և ճոխության մրցավազքի մեջ: Կարևոր գործոն պետք էր համարել եկեղեցու ֆինանսական գործերում ակտիվությունը: Նրա տնտեսական կայունությունը կախված էր դրամական հոսքերից, որոնք բարենպաստ տնտեսական պայմանների շնորհիվ ուժեղանում էր Եկեղեցու վերնախավն այդ դրամական հոսքերն ուղղորդում էր ֆինանսական ու առևտրական գործարքների մեջ։

Մյուս գործոնը քաղաքական էր: Ինչպես Օսմանյան կայսերությունում, այնպես էլ Սեֆյան Իրանում ուժեղանում է Հայ եկեղեցու քաղաքական նշանակությունը: Եկեղեցին փոխարինել էր հայկական պետությանը, բայց շատ յուրահատուկ իմաստով։ Նա կորպորացվում էր իսլամական վերնախավին։ Կաթողիկոսները և եպիսկոպոսները, ըստ Լեոյի բնորոշման, դառնում են վեղարավոր խաներ և բեկեր։

Անտեսված էր մնում հոգևոր կյանքը, բարքերը և բարոյականությունը, քրիստոնեական կենցաղավարությունը: Եթե հետևենք այն պնդմանը, որ փողը և իշխանությունն այլասերում են մարդուն, ապա կհասկանանք, որ Հայ եկեղեցին՝ նրա իշխող վերնախավը պետք է հանդիպեր «ներքևների» դիմադրությանը:
Դիմադրության առաջին ճանապարհը եկեղեցիական բարքերը բարեփոխելու փորձերն էին: Այս ճանապարհը ընտրեցին անապատական շարժման մասնակիցները: Այլ ճանապարհ ընտրեցին տարատեսակ ժողովրդական քարոզիչներն, որոնք հանդես գալով իբրև Հայ եկեղեցու ներկայացուցիչներ, քարոզում էին նրա դոգմաներից ընտրված գաղափարներ, որոնք մոտ էին քրիստոնեական հավատքի ժողովրդական պատկերացումներին: Այդ քարոզիչների մասին հատկապես մանրամասն է խոսում Գրիգոր Դարանաղեցին իր ժամանակագրությունում: Սա օպորտունիզմի ճանապարհն էր:

Երրորդ ճանապարհ պետք է համարել դավանափոխությունը, երբ հայ քրիստոնյաները հավատափոխ էին, ինչն այստեղ չենք քննարկի: Քաղաքական, տնտեսական, գենդերանյին և սոցիալական ճնշումն, ինչպես վերնախավին, այնպես էլ հասարակ խավի ներկայացուցիչներին ստիպում էր ընդունել կաթոլիկություն կամ իսլամ (1): Սա ռենեգատության ճանապարհն էր:

Հավանաբար, հայ ժողովրդի պատմության մեջ եկեղեցու դեմ սոցիալական պատճառներով ընդվզելու հազվագյուտ դպքերից էր 17-րդ դարի առաջին կեսին Մեխլու վարդապետի ապստամբությունը: Այն արմատական կրոնական շարժումն էր, այդ պատճառով, առանց կեղծիքի, ազնվորեն, արտահայտում էր ինչպես հասարակ խավի, այնպես էլ`վաճառականների, շարքային կղերականների ձգտումները: Սա հեղափոխական`ռադիկալ փոփոխության, ճանապարհ էր:

Որպես վերը նշված երևույթների հակադարձում, Հայ եկեղեցու ներսում առաջանում է անապատական շարժումը: Այդ շարժման հիմնադիրներն են համարվում Սարգիս Պարոնատեր Սաղմոսավանքի եպիսկոպոսը և այրի քահանա Կիրակոս Պոնտացին (Համշենցին): XVII դարի առաջին թթ-ին հանդիպելով Երուսաղեմում, նրանք որոշում են վերածնել անապատական շարժումը: Այս գործի հիմնադիրները մեծ դժվարությունների հանդիպեցին։ Վաղուց էր, որ Հայաստանի մեջ մոռացվել էին միաբանական կարգերը, և պետք էր կրկին այն ստեղծել:
Սարգիսը և Կիրակոսը փնտրում էին առավել խաղաղ և ապահով վայր, և այն գտնում են Որոտան գետի ափին: 1611 թ.նրանք հիմնում են Տաթվի վանքի մոտ Մեծ Անապատ կոչվող մենաստանը, կառուցում եկեղեցի և մենակյացին պատշաճ խավար ու մթին փոքր խցեր: Նրանց համար օրինակ էին հանդիսացելԵրուսաղեմի անապատականները, Հարանց վարքերը. շատ սկզբունքներ վերցված են կաթոլիկ միաբանների կանոնադրություններից:

Սարգսի և Կիրակոսի հիմնած անապատականությունը դառնում է ազդեցիկ կրոնական-ճգնավորական և կրթական շարժում, որը մեծ տարածում է գտնում ողջ Հայաստանում: Այդ անապատից դուրս եկած կրոնական գործիչները հիմնադրել են նոր մենաստաններ և անապատներ: Անապատի սաներից Ներսես վրդ. Մոկացին հիմնել է Լիմի, Կարապետ եպս. Էջմիածնեցին՝ Սևանի, Տեր Արիստակեսը՝ Տանձափարախի, Դավիթ եպս. Շամքորեցին՝ Չարեքաանապատի, Մովսես վարդապետը (ապագա կաթողիկոս Մովսես Գ Տաթևացի)՝ Երևանի Ս. Անանիա առաքյալ անապատը:

Աշոտ Հովհաննիսյանը ակնհայտ զուգահեռներ է գտնում Մեխլուի աղանդավորական և անապատական շարժումների միջև. «Անապատական շարժումը շփման որոշ կետեր ուներ Մեխլու աղանդապետի գլխավորած շարժման հետ։ Անապատականները ևս մերժում էին վանականների մասնավոր սեփականությունը, սակայն, ի տարբերություն Մեխլուի, նրանք ոչ թե գյուղական համայնքների, այլ վանքերի «հասարակաց սեփականություն» էին հռչակում վանականների մասնավոր գույքը։ Դատապարտելով վանականների շվայտ կյանքը, նրանք քարոզում էին խստաբարո կուսակրոնություն, չորակեր էին, սնվում էին օրեկան մեկ անգամ, իսպառ հրաժարվում գինուց և մսից, շաբաթ և կիրակի օրերից զատ՝ պարտադիր էին համարում պահեցողութ յունը նաև շաբաթվա մնացած օրերին։ Նրանց մեջ կային նաև միայնակեցներ, որոնք թաղիքե կամ մազեղեն գլխանոց էին կրում և մերկ մարմնի վրա բրգե շապիկ ու կոպիտ վերնաշոր հագնում և քայլում ոտաբոբիկ: Օրական մի քանի անգամ զբաղվում էին ժամասացությամբ, մյուս ժամերին՝ ընթերցանությամբ, դասատվությամբ և գրչության արվեստով։
Եթե Մեխլուի շարժումը հանգում էր վանականության ժխտմանը, ապա անապատական շարժման գաղափարախոսները ձգտում էին բարենորոգման ենթարկել վանական կարգերը, վերականգնել հայ եկեղեցու հեղինակությունը և ընդլայնել նրա գործունեության ոլորտը»։(2)

Անապատական շարժման հիմնադիրները ստեղծեցին մի խիստ կանոնադրություն, որի առաջին նպատակն էր, իհարկե, վերականգնել կրոնական մաքուր կենցաղը: Անապատականը պարտավոր էր լինել խիստ պահեցող, համարյա անդադար աղոթել, սակավապետ, ենթարկվել բազում մարմնական զրկանքների և այլն: Բայց կար ևս մի հանգամանք, որն այս նախաձեռնությանն առավել մեծ ուժ էր տալիս: Անապատականները ոչ միայն պետք է աղոթեին, այլև պետք է շատ կարդային: Առաքել Դավրիժեցի գրում է. «Քանզի մինչև այս պահը տգիտությամբ խոպանացել ու կորդացել էր մեր հայոց ազգը, ոչ միայն չէին կարդում, այլև գրքեր չէին ճանաչում և չգիտեին գրքերի ուժն ու զորութունը, որովհետև մարդկանց աչքում գիրքը անպիտանացած էր և իբրև փայտի կոճղեր ընկած էր որևէ անկյուն պատված հողով ու մոխրով։ Եվ երբ սրանք մտան առաքինի գործերի ծառայության լծի տակ, սիրով կարդում էին գրքերը և ինքնակամ կրթում էին իրենց մտքերով, գործերով, կատարում էին խոսքով ընթերցվածը, որովհետև աներկբայելի մտքով հավատում էին գրքերի խոսքերին, թե աստծու պատգամներն են»:(3) Անապատականները մեծ դեր խաղացին կրթության և գիտության վերծնման համար, իհարկե`կղերական և միջնադարյան ոգով:
Անապատական շարժումն, իհարկե, աղանդավորական շարժում չէր, այլ Հայ եկեղեցու ներսում ձևավորված ընդիմություն էր, բայց ընդդիմություն լինելով, անշուշտ, հալածվում էր կղերական վերնախավի կողմից: Հիշենք վանեցիների նամակի երրորդ կետը. «զի զոր ինչ վարդապետ, որ զճշմարիտն խօսի կամ վասն Աստուածային օրինացն վրէժխնդրութեան զձեր օրինացն հակառակութիւն յանդիմանէ, ի վերայ նորս անփակ բերանով, անիրաւ լեզուաւ, յանդուգն դիմօք, լըբենի երեսօք, և անկիրթ մտօք, բանադրանաց գիր կու գրէք»։(4)

Պողոս Մոկացի վարդապետը Աստապատ գյուղի (Նաիջևանի մոտ) եկեղեցին վերակառուցելու առիթով ընդհարվում է տեղի աբեղաների և եպիսկոպոսների հետ: Առաքել Դավրիժեցու վկայությամբ. «Իսկ աբեղաները, չկարողանալով արգելել, գնացին վանք, առան եպիսկոպոսների, եկան գյուղ, մեծ աղմուկ բարձրացրին և վարդապետին անվայել խոսքեր էին ասում։ … Իսկ ժողովուրդը, երբ իմացավ վարդապետի գնալը, այն ժամանակ հարձակվեց աբեղաների վրա՝ ծեծելով քարով, փայտով գյուղից դուրս քշեց, և շտապ գնալով վարդապետի հետևից՝ մեծ աղաչանքով նրան նորից գյուղ դարձրեց …: Իսկ աբեղաները և եպիսկոպոսները, երբ տեսան իրենք չկարողացան վարդապետին հաղթել, գնացին Դարաշամբ և Նախավկայի վանքի բոլոր եպիսկոպոսների հետ միաբանվելով՝ իրենց հետ առան, եկան վարդապետի վրա …: Բայց ինչպես նրանք այնտեղ պարտվեցին, այնպես էլ այստեղ՝ սրանք …»

Աստապատի վանականները ստպված դիմում են Մելիքսեթ կաթողիկոսին, որը սկսում է հալածել Պողոս վարդապետին, որը շարունակական բնույթ կրեց: Ըստ Առաքել Դավրիժեցու. «Իսկ տարիներ անց Մելքիսեթ կաթողիկոսը և Պողոս վարդապետը Նախիջևան քաղաքում հանդիպեցին միմյանց. կաթողիկոսը իր սրտում տարիների կուտակած դառը թույնն ու մաղձը այդ ժամանակ ժայթքեց վարդապետի վրա։ Բազմաթիվ հանդիմանություններից, կշտամբանքներից ու անպատշաճ խոսքերից հետո, որ կաթողիկոսը ասաց վարդապետի երեսին, ասաց նաև՝ թե այն բոլոր եկեղեցիները, որ դու շինեցիր, քո գլխին կքանդեմ։ Եվ հրամայեց նրան ելնել այս երկրից ու գնալ իր տեղը։ Իսկ եթե դարձյալ ուշանա, այնուհետև կհանձնվի աշխարհիկ իշխաններին։ Վարդապետը իր կողմից ոչ մի օգնող չուներ՝ ոչ եկեղեցական և ոչ էլ աշխարհիկ, որովհետև բոլորը վախենում էին կաթողիկոսից …»:(5)
Մեկ այլ անապատական՝ Մովսես վարդապետ Տաթևացին, ով հետագայում օծվեց Էջմիածինի կաթողիկոս, ևս հալածանքների ենթարկվեց իր քարոզչության համար.
«Իսկ Մովսես վարդապետի քարոզությունը ողջ ժողովուրդը խնդությամբ էր ընդունում, սիրով էր կատարում և ուրախությամբ փառավորում էին աստծուն՝ մարդկանց այդպիսի շնորհներ տվողին։ Բայց գավառի եպիսկոպոսները և վանքերի աբեղաները չէին ախորժում Մովսեսի քարոզությունը, որովհետև Մովսես վարդապետը ինչպես ինքը մերկ էր ամեն աշխարհիկ նյութականությունից, պասով, սրբությամբ և կրոնական վարքով էր ապրում, ըստ գրքերի պատվիրանների սույնպես էլ քարոզում էր, որ բոլոր վանականները լինեն։ Իսկ նրանք արհամարհելով նրա խոսքերը՝ չընդունեցին, որովհետև հայոց ազգի բոլոր վանքերում յուրաքանչյուր սևագլուխ ուներ իր սեփական հարստությունը՝ այգի, ծաղկաստան, փեթակ, տուն, մառան, ամբարան, եկամուտներ։ Նաև ընդհանուր վանքի եկամուտը բաժանում էին իրար մեջ։ Եվ այդ ամենը ծախսում էին իրեն, իրենց ազգականների, իրենց հաճելի մարդկանց կարիքների համար»։(6)
Կրկին եպիսկոպոսները դիմում են Մելիքսեթ կաթողիկոսին, որպեսզի լռեցնի բարեպաշտ քարոզիչին: Բայց Մովսես վարդապետին աջակցում է Երևանի Ամիրգունա խանը և Մելեքսեթի բանսարկությունները ջրվում են: Ավելի նշանակալի է Վանի, Ագուլիսի և Նոր Ջուղայի խոջաների աջակցությունը անապատական շարժմանը, որոնք, ինչպես կտեսնենք աջակցում էին նաև ժամանակի աղանդավորական շարժումներին:

Անապատական շարժումը լինելով ժամանակի եկեղեցիական բարքերի քննադատ, անշուշտ, 17-դ դարի կրոնական կյանքի համատեքստի մի մասն էր, կամուրջ այդ համատեքստի մյուս բաղադրիչների, այդ թվում`աղանդավորական շարժումների հետ:

(շարունակելի)

 

(1) Բայց անշուշտ, Հայ եկեղեցին ավելի ըմբռնումով էր վերաբերվում իսլամ դավանափոխությանը, քան կաթոլիկների քարոզին, և դա հասկանալի է: Կաթոլիկ եկեղեցին մրցակցում էր Հայ եկեղեցու հետ, իսկ դա հարվածում էր վերջինի հեղինակությանը, իշխանությանը և տնտեսական հզորությանը: Այս տեսակետը գերիշխող է նաև հայաստանյան պատմագրության մեջ:

(2) Հայ եկեղեցու մոտեցումն ուներ իր օբյեկտիվ պատճառները՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու ծավալապաշտական ձգտումներին հակադարձելը, և եկեղեցու քաղաքական և տնտեսական դիրքերը պահպանելը իսլամի կառավարման համակարգում:
Հայ Ժողովրդի Պատմություն, Հ. 4. :Խմբ. կոլ. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1972 . էջ 118-119: Հատվածի հեղինակը Ա. Հովհաննիսյանն է:

(3) Հղումը ըստ՝ https://hy.wikisource.org/wiki/Պատմություն_(Առաքել_Դավրիժեցի)/Գլուխ_ԻԱ

(4) Ըստ՝ Թորոս Աղբար/ http://digilib.aua.am/book/1398/1697/12613/?lang=en

(5) Հղումը ըստ՝ https://hy.wikisource.org/wiki/Պատմություն_(Առաքել_Դավրիժեցի)/Գլուխ_ԻԳ

(6) Հղումը ըստ՝ https://hy.wikisource.org/wiki/Պատմություն_(Առաքել_Դավրիժեցի)/Գլուխ_ԻԴ