Մուսուլմանների հանդեպ Չինաստանի քաղաքականությունը

  • 18/12/2022

Իսլամի մուտքը Չինաստան

Իսլամը Չինաստան մուտք է գործել 618—907թթ․ ժամանակակից Սինցզյան նահանգից՝ արաբների և պարսիկների միջոցով։  742-ին Չինաստանի այդ ժամանակվա մայրաքաղաք Սիանում կառուցվել է մեծ մզկիթ։ XIII—XIV դարերում Չինաստանը կառավարել է մոնղոլական Յուան դինաստիան, որի մոնղոլ կայսրերից ոմանք իսլամ են դավանել։

Յուան դինաստիայի ժամանակաշրջանից մուսուլմաններին սկսել են անվանել «հուեյ»։ Այդ ժամանակ «հուեյներ» էին անվանում  արաբներին, պարսիկներին, ույգուրներին, ուզբեկներին ևտաջիկներին, սակայն XX դարից ի վեր հուեյ ենանվանում միայն այն մուսուլմաններին, որոնք ձուլվել են չինացիներին ու նրանց մայրերի լեզուն չինարենն է։ Չինաստանի կողմից պաշտոնապես ճանաչված 56 ազգություններից մեկը հուեյներն են ճանաչվել, որոնց քանակը մոտ 12 միլիոն է, սակայն նրանց պետք չէ շփոթել մուսուլման ույգուրների, կիրգիզների և մյուսների հետ։

Ըստ ոչ պաշտոնական տվյալների Չինաստանում բնակվում է մոտ 50 միլիոն մուսուլման, որոնից ամենաբազմաքանակը ույգուրներն են, մոտ 10 միլիոն, ղազախները՝ 2 միլիոն և այլն։

Մուսուլմանների հալածանքները ժամանակակից Չինաստանում

Անկախության ձգտող մուսուլման ույգուրների համար իսլամը ազգային գաղափարի է վերածվել, իսկ Չինաստանի կառավարության համար իսլամի դեմ պայքարը՝ անջատողականության դեմ պայքարի։ Չինաստանը վարում է ույգուրներին ձուլելու քաղաքականություն, ինչի համար համեմատաբար նոսր բնակեցված հյուսիսային Սինցզան նահանգում վերաբնակեցնում են խաներին՝ բնիկ չինացիներին։

2014-ին այդ նահանգում ույգուրները զանգվածային ահաբեկչական գործողություններ են սկսում։ Պատասխանատվությունը իր վրա է վերցնում է «Հարավային Թուրքեստանի իսլամական շարժում» կազմակերպությունը, ինչի հետևանքով Չինաստանի կառավարությունը արգելում է աշակերտներին ու ուսանողներին պահել Ռամադանի պահկը։ Արգելքը տարածվում է նաև պետական պաշտոնյաների ու ծառայողների վրա։

Այժմ Չինաստանում գործում է «Վերադաստիարակման ճամբարները», որտեղ, ըստ որոշ տվյալների, մոտ 3 միլիոն մուսուլման է «վերադաստիարակվել»։ Ըստ որոշ տվյալների այս պահին ճամբարներում  մոտ 1 միլիոն մուսուլման է «վերադաստիարակվում»։ Այդ ճամբարների մասին ստույգ տվյալներ գոյություն չունեն, սակայն ժամանակին այդտեղ գտնված մարդիկ պատմում են այնտեղի պահպան պայմանների մասին։

Ըստ կիրգիզական մամուլի տվյալների, այս պահին ճամբարներում են գտնվում մոտ 50 000 Չինաստանի քաղաքացի կիրգիզներ։

The Independent բրիտանական կայքում տպագրվել է ույգուր կնոջ՝ Միհրանգյուլ Թուրսունի պատմածը, ով երեք ամիս է անցկացրել ճամբարներից մեկում։ Նա պատում է, որ իրենց ստիպում են երգել կոմունիստական կուսակցությանը գովերգող երգերր, իրենց վրա բժշկական փորձարկումներ են կատարվում, ստիպում են սնվել ոչ իսլամական սննդակարգով  և այլն։

Կառավարությունըխրախուսում է խառնամուսնությունները չինացիների հետ, ինչի համար սոցիալական առավելություններ են տրվում։

Ռոյթեր գործակալության տվյալներով Չինաստանում իսլամական սննդի «հալալ» առևտրական կետերի դեմ պայքար է սկսվել։ Պետության կարծիքով հենց նման սննդի օբյեկտներից է սկսվում իսլամի ապրելակերպի մուտքը կենցաղ։

Ամերիկյան Chinese Human Rights Defenders և Equal Rights Initiative կազմակերպությունների տվյալներով  միայն 2012-ից մինչև  2017թթ․ Սինցզյան նահանգում 306 %-ով շատացել է քրեական գործերի քանակը, որոնք կազմում են ողջ Չինաստանում հարուցված քրեական գործերի 21 %-ը, դա այն դեպքում, երբ այդ նահանգի բնակչությունը կազմում է երկրի բնակչության ընդամենը 1,5 %-ը։

Ըստ Islamosfera.ru  կայքում տպագրված հոդվածի, Թուրքիայում մեծ թվով փախստական ույգուրներ կան, որոնք արտագաղթի միջոցով փորձում են պահել իրենց ինքնությունը։

Ի տարբերություն ույգուրների, չինացի մուսուլմանները՝  հուեյերը, ավելի մեծ կրոնական ազատություններից են օգտվում։ Դա բացատրվում է նրանով, որ էթնիկ չինացիների մոտ անջատողական տրամադրություններ չկան, սակայն, այնուամենայնիվ, նրանց նկատմամբ էլ են գործում որոշ սահմանափակումներ։ Ըստ այդ կայքի տվյալների, մզկիթներում արգելվել են արաբերեն լեզվի դասընթացները, ինպես նաև արաբալեզու գրառումները մզկիթից դուրս։ Մասնավորապես, ռեստորաններում արգելվում է արաբալեզու գրառումները, ինչպես նաև սննդայաին ապրանքների վրա արաբալեզու գրառումները։