Չարաբաստիկ Մի Բացթողում

  • 09/11/2018
  • Դոկտ. Աբել քհն. Մանուկյան

Մինչև 1999 թվականի Հոկտեմբերի 27-ը, Ազգային-Եկեղե­ցական Ժողով հասկա­ցությունը գոնե մեր սերնդի վրա թողնում էր խորհրդավոր իրադարձության տպավո­րություն։ Այն ընկալվում էր իբրև պատմական կարևոր նշանակություն ունեցող եւ սո­վորական ժո­ղովներից գե­րազանցապես բարձր՝ արտակարգ մի երևույթ։ Հիրավի՛, այդ ժողովի գու­մարմամբ կարծես իրակա­նանում էր ազգային-եկեղեցական մեծահանդես մի տոնակատարություն, ուր տեսանելի եւ շոշափելի իրողու­թյամբ, նաեւ իմաս­տային լիարժեք բովանդակությամբ իր ամբողջական արտահայտությունն էր գտնում Հայաս­տանյայց Առաքելական Ս. Ե­կե­­ղեցու եւ հայ ժողո­վրդի սրտառուչ միությունը։ «Սրբա­գումար» բնորոշումը, որ վա­ղուց ի վեր համարվում է սույն ժողովի անվան որակական մի հատկանիշը, միան­գա­մայն բարձրացնում էր նրան առօրյա երևույթների կարգավի­ճակից ու կանգեցնում հայի հավաքական գիտակ­ցության դիմաց պատկառանք պար­տադրող, իսկ հոգու մեջ եր­կյու­ղալի զգացումներ առաջ բերող առանձնահատուկ մա­կարդակի վրա։ Արդարեւ, յուրա­քան­չյուր հայ, լինի հավատացյալ կամ ոչ, թեկուզ այ­լախոհ կամ անաստված, իր էության մեջ ըմբռնում է, որ Հայց. Առաքելական մեր մայր եւ Ս. Եկե­ղեցին մեր ազգա­յին գոյության հոգեւոր-բարոյական ոսկեձույլ հենասյունե­րից մեկն է։

Այս սրբագումար ժողովի պատմական նշանակությունը պայմանավորված էր նաև այն իրողությամբ, որ այն կազմված էր ոչ միայն Հայաստանի եւ Արցա­խի թեմե­րից ընտրված պատգամավորներից, այլեւ գաղթաշխարի՝ այսինքն ամբողջ հայկական սփյուռքում տարածված Հայց. Առա­քելական Ս. Եկե­ղեցու նվիրապետական աթոռ­ների եւ էջմիածնական թեմերի ներկայացուցիչներից։

Այսպես, Ազգային-Եկեղեցական Սրբագումար Ժողովի ընդունած որոշումնե­րի եւ բա­նաձեւերի մեջ ճշմարտապես դրսևորվում էր Հայց. Առաքելական Ս. Եկե­ղեցու միասնության եւ հայ հավատացյալ ժողովրդի բացարձակ կամքի եւ միաս­նականու­թյան սկզբունքը՝ ազգովի դիմագրավել կարենալու համար ժամանակի նոր մարտա­հրա­վերներին, միաժամանակ՝ իրագործելու համազգային գերագույն նպատակ­ների հետա­պնդումը, ի խնդիր Հայ Եկեղեցու զորացման, կենսունակության եւ պայծառու­թյան։

Բայց, ավա՜ղ, 1999 թվականի Հոկտեմբերի 27-ը իր բիրտ եւ արյունալի հարվա­ծով խորտակեց մեր հոգեւոր ընկալումների խորհրդանոցի մեջ պահպան­ված Հայց. Առաքելական Ս. Եկե­ղեցու Ազգային-Եկեղեցական սրբագումար Ժողովի այդ դյու­թիչ եւ մյուռոնաբույր անոթը։ Հուսկ, հետզհետե հասկացանք, թե ինչ­քան փխրուն եւ դյու­րաբեկ է «սրբագումար» հորջորջված մեր ժողովը՝ իշխա­նությունների ձեռքով հեշտու­թյամբ չարափոխելի եւ գորշ վարագույրների հետևում կանխորոշված արդյունքը ըն­դամենը «երեսուն արծաթով» վաճա­ռելի։

Այս առումով եկեղեցու մերօրյա տխուր իրականությանը համապասխանում է պատկերավոր հետևյալ արտահայտությունը. «Ժո­­ղովրդավարու­թյունը մի համակարգ է, որ հնարավորություն է տալիս մեզ ընտրելու մեր սեփական բռնակալին»։ Եւ ճիշտ այդպես, ազգովի խաբվեցինք, ենթարկվեցինք կազ­մա­կերպված չարափո­խումների՝ հարկադրվելով կամա թե ակամա մեր անձի, մեր եկեղեցու եւ ազգի համար ընտրելու մեզ կաշկան­դող, սպառնացող, բարոյապես լլկող, մեր ազգի հոգեւոր պաշարը սննկացնող ու այն անհագորեն կեղեքող իշխա­նա­վորին։

Ահավասիկ այս պրիզմայի տակ ի հայտ եկավ մեր համընդհանուր անզորությու­նը, ան­կա­­րողությունը, անտարբերու­թյունը, տխրահռչակ իրողությունների հետ ծույլ դաշինք կնքելու պատրաստակամու­թյունը, քաղաքացիական արիություն եւ նախան­ձա­խնդրություն ցուցաբերելու պակասը, դյուրությամբ դավա­ճա­նելու հակումը, շատե­րիս մեջ նկարագրային կարծ­ր նստվածք դարձած ստր­կամտությունը, կորա­քամակ ձեռք համբուրելու սովորու­թյունը նաեւ նրանց հանդեպ, որոնք անար­ժան են ու հակա­նե-հան­վանե անա­ռակաբարո ու սրբա­պիղծ։ Գուցե ազգովի անկարող էինք պատուհա­սի առաջն առնելու, սակայն հիմա առավել ևս անկարող ենք անգամ ուղ­ղելու թույլ տված սխալը, որ հետզհետե ուժգնորեն սկսել է ցնցել Հայ Եկեղեցու սրբազան ուխ­տի եւ հավատքի միաբանության հոգևոր տաճարի հաստատուն հիմքերը։

Մեր եկեղեցու վարչական կառույցում նվիրագործված ժողովրդավարական օրեն­քի ամրագրումը համարում ենք հայ հոգեւոր ու աշխարհիկ դասի միասնական եւ գե­րազանց նվաճումներից մեկը։ Բայց, ափսո՜ս, այդ համակարգի մեջ տեսանելի է մի մեծ բացթողում, որ վերջերս շատ ավելի ակներև ու զգալի դարձավ՝ պայմանավորված Հայաստանում տե­ղի ունեցող իրադարձություններով եւ կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» բողոքի շարժման ձեռնարկած գործո­ղություն­նե­րով։

Մեր ժողովուրդը Հայ Եկեղեցու վարչական կյանքում իր գործուն մասնակցու­թյունը, նաեւ կղերի հանդեպ հակակշռող ներկայությունը ապահովելու համար, դա­րերի ընթացքում ստեղծել է ժողովրդավարական ուրույն համակարգ: Այլ կերպ ասած (թող ներվի մեզ այստեղ օգտագործել փոխաբերական մի օրինակ)՝ կա­ռուցել է շարժիչ հոյա­կերտ մի մեքենա, որի վրա, սակայն, դժբախտաբար մոռացել է տեղադրել վթարի ենթարկվելու վտանգը կանխարգելող արգելակը։
Ազ­գային-Եկեղեցական Ժողովը հանդիսանում է մեր եղեղեցու վարչական ամե­նահեղինակավոր, օրենսդիր մարմինը, որի կազմի մեջ ճնշող մեծամաս­նություն է կազ­­մում աշխարհական դասը։ Կաթողիկոսն իրեն վստահված հո­գեւոր իշ­խա­նու­թյամբ ի պաշտոնե պար­զապես գործող առաջին սպասավորն է այդ սրբա­գու­մար ժո­ղովի, որ թե­րացումների, հա­վատքից անկումների, հերետիկոսություննե­րի, հերձված­ներ ստեղծելու, ազգային-եկեղեցա­կան կանոնների եւ շահերի դեմ գոր­ծե­լու փաստե­րի պարագայում` եզա­կի եւ ամ­բող­ջական իրավասություն ունի աթոռազրկելու իր իսկ ընտրած կաթողիկոսին:

Բնակա­նաբար, այս­պես պիտի սրբագրվեին այն ծանրակշիռ սխալները, աղե­տալի պա­րա­գաները, ժամա­նակի վայրիվերումները, որոնք կարող էին առաջանալ Հայ Եկե­ղեցու հո­­գևոր ու վարչական կառույցի մեջ։ Սակայն, Հայ Եկեղեցու ավանդության եւ ցայսօր գործող կանո­նադրության համաձայն, կա­թողիկո­սական պաշ­տոնը ցկյանս է, իսկ Ազգային-Եկե­ղեցական Ժողովի պատգամա­վորները կաթո­ղիկոս ընտրելու իրենց պարտականու­թյունը կատարելուց հետո, ինքնաբերաբար, լուծարվում են՝ նո­րաօծ ընտ­րյա­լին վստահելով հայոց հոգե­ւոր ածուն առաջնորդելու առա­քելությունը։

Բայց ցավալին այն է, որ միակ անձը, որ իրավասություն ունի վերակոչելու Ազ­գային-Եկեղեցական Ժողովի կազմը՝ կաթողիկոսն է, կամ՝ կաթողիկոսի վախ­ճա­նման եւ Աթոռի թափուր մնալու պարագայում՝ եպիսկոպոսական ժողովին անունից՝ կաթո­ղիկոսական տեղա­պահը։ Բնականաբար, որևէ կաթողիկոս եր­բեք չպիտի հրավիրի իր հոգեւոր հեղինակու­թյունից առավել հեղինակավոր ժողով, ինչ­պիսին Ազգային-Եկե­ղեցական Ժողովն է, որ ըստ օրենքի (de jure) եւ փաստա­ցիո­րեն (de facto) միանգամայն իրավասու է սահ­մանափակելու իր իշխանությունը կամ, այս պարագա­յում, զրկելու իրեն վստահված Աթոռից։

Ահավասիկ ճիշտ այստեղ է գտնվում մեր եկեղեցու ժողովրդավարական համա­կար­գում արդեն այսօր հոռեգույն հետեւանքների հասնող չարաբաստիկ բացթո­ղումը։

Արդարեւ, չարիքը վերացնելու մեր համազգային անզորությունը, ի սկզբանե (apriori) հանձ­­ված լինելու պարտվողական ճնշող զգացումը ազգովի մեզ դարձնում են առա­վել տկար, մեկուսի եւ անտարբեր…

Այսուհետև մեր աշխարհիկ եւ հոգեւոր ներկայացուցիչների սեպուհ առա­ջա­դրանքներից մեկը պետք է լինի անպայման ստեղծել հեղինակավոր եւ մնայուն մի մարմին, որ, անկախ կաթողիկոսի հոգեւոր պարտականություններից, ունենա վարչա­կան բացարձակ լիազորություն, հարկ եղած դեպքում հրավիրելու Հայց. Առա­քելական Ս. Ե­կե­ղեցու Ազգային-Եկեղեցական Ժողով՝ եկեղեցու կյանքը լճացումից դուրս բերե­լու, նոր ժամանակի մարտահրավերներին դիմագրավելու, Հայ Եկեղեցու պատմական առա­քելությունն արդի սոցիալ-հասարակա­կան տիրույթում՝ նոր աշ­խարհընկալման, լեզվամտածողության եւ արժեհա­մակարգի մեջ հոգեւոր ծառա­յության ճամփով ա­ռա­վել եւս արդյունավորելու, Ս. Ավետարանի կենսահաղորդ պատ­գամը ժամանա­կա­հունչ դարձնելու, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հեղինակությունը եւ հայ­րենյաց ոգին սառ­նաշունչ հովերից պաշտպանելու, դրանք իրենց դարավոր ու հնավանդ, բայց միշտ թարմ ու հոգենորոգ ջերմությամբ հայ երիտասարդ սերնդի սրտի մեջ բա­բախուն եւ զգալի պահելու համար։

Այս առումով հույժ կարեւոր, այսօր ավելի՛ քան երբևէ, մեզ պետք է հոգեկիր եւ սրբա­կրոն հայրապետ, ով կլինի մեր եկեղեցու ամենաշնորհալի, հավատավոր եւ տես­լապաշտ հոգեւորականներից մեկը՝ իր անկաշառ հայրենասիրությամբ, ժողո­վրդա­նվեր գործունեությամբ, առաքինազարդ եւ անբասիր կենցաղով, հեզահամբույր եւ բա­րեմույն բնավորությամբ, մեր հոգեւոր-մշակութային արժեքների նկատմամբ ու­նեցած անսահման սիրով եւ նվիրումով, համալսարանական բարձ­րագույն եւ վկայուած կրթությամբ, մեր պատմական եկեղեցականների, հո­գեւոր առաջ­նորդների եւ առաջին լուսավորիչների՝ լուսապսակ հայրապետների եւ եռամեծ վարդապետ­ների տեսիլքով ու կերպարով տոգորված մի անձնավորություն, որ կարողանա կարճ ժամանակում նվաճել ողջ հայ ժողովրդի անմնացորդ սերն ու հարգանքը, ու ամենակարեւորը՝ պար­տա­վորեցնող վստահությունը։

Լուսա­վորչի միած­նաէջ Ս. Աթոռի վրա միայն աստվածարյալ եւ ազգընտիր ար­ժա­նավոր կաթողիկոսը կկարողանա նոր ու խոստումնալից էջ բանալ մեր ազ­գային-եկեղեցական նորագույն տարեգրության մեջ։ Այն իր խոհուն մտքով, հա­մոզիչ խոսքով ու գործով վառ պիտի պահի քրիստոնեական մաքուր հավատքի, հայրենասի­րության եւ ազգասիրության անշեջ հրայրքը մասնավորաբար մեր նոր սերնդի՝ հրաշալի երի­տա­սար­­դության հավատավոր սրտի մեջ, այն ուղղորդի ճիշտ արդյունավորելու եւ ար­ժևորելու իր գոյությունը ոչ միայն իր հայաշունչ տոհմիկ միջավայ­րի, այլ նաեւ մի­ջազգային հանրության մեջ։ Հայը ո՛ւր էլ որ գտնվի, մայր հայրենիքի թե տարագիր աշ­խարհի հեռավոր վայրերի մեջ, Հայ Եկեղեցու միջոցով պարտավոր է ջերմ հավատք եւ վստահություն ունենալ իր դարավոր՝ պատմական ու ներկա հայ­րենիքի, ազգի ու պե­տության ապագայի հանդեպ, անհուն սիրով սիրի նրանց, եւ իր բովանդակ կարողու­թյունները դնի ի նպաստ նրանց հզորացմանը, բարգավաճմանը, ան­վտանգությանը եւ պաշտպանությանը։ Հայի գիտակցության եւ ոգու մեջ նաեւ խո­րաքանդակ դրոշմված պետք է մնա հայոց պահանջատիրության անժաման­ցելի ուխ­տը՝ հասնելու միջազգա­յին հանրության եւ հատկապէս Օսմանյան Կայսրու­թյան իրա­վա­կան ժառանգորդ Թուրքիայի Հանրապետության կողմից Ցեղասպանու­թյան ամբողջական ճանաչ­ման եւ լիարժեք հատուցման ար­դար իրագործմանը։ Արդարեւ, սույնը մեր հա­մազգային գոյա­պայ­քարի բարձրագույն եւ առաջնահերթ նպա­տակներից մեկն է, որի ոգեշնչող եւ առա­ջամարտիկ ռահվիրաներից մեկը պետք է հանդիսանա Հայոց հայրապետը։ Նա պետք է կարողանա բարձր պահել Ս. Էջմիածնի դա­րավոր ու պատմական Աթոռի հմայքը, ոչ թե իբրեւ անկենդան մի հուշարձան, վաղն­ջական քարացած մի հաստա­տություն՝ զուրկ կյանքից, հրապույրից եւ զորությունից, այլ իբրև արտաքին բոլոր ուժերի դեմ մարտնչող, մեր ժողո­վրդի կյանքի մեջ գործող ազդու եւ մնայուն մի առա­քելություն՝ Ավետա­րանի լույսը մութ սրտերից ներս թափան­ցող, իր սրբությամբ հոգի­ները ազնվացնող, մա­քուր խիղճ եւ ամուր նկարա­գիր կեր­տող ազգային-հոգեւոր մի ժառան­գու­թյուն։

Երբ թերթում ենք Հայ Եկեղեցու պատմության էջերը, հանդիպում ենք մեծ ու փա­ռահեղ բազմաթիվ հայրապետների, որոնց առաքելական կոչման գերազանց խոր­հըրդանիշը եւ գործի բազմարդյուն վաստակը եղել է Մեծի Տանն Թորգոմայ հավատքի միության պահպանության արժանահավատ երաշխիք տալը։ Քա­ջարթուն եւ անձնվեր հովվապետի առաջին եւ ամենանվիրական հանձնառու­թյունը իրեն վստահված հոտի միության պահպանությունն է եւ, արդարեւ, հենց այդ է իր կաթողիկոսական ուխտա­դրության կարգի առանձնահատուկ իմաստն ու նշա­նակությունը։ Մյուս բոլոր բարե­մասնություն­ներն ու շնորհները, լինեն դրանք շինարա­րական աշխուժություն կամ այլ առավելություններ, որոնցով նա կարող է օժտված լինել, երկրորդական են, քանի որ դրանք շատերը կարող են ունենալ: Առանձնահատուկ և ուրիշներից տարբերող մեծու­թյունն այն հզոր պատասխանատվության ընկալումն ու իրագործումն է, որ, իբրև Հայց. Առաք. Ս. Եկեղեցու հովվապետ, իրեն վստահված հոտը հովվի իմաստությամբ եւ նրա անքակտելի միու­թյունը պահի ամբողջական եւ խաղաղության մեջ։ Հետեւա­բար, հայրապետը ոչ թե պետք է անհեռատես նկրտումներով, մենատիրության ան­զուսպ հա­կում­նե­րով եւ հեղինակություն պարտադրելու բռնազբոսիկ պոռթկումներով Հայ Եկեղեցու ուխտի միաբանության անդաստանից ներս բաժանումների, հերձվածո­ղական շար­ժում­ների եւ տարատեսակ գայթակղությունների տեղիք տա, այլ հայրա­կան գորովագութ մոտեցմամբ, քավող սիրով եւ հաշտարար ոգով պիտի ջանա բուժել Հայ Եկեղեցու մարմնի վրա բացված նորագույն վերքը, վերստին նրա մայրական գիրկն առաջնորդի հուսալքությունից խոնջած եւ երբեմն իր անհաղորդ գաղջության դեմ ընդ­վզած իր սի­րասուն զավակներին, եղբայրասիրության համակ եւ փոխադարձ ընդառա­ջումներով սերտացնի Մայր Աթոռի եւ մեր նվիրապետական մյուս Աթոռների, նաեւ թեմական առաջնորդությունների միջեւ սրտագին փոխհարաբերությունները, անա­ղարտ պահի մեր եկեղեցու առաքելավանդ կարգն ու կանոնը, մեր ազգային-եկե­ղե­ցական հինավուրց ավանդությունները, մեր եկեղեցու ինքնուրույնությունը, ազգա­յին նկա­րագիրը, ուղղափառությունը, ժողովրդավարական սկզբունքները, ազգանվեր ու հայրենանվեր ոգին։

Թող ամենաողորմած Աստուած իր երկնապարգև օրհնություններն ու շնորհ­ները սփռի հայ մտքի ու հոգու վրա, իսկ Հայց. Առաք. մեր մայր եւ Ս. Եկեղեցին, Աս­տծու թագավորության բարիքներով ճոխացած, միշտ մնա իր կոչման բարձրու­թյան վրա ու, ինչպես անցյալում, նաեւ այսօր կարողանա ժամանակի պահանջների եւ արդի մար­տահրա­վերների ամեհի կոհակների մեջ անվթար առաջնորդել մեր ազգային գոյու­թյան հոգեւոր նավը:

Ի տօնի սրբուհւոյ Աստուածածնի ծննդեան յԱննայէ
Ժնև, 8 Սեպտեմբեր 2018