Քրիստոնեությունը և մասնավոր սեփականությունը

  • 13/01/2020

Առաջին դարերում առավել ակտիվորեն սկսվեցին Հռոմ ներմուծվել արևելյան պաշտամունքները: Սակայն դրանք անկարող եղան լցնելու ստեղծված հոգևոր դատարկությունը: Գուցե այդ պաշտամունքներից որոշներն ընդունակ էին գրգռել երևակայությունը և բզկտել նյարդերը, բայց դրանք շատ ավելին չէին, քան գլադիատորական ներկայացումները: Հարկավոր էր մեկ այլ ուսմունք, որը կընդգրկեր կյանքն ամբողջությամբ՝ աշխատանք, ընտանիք և միավորեր հասարակությանը: Այդպիսի ամբողջատիրական ուսմունք դարձավ քրիստոնեությունը:

Քրիստոնեական պաշտամունքը չէր հանգում միայն ծեսերի կատարմանը, այլև հետևում և հոգ էր տանում իր հետևորդների մասին: Լավ կազմակերպված և կառուցված համայնքի միջոցով այն կարողանում էր մարդուն, իր գործունեության բոլոր ոլորտներում, պահել իր հավատքի մեջ: Համայնքից անդին Երկրային քաղաքն էր՝ Հռոմը, իր օրենքներով, աստվածներով և սովորություններով: Հռոմեական կայսրության ներսում աննկատ սաղմնավորվում էր մեկ այլ կայսրություն, որը նույնիսկ ավելի ամբողջական էր, քան ինքը՝ Հռոմեականը: Զուր չէ, որ երկրորդ դարում առաջացավ տիեզերական (կաֆոլիկ, կամ կաթոլիկ) եկեղեցու տեսլականը: Այս վտանգավոր մրցակցի դեմ կայսրերը հետևողական պայքար էին տանում, երբեմն նույնիսկ` կրոնների նկատմամբ հանդուրժող Հին աշխարհի համար աչ բնորոշ դաժանությամբ:

Այն, որ քրիստոնեությունը կյանքն իր ամբողջության մեջ էր դիտարկում, ընդ որում` կարգավորված և կազմակերպված, նշանակում է, որ կենսագործունեության բոլոր ձևերը պետք է կանոնակարգվեին տրամաբանական և լիակատար եղանակով` համեմատելի Աշխարհիկ քաղաքի օրենքների՝ հռոմեական իրավունքի հետ:

Խոսքը վերաբերում է նաև սոցիալական կյանքին, այդ թվում՝ արդարության, սեփականության, ընտանիքի հարցերին և այլն: Սկզբնական շրջանում ամեն ինչ պարզ էր: Ասենք, սեփականությունը հռոմեական իրավունքի տիրույթն էր և անհարիր հոգևորին: Բայց դրությունն աստիճանաբար սկսում էր փոխվել:

Կաթոլիկ պատմաբանները եկեղեցու սոցիալական ուսմունքի պատմությունն սկսում են սուրբ Ավգուստինոս Երանելուց: Կարծիք կա, որ նա մերժում էր ունեցվածքի ընդհանրությունը և պնդում էր մասնավոր սեփականության վրա պետության հսկողության անհրաժեշտությունը: Սակայն նրա կենսագրությունից հայտնի է դեպք, երբ նա փորձել է իր ընկերների հետ կոմունա ստեղծել: Դառնալով եպիսկոպոս` նա պահանջում է, որ ձեռնադրվողներն իրենց ողջ սեփականությունը հանձնեն եկեղեցուն. «Երանելի են նրանք, որոնք բացում են Տիրոջ ճանապարհը նրանով, որ չեն օգտվում մասնավոր սեփականությունից: …Ուրեմն, եղբայրներ, հրաժարվենք մասնավոր սեփականություն ունենալուց կամ սիրենք այն, եթե չենք կարող այն չունենալ, և պատրաստենք Տիրոջ գալուստը» («Զրույցներ 131-րդ սաղմոսի մասին»): Հռոմի պապ Գրիգորիոս Երկխոսքը (+604) գրում է. «Հողը բոլորինն է, և այդ պատճառով այն բոլորի համար է պտղաբերում»: Իսիդոր Սևիլիացին (+636) ևս գտնում է, որ իրերի ընդհանուր օգտագործումը համապատասխանում է «բնական օրենքին»:

Ի՞նչ է «բնական օրենքը» կաթոլիկական ուսմունքում: «Բնական օրենքը» հանդիպում է արդեն Սուրբ Հայրերի մոտ: Հովհան Ոսկեբերանը գրում է. «Աստված, ստեղծելով մարդուն, նրան նվիրել է բնական օրենքը: Ի՞նչ է բնական օրենքը: Աստված տվել է խիղճ, չարը բարուց տարբերելու բնածին կարողություն»: (Иоанн Златоуст. т. II. с. 144): Նրա համոզմամբ ևս ընդհանուր սեփականությունը բնական է:

Կաթոլիկ աստվածաբանությունն ավելի հեռուն է գնում: Այն 7-րդ դարից տարբերակում է գերբնական կամ Աստվածային օրենքը, «բնական օրենքը» կամ «բնական իրավունքը», որը մարդու էության անմեղ կողմն է, և «դրական օրենքը», որը մեղավոր մարդկության գոյության կանոններն են: Քանի որ մասնավոր սեփականությունը «մեղավոր մարդկության» ստեղծած հաստատություններից է, հետևաբար, այն մեղք է: Մինչդեռ ամենաանհրաժեշտ՝ տարրական կարիքների բավարարման համար նախատեսված մասնավոր սեփականությունը կաթոլիկ միջնադարյան աստվածաբանները «բնական» էին համարում:

Չնայած միջնադարում բոլոր կաթոլիկական կրոնական ուխտերը համամիտ էին մասնավոր սեփականության հարցում, սակայն այլ էին կյանքի պահանջները: Միսիոներական կամ բարեգործական գործունեությունը պահանջում էր միջոցներ, որի լուծումը հանդիսացան ընդհանուր վանքապատկան սեփականությունը և վանականների ֆիզիկական աշխատանքը: Սա խնդրի այնպիսի լուծում էր, որ չէր հակասում «բնական օրենքի» դրույթին:

Կաթոլիկական սոցիալական ուսմունքում կարևոր ուղղումներ մտցրեց Թովմա Աքվինացին (+1274): Այս մտածողի ուսմունքի կարևորության մասին կարելի է դատել այն փաստով, որ Թովմա Աքվինացու ուսմունքը՝ «թոմիզմը», Հռոմի պապ Լևոն 13-րդը Aeterni Patris (1879 թ.) էնցիկլում հայտարարել է ողջ կաթոլիկ աստվածաբանության հիմքը: Նա նաև Ս. Գրիգոր Տաթևացու և այլ աստվածաբանների միջոցով ազդել է Հայ առաքելական եկեղեցու վարդապետության վրա:

Աքվինացին վիճարկեց այն դրույթը, թե մասնավոր սեփականությունը «դրական օրենքն» է, իսկ ընդհանուր սեփականությունը՝ «բնական»:

Նա գտնում էր, որ տնտեսական արտադրությունը և բաշխումը բնական են մասնավոր սեփականության հիման վրա: Բայց այն բանից հետո, երբ մարդն ստանում է իրենը, բնական է համարվում մերձավորի հետ կիսվելը: Նա գրում է. «Ունեցվածքի ընդհանրությունը հատուկ է բնական օրենքին, բայց ոչ այն իմաստով, որ այն մեզ հրամայում է ամեն ինչին տիրապետել որպես ընդհանուր սեփականություն և սեփական ոչինչ չունենալ, այլ այն իմաստով, որ ունեցվածքի բաշխումը տեղի է ունեցել ոչ թե համաձայն բնական օրենքի, այլ` ըստ մարդկային համաձայնության, որը վերաբերում է դրական օրենքին: Հետևաբար, մասնավոր սեփականությունը չի հակասում բնական օրենքին, այլ մտածված է որպես նրան լրացում» (SummaTheologica, 2a-2ae, LXVI, 2):

Այս միտքը մեկնաբանում են այն իմաստով, որ ընդհանուր սեփականությունը, իհարկե, բնական օրենքն է, բայց մեղավոր մարդկության համար բնական օրենքը՝ մարդկային խղճից բխող օրենքը, չի հակասում մասնավոր սեփականության գաղափարին: Ըստ էության, Թովմա Աքվինացին այն կարծիքին է, որ մարդկության համար իդեալականը ոչ թե ընդհանուր սեփականությունն է, այլ մասնավոր սեփականությունը. «Մարդուն իրավունք է տրված տիրել բարիքներին մասնավոր կերպով: Դա նույնիսկ անհրաժեշտ է մարդկային կյանքին` երեք պատճառներով:
Առաջին. յուրաքանչյուր մարդ ավելի շատ հոգ է տանում իր սեփականության համար, քան այն սեփականության, որը պատկանում է բոլորին կամ շատերին: Իսկապես. այդ դեպքում մարդը խուսափում է ջանքեր գործադրել և ձգտում է ընդհանուր շահի համար հոգսը թողնել ուրիշների վրա:
Երկրորդ. բարիքների կառավարման գործում կարգ ու կանոնն ավելին է, երբ գործը հանձնարարված է մեկին, քան` երբ բոլորը ամեն բանով էլ զբաղվում են:

Երրորդ. մարդիկ ավելի խաղաղ են ապրում, երբ յուրաքանչյուրը գոհ է իր ունեցածով, և հաճախակի ենք տեսնում վեճեր այնտեղ, որտեղ մարդիկ ունեցվածքին տիրում են միասին և որն անբաժանելի է» (SummaTheologica, 2a-2ae, LXVI, 2):

Աքվինացու համար ընդունելի են, այսինքն` մեղքից ազատ են համարվում սեփականության ձեռքբերման միայն երկու եղանակներ` որևէ մեկի սեփականություն չհանդիսացող ունեցվածքի յուրացումը և աշխատանքի արդյունքով ստեղծված սեփականությունը: Դատապարտելով վաշխառուությունը, այնուամենայնիվ, նա համարում էր, որ որոշ դեպքերում, օրինակ՝ կարողության կորստի իրական վտանգի դեպքում, տոկոսը թույլատրելի է:

Դիտարկելով ապրանքի գնի հարցը` նա գտնում է, որ գինը կարող է լինել «բնական»՝ ինքնարժեք, «արդարացի»՝ ընդունված շուկայական գինը (սակագին), և «անօրեն»՝ սպեկուլյատիվ գինը:

Թովմա Աքվինացու տեսությունը կաթոլիկ եկեղեցու տնտեսական և սոցիալական հայացքների համար դարձավ շրջադարձային: Աստճանաբար այն սկսեց ընդունել կապիտալիստական հարաբերությունների կանոնները: Օրինակ՝ Լևոն 10-րդ պապը 1515 թ.-ին օրինականացնում է ցածր՝ մինչև հինգ տոկոս փողի փոխառությունը, իսկ Պիոս 5-րդը՝ ռենտան:

Սա` տեսության մեջ: Իրականում կաթոլիկ եկեղեցին հանդիսանում էր խոշորագույն սեփականատեր և թագավորների և իշխաններին հավասար մասնակցում էր աշխարհիկ` քաղաքական, սոցիալական և տնտեսական կյանքին: Արևմտյան հետևողականությամբ այս հանգամանքը սրբագործված էր «երկու սրերի» դոկտրինայում, մշակված` դեռևս 9-րդ դարում: Ըստ այդ դոկտրինայի, Աստված Հռոմի պապին տվել է երկու սուր, մեկը հոգևոր իշխանության խորհրդանիշն է, մյուսը՝ աշխարհիկ:

Բայց եթե աշխարհիկ կյանքում մեղքն անխուսափելի է, ապա կգտնվեն մարդիկ, որոնք եկեղեցու մասին կսկսեն մտածել փաստերով, այլ ոչ թե հայտարարությունների հիման վրա: Յան Հուսը գրում էր. «Այդ դժբախտ հարստությունը, որը Քրիստոսն անվանում է Մամոնայի ծառայություն, թունավորել և կեղեքել է համարյա բոլոր քրիստոնյաների հոգին: Ո՞րն է պապերի, եպիսկոպոսների և այլ եկեղեցականների գզվրտոցի պատճառը: Շները կռվում են ոսկորի համար: Վերցրու ոսկորը, և նրանք կդադարեն կռվել. եթե եկեղեցուն զրկես հարստությունից, նրա համար քահանա չես գտնի: Որտեղի՞ց է գալիս սիմոնականությունը, որտեղի՞ց եկեղեցականների մեծամտությունն աշխարհականների հանդեպ, որտեղի՞ց եկեղեցականների այլասերվածությունը: Ամենը այդ թույնից է» (Й. Мацек. Табор в гуситском революционном движении. Т. I. – М.: Изд. Иностранной литературы. 1956. с. 64):

Հուսիտական շարժումը համարում են բողոքականության նախակարապետը, այն էթիկայի, որից սոցիոլոգ Մ. Վեբերը դուրս է բերում կապիտալիզմի ոգին: Այլ էր կաթոլիկ եկեղեցու պարագան, որը նոր ժամանակները դիմավորեց այլ սկզբունքներով և այլ ուսմունքով` հաճախ հակասող բուրժուական հասարակության ոգուն: Նա մեծ աշխատանք ուներ անելու, որպեսզի կարողանար ընդունել ժամանակի մարտահրավերները: