Կրքեր Ստամբուլյան կոնվենցիայի շուրջը

  • 10/02/2020
  • Վարդան Ջալոյան

  • մշակութաբան

Ստամբուլի կոնվենցիան (պաշտոնական անվանումը՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիա») Եվրոպայի Խորհուրդի միջազգային համաձայնագիր է, որի նպատակը կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության բոլոր ձևերի բռնության կանխարգելումն ու պայքարն է։ Ստորագրվել է 2011 թվականի մայիսի 11-ին Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում։ 2019 թվականի մարտի դրությամբ այն ստորագրել է Եվրոպայի Խորհրդի անդամ 46 երկիր, իսկ  Եվրոպական Միությունում Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014 թվականի օգոստոսի 1-ին:

Ստամբուլի կոնվենցիան պահանջում է, որ պետությունը վարի կանանց նկատմամբ բռնության դեմ ուղղված ամենախիստ քաղաքականություն, այդ թվում՝ ներընտանեկան բռնությանի կապակցությամբ: Մասնավորապես, ենթադրվում է, որ բռնության ցանկացած ձև, և՛ սեռական հողի վրա տեղի ունեցող բռնությունը, և՛ բռնության այլ դրսևորումները, ներառյալ հոգեբանական ճնշումը, չի կարող արդարացվել սոցիալական և մշակութային ավանդույթով և պետք է հակահարված ստանա, եթե անգամ տուժողը չի դիմել ոստիկանություն:

Այլ կերպ ասած, առաջարկվում է կանանց դեմ բռնության դեմ պայքարել ոչ թե որպես տհաճ բացառություններ, այլ որպես ընդհանուր սոցիալական երևույթ, որը պետք է արմատախիլ արվի, հասարակությունն առավել անվտանգ դարձնելու համար:
2017 թվականի դեկտեմբերի 28-ին Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել Կոնվենցիայի ստորագրումը ։ 2019 թվականին կոնվենցիայի հաստատման շուրջ ծավալվող հանրային քննարկումների ընթացքում հնչել են ինչպես կողմ, այնպես էլ դեմ կարծիքներ: Մի շարք քաղաքական, պետական գործիչներ հայտարարել են, որ այն հակասում է Հայաստանի Սահմանադրությանը, ներդնելովէ «երրորդ սեռի» գաղափարը:

Ստամբուլյան կոնվենցիան միարժեքորեն չի ընդունվել, հատկապես Հռոմի կաթոլիկ եկեղեցու պահպանողական շրջանների կողմից, որոնք առանձնապես քննադատում են գենդերի և սոցիալական սեռի հասկացումները: Իր պահպանողականությամբ հայտնի Բենեդիկտոս XVI- ը, մեկնաբանելով «սոցիալական սեռը», «սոցիալական գենդերի» հասկացությունը , այն համարել է մարդաբանական սխալ:
Պակաս կտրուկ մերժողական չեն այլ երկրների եպիսկոպոսները: Օրինակ՝ Ֆրանսիայի կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովը 2005-ին լույս տեսած փաստաթղթում նշում է գենդերային տեսությունը և գենդերային ուսումնասիրությունները տարբերակելու անհրաժեշտությունը: Փաստաթղթի հիմնական թեզն այն է, որ գենդերային տեսությունը «չի մնում գենդերային ուսումնասիրություններին բնորոշ զուտ գիտական մոտեցման շրջանակի սահմաններում» և «գեյ լոբբիի կողմից առաջ քաշված գաղափարախոսություն է, որը նպատակաուղղված է նույնասեռ ամուսնությունների օրինականացմանը»:

Ամերիկյան կաթոլիկ եպիսկոպոսները, ի հակադրություն իրենց կոլեգաների, հայտարարեցին, որ նույնասեռականների մարդու անքակտելի իրավունքները չպետք է ոտնահարվեն, նրանք պետք է ակտիվ դեր խաղան քրիստոնեական համայնքի կյանքում:

Կաթոլիկ եպիսկոպոսների իռլանդական համաժողովը 2005-ին ընդունեց նույնասեռականների միությունների սոցիալական պաշտպանության անհրաժեշտությունը, նշելով իր ուղերձում, որ «չնայած այդ միությունների և կաթոլիկ ամուսնության որակական տարբերությանը, պետք է ապահովվել ազնիվ հարաբերություններ պահպանող անձանց սոցիալական, հարկային, ժառանգական իրավունքի իրավական պաշտպանությունը»: Ավելի ռադիկալ մոտեցում ունեն կաթոլիկ ֆեմինիստկանները, բայց նրանց ազդեցությունը թույլ է: Ոչ միայն կաթոլիկ եկեղեցին, այլ նաև այլ կրոնական ուղղություններն և պահպանողական շարժումները ձևավորել են ընդանուր անդրազգային հակագենդերային դիսկուրս․

2018 թվականի նոյեմբերին Եվրոպայի խորհուրդը հայտարարություն տարածեց, որտեղ մասնավորապես նշվում է․ «Չնայած հստակ նպատակներին, որոշ կրոնական և ծայրահեղ պահպանողական խմբեր Ստաբուլյան կոնվենցիայի մասին կեղծ տեղեկություններ են տարածում»։ Հայտարարության մեջ նշվում է, որ կոնվենցիան չի փորձում որոշակի կյանքի ձև պարտադրել կամ խառնվել անձնական կյանքի կառավարմանը, փոխարենն փորձում է կանխել կանանց նկատմամբ բռնությունները և ընտանեկան բռնությունը։ Ըստ հայտարարության՝ «կոնվենցիան հստակորեն կանանց և տղամարդկանց սեռական տարբերությունները վերացնելու մասին չէ։ Կոնվենցիայի ոչ մի մասից չի կարելի հետևել, որ կանայք և տղամարդիկ «նույնն են» կամ պետք է նույնը լինեն և որ «կոնվենցիան չի փորձում կառավարել ընտանեկան կյանքը կամ կառուցվածքը, այն չի պարունակում «ընտանիքի» սահմանում, ոչ էլ առաջ է քաշում ընտանեկան կառավարման որևէ տարբերակ»։

Հայ առաքելական եկեղեցին պաշտոնապես բացասական դիրքորոշում ցուցաբերեց Ստամբուլյան կոնվենցիայի նկատմամբ: Հայ առաքելական եկեղեցու Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները 2019 թ. Հուլիսի 26-ին հայտարարություն են տարածել․ «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբուլյան կոնվենցիա) վերաբերյալ: Որտեղ, մասնավորապես, ասվում է. «Եկեղեցին ողջունում է յուրաքանչյուր նախաձեռնություն, այդ թվում և իրավական փաստաթուղթ` կոչված բացառելու բռնությունը ընտանիքում և սոցիալական այլ միջավայրում: Բռնության ցանկացած դրսևորում դատապարտելի է: Բռնության, ինչպես և ցանկացած չարիքի կանխարգելումը և դրա դեմ պայքարը պետք է իրագործվի այնպիսի միջոցառումներով, որոնք պատճառ չեն հանդիսանա նոր մեղքի ու նոր չարիքի: Այս առումով խիստ մտահոգիչ ու անընդունելի են կոնվենցիայում առկա որոշ գաղափարներ ու հասկացություններ:

Հաշվի առնելով «սեռն ընտրելու ազատության» կոնվենցիայի ենթատեքստը՝ լուրջ տարակուսանքների և մեկնաբանությունների տեղիք է տալիս նաև կոնվենցիայի պահանջը մասնակից պետություններից՝ արմատախիլ անելու այն ավանդույթները, որոնք հիմնված են «կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա»` «կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով (Կոնվենցիա, 12-րդ հոդվածի 1-ին մաս):
Սեռի նկատմամբ կոնվենցիայի մոտեցումները հակադրության մեջ են նաև ընտանիքի վերաբերյալ Եկեղեցու անփոփոխ վարդապետության հետ, որի վրա խարսխված է ընտանիքի ազգային մեր ընկալումը: Եկեղեցու ուսմունքի համաձայն՝ ընտանիք կարող են կազմել այրը և կինը, որոնք սուրբ պսակով նվիրագործված ամուսնությամբ դառնում են մեկ մարմին և մեկ ամբողջություն, ինչպես ավանդում է Սուրբ Գիրքը (Ծննդ. 2.24, Մարկ. 10.7-8, Եփես. 5.31):
Արդ, նկատի առնելով, որ ազգային-հոգևոր մեր ինքնության և անվտանգության շահերի տեսանկյունից կոնվենցիայում առկա են խիստ մտահոգիչ դրույթներ ու հասկացություններ` հորդորում ենք հայրենի իշխանության պատասխանատու մարմիններին զերծ մնալ փաստաթղթի վավերացումից»: [https://www.lragir.am/2019/07/26/463009/]:
Համանման հայտարարությամբ հանդես եկեն նաև Հայաստանի ամբողջաավետարանական եկեղեցիների համագործակցությունը, որը միավորում է ավետարանական ուղղության մի շարք ազդեցիկ եկեղեցիներ: Վարչապետին ողղված իրենց հայտարարության մեջ նրանք մասնավորապես նշում են. « …Ռիսկն այն է, որ սույնով նշանառության տակ են հայտնվելու նաև այնպիսի սովորույթներն ու ավանդույթները, որոնք ազգային դիմագիծ և նկարագիր են հաղորդում հայկական ընտանիքին։ Ընտանիքում բռնության երևույթի կանխարգելումը մի բան է, ավանդական ընտանիքում կնոջ և տղամարդու դերաբաշխումը կերպափոխելը՝ բոլորովին այլ։ ․․․
Վերոնշյալ երեք դրվագների համադրումն ու համեմատական վերլուծությունը թույլ են տալիս եզրակացնելու, որ Ստամբուլյան կոնվենցիան պարունակում է վտանգավոր ականներ։ Այն նախադրյալներ է ստեղծում ազգային օրենսդրության փոփոխման և այնպիսի դրույթների ներմուծման համար, որոնք կօրինականացնեն գենդերային բազմազանությունն ու նույնասեռ ամուսնությունները։»( https://protestant.am/հայաստանի-ամբողջաավետարանական-եկեղե/ ):

Հետաքրքիր է այս առումով զուգահեռներ անցկացնել հարևան Վրաստանի հետ: Վրաստանում գործող «Ընդդեմ բռնության ազգային ցանցի» ՀԿ նախագահ Նատո Շավլակաձեն ասում է՝ Ստամբուլյան կոնվենցիան ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը, մասնավորապես, կանանց իրավունքների եւ ընտանեկան բռնությունների կանխարգալմանը: «Մեզ մոտ երբեւէ չի եղել բացասական վերաբերմունք Ստամբուլյան կոնվենիցայի դեմ, դրա վավերցման դեմ դիմադրություն չի եղել, բողոքի ցույցեր չեն եղել»,-ասում է Շավլակաձեն: Նա վստահեցնում է, որ վրաց եկեղեցին սերտ համագործակցում է ընտանեկան բռնության կանխարգելմամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ, եւ վրաց եկեղեցին եւս հստակ գիտի՝ Ստամբուլյան կոնվենցիան կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելմանն ու դրա դեմ պայքարին է ուղղված. «Եկեղեցին չի խոչընդոտել այս կոնվենցիայի վավերացմանը, ճիշտ հակառակը՝ օգնել է: Մենք համագործակցում ենք եկեղեցու ներկայացուցիչների հետ: Հավատացեք, նրանք մեզ  օգնում են, նույնիսկ բռնության ենթարկված շատ աղջիկների եւ կանանց են մեզ մոտ ուղարկել»:[ https://www.aravot.am/2019/11/21/1078794/]

Հատկապես հետաքրքիր է այն փաստը, որ դեպի իսլամականացման գնացող Թուրքիան այն վավերացրել է։ Երևի դա պայմանավորված է եղել կոնվենցիայի անվանումով, բայց սա ընդամենը երթադրություն է։

Ստամբուլյան կոնվեցիայի մասին կան հակադիր մոտեցումներ և կարծես թե Հայաստանում այդ մոտեցումների միջև պայքարը գնալով թեժանալու միտում ունի։
Նման խնդիրները, հաճախ, թեժ կրքեր են առաջացնում նաև քաղաքական պայքարի կոնտեքստում, որովհետև այս, կամ այն քաղաքական կողմն այն դիտարկում է որպես քաղաքական պայքարի էլեմենտ և հաճախ իրական խնդիրները դառնում են երկրորդական։