Պապը փոխեց Վատիկան բանկի անձնակազմը, հեռացրեց եպիսկոպոսին` ֆերարիով շվայտանալու համար

  • 04/07/2016
  • Արշակ Արզիկյան

  • «Ալաստան» ՍՊԸ տնօրեն

Հունիսի 24-26ը Հայաստանն ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում էր. առիթը Հռոմի Ֆրանցիսկոս Պապի եռօրյա այցն էր մեր երկիր, որի կարգախոսն էր` «Այց առաջին քրիստոնյա երկիր»: Սրբազան Քահանայապետը Հայաստան այցելեց որպես ուխտավոր ու այս առումով Հայաստանը աշխարհին նոր որակով ներկայացրեց: Ֆրանցիսկոս Պապը իր ելույթի տեքստում «եղեռն» ու «ցեղասպանություն» բառերն օգտագործեց որպես հոմանիշներ ու մեկնարկ տվեց մի գործընթացի, համաձայն որի` արդեն դժվար է լինելու Հայոց Ցեղասպանությունը իրավական գնահատական չտալ որևէ երկրում:

Հարգանք ու պատիվ ցուցաբերելով, բարձրաձայնելով Հայ ազգի, Հայ Առաքելական Եկեղեցու (այսուհետև` ՀԱԵ) և նրա կաթողիկոսի, Սուրբ Գրիգոր Նարեկացու արժեքը, օրհնելով հայ ազգին, բայց և խնդրելով միաժամանակ աղոթել իր համար, Սրբազան Քահանայապետն ինքը բարձրացավ մեր աչքերում:
«Հռոմի Պապի հմայքի և բուռն սիրո հիմքում պարզ, մարդկային քայլերն են. զորակցել կարիքավորներին, վշտակցել հիվանդին, ապրումակցել հաշմանդամներին: Սրանք մարդկային ուղերձներ են, որոնք որսաց մեր հասարակությունը: Ես հույս ունեմ, որ սա անհետ չի կորչելու: Ոմանք ասում են՝ նա գնաց ու իր հետ տարավ լույսն ու բարությունը: Ո՛չ, նա գնաց ու Հայաստանում թողեց լույսի ու բարության իր բաժինը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը (asekose.am):

Հայ ազգը իր ճնշող մեծամասնությամբ շնորհակալ է Սրբազան Քահանայապետին իր ուխտագնացության, հայ ազգին ու նրա սրբերին բարձրացնելու, իր հոգևոր լույսը մեզ բաժանելու համար: Շատ կարելի է բարձր գնահատականներ տալ այս այցին, բայց կարծես ամեն ինչ ասված է, բոլոր երախտագետ մարդիք իրենց դրական խոսքը ասել են:
Եղան, իհարկե, նաև անհարկի գնահատականներ, հատկապես որոշ ՀԱԵ-ի բարձրաստիճան հոգևորականների կողմից… Ցանկալի չէր, իհարկե, անդրադառնալ դրան, բայց ցավոք անհնար է, որպեսզի նրանք չխամրեցնեն այն հոգևոր լույսը, որ պարգևեց մեզ Ֆրանցիսկոս Պապը:

Երբ բազմաթիվ հավատացյալներ, գնահատելով Պապի համեստ կենցաղավարությունը, ցանկություն հայտնեցին, որ ՀԱԵ-ի վերնախավը նմանապես հետևեր նրա օրինակին, ոմանք տուրք տալով նախանձին, ցանկացած քննադատություն մերժելու սովորությանը, փորձեցին հակադարձել` կաթոլիկ եկեղեցու վրա ստվեր գցելու միջոցով: Ինքս ինձ հետ կռիվ եմ տվել 1 շաբաթ այս հարցին չանդրադառնալու համար… Բայց հանուն ճշմարտության` ստիպված եմ ներկայացնել հատկապես աչքի ընկած 3 հոգևորականների բացասական պահվածքը:

Միքայել եպիսկոպոս Աջապահյան

Կարդացեք այս հարցազրույցը (hraparak.am) և շատերիդ այն կհուշի նրա անընդունելի մտածելակերպը… Օրինակ ասում է. «Եթե դու համեստ կենցաղավարությամբ ապրող հոգևորական ունես, և նա արհամարված է հարուստների կողմից, ինչքա՞ն կարող է այդ խեղճ հոգևորականն արհամարված կյանքով ապրել…», այսինքն` դուրս է գալիս, որ հոգևորականը պետք է ձգտի արհամարված չլինել հարուստներից, որոնք բնակչության չնչին տոկոսն են կազմում, իսկ ազգաբնակչության բազմաթիվ ընչազուրկ մեծամասնությանը կարելի է արհամարհել անհամեստ կենցաղավարությամբ… Հենց սա է ըմբոստացրել ժողովրդի մեծ մասին…

Շատ տհաճ է նաև, որ Միքայել Սրբազանը, անհարկի հիշատակելով Վազգեն Ա Վեհափառի անունը, այդկերպ անարգում է նրա հիշատակը: Միքայել Սրբազանը Գյումրու «Ցայգ» հեռուստաընկերության «Եղիցի լույս» հաղորդման ժամանակ ասում է. «Այս քաղաքում է, որ շեշտվել է ՀԱԵ-ի լայնախոհ, գուրգուրալից վերաբերմունքը` հանդեպ ուրիշ հարանվանությունների…», այնինչ 10 տարուց ավելի պայքարում էր, որ Գյումրիում չկառուցվի Սրբոց Նահատակաց կաթողիկե առաջնորդանիստ եկեղեցին, որպեսզի հայ կաթողիկեներն ուրանային իրենց հավատը:
Միքայել Սրբազանը իմ ֆեյսբուքյան բազմաթիվ հոգևորական ընկերներից էր, բայց տեղեկանալով, որ Հայ Կաթողիկե եկեղեցու հավատացյալ եմ, շատ «եղբայրաբար» հանեց ինձ իր ֆեյսբուքյան ընկերների շարքից…

Կոմիտաս վարդապետ Հովնանյան

Այս հոդվածում (asekose.am) Կոմիտաս Վարդապետը Կճոյանի հայտնի ճոխ կենցաղավարությունը ստվերելու համար փորձում է անվանարկել կաթոլիկ եկեղեցուն` ասելով, որ նա էլ ունի շատ թերություններ, սրբապիղծներ, ճոխ ապրողներ…. Այո՛, բայց չէ՞ որ բոլորս էլ տեսնում ենք, որ վերջին Հռոմի Պապերը և հատկապես Ֆրանցիսկոս Պապը իրե՛նք են բացահայտում այդ թերությունները և հեռացնում եկեղեցուց` ոչ մաքրակենցաղ մարդկանց… Անգամ Ֆրանցիսկոս Պապը փոխեց Վատիկան բանկի ամբողջ անձնակազմը, հեռացրեց անգամ եպիսկոպոսին` ֆերարիով շվայտանալու համար… Իսկ քանի՞սն են ՀԱԵ-ում պատասխանատվության կանչվել նմանատպ վարքի համար… Էլ չասեմ, որ Կոմիտաս Վարդապետն էլ չի փայլում համեստ կենցաղով…

Ասողիկ քահանա Կարապետյան

Ասողիկը նույնիսկ բոլորից առաջ ընկավ և մինչ այցը Կաթոլիկ եկեղեցու դիրքը նսեմացնելու և Պապի` Խոր Վիրապ այցը թերագնահատելու համար անպատվեց անգամ Սուրբ Գրիգոր Լուսավորչի դերը ՀԱԵ-ի համար: Կարդալ այստեղ (henaran.am):

Ես, իհարկե, հասկանում եմ, որ ինձ չի վայելում ներկայացնել ՀԱԵ-ում տիրող իրավիճակը, բայց կարևորելով ՀԱԵ-ի անգնահատելի դերը հայ ժողովրդի հոգևոր կյանքում` չեմ կարող ցավով չընդունել, որ փոխանակ, մեղմ ասած, ոչ համեստ կենցաղավարության տեր հոգևորականները պատժվեն, անհիմն կերպով կարգալույծ են արվում այնպիսի նվիրյալ հոգևորականներ, ինչպիսիք են Տեր Մարտիրոս քահանա Բերբերյանը` Մոսկվայի Սուրբ Գևորգ եկեղեցու նախկին հոգևոր հովիվը (փակելով այդ եկեղեցին Մոսկվայի թեմի առաջնորդ Երզաս Սրբազան Ներսիսյանի կողմից, հավատացյալներին թողնելով ոչ միայն առանց հովվի, այլև` առանց եկեղեցու), Հայր Եղիա Խաչատրյանը (որն Աստծո իրական նվիրյալ է, օրինակելի հոգևորական, Սուրբ Էջմիածնի հոգևոր ճեմարանի երախտավոր, և ընդամենը ձգտում էր եկեղեցու բարեփոխմանը), քայքայվեց նաև ՀԱԵ-ի Նիսի ֆրանսիահայ համայնքը…
Բայց ի հակառակ նմանատիպ դեպքերի` կարգալույծ չարվեց Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը` Պոլսո պատրիարքարանի փոխանորդը, որն անարգեց սրբադասված նահատակների հիշատակը…

Ինչ խոսք, ՀԱԵ-ում շատ-շատ կան նաև օրինակելի ու սիրված հոգևորականներ, և ժողովուրդը դա էլ է նկատում, օրինակ` Ջրվեժի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղին, Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանին, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին, Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, Գանձասարի լուսահոգի վանահայր Տեր Գրիգորին, Մեծի Տանն Կիլիկիո Բերիո թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգսյանին… Եվ այդպես շատ անուններ կարելի է տալ:

Հասկանում եմ, իհարկե, որ այս նյութս ոմանց կարող է դուր չգալ (գուցե ոմանք չուզելով օբյեկտիվ գնահատել անհանգստությունս` ինձ հանեն իրենց ֆեյսբուքյան ընկերների կազմից, բայց և համոզված եմ, որ շատերն էլ, որ դեռ ինձ հետ չեն շփվել, այս նյութին ծանոթանալով` կուզեն ինձ ֆեյսբուքյան ընկեր առաջարկել)… Բայց ես սա գրել եմ, որ վերջ տրվի երկու քույր եկեղեցիների միջև դեռևս տեղ գտած որևէ անջրպետին և ղեկավարվելով ՀԱԵ-ի ու Կաթողիկե Եկեղեցու միջև ստորագրված համատեղ հոգևոր գործունեության հռչակագրով` ընթանանք դեպի Քրիստոսի լույսը, որն է` Սերը… Սիրենք և հարգենք միմյանց: